Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ՏԴ/0187/02/14
2016թ.
 Քաղաքացիական գործ թիվ  ՏԴ/0187/02/14 
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
                   Դատավորներ` Կ. Հակոբյան
                                                 Ա. Խառատյան  

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
 Ս. Անտոնյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արազ Բեջանյանի, երրորդ անձինք Մարինե Բեջանյանի և Արթուր Բեջանյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա նկատմամբ բռնագանձում տարածելու, իսկ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում համատեղ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը պատասխանողի և երրորդ անձանց միջև բաշխելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Իջևանի Բլբուլյան փողոցի թիվ 94/8 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից առանձնացնել Արազ Բեջանյանի բաժնեմասը և դրա վրա տարածել բռնագանձում, իսկ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում հրապարակային սակարկությամբ վաճառել այն և ստացված գումարը բաշխել Արազ Բեջանյանի և երրորդ անձանց միջև:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Կուրեխյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.06.2015 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.03.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 131-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Տեսչությունը պատշաճ կատարել է իր պարտականությունը, այն է` երրորդ անձ հանդիսացող համասեփականատերերին ուղարկել է պարտապանի բաժնեմասը գնելու վերաբերյալ առաջարկություն, մասնավորապես` առաջարկելով իրենց մտադրության մասին գրությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում տեղյակ պահել Տեսչությանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչությունը որևէ այլ տարբերակով հնարավորություն չի ունեցել ծանուցել համասեփականատերերին պարտապանի բաժնեմասը գնելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ըստ Տեսչության հայցի ընդդեմ Արազ Բեջանյանի թիվ ՎԴ2/0201/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 14.07.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` Արազ Բեջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 558.008 ՀՀ դրամ, ինչպես նաև` 11.160 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 8):

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 27.11.2012 թվականի որոշման համաձայն` ՀՀ վարչական դատարանի կողմից 13.09.2012 թվականին տրված թիվ ՎԴ2/0201/05/12 կատարողական թերթով Արազ Բեջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 558.008 ՀՀ դրամ` որպես հարկի գումար, և 11.160 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ, կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել Արազ Բեջանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Իջևանի Բլբուլյան փողոցի թիվ 94/8 հասցեում գտնվող բնակարանի վրա (հատոր 1-ին, գ.թ. 10):

3. Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման 28.02.2001 թվականի թիվ 1616511 վկայականի համաձայն` Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փողոց, 94 շենք, թիվ 8 հասցեի բնակարանի նկատմամբ գրանցված է Արազ Բեջանյանի, Մարինե Բեջանյանի, Արթուր Բեջանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 11):

4. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 13.01.2015 թվականի թիվ 14-0480Դ եզրակացության համաձայն` Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 94/8 հասցեում գտնվող բնակարանից հնարավոր չէ առանձնացնել Արազ Բեջանյանի 1/3 բաժնեմասը, քանի որ նման պայմաններում կխախտվեն քաղաքաշինություն բնագավառում գործող նորմերով սահմանված պահանջները (հատոր 1-ին, գ.թ. 106-112):

5. Սույն գործով Դատարանի կողմից 30.05.2014 թվականին, 30.07.2014 թվականին, 08.10.2014 թվականին և 25.02.2015 թվականին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատասխանողին և երրորդ անձանց ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել` «բացակա» նշումով, իսկ 02.07.2014 թվականին նշանակված դատական նիստի և ժամանակի մասին ծանուցումներն ուղարկվել են համայնքի ղեկավարին: Միաժամանակ 08.10.2014 թվականին, 25.02.2015 թվականին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումները` հասցեագրված պատասխանողին և երրորդ անձանց, տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին, գ.թ. 22-37, 41-49, 52-67, 69-83, 127-138):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության ընթացքում ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի իրացման հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես` վերջիններիս շահերից ելնելով սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դերենիկ Մարգարյանի և մյուսների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում: Օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է` ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը` պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով:

Վերը նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

i

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս Լաուրա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու անհնարինության կամ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի դեմ առարկելու դեպքում ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք են ստանում գնել ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժինը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության պայմաններում ընդհանուր սեփականության մասնակիցներից պահանջվում է կոնկրետ և համարժեք գործողությունների կատարում, որոնք ուղղված են ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժնի գնմանը` օրենքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում օրենսդիրը նախատեսել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժնի առանձնացման և/կամ դրա իրացման կարգ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գործողությունները լիարժեք կարող են իրականացվել ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցներին գործին մասնակից դարձնելով, նրանց ներկայությունը դատական քննությանը պատշաճ ապահովելով, նրանց կողմից իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները բարեխիղճ իրականացվելու միջոցով:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Տեսչությունը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որով կապացուցվի այն փաստը, որ վերջինս ընդհանուր սեփականության մասնակիցներին առաջարկել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը և վերջիններս հրաժարվել են այն գնելուց, իսկ ինչ վերաբերում է հայցադիմումին կից ներկայացված երրորդ անձանց ուղարկված ծրարներին` «բացակա» նշագրմամբ, ապա այդ առաջարկը երրորդ անձինք չեն ստացել և առաջարկից նրանց հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի վերը շարադրված պատճառաբանությունները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը հարկ է գնահատել ոչ պարտապան համասեփականատերերին գործի քննությանը պատշաճ ծանուցելու հանգամանքի համատեքստում` նկատի ունենալով, որ արդեն իսկ հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում պարտատիրոջ կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը գնելու առաջարկ ներկայացնելը և համապատասխանաբար այդ առաջարկին արձագանքելն իրականացվում են դատարանի անմիջական մասնակցությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 6-րդ կետով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` դատարանի կողմից ֆիզիկական անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է համարվում նաև այն դեպքում, երբ ծանուցումը կատարվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

i

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը` վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի հիմքով գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելը պետք է իրականացվի միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Այսպես, գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով, իսկ եթե ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրն ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, համապատասխան համայնքի ղեկավարին, ինչպես նաև գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Սույն գործով Դատարանի կողմից 30.05.2014 թվականին, 30.07.2014 թվականին, 08.10.2014 թվականին և 25.02.2015 թվականին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին երրորդ անձանց` համասեփականատերին հասցեագրված ծանուցումները հետ են վերադարձվել` «բացակա» նշումով, 02.07.2014 թվականին նշանակված դատական նիստի և ժամանակի մասին ծանուցումներն ուղարկվել են համայնքի ղեկավարին: Միաժամանակ 08.10.2014 թվականին, 25.02.2015 թվականին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումները` հասցեագրված պատասխանողին և երրորդ անձանց, տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը, գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ սույն գործով ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները, ներգրավված լինելով որպես դատավարության կողմ և ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերի համաձայն պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չեն իրացրել պարտապանին ընդհանուր սեփականությունում պատկանող բաժնեմասի գնման` օրենքով իրենց վերապահված իրավունքը: Մասնավորապես` սույն գործով երրորդ անձանց` դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային ծառայության, այնպես էլ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և համապատասխան համայնքի ղեկավարին ծանուցելու միջոցով:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից գործին մասնակցող անձանց, տվյալ դեպքում պարտապանին և երրորդ անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով` ապահովելով տվյալ հոդվածներով ամրագրված ծանուցման հնարավոր բոլոր միջոցներն ու եղանակները:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի չիրացման պայմաններում պետք է ապահովվեր պարտատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն չկատարելու պայմաններում չի ապահովվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ՏԴ/0187/02/14
Որոշում