Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՄԴ/1029/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1029/02/14   2016թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Գ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արսեն Թավադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոռիշխան Իշիկյանի ընդդեմ Ընկերության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Վարչություն), երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոռիշխան Իշիկյանը պահանջել է Վարչությանը պարտադրել իր ընտանիքին հաշվառել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում և Ընկերությանը պարտադրել կնքել անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 27.02.2015 թվականի վճռով հայցը` Գոռիշխան Իշիկյանի ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու պահանջի մասով, բավարարվել է, իսկ անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր կնքելուն Ընկերությանը պարտադրելու պահանջի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` Գոռիշխան Իշիկյանի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2015 թվականի որոշմամբ Ընկերության և Վարչության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 27.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գոռիշխան և Հռիփսիմե Իշիկյաններն ու նրանց ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետը, 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ցուցակներ կազմելը, հատկացվելիք բնակարանների մակերեսը համաձայնեցնելը, բնակիչների իրավահաստատող փաստաթղթեր կազմելն ամբողջությամբ ՀՀ կառավարության պարտավորությունն է: Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն բնակելի շենքերի կառուցման համար: Այսինքն` տվյալ դեպքում առկա է վեճ մասնավոր անձի` Գոռիշխան Իշիկյանի և հանրային անձի` ՀՀ կառավարության միջև, որը բխում է հանրային իրավահարաբերություններից, ուստի այն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում հիմնականը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու մասին պահանջն է, իսկ ածանցյալը` անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր կնքելուն պարտավորեցնելու մասին պահանջը, քանի որ այդ համաձայնագիրը կնքվում է ցուցակներում ընդգրկված անձանց հետ:

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, որ պահանջը հանրային իրավական չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ընկերությունը սույն գործով վճռաբեկ բողոք բերելու իրավունք չունի, քանի որ Գոռիշխան Իշիկյանը հրաժարվել է նրա դեմ ուղղված պահանջից, և այդ պահանջի մասով գործի վարույթը կարճվել է: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի 20.05.2015 որոշումն Ընկերության համար անբարենպաստ չէ: Բացի այդ, սույն գործը բխում է քաղաքացիաիրավական հարաբերություններից և ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գոռիշխան Իշիկյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով Վարչությանը պարտադրել իր ընտանիքին հաշվառել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում (հատոր 1-ին, գ.թ. 2-6).

2) Գոռիշխան Իշիկյանի ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել դիմում, որով Գոռիշխան Իշիկյանը նաև խնդրել է Ընկերությանը պարտադրել իր ընտանիքի հետ կնքել անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր` Ընկերության կողմից տրամադրվող տիպային համաձայնագրի օրինակով (հատոր 1-ին, գ.թ. 44).

3) Ընկերության ներկայացուցիչը միջնորդություն է հարուցել Դատարանին` սույն գործը վարչական դատարանի քննությանը հանձնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 60-65).

4) Դատարանի 27.08.2014 թվականի որոշմամբ գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին միջնորդությունը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 82-83).

5) Գոռիշխան Իշիկյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Դատարանին` իր ընտանիքի հետ անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր կնքելուն Ընկերությանը պարտադրելու մասին պահանջից հրաժարվելու և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 68-72).

6) Ընկերությունը 26.12.2012 թվականին, 23.01.2013 թվականին, 30.01.2013 թվականին և 15.02.2013 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող «Ց» հանրակացարանի որոշ բնակիչների (այսուհետ` Բնակիչներ) հետ կնքել է մտադրությունների մասին համաձայնագրեր` հիմք ընդունելով Վարչության կողմից տրամադրված և նաև հաստատված տեղեկատվությունն այն մասին, որ Բնակիչները փաստացի բնակվում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող «Ց» հանրակացարանում (հատոր 2-րդ, գ.թ. 9-13, 15-27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցադրումն ըստ էության հանգում է հետևյալին. արդյո՞ք մի քանի հայցապահանջների հիման վրա հարուցված սույն գործն ընդդատյա է ընդհանուր իրավասության, թե վարչական դատարանին: Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե՛

ա) ո՞րն է սույն գործով ներկայացված հիմնական հայցապահանջը,

բ) ինչպիսի՞ առարկայական ընդդատություն ունի այդ հայցապահանջը:

ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տե՛ս, Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը`Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե՛ս, Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Գոռիշխան Իշիկյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով Վարչությանը պարտադրել իր ընտանիքին հաշվառել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում և Ընկերությանը պարտադրել կնքել անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր:

Ընկերությունը 26.12.2012 թվականին, 23.01.2013 թվականին, 30.01.2013 թվականին և 15.02.2013 թվականին Բնակիչների հետ կնքել է մտադրությունների մասին համաձայնագրեր` հիմք ընդունելով Վարչության կողմից տրամադրված և հաստատված նաև տեղեկատվությունն այն մասին, որ Բնակիչները փաստացի բնակվում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող «Ց» հանրակացարանում:

Ինչպես Ընկերությունը, այնպես էլ Վարչությունը չեն վիճարկել այն փաստը, որ նշված համաձայնագիրը ենթակա է կնքման միայն այն անձանց հետ, ովքեր հաշվառված են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում համապատասխան սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում: Ընդ որում, նման գործելակերպի առկայությունը հաստատվում է նաև կողմերի միջև առկա թղթակցության և Ընկերությունից ու Վարչությունից ելած փաստաթղթերի բովանդակությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնական է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու մասին պահանջը, իսկ անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր կնքելուն Ընկերությանը պարտադրելու մասին պահանջն ածանցյալ է, քանի որ առաջին պահանջի լուծումը կանխորոշում է երկրորդ պահանջի լուծումը:

բ) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

i

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը: Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը և, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

i

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է անձի` վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: Արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության: Նշել է նաև, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (տե՛ս, Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ ու բավարար պայմանն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն` օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ: Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու ու կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը` հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Գոռիշխան Իշիկյանի կողմից ներկայացվել են միմյանց հետ փոխկապակցված հետևյալ հայցապահանջները.

1) Վարչությանը պարտադրել Գոռիշխան Իշիկյանի ընտանիքին հաշվառել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում,

2) Ընկերությանը պարտադրել Գոռիշխան Իշիկյանի ընտանիքի անդամների հետ կնքել անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր:

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով հիմնական է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու մասին պահանջը, իսկ անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր կնքելուն Ընկերությանը պարտադրելու մասին պահանջն ածանցյալ է:

Սույն գործի ընդդատության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել վերը նշված հիմնական պահանջի ընդդատությունը, քանի որ սույն գործը պետք է քննի այն դատարանը, որին ընդդատյա է այդ պահանջը:

Սույն գործով Ընկերության ներկայացուցիչը միջնորդություն է հարուցել Դատարանին` սույն քաղաքացիական գործը ՀՀ վարչական դատարանի քննությանը հանձնելու մասին: Մինչդեռ Դատարանը մերժել է նշված միջնորդությունը և վճիռ է կայացրել Գոռիշխան Իշիկյանի ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու մասին պահանջը բավարարելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ անդրադառնալով Ընկերության վերաքննիչ բողոքի այն հիմքին, որ սույն գործն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, գտել է, որ վերաքննիչ բողոքում վկայակոչված այդ փաստարկն անհիմն է: Վերաքննիչ դատարանն իր այդ եզրահանգման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ մասնավոր իրավահարաբերությանը, որին առաջադրվող ապացուցման ենթակա իրավաբանական փաստերն ինքնին բացառում են այդ պահանջի հանրային լինելու հնարավորությունը: Հետևաբար այն ՀՀ վարչական դատարանում քննության ենթակա չէ (...)»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Գոռիշխան Իշիկյանի կողմից ներկայացված երկու փոխկապակցված հայցապահանջներն ունեն տարբեր առարկայական ընդդատություն: Ընդ որում, սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած հիմնական պահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից ծագած վեճից հետևյալ պատճառաբանությամբ:

i

Սույն գործով քննության ենթակա հիմնական պահանջով վիճելի իրավահարաբերության կողմերից մեկը Վարչությունն է, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է: Այսպես` «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (...) բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է (...): ՀՀ կառավարության 13.02.2003 թվականի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության» 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (...) գործադիր իշխանության հանրապետական մարմին է (...): Գլխավոր վարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (...) բնագավառի պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմին: Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Վարչությունը` որպես ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վարչական մարմին է:

Սույն գործով քննության ենթակա հիմնական հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի` Վարչության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Սույն գործով քննության ենթակա հիմնական հայցապահանջի բավարարումը ենթադրում է վարչական մարմնի` Վարչության կողմից իր այն գործադիր-կարգադրիչ գործառույթի իրականացումը, որն ուղղված է Գոռիշխան Իշիկյանի ընտանիքի անդամներին` որպես երկու առանձին սենյակներ զբաղեցնող անձանց, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա շենքերի բնակիչների ցուցակում ընդգրկելուն:

Սույն գործով քննության ենթակա հիմնական պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը: Տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունը ծագել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա շենքերի բնակիչներին` իրենց կացարաններից զրկվելու դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով վերջիններիս նոր բնակարաններով ապահովելու հանրային շահի իրացման կապակցությամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Գոռիշխան Իշիկյանի ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու մասին հիմնական պահանջի հիման վրա հարուցված սույն գործն ընդդատյա չէ ընդհանուր իրավասության դատարանին, որպիսի պայմաններում ենթակա են կիրառման ընդդատության կանոնների խախտման դատավարական հետևանքները: Անդրադառնալով այդ հետևանքներին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տարբերակված մոտեցում է ցուցաբերել առարկայական ընդդատության և տարածքային ընդդատության կանոնների խախտման կապակցությամբ:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Տարածքային ընդդատությունը» վերտառությամբ 12-րդ գլխի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության` եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի` ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանը կարող է գործը հանձնել այլ դատարանի քննության, եթե այն վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ, ընդ որում, «այլ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրն ի նկատի է ունեցել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործեր քննող ընդհանուր իրավասության դատարաններին: Մինչդեռ գործող քաղաքացիադատավարական օրենսդրությունն առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում չի նախատեսում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կանոնը վերաբերում է միայն այն դեպքին, երբ գործը վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի` առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանն իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Այսինքն` այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության:

Միաժամանակ համեմատականներ անցկացնելով համանուն ինստիտուտի վարչադատավարական օրենսդրության իրավակարգավորման հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական արդարադատության ոլորտում գործում է այլ կառուցակարգ, որը ներդրվեց 05.12.2013 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:

i

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:

Վկայակոչված իրավակարգավորումից հետևում է, որ վարչական դատարանին որևէ գործի առարկայապես ընդդատյա չլինելու հանգամանքն այդ գործի քննության ընթացքում պարզվելու իրավաբանական հետևանքն այն է, որ վարչական դատարանը որոշում է կայացնում տվյալ գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու մասին:

Փաստորեն, օրենսդիրը վարչական դատարանին հնարավորություն է տվել առարկայական ընդդատության կանոնի խախտմամբ ներկայացված հայցադիմումը վերահասցեագրելու իրավասու ընդհանուր իրավասության դատարան, սակայն նման լիազորություն ընդհանուր իրավասության դատարանին վերապահված չէ: Հետևաբար ընդհանուր իրավասության դատարանը որևէ դեպքում չի կարող հանրային իրավահարաբերություններից բխող և վարչական դատարանին ընդդատյա հայցադիմումը վերահասցեագրել տվյալ դատարանին:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը թեև իրավացիորեն մերժել է սույն գործը ՀՀ վարչական դատարանի քննությանը հանձնելու մասին Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը, քանի որ վերը նշված պատճառաբանություններով Դատարանին նման լիազորություն վերապահված չէ, սակայն առարկայական ընդդատության կանոնի խախտմամբ քննել և լուծել է վեճն այն պարագայում, երբ սույն գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ենթակա էր կարճման, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկներին, որ Ընկերությունը սույն գործով վճռաբեկ բողոք բերելու իրավունք չունի և որ բողոքարկվող որոշումն Ընկերության համար անբարենպաստ չէ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք, դիմողները` նույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

Սույն գործի քննությանն Ընկերությունը ներգրավվել և մասնակցել է որպես պատասխանող, հետևաբար որպես գործին մասնակցող անձ` վերջինս ունի Վերաքննիչ դատարանի 20.05.2015 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունք:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանի մյուս` բողոքարկվող դատական ակտի` Ընկերության համար անբարենպաստ չլինելու վերաբերյալ փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Գոռիշխան Իշիկյանի կողմից ներկայացված` վերջինիս ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու մասին հիմնական պահանջի բավարարման դեպքում Ընկերությունը պետք է Գոռիշխան Իշիկյանի ընտանիքի անդամներին` որպես երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների, տրամադրի իրենց զբաղեցրած սենյակներին համարժեք բնակարան: Հետևաբար սույն գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի վերջնական դատական ակտերն անպայմանորեն առնչվում են Ընկերության իրավունքներին և պարտականություններին: Դատարանի կողմից Գոռիշխան Իշիկյանի նշված հայցապահանջը բավարարելու, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից Դատարանի նշված վճիռն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն Ընկերության համար անբարենպաստ դատական ակտ է:

Միաժամանակ սույն որոշմամբ արտահայտված` ընդդատության խնդրի վերաբերյալ իրավական դիրքորոշումներով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված տվյալ հարցի վերաբերյալ փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Ընդ որում, սույն գործի վարույթը ենթակա է կարճման միայն Գոռիշխան Իշիկյանի ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն Վարչությանը պարտադրելու պահանջի մասով, քանի որ մյուս` անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագիր կնքելուն Ընկերությանը պարտադրելու պահանջի մասով, գործի վարույթն արդեն իսկ կարճվել է, և այդ մասով Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով չեն բողոքարկվել:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության (...):

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը` կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճարված պետական տուրքի գումարները, մասնավորապես` հայցադիմումը դատարան ներկայացնելու համար 4.000 ՀՀ դրամի չափով Գոռիշխան Իշիկյանի կողմից, վերաքննիչ բողոքի համար 10.000 ՀՀ դրամի չափով Ընկերության կողմից, վճռաբեկ բողոքի համար 20.000 ՀՀ դրամի չափով Ընկերության կողմից վճարված պետական տուրքի գումարները ենթակա են վերադարձման այն վճարած անձանց:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2015 թվականի որոշման` ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժելու մասը և քաղաքացիական գործի վարույթը` Գոռիշխան Իշիկյանի ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում հաշվառելուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը պարտադրելու պահանջի մասով, կարճել:

2. Պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԵՄԴ/1029/02/14
Որոշում