Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐ ՆԱԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/5908/05/12

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5908/05/12

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ), Լիպարիտ Շահինյանի ներկայացուցիչ Էլիզա Կոստանյանի և ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գրետա Ավետիսյանի, Զարիկ Խաչատրյանի, Վալիդա Խայլունցի, Ժանետա Դավթյանի, Յուրի Բուրյակինի, Հեղինե Մանասյանի (այսուհետ` Հայցվորներ) ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Լիպարիտ Շահինյանի` Կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի 51,0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի թիվ 57 շինության նկատմամբ Երևանի Աջափնյակ թաղային համայնքի (այսուհետ` Համայնք) անվամբ 10.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Համայնքի ավագանու 02.04.2009 թվականի թիվ 38 որոշումը, Համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 27.04.2009 թվականին կազմված գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին թիվ 2 արձանագրությունը, Համայնքի ղեկավարի` 29.04.2009 թվականին կայացած աճուրդային վաճառքի արդյունքը հաստատելու մասին թիվ 42 որոշումը, աճուրդում հաղթող ճանաչված Լիպարիտ Շահինյանի հետ 29.04.2009 թվականին կնքված տարածքի առուվաճառքի պայմանագիրը և տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի 51,0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի թիվ 57 շինության նկատմամբ Երևանի Աջափնյակ թաղային համայնքի անվամբ 10.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Համայնքի ավագանու 02.04.2009 թվականի թիվ 38 որոշումը, Համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 27.04.2009 թվականին կազմված գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին թիվ 2 արձանագրությունը, Համայնքի ղեկավարի` 29.04.2009 թվականին կայացած աճուրդային վաճառքի արդյունքը հաստատելու մասին թիվ 42 որոշումը, աճուրդում հաղթող ճանաչված Լիպարիտ Շահինյանի հետ 29.04.2009 թվականին կնքված տարածքի առուվաճառքի պայմանագիրը և տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2014 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության, Լիպարիտ Շահինյանի և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` վարչական գործի վարույթը` Կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի 51,0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի թիվ 57 շինության նկատմամբ Համայնքի անվամբ 10.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է, մնացած մասով Դատարանի 18.12.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Քաղաքապետը, Լիպարիտ Շահինյանի ներկայացուցիչը և Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայցվորների ներկայացուցիչը:

 

2. Քաղաքապետի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը և 62-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշումը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 144-րդ և 146-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի 51,0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի թիվ 57 շինության նկատմամբ Համայնքի անվամբ 10.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով կարճելով սույն գործի վարույթը, այլևս չէր կարող որևէ իրավական գնահատական տալ այդ գրանցման իրավաչափությանը:

Վերաքննիչ դատարանն իրավական գնահատական է տվել Համայնքի անվամբ կատարված իրավունքի գրանցմանը` ճանաչելով այն առ ոչինչ այն պարագայում, երբ նման առարկայով և հիմքով հայցատեսակ Դատարան չի ներկայացվել, չի քննվել և գործին մասնակցող անձինք զրկված են եղել նման հայցատեսակի շրջանակներում իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից, այսինքն` Վերաքննիչ դատարանը, դուրս գալով ինչպես օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներից, այնպես էլ ներկայացված հայցի առարկայի ծավալից, թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ, ինչն էլ հանգեցրել է սույն գործի սխալ լուծմանը:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը մնացած մասով թողնելով անփոփոխ, անդրադարձել է միայն Հայցվորների կողմից առանց ապացույցների արված հայտարարություններին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին, ինչպես նաև հիմք է ընդունել Հայցվորների ներկայացուցչի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 13.07.2013 թվականի թիվ 04/15.2/43-88-13 գրությունը: Մինչդեռ նշված հոդվածները սույն գործով կիրառելի չեն, քանի որ վիճելի տարածքն այդ հոդվածներով նախատեսված գույք չէ, այն ժամանակին հանդիսացել է բացվածք և չի հանդիսանում այդ շենքի տեխնիկական մաս, այդ տարածքով չեն անցնում շենքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հանգուցային խողովակաշարերը, և տեղակայված չեն շենքի էլեկտրական, սանիտարական և այլ սարքավորումներ: ՈՒստի պարզ չէ, թե մասնագիտական եզրակացության բացակայության պարագայում Վերաքննիչ դատարանն ինչ ապացույցների հիմքով է հակառակը հաստատել:

Վերաքննիչ դատարանը Համայնքի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած վարչական ակտերը` ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշումը, Քաղաքապետի 29.11.2007 թվականի թիվ 5184-Ա և 30.07.2008 թվականի թիվ 3505-Ա որոշումները վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չի համարել` անտեսելով այն հանգամանքը, որ այդ որոշումները հիմք են հանդիսացել վիճարկվող վարչական ակտերի կայացման համար, դրանք երբևէ չեն վիճարկվել և չեն կորցրել իրենց իրավական ուժը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1 Լիպարիտ Շահինյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը և 62-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշումը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 144-րդ և 146-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճելի հասցեի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է օրինական հիմքերի առկայության պայմաններում և սույն գործում առկա փաստաթղթերից բխում է, որ Լիպարիտ Շահինյանի և Համայնքի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահպանմամբ, և Լիպարիտ Շահինյանը համարվում է բարեխիղճ ձեռք բերող:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ վիճելի տարածքը ժամանակին հանդիսացել է բացվածք և չի հանդիսանում այդ շենքի տեխնիկական մաս, այդ տարածքով չեն անցնում շենքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հանգուցային խողովակաշարերը, և այնտեղ տեղակայված չեն շենքի էլեկտրական, սանիտարական և այլ սարքավորումներ:

Վերաքննիչ դատարանը, Կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի 51,0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի թիվ 57 շինության նկատմամբ Համայնքի անվամբ 10.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով կարճելով սույն գործի վարույթը, այլևս չէր կարող որևէ իրավական գնահատական տալ այդ գրանցման իրավաչափությանը, մինչդեռ դա արել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.2 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թեև Հայցվորները հանդիսանում են Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի որոշակի բնակարանների սեփականատերեր, սակայն սույն գործում առկա չէ որևէ վերաբերելի ապացույց այն մասին, որ վերջիններս հանդիսանում են վիճելի տարածքի սեփականատերեր և դրանով պայմանավորված` Երևանի Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 շինության նկատմամբ ունեն որոշակի գույքային իրավունքներ, հետևաբար և սույն գործի շրջանակներում որպես շահագրգիռ անձ կարող էին ներկայացնել որոշակի պահանջներ:

Սույն գործում առկա չեն ապացույցներ այն մասին, որ 10.10.2008 թվականին կատարված պետական գրանցման համար հիմք հանդիսացած վարչական ակտերը` Քաղաքապետի որոշումները, վիճարկվել են, հաստատվել է դրանց առ ոչինչ լինելը, ճանաչվել են ոչ իրավաչափ` անվավեր, կամ կորցրել են իրենց ուժը, ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածը:

ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշման հիման վրա 2008 թվականին Աջափնյակ թաղային համայնքի սեփականությանն է անցել Երևանի Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 ոչ բնակելի տարածքը: Նշված հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից և դրան չի տրվել իրավական հիմնավորվածություն և պատճառաբանություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերաքննիչ բողոքները մերժելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ»:

 

2.3 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները

Ներկայացված վճռաբեկ բողոքներն անհիմն են և ենթակա են մերժման, քանի որ դրանցում տեղ գտած ենթադրություններն ապացուցված չեն, սույն գործով պատասխանողները և երրորդ անձն իրենց բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ չեն ներկայացրել որևէ հիմնավորում կամ ապացույց: Վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշումը հստակ է և պատճառաբանված, Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն իր լիազորությունների շրջանակներում պատշաճորեն անդրադարձել է սույն վեճի լուծման համար անհրաժեշտ բոլոր հարցերին և կայացրել է արդարացի որոշում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 21.12.2006 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելիությունը սահմանելու մասին» թիվ 1923-Ն որոշումը (հատոր 3-րդ, գ.թ. 92):

2) Քաղաքապետի 29.11.2007 թվականի թիվ 5184-Ա որոշման 1-ին կետի համաձայն` բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցները ճանաչվել են օրինական (հատոր 4-րդ, գ.թ. 14):

3) Քաղաքապետի 30.07.2008 թվականի թիվ 3505-Ա որոշման 1-ին կետի համաձայն` Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրվել են հասցեներ (հատոր 4-րդ, գ.թ. 8):

4) ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշման, Քաղաքապետի 29.11.2007 թվականի թիվ 5184-Ա և 30.07.2008 թվականի թիվ 3505-Ա որոշումների հիման վրա 10.10.2008 թվականին Կոմիտեի կողմից Երևանի Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 շինության նկատմամբ կատարվել է Համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում, և տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2458399 վկայականը (հատոր 4-րդ, գ.թ. 11):

5) 02.04.2009 թվականին Համայնքի ավագանին կայացրել է թիվ 38 որոշումը` Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 հասցեում գտնվող տարածքն աճուրդային կարգով օտարելու մասին, որի հիման վրա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տրվել է հայտարարություն` Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 հասցեում գտնվող 51 քմ մակերեսով տարածքն աճուրդի միջոցով վաճառելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 48-49):

6) 27.04.2009 թվականին Համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից կազմվել է գույքի աճուրդով մասնավորեցման մասին թիվ 2 արձանագրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 50):

7) 29.04.2009 թվականին Համայնքի ղեկավարի թիվ 42 որոշման համաձայն` 17.04.2009 թվականին աճուրդային վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված Լիպարիտ Շահինյանի հետ 29.04.2009 թվականին կնքվել է տարածքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 52-53):

8) 08.05.2009 թվականին Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 հասցեում գտնվող շինության նկատմամբ Կոմիտեի կողմից կատարվել է Լիպարիտ Շահինյանի սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 2-րդ, գ.թ. 54-55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական դատավարության շրջանակներում դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու լիազորության իրավաչափ իրացման վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք դատարանը վարչական դատավարությունում իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու լիազորությունն իրացնելիս օժտված է բացարձակ հայեցողությամբ.

2. ի՞նչ նպատակներ պետք է հետապնդի դատարանը վարչական դատավարությունում իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու լիազորությունը գործնականում իրացնելիս:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու իրավական հնարավորությանը, նշել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված փորձաքննության վերաբերյալ իրավակարգավորումներին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է նշանակել փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ: Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ: Վճռաբեկ դատարանը նախ սույն գործի շրջանակներում կարևորում է «հայեցողություն» եզրույթի իրավական բովանդակության բացահայտումը: Հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հայեցողություն» եզրույթը նշանակում է համապատասխան պետական մարմնի օրենքով սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև առհասարակ իր լիազորությունը գործնականում կիրառելու կամ դրանից ձեռնպահ մնալու հնարավորություն: Պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանի բնորոշմամբ «դատական հայեցողությունը» կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում դատարանի կողմից օրենսդրությամբ սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: Իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որպեսզի երաշխավորվի կամայականության արգելքը և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև նախկին որոշումներում տեղ գտած իրավական դիրքորոշումներն արտահայտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի կապակցությամբ, սակայն դրանց իրավական տրամաբանությունը հավասարապես կիրառել է նաև ՀՀ վարչական դատավարության շրջանակներում: Ավելին, եթե քաղաքացիական դատավարությունը լիարժեք մրցակցային է, այսինքն` որոշակի հանգամանքներում դատարանը կարող է ձեռնպահ մնալ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելուց, ապա վարչական դատավարությունում դատարանը գործի փաստերը պարզում է ի պաշտոնե, կաշկանդված չէ վարչական դատավարությունում մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը:

i

Սույն գործի փաստերի համաձայն` 21.12.2006 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելիությունը սահմանելու մասին» թիվ 1923-Ն որոշումը: Քաղաքապետի 29.11.2007 թվականի թիվ 5184-Ա որոշման 1-ին կետի համաձայն` բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցները ճանաչվել են օրինական: ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշման, Քաղաքապետի 29.11.2007 թվականի թիվ 5184-Ա և 30.07.2008 թվականի թիվ 3505-Ա որոշումների հիման վրա 10.10.2008 թվականին Կոմիտեի կողմից Համայնքի Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 շինության նկատմամբ կատարվել է Համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

02.04.2009 թվականին Համայնքի ավագանին կայացրել է թիվ 38 որոշումը` Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 հասցեում գտնվող տարածքն աճուրդային կարգով օտարելու մասին: 29.04.2009 թվականին Համայնքի ղեկավարի թիվ 42 որոշման համաձայն` 17.04.2009 թվականին աճուրդային վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված Լիպարիտ Շահինյանի հետ 29.04.2009 թվականին կնքվել է տարածքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր, և 08.05.2009 թվականին Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 հասցեում գտնվող շինության նկատմամբ Կոմիտեի կողմից կատարվել է Լիպարիտ Շահինյանի սեփականության իրավունքի պետական գրանցում:

i

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի 51,0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված իրավանորմի ուժով հանդիսացել է Շինարարների փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը, քանի որ այն նշված շենքի տեխնիկական հարկի մի մասն է կազմում, որպիսի պարագայում դրա նկատմամբ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի սեփականության իրավունքը գրանցվել չէր կարող: Դատարանը գտել է նաև, որ Շինարարների փողոցի 2-րդ շենքի թիվ 57 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ Կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման կողմից 10.10.2008 թվականին կատարված Համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը և Համայնքի ավագանու 02.04.2009 թվականի Շինարարների փողոցի 2-րդ շենքի 57-րդ հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունն աճուրդային կարգով օտարելու մասին որոշումը կայացվել է օրենսդրության խախտմամբ, դրա արդյունքում խախտվել են վիճելի տարածքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները, ուստի որոշումները ենթակա են անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքները մասնակիորեն բավարարելով, նշել է, որ գործով ներկայացված ապացույցների համակցության գնահատումից, դատավարության մասնակիցների դիրքորոշումներից չի հետևում որևէ փաստ այն մասին, որ խնդրո առարկա պետական գրանցման պահին առկա է եղել շենքի բնակարանների սեփականատերերի սեփականության իրավունքի դադարման որևէ հիմք: Անդրադառնալով ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշմանը` Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ այդ որոշումը որևէ առնչություն չունի Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքին, քանի որ սույն որոշմամբ հաստատված հավելվածներում տվյալ հասցեն հիշատակված չէ: Ինչ վերաբերում է որոշման 4-րդ կետի «ա» ենթակետին, ապա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դրանով սահմանված «սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին անհատույց հանձնվում են նաև նույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված տարածքները...» դրույթը կարող է վերաբերել բացառապես պետական սեփականություն հանդիսացող տարածքներին և չի կարող վերաբերել Շինարարների փողոցի թիվ 2 շենքի բնակարանների սեփականատերերի սեփականությունը հանդիսացող որևէ տարածքի, այդ թվում` ոչ բնակելի թիվ 57 շինությանը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Շինարարների փողոցի 2-րդ շենքի ոչ բնակելի տարածքի թիվ 57 շինության նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում դրված որոշումներից որևէ մեկի որևէ դրույթով չի հաստատվել Համայնքի այդ իրավունքը, հետևաբար տվյալ պետական գրանցմամբ Համայնքին տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, ինչն այդ գրանցման` որպես վարչական ակտի առչնչության լիարժեք հիմք է: ՈՒստի Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ քննարկվող գրանցումն առոչինչ է: Առոչինչ պետական գրանցման արդյունք հանդիսացող սեփականության իրավունքի հիմքով Համայնքը, իրականում չունենալով այդ իրավունքը, օտարել է տարածքը Լիպարիտ Շահինյանին. այդ նպատակով ընդունվել է Համայնքի ավագանու 02.04.2009 թվականի թիվ 38 որոշումը` շինությունն աճուրդային կարգով օտարելու մասին` դրա հիմքում դնելով իրականությանը չհամապատասխանող փաստն այն մասին, որ տվյալ շինությունը հանդիսանում է համայնքի սեփականությունը: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ բացի առաջին հայցապահանջից, մնացած հայցապահանջների մասով Վարչական դատարանը ճիշտ է լուծել սույն գործը, սակայն սխալ է պատճառաբանել իր եզրահանգումները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն (15.05.2008 թվականի խմբագրությամբ)` սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին անհատույց հանձնվում են նաև նույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված ոչ բնակելի տարածքները (բացվածքները)` բացառությամբ այն տարածքների, որոնք զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում` գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) և քաղաքացիական կացության գրանցման բաժինների կողմից: Ինչպես ՀՀ կառավարության նշված որոշման, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ և 224-րդ հոդվածների, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանված է բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքների տիրապետման, օգտագործման և տնօրինման միասնական կարգ` անկախ բազմաբնակարան շենքերը պետության կամ կոոպերատիվի սեփականությունը հանդիսանալու հանգամանքից: ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշման մեջ որևէ նշում չկա այն մասին, որ որոշումը վերաբերում է միայն պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերին, հետևաբար այն վերաբերում է բոլոր բազմաբնակարան շենքերին: Հայցվորները հայցադիմումում նշել են, որ վիճելի տարածքի նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքը չէր կարող գրանցվել, քանի որ շենքն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշման կից թիվ 1 և թիվ 2 հավելվածների ցուցակում, իսկ վիճելի տարածքն էլ շենքի տեխնիկական մաս է, ուստի վիճելի տարածքը հանդիսանում է բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն: Քաղաքապետարանը Դատարան ներկայացված առարկություններում պնդել է, որ վիճելի տարածքը հանդիսացել է ոչ թե շենքի տեխնիկական մաս, այլ բացվածք, հետևաբար ՀՀ կառավարության 21.12.2006 թվականի թիվ 1923-Ն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` այն իրավաչափորեն հանձնվել է Համայնքին ի սեփականություն: Կողմերից որևէ մեկը չի ներկայացրել վիճելի տարածքը բացվածք կամ տեխնիկական մաս հանդիսանալու վերաբերյալ իր դիրքորոշումը հիմնավորող ապացույցներ, իսկ Վերաքննիչ դատարանն էլ նման պայմաններում, առանց համապատասխան պահանջի առկայության, հանգել է այն հետևության, որ վիճելի տարածքի նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքի գրանցումն առոչինչ է: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար նախևառաջ էական նշանակություն ունի այն հարցը, թե վիճելի տարածքը ՀՀ կառավարության քննարկվող որոշման կայացման ժամանակ հանդիսացել է շենքի բացվածք, թե` տեխնիկական հարկ: Այդ փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան փորձագիտական եզրակացությամբ, որի ստացմանն ուղղված դատավարական միջոցն է գործով փորձաքննության նշանակումը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով իրեն վերապահված` փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը` միաժամանակ չապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն: Մինչդեռ տվյալ պարագայում, Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ, նման հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է վարչական դատավարության գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման անհրաժեշտությունից:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքների պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ՎԴ/5908/05/12
Որոշում