Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ 
ԵԿԴ/0930/02/13              2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/0930/02/13

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
                   Դատավորներ`  Կ. Հակոբյան
                                                  Ա. Խառատյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` հենասյուների օգտագործման թիվ 73 պայմանագրով առաջացած տույժերի գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել իր և Կազմակերպության միջև թիվ 73 պայմանագրով սահմանված տույժի գումարը` 4.263.100 ՀՀ դրամի չափով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) 18.10.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան, Ս. Միքայելյան) 27.02.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.07.2014 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2014 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 02.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2015 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.03.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի քննության ընթացքում Կազմակերպությունը երբևէ կասկած չի հայտնել Ընկերության կողմից ներկայացված տուժանքի գումարի հաշվարկի հիմնավորվածության վերաբերյալ: Ավելին, Ընկերությունը պարտքի չափի և մարման անհրաժեշտության մասին պատշաճ ձևով ծանուցել է Կազմակերպությանը, որը որևէ գործողություն չի ձեռնարկել իր պարտավորությունները կատարելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է և որոշում է կայացրել առանց հայցի հիմքում դրված փաստական հանգամանքների բազմակողմանի հետազոտման, իրական հանգամանքների և կողմերի դրսևորած փոխհարաբերությունների պարզման, կողմերի հետ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և նրանց միջև ապացուցման պարտականության չքննարկման, ինչի պատճառով էլ գործի փաստերից բխող հետևությունները, օրենքի մեկնաբանությունը և կիրառումը սխալ են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.03.2015 թվականի վճռին:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Ընկերությունը չի ապացուցել իր պահանջի հիմքում ընկած փաստերի առկայությունը, քանի որ Ընկերության կողմից կազմված տույժերի հաշվարկը սույն գործով չի կարող համարվել թույլատրելի ապացույց: Հետևաբար Ընկերության հայցը չի կարող բավարարվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Կազմակերպության միջև 13.03.2008 թվականին կնքված «Հենասյուների օգտագործման իրավունքի» թիվ 05 պայմանագրի 2.4-րդ կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է մինչև տվյալ ամսվա հաջորդող ամսի 01-ը վճարել ծառայությունների գումարը: Պայմանագրի 5.1-րդ կետի համաձայն` վճարման ժամկետները խախտելու դեպքում Կազմակերպությունը պետք է վճարի տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 1%-ի չափով (հատոր 1-ին, գ.թ. 17-18):

2) 07.08.2009 թվականի համաձայնագրի համաձայն` Ընկերության և Կազմակերպության միջև 13.03.2008 թվականին կնքված «Հենասյուների օգտագործման իրավունքի» թիվ 05 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է անորոշ ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 19):

3) Ընկերության և Կազմակերպության միջև 01.09.2011 թվականին կնքված «Հենասյուների օգտագործման իրավունքի» հենասյուների օգտագործման թիվ 73 պայմանագրի 2.4-րդ կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է մինչև տվյալ ամսվա հաջորդող ամսի 3-ը վճարել ծառայությունների գումարը: Պայմանագրի 5.1-րդ կետի համաձայն` վճարման ժամկետները խախտելու դեպքում Կազմակերպությունը վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0,5%-ի չափով (հատոր 1-ին, գ.թ. 15-16):

4) Ընկերության կողմից կազմված` Կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված տույժերի հաշվարկի համաձայն` Կազմակերպության կողմից պայմանագրերով նախատեսված վարձավճարները 2010-2012 թվականների ընթացքում պարբերաբար ուշացնելու համար 01.01.2013 թվականի դրությամբ հաշվարկվել է 4.263.100 ՀՀ դրամ տույժ (հատոր 1-ին, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. կարող է արդյո՞ք վերաքննիչ դատարանը հայցի հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը չկատարելու անբարենպաստ հետևանքների կիրառման հիմքով հայցը մերժելու վերաբերյալ որոշում կայացնել այն պայմաններում, երբ ստորադաս դատարանը չի հրավիրել նախնական դատական նիստ, կողմերի հետ չի քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և նրանց միջև չի բաշխել ապացուցման պարտականությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` (...) գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը (...) դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես` կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և, ի վերջո, գործի ճիշտ լուծման համար չափազանց կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլի շրջանակներում հրավիրված նախնական դատական նիստում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելը` որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն և պարտադիր փուլ, արդարադատության արդյունավետության, անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար պայմաններ ապահովող դատավարական գործողությունների և դրանց հիման վրա առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն (համակարգ) է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն` դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 149.8-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետևյալ հիմնական խնդիրները`

- վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը,

- դատավարության մասնակիցների կազմը ճշտելը և նրանց մասնակցությունն ապահովելը,

- գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելը,

- ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը նախնական դատական նիստում իրականացվող գործողությունների շարքում նախատեսել է նաև ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից կատարվող նշված գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու և մինչև դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու` գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը: Հետևաբար նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունների շրջանակներում դատարանը կարող է ուսումնասիրել դատավարության այս փուլում ներկայացված ապացույցները և անհրաժեշտության դեպքում պարզել դրանց վերաբերելիության ու թույլատրելիության հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ դատարանը նախնական դատական նիստ հրավիրելու հարցի լուծման կապակցությամբ օժտված է հայեցողական լիազորությամբ, քանի որ նույն օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար դատարանը կարող է հրավիրել նախնական դատական նիստ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանների կողմից հայեցողական լիազորությունների իրացման խնդրին` նշելով, որ պետաիշխանական լիազորություններով օժտված սուբյեկտներին վերապահված «հայեցողությունը» վերջիններիս կողմից թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման իրավական նորմերով կանխորոշված հնարավորությունն է: Հայեցողական լիազորություններով օժտված իշխանական մարմինները պարտավոր են թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման` «դատական հայեցողությունը» կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: «Դատական հայեցողությանը», սակայն, չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն. այս հասկացության սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով (տե՛ս, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի և մյուսների թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախնական դատական նիստ հրավիրելը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ հայեցողական լիազորության իրականացման հարցը լուծելիս պարտավոր է առաջնորդվել մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորված իրացման և պաշտպանության անհրաժեշտությամբ: Բացի այդ, յուրաքանչյուր գործով նախնական դատական նիստ հրավիրելու հարցը լուծելիս դատարանը պարտավոր է հիմք ընդունել գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական փուլի` գործի արդյունավետ քննության ապահովման նպատակի իրականացման և դատավարության այս փուլի խնդիրների լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման հնարավորությունը` հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանն Ընկերության հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ընկերության և Կազմակերպության միջև կնքված «Հենասյուների օգտագործման իրավունքի» պայմանագրերով սահմանված ծառայությունների համար Կազմակերպությունը վճարել է ոչ պատշաճ կերպով, ինչի հետևանքով առաջացել է տույժի գումարը: Ըստ Դատարանի վճռի` Ընկերության կողմից Դատարան ներկայացված հաշվարկից հստակ երևում է, թե Կազմակերպությունն ամսական որքան գումար պետք է վճարեր, որքան է վճարել, ինչքան են կազմում ուշացված օրերի քանակը և պարտքի չափը:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը և, բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը, մերժել է Ընկերության հայցը: Վերաքննիչ դատարանն այդ որոշումը պատճառաբանել է այն հիմնավորմամբ, որ Ընկերության կողմից դատարան ներկայացված «Հաշվարկ» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող համարվել թույլատրելի ապացույց: Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ Ընկերությունն է կրել իր կողմից վկայակոչված հանգամանքների ապացուցման բեռը և չի ապացուցել իր հայցապահանջի հիմքում ընկած փաստերը թույլատրելի ապացույցներով, գտել է, որ հայցը բավարարելու հիմքեր սույն գործով առկա չեն եղել: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ «(...) տվյալ դեպքում Դատարանի կողմից սույն գործի քննությունն իրականացվել է առանց գործի նախապատրաստական փուլի, (...) Դատարանը (...) չի պարզել սույն գործով ապացուցման առարկան և չի բաշխել ապացուցման բեռը (...)»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների վկայակոչված եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված` Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված վճարումները Կազմակերպության կողմից ժամանակին չկատարելու համար սահմանված տուժանքի գումարի բռնագանձման հայցապահանջի հիման վրա: Հետևաբար սույն գործով ապացուցման առարկան են կազմում հետևյալ փաստական հանգամանքները.

1) Ընկերության և Կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրի առկայությունը,

2) Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված վճարումների գծով Կազմակերպության ստանձնած պարտավորության կատարման կարգը և ժամկետը,

3) Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված վճարումների գծով Կազմակերպության ստանձնած պարտավորության` տուժանքով ապահովված լինելը,

4) Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված վճարումների ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանված տուժանքի չափը և հաշվարկման կարգը,

5) Կազմակերպության մոտ Ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսված տուժանքի գծով չկատարված պարտավորության առկայությունը,

6) Կազմակերպության մոտ Ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսված տուժանքի գծով չկատարված պարտավորության չափը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող նշված փաստերի ապացուցման բեռը կրում է հայցվոր Ընկերությունը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնի համաձայն` քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, որոնց հետ իրավունքի նորմերը կապում են որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հետևաբար սույն գործի նոր քննության վարույթի շրջանակներում Դատարանը պետք է վերոգրյալ փաստերից յուրաքանչյուրի ապացուցման պարտականությունը դներ հայցվոր Ընկերության վրա:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքացիադատավարական օրենսդրության համաձայն` ապացուցման բեռը դատարանի կողմից բաշխվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլում հրավիրվող նախնական դատական նիստի ընթացքում: Նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու` դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու և մինչև դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու` գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը և դրանով իսկ գործի արդյունավետ քննության ապահովմանը:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը գործի նոր քննության վարույթի շրջանակներում ընդհանրապես նախնական դատական նիստ չի հրավիրել և չի կատարել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու նախապատրաստական գործողությունները:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է Դատարանի կողմից սույն գործի նոր քննության ընթացքում նախնական դատական նիստ չհրավիրելու և անհրաժեշտ դատավարական գործողությունները չկատարելու հարցին` նշելով, որ սույն գործով Դատարանը չի պարզել ապացուցման առարկան և կողմերի միջև չի բաշխել ապացուցման բեռը: Այնուհետև Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերությունը, կրելով իր կողմից վկայակոչված հանգամանքների ապացուցման բեռը, չի ապացուցել իր հայցապահանջի հիմքում ընկած փաստերը, ուստի նրա հայցը ենթակա է մերժման: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը մի կողմից արձանագրել է, որ սույն գործի նոր քննության ընթացքում Դատարանը նախնական դատական նիստ չի հրավիրել և գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները որոշելու, մինչև դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու համար անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ չի կատարել, իսկ մյուս կողմից մերժել է Ընկերության հայցը` վերջինիս հայցապահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման պարտականության չկատարման բացասական հետևանքների կիրառմամբ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև Ընկերության կողմից ներկայացված «Հաշվարկ» վերտառությամբ փաստաթղթին և գտել, որ նշված փաստաթուղթը չի կարող համարվել թույլատրելի ապացույց:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննության վարույթի ընթացքում Դատարանի կողմից նախնական դատական նիստ չհրավիրելու, այդ նիստի շրջանակներում Ընկերության և Կազմակերպության հետ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան նրանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները չկատարելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել Ընկերության հայցապահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքների չապացուցման բացասական հետևանքներով:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ սույն գործի նոր քննության վարույթի շրջանակներում նախնական դատական նիստ հրավիրելու հայեցողական լիազորության իրականացման հարցը լուծելիս Դատարանը պարտավոր էր առաջնորդվել մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորված իրացման և պաշտպանության անհրաժեշտությամբ, ինչպես նաև հիմք ընդունել գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական փուլի` գործի արդյունավետ քննության ապահովման նպատակի իրականացման և դատավարության այս փուլի խնդիրների լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման հնարավորությունը` հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի նոր քննության վարույթում նախնական դատական նիստ հրավիրելու և դրա շրջանակներում Ընկերության և Կազմակերպության հետ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան նրանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դեպքում Դատարանը կարող էր պարզել ներկայացված ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցը` կողմերին հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրենց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերի հաստատման համար անհրաժեշտ և պատշաճ կարգով ձևակերպված ապացույցները: Այլ կերպ ասած` միայն նախնական դատական նիստ հրավիրելու և դրա շրջանակներում Ընկերության և Կազմակերպության հետ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը քննարկելու և նրանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դեպքում Դատարանը կարող էր լուծել ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելու` գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրը և հասնել դատավարության այդ փուլի վերջնական նպատակին` սույն քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովմանը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը պարտավոր էր իրացնել նախնական դատական նիստ հրավիրելու իր հայեցողական լիազորությունը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել Ընկերության և Կազմակերպության իրավունքների ու օրինական շահերի երաշխավորված դատական պաշտպանությունը և սույն գործի արդյունավետ քննության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը` հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները: Վերաքննիչ դատարանը, պարզելով, որ սույն գործի նոր քննության ընթացքում Դատարանը չի հրավիրել նախնական դատական նիստ, կողմերի հետ չի քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և նրանց միջև չի բաշխել ապացուցման պարտականությունը, պարտավոր էր սույն գործն ուղարկել նոր քննության` նշված դատավարական գործողությունները կատարելու համար, քանի որ ապացուցման առարկան որոշելու և դրա մեջ ընդգրկվող յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու դեպքում է միայն հնարավոր ապահովել սույն գործի ճիշտ լուծումը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործով ապացուցման առարկան պարզելու, նախնական դատական նիստի շրջանակներում կողմերի հետ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան նրանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները կատարելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցները գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԵԿԴ/0930/02/13
Որոշում