Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

01.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.06.2002  -ից մինչեւ   01.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-176-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «08» հունիսի 1994թ. Հ.Ն-1078-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «04» հուլիսի 1994թ. Հ.Ն-1089-I

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Սույն օրենքի խնդիրն է` նպաստել Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը, կանխել մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը:

Օրենքը կոչված է նպաստելու միջազգային մշակութային համագործակցությանը, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

«Մշակութային արժեքների արտահանում»` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց վերադարձնելու պարտավորության:

«Մշակութային արժեքների ներմուծում»` այլ պետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց վերադարձնելու պարտավորության:

«Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը»` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` պայմանավորված ժամկետում վերադարձնելու պարտավորությամբ:

«Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծում»` այլ պետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` պայմանավորված ժամկետում վերադարձնելու պարտավորությամբ:

«Մշակութային արժեքների հավաքածու» ` համասեռ կամ որոշակի հատկանիշով ընտրված տարասեռ առարկաների համախումբ, որոնք, յուրաքանչյուրի մշակութային արժեքից անկախ, ամբողջությամբ վերցրած ունեն պատմական, գեղարվեստական, գիտական կամ մշակութային այլ նշանակություն:

«Մշակութային արժեքների ապօրինի արտահանում և ապօրինի ներմուծում»` մշակութային արժեքների արտահանում և ներմուծում, որն իրականացվել է սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերի դրույթների խախտմամբ:

 

i
ՀՈԴՎԱԾ 4. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման սույն օրենքով սահմանված կարգը տարածվում է բոլոր մշակութային արժեքների վրա` դրանց նկատմամբ սեփականության ձևից անկախ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(4-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-341 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

 

Սույն օրենքի նպատակներին համապատասխան Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգությունը ներառնում է մշակութային արժեքների հետևյալ դասերը.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ նրանց խմբերի կողմից ստեղծված մշակութային արժեքները,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, կամ նրանց խմբերի կողմից ստեղծված այն արժեքները, որոնք Հայաստանի Հանրապետության համար ունեն կարևոր նշանակություն,

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված մշակութային արժեքները,

դ) հնագիտական, ազգագրական և բնագիտական արշավախմբերի ձեռք բերած մշակութային արժեքները, որոնց համար տրված է այն պետության իրավասու մարմինների համաձայնությունը, որտեղ ձեռք են բերվել այդ արժեքները,

ե) փոխանակություններով ձեռք բերված մշակութային արժեքները,

զ) նվիրատվությամբ ստացված կամ այլ օրինական կարգով ձեռք բերված մշակութային արժեքները, որոնց համար տրված է այն պետության իրավասու մարմինների համաձայնությունը, որտեղ ձեռք են բերվել այդ արժեքները:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է մշակութային առարկաների հետևյալ տեսակների վրա`

պատմական արժեքներ, ներառյալ ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման, գիտության և ճարտարագիտության պատմության, ինչպես նաև նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, գիտության, գրականության, արվեստի գործիչների) կյանքի ու գործունեության հետ կապված առարկաներ.

հնագիտական հետազոտություններից և պեղումներից ստացված գտածոներ, ինչպես նաև հողային, շինարարական հողաբարելավման և այլ աշխատանքների ժամանակ հայտնաբերված պատմահնագիտական առարկաներ.

գեղարվեստական արժեքներ, ներառյալ`

ա) ամբողջովին կամ մասամբ ձեռքով արված պատկերներ և նկարներ` ցանկացած միջոցով ու նյութերով կատարված.

բ) ցանկացած նյութից ստեղծված յուրատեսակ քանդակներ.

գ) ցանկացած նյութից արված յուրատեսակ գեղարվեստական հորինվածքներ և հավաքակցված կառուցվածքներ (մոնտաժներ).

դ) պաշտամունքային նշանակություն ունեցող գեղարվեստորեն ձևավորված առարկաներ, այդ թվում նաև սրբապատկերներ (իկոնաներ).

ե) փորագրություններ, փորագրանկարի արտատպություններ, վիմատպություններ և դրանց յուրատեսակ այլ դրոշմվածքաձևեր.

զ) կիրառական արվեստի գործեր, այդ թվում ապակուց, կավից, փայտից, երկաթից, ոսկրից, գործվածքեղենից և այլ նյութերից պատրաստված գեղարվեստական իրեր.

է) ավանդական ժողովրդական արհեստների ստեղծագործություններ.

ճարտարապետական և կոթողային արվեստի հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

պատմական և գեղարվեստական, այդ թվում նաև գրական հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

ձեռագիր և տպագիր գրական, պատմագիտական, պաշտամունքային արժեք ներկայացնող հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

առանձին կամ հավաքածու հնագույն գրքեր, փաստաթղթեր կամ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող հրատարակություններ (պատմական, գեղարվեստական, գիտական և այլն).

հազվագյուտ ձեռագրեր և փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ, այդ թվում` ձայնագրական, տեսագրական, լուսանկարչական և կինո արխիվներ.

հազվագյուտ և յուրատեսակ երաժշտական գործիքներ.

առանձին կամ հավաքածու փոստային նամականիշեր, այլ նամականիշային նյութեր.

հնագույն առարկաներ` գործիքներ, կավագործական իրեր, մակագրություններ, դրամներ, շքանշաններ, մեդալներ, կնիքներ, թանկարժեք իրեր, զենք, ինչպես նաև հավաքածուի համար այլ առարկաներ.

բուսական, կենդանական և երկրաբանական հազվագյուտ հավաքածուներ և նմուշներ, հանքաբանության, անատոմիայի և հնէաբանության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ.

կահույք, գոբելեններ, գորգեր, կարպետներ, տարազներ.

ազգագրական, մարդաբանական նյութեր և բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ, հնատիպ և եզակի հրատարակություններ.

այլ առարկաներ, այդ թվում` պատմական, գեղարվեստական, գիտական կամ այլ մշակութային նշանակություն ունեցող պատճեններ, որոնք որպես պատմության և մշակույթի հուշարձաններ վերցված են պետական պահպանության:

 

i
ՀՈԴՎԱԾ 7. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ

 

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու ժամանակակից հուշանվերային արտադրանքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է արտահանել`

ա) պատմական, գեղարվեստական, գիտական կամ այլ մշակութային նշանակության առարկաներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասվում են Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առավել կարևոր արժեքների շարքը` անկախ դրանց ստեղծման ժամանակից,

բ) պետության կողմից պահպանվող առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված են մշակութային արժեքների պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում` անկախ դրանց ստեղծման ժամանակից,

գ) կենտրոնական և տեղական թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական պահոցներում, իսկ անհրաժեշտության դեպքում իրավասու պետական մարմինների որոշմամբ` նաև այլ թանգարաններում, արխիվներում, գրադարաններում մշտապես պահպանվող մշակութային արժեքները,

դ) ավելի քան 100 տարի առաջ ստեղծված մշակութային արժեքներ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

i
ՀՈԴՎԱԾ 9. ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքից ապօրինի արտահանված կամ նրա տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒՆ ՆՊԱՍՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մեծ ներդրում են ունեցել մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու գործում, պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարգևներով:

Հայաստանի Հանրապետության մշակութային արժեք նվիրած կամ վերադարձրած անձանց ցանկությամբ տվյալ արժեքը գրանցվում է նվիրատուի կամ վերադարձնողի անունով:

 

ԲԱԺԻՆ 2
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 11. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը, Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը` Մատենադարանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի և հնագիտության ու ազգագրության ինստիտուտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրենց իրավասության սահմաններում հսկողություն են իրականացնում մշակութային արժեքների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում ստեղծվում է հատուկ լիազորված մարմին` մշակութային արժեքների պահպանության վարչություն:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է սույն օրենքի 11 հոդվածում նշված պետական մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ:

Մշակութային արժեքների պահպանության վարչության պետին նշանակում և վարչության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման հարցերով ստեղծվում է ներկայացուցչական մարմին` մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդ:

Պետական խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության, Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի, թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները: Պետական խորհրդի կազմում ընդգրկվում են ևս վեց անդամներ` Հայաստանի Հանրապետության մշակույթի ճանաչված գործիչներից:

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական խորհրդի անդամների կազմից:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը`

ա) մշակում է մշակութային ժառանգության պահպանությունն ապահովող, ինչպես ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ներմուծումը, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող օրենքների և այլ նորմատիվ ակտերի նախագծեր.

բ) կազմում է մշակութային արժեքների ցանկը, որոնց վրա տարածվում է սույն օրենքի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ազգային պահպանական ցուցակների հիման վրա ստեղծում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թե պետական, թե՛ կոլեկտիվ և թե՛ անձնական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների «տվյալների շտեմարանը».

դ) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու այլ պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքները և կազմում է այդ արժեքների հաշվառման մատյան.

ե) որոշում է ընդունում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վերաբերյալ.

զ) գրանցում է արտահանվող, ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքները.

է) ապահովում է արտահանման կամ ժամանակավոր արտահանման ներկայացված, ինչպես նաև ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների փորձաքննությունը.

ը) տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր.

i

թ) մշակութային արժեքների արտահանման, ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձում է տուրք.

ժ) հսկողություն է իրականացնում մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հետ կապված արտաքին տնտեսական գործունեության նկատմամբ.

ժա) Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս կազմակերպում է հասարակական լայն տեղեկատվություն մշակութային արժեքների անհետացման, կորստյան, հափշտակության փաստերի մասին.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով միջոցներ է ձեռնարկում վերականգնելու մշակութային արժեքների սեփականատերերի իրավունքները մշակութային արժեքների ապօրինի արտահանման, ներմուծման և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցման դեպքերում.

ժգ) նպաստում է գիտական և տեխնիկական հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ և այլն) ստեղծմանը և զարգացմանը` ի շահ մշակութային արժեքների պահպանման և դրանց հանրայնացման:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդը`

ա) քննարկում և լուծում է սույն օրենքի կիրարկման ժամանակ ծագած վիճելի հարցերը` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետներ.

բ) որոշում է ընդունում սույն օրենքի 37 հոդվածով նախատեսված միջնորդության վերաբերյալ.

գ) իշխանության իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ մշակութային արժեքների պահպանությանն առնչվող օրենսդրական կամ գործնական միջոցառումների, այդ թվում` մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումն ու այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող պատժամիջոցների վերաբերյալ.

դ) հսկողություն է իրականացնում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար ներկայացված, ինչպես նաև ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների փորձաքննությունը իրականացնում է մշակութային արժեքների պահպանության վարչությունը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կողմից լիազորված մասնագետներից կազմված պետական փորձագիտական հանձնաժողովի միջոցով:

 

ԲԱԺԻՆ 3
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 17. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

i

Մշակութային այն արժեքները, որոնց վրա չեն տարածվում սույն օրենքի 8 հոդվածի դրույթները, կարող են արտահանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտահանման համար հայտարարագրված մշակութային արժեքները ենթակա են պարտադիր փորձաքննության:

Արտահանման համար հայտարարագրված մշակութային արժեքները փորձաքննության չներկայացնելը համարվում է այդ առարկաների արտահանումից հայտարարատուի հրաժարում:

Այն դեպքում, երբ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշվում է արտահանման համար հայտարարագրված առարկան մտցնել պետական պահպանական ցուցակներ կամ գրանցման մատյաններ, փորձաքննությանը վերաբերող նյութերը հանձնվում են համապատասխան պետական մարմիններին:

Առարկայի փորձաքննության եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում հայտարարատուն կարող է գանգատ ներկայացնել մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդ, որն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է նոր փորձաքննություն:

Պետական խորհրդի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով` միայն գանգատների քննարկման կարգի խախտման առնչությամբ:

Փորձաքննության անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐԸ

 

i

Մշակութային արժեքների արտահանման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում մշակութային արժեքների պահպանության վարչությունը տալիս է մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր:

Մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիրը հիմք է տալիս նշված արժեքները Հայաստանի Հանրապետության մաքսային և պետական սահմաններով օրենքով սահմանված կարգով տեղափոխելու համար:

Առանց նշված վկայագրի մշակութային արժեքների արտահանումը արգելվում է` բացառությամբ 7 հոդվածում սահմանված արժեքների:

Մշակութային արժեքների արտահանումը արգելելու դեպքում այդ մասին սահմանված կարգով տեղեկացվում է հասարակայնությանը, մասնավորապես այն անձանց, ովքեր կարող են արտահանել կամ ներմուծել մշակութային արժեքներ:

Մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

Մշակութային արժեքների արտահանումը փոստով կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

Ներմուծվող մշակութային արժեքները ենթակա են մաքսային հսկողության և հատուկ գրանցման` մշակութային արժեքների պահպանության վարչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից համատեղ հաստատված կարգի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցման կապակցությամբ որոնման մեջ գտնվող մշակութային արժեքների ներմուծումն արգելվում է: Այդպիսի արժեքները ենթակա են առգրավման` հետագայում օրինական տերերին վերադարձնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ

 

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԵՆՔԵՐ

 

Պատմական, գեղարվեստական, գիտական և այլ մշակութային արժեք ներկայացնող տարբեր տեսակի զենքերի արտահանումն ու ներմուծումը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման` սույն օրենքով սահմանված կարգը տարածվում է նաև դիվանագիտական արտոնություն ու անձեռնմխելիություն ունեցող անձանց վրա:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքով մշակութային արժեքների տարանցիկ փոխադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացվում է փաստաթուղթ այն մասին, որ մշակութային արժեքները ներմուծվում են միմիայն տարանցիկ փոխադրման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 4
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 27. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրագործվում է թանգարանների, արխիվների, գրադարանների, այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից`

ա) ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով,

բ) վերականգնման աշխատանքներ և գիտական հետազոտություններ կատարելու նպատակով,

գ) թատերական, համերգային և այլ գեղարվեստական գործունեության նպատակով,

դ) այլ նպատակներով:

Ժամանակավոր արտահանման հայտարարագիրը քննարկման ենթակա է միայն այն դեպքում, երբ հայտարարագրված մշակութային արժեքների վրա չի տարածվում սույն օրենքի 8 հոդվածի «ա» կետի գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումն ընդունում են սույն օրենքով նախատեսված պետական մարմինները: Այդ դեպքում թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, մշակութային արժեքների պետական այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի, թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կամ գործադիր իշխանության համապատասխան մարմնի համաձայնությամբ, որի ենթակայության տակ է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար միջնորդած ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտարարագիրը մշակութային արժեքների պահպանության վարչությանն է ներկայացնում տվյալ արժեքի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը: Ընդունված որոշման մասին հայտարարատուն տեղյակ է պահվում հայտարարագիրը պաշտոնապես ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում:

Մշակութային արժեքների պահպանության վարչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում հայտարարատուն կարող է գանգատ ներկայացնել մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդ: Ընդունված որոշման մասին հայտարարատուին տեղյակ է պահվում գանգատը պաշտոնապես ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում: Այն կարող է գանգատարկվել դատական կարգով միայն գանգատների քննարկման կարգի խախտման առնչությամբ:

Թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, այլ պետական պահոցներում մշտապես պահվող ժամանակավորապես արտահանված մշակութային արժեքները չեն կարող օգտագործվել որպես պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐԸ

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում մշակութային արժեքների պահպանության վարչությունը տալիս է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը հիմք է տալիս նշված արժեքները Հայաստանի Հանրապետության մաքսային և պետական սահմաններով օրենքով սահմանված կարգով տեղափոխելու համար:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը առանց նշված վկայագրի արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

Թանգարաններից, արխիվներից, գրադարաններից, մշակութային արժեքների այլ պետական պահոցներից մշակութային արժեքները ժամանակավորապես արտահանելիս մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար ներկայացվող հայտարարագրին կցվում են`

ա) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը.

բ) ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների առևտրային ապահովագրումը հաստատող փաստաթուղթ, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթ.

գ) ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված ընդունող կողմի և ընդունող պետության իրավասու մարմինների կողմից տրված երաշխիքներ:

Այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց, իշխանության և կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար ներկայացվող հայտարարագրին կցվում են`

ա) ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պահպանական ցուցակներ կամ գրանցման մատյաններ մտցնելու մասին տեղեկանք.

բ) մշակութային արժեքների պահպանումն իրականացնող պետական մարմինների իրազեկության վերաբերյալ փաստաթուղթ.

գ) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը.

դ) ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման վերաբերյալ փաստաթղթով հաստատված ընդունող կողմի և ընդունող պետության իրավասու մարմինների կողմից տրված երաշխիքներ:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում թույլատրվում է, եթե մշակութային արժեքների պահպանության վարչության և միջնորդող կողմի միջև կնքված է պայմանագիր ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների ետբերման վերաբերյալ:

Պայմանագրում նշված մշակութային արժեքների ետբերման պահանջի կատարումը ապահովելու նպատակով ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների փոխարեն գրավառուի մոտ թողնվում է գրավի առարկա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման միջնորդությունը կարող է մերժվել, եթե`

ա) ժամանակավոր արտահանումն իրականացնող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը չեն ներկայացնում մշակութային արժեքների ետբերման երաշխիքներ` սույն օրենքով նախատեսված կարգով.

բ) ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանվածության աստիճանը թույլ չի տալիս փոփոխել նրանց պահպանման պայմանները.

գ) որոշված չէ ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների սեփականատերը կամ մշակութային արժեքների սեփականության հարցը վիճահարույց է.

դ) այն պետությունում, ուր նախատեսվում է ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները, տեղի է ունեցել բնական աղետ, առկա են զինված ընդհարումներ կամ մշակութային արժեքների պահպանության ապահովմանը խոչընդոտող իրավիճակներ.

ե) Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ այն պետության հետ, ուր նախատեսվում է ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալուց հետո մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին պայմանագրի պայմանները մշակութային արժեքներն ընդունողի կողմից ենթակա չեն փոփոխության:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալուց հետո այդ արժեքները չեն կարող դառնալ գրավի առարկա ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 33. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ժամանակավորապես արտահանված մշակութային արժեքները ետ բերելուց հետո ենթակա են պարտադիր փորձաքննության` սույն օրենքի 18 հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 34. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները իրագործում են Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես արտահանված մշակութային արժեքների դիվանագիտական պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 35. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
i

§ 66.
Ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքները ենթակա են մաքսային հսկողության և հատուկ գրանցման` համաձայն մշակութային արժեքների պահպանության վարչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից համատեղ հաստատված կարգի: Օտարերկրյա պետությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող մշակութային արժեքները, որոնք մշակութային համագործակցության նպատակով ժամանակավոր ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն, վերցվում են Հայաստանի Հանրապետության պահպանության ներքո: Դրանց վրա տարածվում է մշակութային ժառանգության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների գործողությունը: Նշված արժեքների պահպանման նպատակով պետական երաշխիքները տրվում են յուրաքանչյուր առանձին դեպքի համար` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած որոշումներին համապատասխան` փոխադարձության սկզբունքի պահպանման պայմանով: Հայաստանի Հանրապետության ժամանակավորապես ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիք տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԲԱԺԻՆ 5
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 36. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Մշակութային արժեքների արտահանումը կարող է իրագործվել այդ արժեքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձանց կողմից:

Մշակութային արժեքներ արտահանելու համար պահանջվում է այդ առարկաների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ:

Մշակութային արժեքների սեփականատերերին արգելվում է նշված արժեքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների փոխանցումը, ինչպես նաև մշակութային արժեքների վաճառքը, եթե այդ գործողությունները կարող են հանգեցնել մշակութային արժեքների ապօրինի արտահանմանը կամ ներմուծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունից այլ պետություններ մշտական բնակության մեկնող քաղաքացիների մշակութային արժեք ներկայացնող ընտանեկան մասունքների կամ հիշատակի առարկաների վրա չեն տարածվում սույն օրենքի 8 հոդվածի «ա», «բ», «գ», կետերով նախատեսված սահմանափակումները, մշակութային արժեքների պահպանության վարչությունը միջնորդում է մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդին` կայացնելու այդ արժեքների արտահանման վերաբերյալ որոշում:

 

ՀՈԴՎԱԾ 38. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

Պետական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մշակութային արժեքների պահպանության վարչությունը կարող է որոշում կայացնել պետական թանգարանների, արխիվների և գրադարանների ֆոնդերի համար արտահանման ներկայացված մշակութային արժեքները գնելու անհրաժեշտության մասին: Մշակութային արժեքների պահպանության վարչությունը իրավունք ունի գնելու իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ժամանակավորապես արտասահման մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց կողմից արտահանման ներկայացված մշակութային արժեքները` արտահանման իրավունք ստանալու ժամանակ սեփականատիրոջ կողմից սահմանված գնով: Այդ դեպքում գնման ժամկետը կարող է սահմանվել մինչև մեկ տարի: Սահմանված ժամկետը լրանալուց հետո, եթե պետությունը այն ձեռք չի բերում, տրվում է այդ մշակութային արժեքների արտահանման իրավունք:

Այն դեպքում, երբ մշակութային արժեք արտահանողը դրա հեղինակն է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը մշտական բնակության է մեկնում արտասահման, պետական թանգարանների, արխիվների, գրադարանների ֆոնդերի համար այդ արժեքների ձեռքբերման հարցը լուծվում է մշակութային արժեքի արտահանման իրավունքի վկայագիր տալու հետ միաժամանակ:

Մշակութային արժեքների ձեռքբերման պետության առաջնայնության իրավունքի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 39. ԱՌԳՐԱՎՎԱԾ ԿԱՄ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային, ներքին գործերի, ազգային անվտանգության, այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված մշակութային արժեքները փոխանցվում են մշակութային արժեքների պահպանության վարչությանը:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը իրականացնում է նշված մշակութային արժեքների պահպանությունը, փորձաքննությունը և հրապարակումը` դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ճշտման նպատակով:

Դատական կարգով այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատելուց հետո մշակութային արժեքների պահպանության վարչությունը դրանք հանձնում է սեփականատիրոջը կամ նրա օրինական ներկայացուցչին: Նշված մշակութային արժեքների պահպանման և փորձաքննության համար ծախսված միջոցները հատուցում է սեփականատերը, եթե դատարանի վճռով այլ բան չի նախատեսվում:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության քննարկմանն է ներկայացնում բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններին, արխիվներին և գրադարաններին մշտական պահպանության տալու կամ համապատասխան այլ հաստատությունների հանձնելու հարցը:

Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին, մշակութային արժեքների այլ պետական պահոցներին մշտական պահպանման չտրված կամ հաստատություններին չհանձնված մշակութային արժեքները ենթակա են իրացման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների բաշխման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Այլ պետություն ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող հեղինակը իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով արտահանելու իր ստեղծած մշակութային արժեքները:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, որոնք արտահանում են որևէ հեղինակի ստեղծած մշակութային արժեքներ նրա կենդանության օրոք կամ նրա մահվան օրվանից հաշված հիսուն տարվա ընթացքում, պարտավոր են ներկայացնել նշված մշակութային արժեքների ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը պարտավոր է հեղինակին կամ նրա ժառանգորդներին տեղեկացնել այլ անձանց կողմից այդ արժեքները օրինականորեն արտահանելու փաստի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 41. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Այլ պետություններից ապօրինի արտահանված, հափշտակված կամ ապօրինի այլ միջոցներով ստացված մշակութային արժեքների ձեռքբերումը կանխարգելելու նպատակով թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մշակութային արժեքների պատկանելության մասին տեղեկություններ ստանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 42. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՑ ԵՏ ՊԱՀԱՆՋԵԼԸ

 

Մշակութային արժեքները, անկախ դրանց նկատմամբ սեփականության ձևից, Հայաստանի Հանրապետության տարածքից ապօրինի դուրս բերելու դեպքերում մշակութային արժեքների պահպանության վարչությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նշված մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից ետ պահանջելու:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը աջակցում է օրինական տերերին, երբ նրանք այլ պետությունների դատարաններին, դրանց ներքին օրենսդրության դրույթներին համապատասխան, ներկայացնում են մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից ետ պահանջելու հայց, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդ մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու: Այդ կերպ վերադարձված մշակութային արժեքները ազատվում են մաքսային և այլ գանձումներից:

 

ՀՈԴՎԱԾ 43. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետություն այլ պետություններից ապօրինի ներմուծված, ինչպես նաև հափշտակված կամ կորսված մշակութային արժեքները ենթակա են վերադարձման օրինական սեփականատիրոջը` հատուցելով բարեխիղճ ձեռք բերողի ծախսերը, եթե դրանց վերադարձման պահանջը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հետ նույն միջազգային համաձայնագրին միացած պետության կողմից, և, եթե այդ համաձայնագրում նախատեսվում է հատուցման վճար կամ, եթե այդպիսի վճար նախատեսվում է փոխադարձության պայմանով:

Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան, վերադարձված մշակութային արժեքները ազատվում են մաքսային և այլ գանձումներից: Վերադարձման հետ կապված բոլոր ծախսերը կատարում է պահանջող կողմը:

Մշակութային արժեքի սեփականատեր չհանդիսացող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը, ֆիզիկական անձը, որոնք բարեխղճորեն ձեռք են բերել այն և բարեխղճորեն տիրապետել առնվազն քսանհինգ տարի, ստանում են այդ մշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 44. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՅՑԸ

 

Սեփականատիրոջ կողմից մշակութային արժեքների ետպահանջը ապօրինի տիրապետողից իրագործվում է դատական կարգով:

Այն դեպքում, երբ մշակութային արժեքը հափշտակվել է սեփականատիրոջից կամ դուրս է եկել նրա տիրապետումից այլ, իր կամքից անկախ ճանապարհով, նա իրավունք ունի այդ մշակութային արժեքը ետ պահանջել բարեխիղճ ձեռք բերողից առանց որևէ փոխհատուցման, եթե բարեխիղճ ձեռք բերողը հանդիսանում է պետական թանգարանը, արխիվը, գրադարանը, մշակութային արժեքների որևէ պետական պահոց, ինչպես նաև որևէ հաստատություն:

 

ՀՈԴՎԱԾ 45. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԸ

 

Սույն օրենքով կարգավորման ենթակա մշակութային արժեքների հետ կապված գործարքները կնքվում են գրավոր` պարտադիր նոտարական վավերացմամբ:

Նշված կարգը կիրառվում է նաև մշակութային արժեքների նվիրատվության դեպքում:

Հաստատված կարգի խախտմամբ կնքվող գործարքները համարվում են անվավեր:

 

ՀՈԴՎԱԾ 46. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների հետ կապված արտաքին տնտեսական գործունեությունը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված իրավունքի հիման վրա:

Մշակութային արժեքների հետ կապված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են ունենալ գրանցման մատյան, որտեղ նշվում է յուրաքանչյուր մշակութային արժեքի ծագումը, առաքողի անունը, ազգանունը, հասցեն, այդ արժեքի նկարագրությունը, նրա պատկերը, գինը և պետական համապատասխան մարմնի պահանջով տեղեկություններ ներկայացնել առաքվող մշակութային արժեքների վերաբերյալ:

 

ԲԱԺԻՆ 6
ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

 

i
ՀՈԴՎԱԾ 47. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՈՒՐՔ

 

Մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է տուրք, որի չափն ու վճարման կարգը, ինչպես նաև վճարումից ազատելը և վճարման արտոնությունները սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

/ուժը կորցրել է 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 48. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՈՒՐՔ

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է տուրք ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների գումարային գնի այն տոկոսաչափով, որը որոշվում է մշակութային արժեքների ետբերման մասին պայմանագրում` սույն օրենքով սահմանված կարգով: Տուրքի չափը, վճարման կարգը, ինչպես նաև վճարումից ազատելը և վճարման արտոնությունները սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները ազատվում են իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի ստացման համար տուրքի վճարումից:

/ուժը կորցրել է 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 49. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք տուրքի գումարը վճարում են մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալիս:

Տուրքի չափը սահմանելիս հիմք է ընդունվում մշակութային արժեքի իրական շուկայական գինը, որը նշվում է արտահանող անձի դիմումում: Եթե մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տվող պետական մարմինը որոշում է այլ գին, ապա տուրքի գումարը սահմանելիս հիմք է ընդունվում դրանցից առավել բարձրը:

Տուրքը հաշվարկվում և գանձվում է տվյալ անձի կողմից միաժամանակ արտահանվող մշակութային արժեքների գումարային գնից:

/ուժը կորցրել է 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 50. ՏՈՒՐՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

/հոդվածն ուժը կորցրել է 11.06.96 օրենք/

 

Տուրք չի գանձվում, եթե մշակութային արժեքների արտահանումը կամ ժամանակավոր արտահանումն անմիջականորեն իրագործում է դրանց հեղինակը կամ նրա լիազորությամբ` իր ընտանիքի անդամը:

Տուրք չի գանձվում նաև այն դեպքում, երբ առաջին խմբի հաշմանդամ հեղինակի ստեղծած մշակութային արժեքների արտահանում կամ ժամանակավոր արտահանում իրագործողը նրա լիազորված անձն է:

Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերում են մշակութային այնպիսի արժեքներ, որոնք մտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներ կամ գրանցման մատյաններ, օգտվում են տուրքային արտոնություններից:

 

ՀՈԴՎԱԾ 51. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Սույն օրենքի պահանջներին համապատասխան ձևակերպված մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում մաքսատուրք չի գանձվում:

Սույն օրենքին համապատասխան արտահանվող կամ ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները չեն դիտվում որպես քաղաքացիների անձնական գույք, որոնց արտահանման վրա դրվում են արժեքային և քանակային սահմանափակումներ:

 

ՀՈԴՎԱԾ 52. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ

 

Մշակութային արժեքների հետ կապված փորձաքննության, ինչպես նաև այլ տեսակի աշխատանքների կատարման համար վճարի գանձումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 53. ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՏՈՒՐՔԻՑ

 

i

Մշակութային արժեքներն ապօրինի տիրապետողից ետ պահանջելու մասին հայց ներկայացնողն ազատվում է դատարանում գանձվող պետական տուրքի վճարումից:

/ուժը կորցրել է 11.06.96 օրենք/

 

ԲԱԺԻՆ 7
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 54. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին օրենսդրության պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 55. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Կեղծ փորձագիտական եզրակացություն տված փորձագետը կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 8
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 56. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելու, ինչպես նաև ապօրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքներն իրենց սեփականատերերին վերադարձնելու նպատակով մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող և վերահսկող պետական մարմինները համագործակցում են այլ պետությունների համապատասխան մարմինների, ծառայությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ:

 

i
ՀՈԴՎԱԾ 57. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 

8 հուլիսի 1994 թվական

 

 

pin
ՀՀ 08.07.1994
N ՀՕ-112 օրենք