Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ1/0223/05/13

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ1/0223/05/13

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության Գորիսի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Գորիսի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ա/Ձ Արսեն Եսայանի` 6.349.755 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունը պահանջել է Ա/Ձ Արսեն Եսայանից բռնագանձել 6.349.755 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 06.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ա/Ձ Արսեն Եսայանից ՀՀ պետական բյուջե է բռնագանձվել 4.415.755 ՀՀ դրամ, իսկ 1.934.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2014 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.08.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ա/Ձ Արսեն Եսայանից պետությանը պատճառված վնասը` 1.934.000 ՀՀ դրամը, բռնագանձելու պահանջի մասին, իսկ Գորիսի տարածքային հարկային տեսչության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումն այնպիսի գումարի բռնագանձման պահանջի մասին է, որն առաջացել է անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորություններից` հարկի մայր գումարը սահմանված ժամկետում չվճարելուց:

Թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործը Տեսչության կողմից ներկայացված հայցադիմումի հետ որևէ առնչություն չունի, քանի որ քաղաքացիական գործով հայցվորը եղել է դատախազությունը, իսկ հայցի առարկան` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջը, մինչդեռ սույն գործով հայցվորը հարկային մարմինն է, իսկ հայցի առարկան` հարկային պարտավորությունների բռնագանձման պահանջը: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սույն գործով կիրառելի չէր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` 1.934.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի կողմից 22.12.2008 թվականին տրված թիվ 1001930 հանձնարարագրի հիման վրա Կոմիտեի Սիսիանի տարածքային հարկային տեսչության կողմից իրականացված ստուգման արդյունքում 06.03.2009 թվականին կազմվել է թիվ 1001930 ստուգման ակտը, որի համաձայն` Ա/Ձ Արսեն Եսայանին առաջադրվել է եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և սոցիալական վճարի գծով 1.934.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 29-38):

2) Կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչության կողմից 31.10.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Ա/Ձ Արսեն Եսայանի հարկային պարտավորությունները 23.10.2013 թվականի դրությամբ կազմում են 6.349.755 ՀՀ դրամ, որից ավելացված արժեքի հարկի գծով` 1.765.765 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 2.432.970 ՀՀ դրամ, սոցիալական ապահովության վճարի գծով` 1.693.533 ՀՀ դրամ, հարկային մարմնի խրախուսման ֆոնդի մասհանումների գծով` 457.487 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 6):

3) Ըստ հայցի ՀՀ Սյունիքի մարզի դատախազության ընդդեմ Արսեն Եսայանի` պետությանը պատճառված վնասի` 1.934.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հայցը մերժվել է` հայցային վաղեմության հիմքով: Միաժամանակ վերոնշյալ վճռով արձանագրվել է, որ Արսեն Եսայանի կողմից հարկերը չվճարելու հետևանքով պետությանը 1.934.000 ՀՀ դրամ պարտք լինելու փաստը հաստատված է Կոմիտեի Սիսիանի տարածքային հարկային տեսչության կողմից 06.03.2009 թվականին կազմված թիվ 1001930 ստուգման ակտով (հատոր 1-ին, գ.թ. 45-49):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք հարկային մարմնի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված` հարկային պարտավորությունների բռնագանձման պահանջի մասին հայցի հիման վրա հարուցված գործի վարույթը ՀՀ վարչական դատարանում ենթակա է կարճման, եթե նույն գումարի` որպես պետությանը պատճառված վնասի բռնագանձման պահանջի վերաբերյալ առկա է ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Վերը նշված իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ վարչական գործերի`

1. կողմերը, այսինքն` վարչական դատարանի վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:

Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վարչական գործի վարույթը կարճվել չի կարող:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի կողմից 22.12.2008 թվականին տրված թիվ 1001930 հանձնարարագրի հիման վրա Կոմիտեի Սիսիանի տարածքային հարկային տեսչության կողմից իրականացված ստուգման հիման վրա 06.03.2009 թվականին կազմվել է թիվ 1001930 ստուգման ակտը, որով Ա/Ձ Արսեն Եսայանին առաջադրվել է եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և սոցիալական վճարի գծով 1.934.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Ըստ հայցի ՀՀ Սյունիքի մարզի դատախազության ընդդեմ Արսեն Եսայանի` պետությանը պատճառված վնասի` 1.934.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012 թվականի թիվ ՍԴ1/0186/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը մերժվել է` հայցային վաղեմության հիմքով:

Սույն գործով Դատարանը` 1.934.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «1.934.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012 թվականի թիվ ՍԴ1/0186/02/12 օրինական ուժի մեջ մտած վճիռը` համեմատած սույն հայցադիմումի հետ` նույն անձանց միջև է, այն է` պետական մարմնի (դատախազություն, հարկային մարմին) և անհատ ձեռնարկատեր Արսեն Եսայանի, (որը, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, նույն ինքը` ֆիզիկական անձ Արսեն Եսայանն է), նույն առարկայի մասին է, այն է` 1.934.000 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջե բռնագանձելու պահանջ է, նույն հիմքով է, այն է` պահանջը հիմնված է թիվ 1001930 ստուգման ակտի վրա, բխում է թիվ 1001930 ստուգման ակտով առաջադրված պարտավորությունից, դրա չկատարումից»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Տեսչության վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի 06.08.2014 թվականի վճիռը, հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները, «քանի որ Դատարանը, բազմակողմանի հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, կիրառելով համապատասխան օրենքները, իրավացիորեն գտել է, որ սույն գործի վարույթը մասնակիորեն` 1.934.000 ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե բռնագանձման պահանջի մասով, ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ստորադաս դատարանների կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման իրավաչափությունը գնահատելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել`

1. արդյո՞ք սույն վարչական գործով և թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով նույնն են կողմերը (գործին մասնակցող անձինք),

2. արդյո՞ք նույնն է հայցի առարկան,

3. արդյո՞ք նույնն է հայցի հիմքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով կողմերն են հանդիսացել ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունը և ֆիզիկական անձ Արսեն Ժորայի Եսայանը: Սույն վարչական գործով կողմերն են հանդիսանում Կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունը և անհատ ձեռնարկատեր Արսեն Եսայանը:

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների միջոցով, նույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են դատախազության լիազորությունները, մասնավորապես` նշված հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 103-րդ հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները:

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները իրականացնելը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին, դիմողին կամ պատասխանողին:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5.1-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրագործելու նույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը:

i

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են հարկային մարմնի իրավունքները, մասնավորապես` նշված մասի 13-րդ կետով սահմանված է հարկային մարմնի իրավունքը` հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, տալ դատարանում գործը վարելու համար լիազորագրեր:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատախազությունը և հարկային մարմինը մասնավորապես, իսկ պետական մարմիններն ընդհանրապես, օրենքին համապատասխան որոշակի կառուցվածք ունեցող, կոնկրետ ոլորտի պետական կառավարման խիստ որոշակի լիազորություններով օժտված մեկ ամբողջականություն կազմող առանձին համակարգեր են, որոնք հանդիսանում են պետական միասնական ապարատի բաղկացուցիչ մաս, և որոնց հատուկ է կազմակերպական առանձնացվածությունը և ինքնուրույնությունը: Պետական մարմիններն օժտված են պետաիշխանական լիազորություններով, ինչը հնարավորություն է ընձեռնում պետության կողմից տրված լիազորությունների շրջանակներում լուծելու որոշակի խնդիրներ, այսինքն` նշված պետական մարմինների միջոցով պետությունը կոնկրետ ոլորտներում իրականացնում է պետական կառավարումը և իր շահերի պաշտպանությունը:

Պետական մարմինները մասնակցում են պետության խնդիրների իրականացմանը: Նրանցից յուրաքանչյուրի գործունեության բնույթը պայմանավորված է պետության խնդիրներով ու գործառնություններով: Բացի այդ, պետական մարմիններն ունեն պետության կողմից վերջիններիս համար սահմանված գործունեության հատուկ կարգ, ինչը պայմանավորված է պետական մարմիններից յուրաքանչյուրի բնույթով և առանձնահատկությամբ, նրանց իրավասությամբ և կազմակերպական կառուցվածքով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական մարմինները, կազմակերպական առանձնացվածություն և ինքնուրույնություն ունենալու, միմյանցից տարբերվող գործառույթներ իրականացնելու և տարբեր լիազորություններով օժտված լինելու, պետության խնդիրների իրացմանը տարբեր ծավալներով և եղանակով մասնակցելու հանգամանքներով պայմանավորված, իրենց լիազորությունների իրականացման շրջանակներում հանդիսանում են առանձին դատավարական սուբյեկտներ:

Վերոգրյալի հաշվառմամբ, հաշվի առնելով, որ իրենց լիազորությունների իրականացման շրջանակներում թե՛ ՀՀ դատախազությունը, թե՛ հարկային մարմինն օժտված են դատարան հայց ներկայացնելու, դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող հանդես գալու լիազորությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող իրավիճակում ՀՀ դատախազությունը և հարկային մարմինը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետի իմաստով չեն կարող նույնացվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով որպես հայցվոր հանդես է եկել ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունը, իսկ սույն վարչական գործով հայցվոր է հանդիսանում Կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունը, որոնցից յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում իր գործառույթների իրականացման նպատակով, օգտվելով որպես հայցվոր հանդես գալու իր իրավունքից, հայց է ներկայացրել դատարան, հետևաբար տվյալ դեպքում թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով և սույն վարչական գործով կողմերը տարբեր են:

i

Թեև կողմերի` տարբեր լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նշված գործի վարույթը կարճելու հիմքի բացակայությունն արձանագրելու համար, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև սույն վարչական գործով և թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով հայցի առարկային և հիմքերին: Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ վերահաստատել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքը, ըստ էության, իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն ՈՒրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է թե՛ քաղաքացիական դատավարության և թե՛ վարչական դատավարության կանոններով ներկայացված հայցերի նկատմամբ:

Հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով և սույն վարչական գործով ներկայացված հայցերի առարկաներին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված գործերով հայցերի առարկաները նույնն են, այն է` 1.934.000 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջե բռնագանձելու պահանջը: Ինչ վերաբերում է հայցի հիմքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու պահանջի հիմքում ընկած իրավաբանական փաստը պետությանը պատճառված վնասն է, որի հիման վրա ծագում են վնասի հատուցման իրավահարաբերություններ, իսկ վնասի հատուցման իրավահարաբերությունները, որպես մասնավոր իրավահարաբերություններ, կարգավորվում են մասնավոր իրավունքի ոլորտը կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Մինչդեռ սույն վարչական գործով պահանջի հիմքում ընկած իրավաբանական փաստը հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելն է, որի հիման վրա ծագում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման իրավահարաբերություններ, որոնք հանրային իրավահարաբերություններ են և կարգավորվում են հանրային իրավունքի բնագավառում գործող հարկային օրենսդրությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տարբեր են նաև թիվ ՍԴ1/0186/02/12 քաղաքացիական գործով և սույն վարչական գործով ներկայացված հայցերի հիմքերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայել է սույն վարչական գործի վարույթը կարճելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկները ստորադաս դատարանների կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սխալ կիրառման վերաբերյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` 1.934.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշումը և գործը` 1.934.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ՎԴ1/0223/05/13
Որոշում