Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻՆ ՉՏԻՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻՆ ՉՏԻՐԱՊԵՏՈՂ ԱՆՁԱՆՑ` ԻՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵԿԴ/0059/01/14

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0059/01/14

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ռ. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ`   Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

                                                Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

                                                Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                                Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

                                                Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 

                   քարտուղարությամբ`            Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատախազ`      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

2016 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Գևորգ Համլետի Խաչատրյանի և Սամվել Աշոտի Քրմոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13200413 քրեական գործը` 2013 թվականի հունվարի 3-ին «Բրիջ» ակումբում տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Սամվել Քրմոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2013 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Ս. Քրմոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Գևորգ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2013 թվականի սեպտեմբերի 9-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին:

Վերոգրյալ որոշումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ վերացվել է, իսկ նախաքննության մարմնի` նույն օրվա որոշմամբ` կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել:

2013 թվականի նոյեմբերի 21-ին Գ. Խաչատրյանը, իսկ նոյեմբերի 22-ին` Ս.Քրմոյանը ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2014 թվականի ապրիլի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Առաջին ատյանի դատարանը Գ.Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով, դատապարտել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով և ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ` նաև Համաներման ակտ) 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ ազատել նշանակված պատժից:

Նույն դատավճռով Ս. Քրմոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով, դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով և Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ` ազատվել նշանակված պատժից:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 30-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Գևորգ Համլետի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2013 թվականի հունվարի 3-ին` ժամը 02.00-ի սահմաններում, ընկերոջ` Սամվել Քրմոյանի և ինքնությունը չպարզված երկու անձնավորությունների հետ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 41 հասցեում գործող «Բրիջ» ակումբում անհիմն վիճաբանել է ակումբի տնօրեն Լև Բուլատովի, մենեջերներ Դավիթ Սարգսյանի և Մարիամ Սահակյանի ու վերջինիս եղբայր Հայկ Սահակյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել է և հայհոյել, բռնություն գործադրել` որպես զենք օգտագործվող առարկայով` սեղանի վրայից վերցրած գարեջրի ապակյա տարայով հարվածել է Հայկ Սահակյանի գլխի շրջանում ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել է ներկաների հանգիստը, խաթարել ակումբի բնականոն աշխատանքը»:

Սամվել Աշոտի Քրմոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2013 թվականի հունվարի 3-ին` ժամը 02.00-ի սահմաններում, ընկերոջ` Գևորգ Խաչատրյանի և ինքնությունը չպարզված երկու անձնավորությունների հետ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 41 հասցեում գործող «Բրիջ» ակումբում անհիմն վիճաբանել է ակումբի տնօրեն Լև Բուլատովի, մենեջերներ Դավիթ Սարգսյանի և Մարիամ Սահակյանի ու վերջինիս եղբայր Հայկ Սահակյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել է և հայհոյել, բռնություն գործադրել` որպես զենք օգտագործվող առարկայով` սեղանի վրայից վերցրած գարեջրի ապակյա տարայով հարվածել է Հայկ Սահակյանի դեմքի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել է ներկաների հանգիստը, խաթարել ակումբի բնականոն աշխատանքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 370-378):

6. Նախաքննության ընթացքում վկա Լև Բուլատովի հարցաքննության` 2013 թվականի մարտի 1-ի արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն գրավոր և բանավոր լեզվին, սակայն խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից արձանագրված է համակարգչով:

(...) Ցուցմունքը իմ խնդրանքով արձանագրեց քննիչը, գրված է իմ պատմածով, կարդացի, ճիշտ է, որի համար ստորագրում եմ, Բուլատով [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 62-64):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի ապրիլի 13-ի արձանագրության համաձայն` «(...) Ցուցմունքը գրված է իմ բառերից, կարդացի, ճիշտ է [ստորագրություն] Բուլատով [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 89):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի հունիսի 4-ի [արձանագրության համաձայն]` «(...) Տիրապետում եմ հայերեն բանավոր լեզվին, ինչպես նաև տառաճանաչ եմ, սակայն դանդաղ գրելու պատճառով խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից [արձանագրված է համակարգչով]:

(...) Ցուցմունքս գրված է իմ պատմածով, կարդացի, ճիշտ է, Բուլատով [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 167):

Լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու` 2013 թվականի հուլիսի 1-ի արձանագրության համաձայն` «Լև Բուլատովը (...) հայտարարեց` [արձանագրված է համակարգչով] ճանաչեցի թիվ 3-ի տակ կպցրած լուսանկարը, դա Սամվելն է, ով ընկերոջ` Գևորգի հետ մեզ հետ կռիվ արեցին և շշերով խփեցին Հայկի գլխին ու դեմքին (...) Բուլատով [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 224):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի հուլիսի 1-ի արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն բանավոր լեզվին, ինչպես նաև տառաճանաչ եմ, սակայն դանդաղ գրելու պատճառով խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից [արձանագրված է համակարգչով]:

(...) Ցուցմունքս կարդացի, ճիշտ է, Բուլատով [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 226):

Լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու` 2013 թվականի նոյեմբերի 11-ի արձանագրության համաձայն` «Լև Բուլատովը (...) հայտարարեց` [արձանագրված է համակարգչով] ճանաչեցի թիվ 3-ի տակ փակցրած լուսանկարի անձին, դա Գևորգն է, ով հարվածել է Հայկին, նրան ճանաչեցի դեմքից, հայացքից (...) [ստորագրություն] Բուլատով [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 41):

Նույն օրվա` Լև Բուլատովի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) Ցուցմունքս գրված է իմ բառերից, կարդացի, ճիշտ է [ստորագրություն] Բուլատով [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 43):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի նոյեմբերի 13-ի արձանագրության համաձայն` «(...) Ցուցմունքը գրված է իմ բառերից, կարդացի, ճիշտ է [ստորագրություն] Բուլատով [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 50):

6.1. Տուժող Լև Բուլատովի հարցաքննության` 2013 թվականի դեկտեմբերի 10-ի արձանագրության համաձայն` «(...) Ազատորեն տիրապետում եմ գրավոր և բանավոր հայերեն լեզվին, սակայն խնդրում եմ` ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից [արձանագրված է համակարգչով]:

(...) Ցուցմունքս գրված է իմ պատմածով, քննիչի կողմից, կարդացի, ճիշտ է [ստորագրություն] Լ. Բուլատով [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 121-123):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2014 թվականի հունվարի 22-ի արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն լեզվին, կարողանում եմ կարդալ, սակայն գրելուց դժվարանում եմ, թարգմանչի կարիք չունեմ և խնդրում եմ ցուցմունքս համակարգչի միջոցով արձանագրի քննիչը [արձանագրված է համակարգչով]:

(...) Ցուցմունքս իմ խնդրանքով համակարգչի միջոցով, իմ պատմածով արձանագրեց քննիչը, կարդացի անձամբ, տպագրված է ճիշտ, իմ պատմածով, կարդացի, ճիշտ է արձանագրված է համակարգչով, [ստորագրություն] Բուլատով [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 205-208):

Նույն անձի և մեղադրյալ Գ. Խաչատրյանի առերեսման` 2014 թվականի հունվարի 24-ի արձանագրության համաձայն` «(...) Առերես ցուցմունքը իմ խնդրանքով արձանագրվեց քննիչի կողմից, տրված պատասխանները ճիշտ են, որի համար ստորագրում եմ, [ստորագրություն] Բուլատով [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 212-216):

6.2. Նախաքննության ընթացքում վկա Մարիամ Սահակյանի հարցաքննության` 2013 թվականի ապրիլի 9-ի արձանագրության համաձայն` «(...) Ցուցմունքը գրված է իմ պատմածով, կարդացի, ճիշտ է, Սահակյան [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 82-83):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի հունիսի 4-ի արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն բանավոր լեզվին, ինչպես նաև տառաճանաչ եմ, սակայն դանդաղ գրելու պատճառով խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից [արձանագրված է համակարգչով]:

(...) Ցուցմունքս գրված է իմ պատմածով, կարդացի, ճիշտ է, Սահակյան [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 166):

Նույն անձի և վկա Լև Բուլատովի առերեսման` 2013 թվականի հունիսի 4-ի արձանագրության համաձայն` «(...) Առերես ցուցմունքս գրված է իմ խոսքերից, ճիշտ է, Սահակյան [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 170):

Նույն անձի և վկա Անուշ Շեկոյանի առերեսման` 2013 թվականի հունիսի 28-ի արձանագրության համաձայն` «(...) Առերես ցուցմունքս կարդացի, ճիշտ է, [ստորագրություն] Սահակյան Մարիամ [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 211):

Նույն օրվա` լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրության համաձայն` «Մարիամ Սահակյանը (...) հայտարարեց` [արձանագրված է համակարգչով] ճանաչեցի թիվ 3-ի տակ կպցրած նկարը, դա Սամվելն է, ով գարեջրի շշով խփել է Հայկին: Ճանաչեցի դեմքից, աչքերից, մազերի ձևից (...) [ստորագրություն] Սահակյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 212):

Նույն օրվա` Մարիամ Սահակյանի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն բանավոր լեզվին, ինչպես նաև տառաճանաչ եմ, սակայն դանդաղ գրելու պատճառով խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից:

(...) Լրացուցիչ ցուցմունքը գրված է իմ պատմածով, կարդացի, ճիշտ է [արձանագրված է համակարգչով], [ստորագրություն] Սահակյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 214):

Լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու` 2013 թվականի նոյեմբերի 11-ի արձանագրության համաձայն` «Մարիամ Սահակյանը (...) հայտարարեց` [արձանագրված է համակարգչով] ճանաչեցի թիվ 1-ի տակ փակցրած լուսանկարի անձին, դա Գևորգն է, ով շշով հարվածել է Հայկին, նրան ճանաչեցի դեմքից, հայացքից (...) [ստորագրություն] Սահակյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 39):

6.3. Վկա Դավիթ Սարգսյանի հարցաքննության` 2013 թվականի մարտի 11-ի արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն գրավոր և բանավոր լեզվին, սակայն խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից [արձանագրված է համակարգչով]:

(...) Ցուցմունքը արձանագրվեց քննիչի կողմից իմ պատմածով, կարդացի, ճիշտ է [ստորագրություն] Սարգսյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 67-68):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի մարտի 21-ի արձանագրության համաձայն` «(...) Ցուցմունքը արձանագրվեց իմ պատմածով, կարդացի, ճիշտ է [ստորագրություն] Սարգսյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 73-74):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի ապրիլի 13-ի արձանագրության համաձայն` «(...) Ցուցմունքը գրված է իմ բառերից, կարդացի, ճիշտ է [ստորագրություն] Սարգսյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 90):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի հունիսի 4-ի արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն բանավոր լեզվին, ինչպես նաև տառաճանաչ եմ, սակայն դանդաղ գրելու պատճառով խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից [արձանագրված է համակարգչով]:

(...) Ցուցմունքս գրված է իմ պատմածով, կարդացի, ճիշտ է, Սարգսյան [ստորագրություն] [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 171):

Նույն անձի լրացուցիչ հարցաքննության` 2013 թվականի հունիսի 28-ի արձանագրության համաձայն` «(...) Տիրապետում եմ հայերեն բանավոր լեզվին, ինչպես նաև տառաճանաչ եմ, սակայն դանդաղ գրելու պատճառով խնդրում եմ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից:

(...) Լրացուցիչ ցուցմունքը գրված է իմ պատմածով, կարդացի, ճիշտ է [արձանագրված է համակարգչով], [ստորագրություն] Սարգսյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 217):

Նույն օրվա` լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրության համաձայն` «Դավիթ Սարգսյանը (...) հայտարարեց` [արձանագրված է համակարգչով] ճանաչեցի թիվ 1-ի տակ կպցրած նկարը, դա Սամվելն է, ով գարեջրի շշով խփել է Հայկին: Ճանաչեցի դեմքից, աչքերից, մազերի ձևից (...) [ստորագրություն] Սարգսյան [արձանագրված է ձեռագրով]» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 215):

6.4. Կենտրոնի հարկային տեսչության պետին ուղղված Լև Բուլատովի` 2013 թվականի փետրվարի 20-ի հայտարարության համաձայն` «(...) Հայտարարությունը գրված է իմ կողմից մեջբերումը և հայտարարության ամբողջ տեքստը շարադրված է ձեռագրով` հայերեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 203):

6.5. Քննիչ Հ.Մուշեղյանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 10-ին կայացվել են որոշումներ` սույն քրեական գործը վարույթ ընդունելու, Հայկ Սահակյանին և Լև Բուլատովին տուժող ճանաչելու վերաբերյալ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 111, 112 և 119):

6.6. Տուժող Հայկ Սահակյանի հարցաքննության արձանագրության համաձայն` «10.10.2013 թ. (...) քննիչ (...) Հ. Մուշեղյանս (...) որպես տուժող հարցաքննեցի (...) Հայկ Ռուբենի Սահակյանին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 114-116):

Տուժող Լև Բուլատովի հարցաքննության արձանագրության համաձայն` «10.10.2013 թ. (...) քննիչ (...) Հ. Մուշեղյանս (...) որպես տուժող հարցաքննեցի (...) Լև Ռոբերտի Բուլատովին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 121-123):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(...) Դատաքննության ընթացքում պաշտպանների կողմից ներկայացվել են հետևյալ փաստաթղթերը, համաձայն որոնց` Դավիթ Հայկի Սարգսյանը և Մարիամ Ռուբենի Սահակյանը հանդիսացել են Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության «Ռուսաստանի Տուրիզմի և Սերվիսի Պետական Համալսարանի» Երևանի մասնաճյուղի ուսանողներ, և Երևանի մասնաճյուղի ուսուցման լեզուն ռուսերենն է եղել: Մ. Սահակյանն ընդունվել է իրենց հանրակրթական հաստատություն` միջին /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի հիման վրա, որը տրվել է Ռուսաստանի Դաշնությունում, Լև Ռոբերտի Բուլատովը 2007 թվականից մինչև 2011 թվականը սովորել է Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության «Ռուսաստանի Տուրիզմի և Սերվիսի Պետական Համալսարանի» Երևանի մասնաճյուղում` նախապատրաստական ուղեգրով 080100 «Տնտեսագիտություն», և ընդունվել է հանրակրթական հաստատություն` լրիվ ընդհանուր կրթության ատեստատի հիման վրա, որը տրվել է Վրաստանում: Ինչպես նաև դատաքննության ընթացքում տուժող Հայկ Սահակյանը հայտնել է, որ չի տիրապետում հայերեն լեզվին գրավոր և բանավոր և խնդրեց դատարանից հրավիրել թարգմանիչ: Նրանց ցուցմունքների վերջում իրենց կողմից գրված մեկ նախադասությունից պարզ երևում է, որ արտատպված է: Հաշվի առնելով, որ տուժողներ Լև Բուլատովը, Հայկ Սահակյանը, վկաներ Դավիթ Սարգսյանը և Մարիամ Սահակյանը հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, կրթություն են ստացել ռուսերեն լեզվով, հայերեն լեզվին բանավոր և գրավոր չեն տիրապետում դատարանը գտնում է, որ նախաքննության ընթացքում նրանց կողմից տրված ցուցմունքները, լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, առերես հարցաքննության մասին արձանագրությունները պետք է ճանաչել անթույլատրելի, քանի որ այդ բոլոր գործողությունների ընթացքում չի մասնակցել թարգմանիչ:

(...)

Դատարանը անդրադառնում է նաև սույն քրեական գործում առկա տուժողներ Լև Բուլատովի 10.10.2013 թվականի /հատոր 2-րդ, գ.թ. 121-123/ և Հայկ Սահակյանի 10.10.2013 թվականի /հատոր 2-րդ գ.թ. 114-116/ ցուցմունքներին, ապա դրանք նույնպես չեն կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի որ ձեռք են բերվել տվյալ քրեական գործով քննչական գործողություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից: Մասնավորապես այն ձեռք է բերվել քննիչ Հ.Մուշեղյանի կողմից, որը տվյալ ժամանակ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմին, նշված օրվա դրությամբ վարույթն իրականացրել է քննիչ Է.Պետրոսյանը, իսկ Հ. Մուշեղյանը քրեական գործը վարույթ է ընդունել միայն 10.12.2013 թվականին, այսինքն` նշված հարցաքննության արձանագրությունների կազմվելուց երկու ամիս անց: Միևնույն ժամանակ դատարանը արձանագրում է, որ նշված հարցաքննություններին կրկին չկա թարգմանչի մասնակցություն:

(...)

Դատարանը արձանագրում է, որ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության թիվ 812 եզրակացության, համաձայն որի` Հայկ Սահակյանի մարմնական վնասվածքները` գլխի, աջ ճակատագագաթային շրջանի սալջարդի ձևով, չէր կարող առաջանալ մերկ բռունցքով, վերջինի առաջացումը հնարավոր է գարեջրի ապակյա տարայի ներգործության /հարվածի/ հետևանքով: Հայկ Սահակյանի մարմնական վնասվածքները` ձախ այտաակնակապճային շրջանների սալջարդ վերքերի, ենթամաշկային և ենթաշաղկապենինային արյունազեղումների, արյունահավաքի, ձախ աչքի սկլերայի թափանցող, անոթաթաղանթի արտանկումով` վերքի ձևով, հասցվել են սահմանափակ, արտացցված մակերեսներ կամ եզրեր ունեցող բութ, կոշտ առարկաներով, քիչ հավանական է` մերկ բռունցքով, չի բացառվում` գարեջրի ապակյա /հավանական է` կոտրված/ տարայով, սակայն դատաքննությամբ որևէ կերպ չապացուցվեց, որ տուժող Հայկ Սահակյանին շշով հարվածել են դեպքի օրը անգամ իր ցուցմունքով տուժողն նշեց, որ զբաղվում է սպորտով, և իր վնասվածքների մեծ մասն առաջացել է այդ ժամանակ:

Ամբաստանյալներ Գևորգ Խաչատրյանին և Սամվել Քրմոյանին առաջադրված մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, չհիմնավորվեց նաև դատարանում հետազոտված ապացույցներով. (...)

Միաժամանակ (...) դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Սամվել Քրմոյանը և Գևորգ Խաչատրյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, բռնության գործադրմամբ, խմբի կազմում կատարել են խուլիգանություն.

(...)

Այսպիսով, դատարանը հիմնավորված է համարում, որ ամբաստանյալներ Գևորգ Խաչատրյանը և Սամվել Քրմոյանը կատարել են արարք, որը համապատասխան է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 173-227):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը (...), քննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության` Գևորգ Խաչատրյանի և Սամվել Քրմոյանի կողմից կատարված արարքի որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ճիշտ չէ:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն հանգամանքը, որ սույն գործով տուժողներ Լև Բուլատովը, Հայկ Սահակյանը, վկաներ Դավիթ Սարգսյանը և Մարիամ Սահակյանը հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, կրթություն են ստացել ռուսերեն լեզվով, հայերեն լեզվին բանավոր և գրավոր չեն տիրապետում, իսկ քննչական գործողությունների ընթացքում թարգմանիչ չի մասնակցել, հանդիսանում է դատավարական գործողության կատարման կարգի էական խախտում, քանի որ հանգեցրել է դատավարության մասնակիցների` օրենքով երաշխավորված իրավունքների սահմանափակման և ազդել է ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Հետևաբար, տուժողներ Լև Բուլատովի, Հայկ Սահակյանի, վկաներ Դավիթ Սարգսյանի և Մարիամ Սահակյանի ցուցմունքները, լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, առերես հարցաքննության մասին արձանագրությունները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով գտել է, որ Գևորգ Խաչատրյանը և Սամվել Քրմոյանը բռնության գործադրմամբ, խմբի կազմում կատարել են խուլիգանություն, այսինքն` վերջիններիս կողմից կատարված արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, հիմնավորված համարելով, որ ամբաստանյալներ Գևորգ Խաչատրյանը և Սամվել Քրմոյանը կատարել են արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատական ակտում նշել է, որ վերջիններս կատարել են արարք, որը համապատասխան է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 59-70):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անօրինական, անհիմն և չպատճառաբանված դատական ակտ: Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 12-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

i

10. Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկների` բողոքաբերը վերլուծել է քրեական դատավարության` լեզվի սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-72/07 և ապացույցների թույլատրելիության վերաբերյալ` թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և գտել, որ մի շարք ապացույցներ անիրավաչափորեն ճանաչվել են անթույլատրելի` դատավարության որոշ մասնակիցների կողմից հայերենին չտիրապետելու պատճառաբանությամբ: Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ տուժողներ Հայկ Սահակյանի, Լև Բուլատովի, վկաներ Դավիթ Սարգսյանի, Մարիամ Սահակյանի ցուցմունքները, լուսանկարով անձանց ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, առերես հարցաքննության մասին արձանագրություններն անթույլատրելի ապացույցներ ճանաչելիս դատարանների կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, որ նշված քննչական գործողությունները կատարելիս նախաքննության մարմինը դատավարության մասնակիցներին պարզաբանել է օրենքով երաշխավորված իրենց իրավունքները: ՈՒստի բողոք բերած անձը եզրահանգել է, որ քննարկվող ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են և չեն բխում գործի նյութերից:

Բողոքաբերը գտել է նաև, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի դատողություններն այն մասին, որ դատաքննությամբ չի ապացուցվել տուժող Հայկ Սահակյանին դեպքի օրը շշով հարվածելու հանգամանքը: Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարանը նման եզրահանգման է եկել ոչ թե գործում առկա ապացույցները համակցության մեջ գնահատելու արդյունքում, այլ կանխակալ մոտեցում է ցուցաբերել դրանց, և ապացույցների մի մասին (տուժող Հայկ Սահակյանի ցուցմունքներ) մյուսների նկատմամբ (փորձաքննությունների եզրակացություններ) առավել նշանակություն է տվել:

i

11. Վերոգրյալի հետ մեկտեղ` բողոք բերած անձը վկայակոչել է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0058/11/09, թիվ ԵԷԴ/0030/01/12 և թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումները և նշել, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված` ամբաստանյալներ Գ. Խաչատրյանին և Ս. Քրմոյանին մեղսագրվող արարքի հիմնավորվածության վերաբերյալ հարցին` կայացնելով չպատճառաբանված դատական ակտ: Ըստ բողոքի հեղինակի` տուժողներ Հայկ Սահակյանի, Լև Բուլատովի, վկաներ Դավիթ Սարգսյանի, Մարիամ Սահակյանի ցուցմունքները, լուսանկարով անձանց ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, առերես հարցաքննության մասին արձանագրություններն անթույլատրելի ճանաչելու պայմաններում ստորադաս դատարանը չի հստակեցրել, թե որ ապացույցների հիման վրա է հաստատված համարում ամբաստանյալների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հանգամանքը:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքի և այդ իրավունքի դատավարական լրացուցիչ երաշխիքների էական խախտման հիման վրա ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքի մեկնաբանման առնչությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի և անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ապացույցների թույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն`

1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`

(...)

2) (...) դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.

(...)

2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»:

Ապացույցների թույլատրելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Սարգսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով: Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա: (...)» (տե՛ս Արմեն Սեյրանի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշման 15-րդ կետը):

Մեկ այլ` Ա. Ավագյանի և Վ. Սահակյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին: Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.

- աղբյուրի օրինականություն` ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),

- ձեռքբերման միջոցների օրինականություն` պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,

- դատավարական ձևակերպում` ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,

- լիազորված սուբյեկտ` այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից:

i

Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով» (տե՛ս Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.1-րդ կետը):

16. ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»:

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն` «Բոլորը հավասար են օրենքի առջև»: Իսկ 29-րդ հոդվածը նախատեսում է. «Խտրականությունը, կախված (...) լեզվից (...), արգելվում է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն`

«1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները:

3. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են»:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ Սահմանադրությունը, հայերենը սահմանելով որպես պետական լեզու, երաշխավորում է օրենքի առջև բոլորի հավասարությունը և խտրականության արգելքը` կախված լեզվից:

Դրան համապատասխան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը, որն ամրագրում է քրեական դատավարության սկզբունքներից մեկը, սահմանում է, որ քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Դրա հետ մեկտեղ այն իրավունք է վերապահում յուրաքանչյուրին, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, քրեական դատավարության ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին նա տիրապետում է` որպես երաշխիք, ի թիվս այլնի, սահմանելով, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց բոլոր իրավունքները:

Դատավարության այս սկզբունքը քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց ոչ միայն պարզաբանել իրենց համար հասկանալի լեզվով հանդես գալու նրանց իրավունքը, այլև դրա իրականացումն ապահովել այնպես, որ չսահմանափակվեն և իրականում իրագործվեն ինչպես գործի քննության ցանկացած փուլում իրենց լեզվով հանդես գալու, այնպես էլ մյուս բոլոր այն իրավունքները, որոնք փոխկապակցված են այդ իրավունքի հետ և երաշխավորված են օրենքով: Քրեադատավարական օրենքի սկզբունքների փոխկապակցվածությունն արտահայտվում է նաև նրանով, որ առանց հասկանալի լեզվով հանդես գալու ազատության իրացման հնարավորության անհնար է արդարադատության այնպիսի հիմնարար սկզբունքների իրականացումը, ինչպիսիք են պաշտպանության իրավունքի ապահովումը, գործի արդարացի քննությունը, օրինականությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, մրցակցությունը (տե՛ս Նաիրա Վախթանգի Գելաշվիլու գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-72/07 որոշման 4.1-րդ կետը):

17. Վերահաստատելով և զարգացնելով Ն.Գելաշվիլու գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքը պետք է ապահովվի դատավարության բոլոր փուլերում: Հարկ է նշել նաև, որ դատավարության լեզվին չտիրապետող մասնակիցները նշված իրավունքից պետք է բարեխղճորեն օգտվեն: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության մասնակիցները պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գան, ավելի կոնկրետ` քրեական վարույթն իրականացնող մարմնին պետք է հայտնեն (բանավոր կամ գրավոր կերպով) իրենց մայրենի լեզվով կամ այն լեզվով հանդես գալու մասին, որին տիրապետում են, ինչը հնարավորություն կընձեռի ողջ ծավալով օգտվել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրենց իրավունքներից:

Միևնույն ժամանակ դատարանը, քննիչը, հետաքննության մարմինը, դատավարությանը մասնակցող անձանց պարզաբանելով նրանց իրավունքներն ու պարտականությունները և ապահովելով դրանց իրականացման հնարավորությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մաս), պարտավոր են համոզվել, որ դատավարությանը մասնակցող անձի կողմից հայերենին տիրապետելու աստիճանն ակնհայտորեն բավարար է նրա կողմից իր իրավունքները և պարտականություններն իրականացնելու համար:

Դատավարության մասնակցի կողմից իր իրավունքների և պարտականությունների իրականացման համար բավարար աստիճանի հայերենին տիրապետելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պետք է կատարվի գործի փաստերի հիման վրա: Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է հաշվի առնվեն նաև դատավարությանը մասնակցող անձի մայրենի լեզուն, նրա ծննդավայրը և բնակության վայրը, տվյալ վայրում բնակության ժամանակահատվածը, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի վայրը և բնույթը, շրջապատի հետ հաղորդակցվելու լեզուն և այլ հանգամանքներ: ՀՀ քրեական դատավարության լեզվին չտիրապետող կարող են համարվել այն անձինք, ովքեր չեն հասկանում բանավոր և (կամ) գրավոր հայերեն խոսքը կամ չեն կարողանում բանավոր և (կամ) գրավոր կերպով բավարար չափով արտահայտվել հայերենով:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ելնելով գործի արդարացի քննության, մրցակցության, կողմերի հավասարության, օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի պահանջներից, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների լրացուցիչ երաշխիքներ է նախատեսել, իսկ դրանց էական խախտումը նախատեսել է որպես ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության հիմք: Միևնույն ժամանակ քննարկվող հիմքով այս կամ այն ապացույցն անթույլատրելի ճանաչելիս վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է գործի փաստերի հիման վրա, գնահատելով դատավարությանը մասնակցող անձի մայրենի լեզվի, նրա ծննդավայրի և բնակության վայրի, տվյալ վայրում բնակության ժամանակահատվածի, քաղաքացիության, կրթության, աշխատանքի վայրի և բնույթի, շրջապատի հետ հաղորդակցվելու լեզվի և այլ հանգամանքների վերաբերյալ տվյալները, հաստատված համարել, որ տվյալ անձը բավարար չափով չի տիրապետում դատավարության լեզվին, և վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալներ Գևորգ Խաչատրյանին և Սամվել Քրմոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2013 թվականի հունվարի 3-ին` ժամը 2-ի սահմաններում, ինքնությունը չպարզված երկու անձնավորությունների հետ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 41 հասցեում գործող «Բրիջ» ակումբում անհիմն վիճաբանել են ակումբի տնօրեն Լև Բուլատովի, մենեջերներ Դավիթ Սարգսյանի և Մարիամ Սահակյանի ու վերջինիս եղբայր Հայկ Սահակյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են և հայհոյել, բռնություն գործադրել, այն է` Գ.Խաչատրյանը որպես զենք օգտագործվող առարկայով` սեղանի վրայից վերցրած գարեջրի ապակյա տարայով հարվածել է Հայկ Սահակյանի գլխի շրջանում, իսկ Ս.Քրմոյանը որպես զենք օգտագործվող առարկայով` սեղանի վրայից վերցրած գարեջրի ապակյա տարայով հարվածել է Հայկ Սահակյանի դեմքի շրջանին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իրենց այդ դիտավորյալ գործողություններով խանգարել են ներկաների հանգիստը, խաթարել ակումբի բնականոն աշխատանքը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը տուժողներ Լև Բուլատովի և Հայկ Սահակյանի, վկաներ Դավիթ Սարգսյանի և Մարիամ Սահակյանի` նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, նրանց մասնակցությամբ կատարված` լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, առերես հարցաքննությունների արձանագրությունները ճանաչել է անթույլատրելի, քանի որ նշված անձանց` ՌԴ քաղաքացիներ լինելու և ռուսերենով կրթություն ստանալու պայմաններում քննարկվող քննչական գործողություններին չի ապահովվել թարգմանչի մասնակցությունը: Ստորադաս դատարանը նշել է նաև, որ հիշյալ անձանց ցուցմունքների վերջում իրենց կողմից արված գրառումներից երևում է, որ դրանք արտատպված են:

Անդրադառնալով տուժողներ Լ. Բուլատովի և Հ. Սահակյանի` «10.10.2013 թվականին» տրված ցուցմունքներին` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նշված ապացույցը ևս անթույլատրելի է, քանի որ ձեռք է բերվել վարույթն իրականացնող մարմին չհանդիսացող քննիչի կողմից, ինչպես նաև չի ապահովվել թարգմանչի մասնակցությունը:

Անդրադառնալով տուժող Հայկ Սահակյանի մարմնական վնասվածքների առաջացման վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության թիվ 812 եզրակացության մեջ շարադրված հանգամանքներին` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ տուժողին շշով հարվածելու փաստը դատաքննությամբ չի ապացուցվել, իսկ Հ. Սահակյանն ինքը նշել է սպորտով զբաղվելու և այդ ընթացքում վնասվածքներ ստանալու մասին:

Վերոգրյալի հիման վրա Առաջին ատյանի դատարանը հիմնավորված չի համարել ամբաստանյալներ Գ. Խաչատրյանին և Ս. Քրմոյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը` գտնելով, որ ամբաստանյալների գործողությունները համապատասխանում են նույն օրենսգրքի «258-րդ հոդվածի 3-րդ մասով» նախատեսված արարքի հատկանիշներին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, գտել է, որ ստորադաս դատարանը նյութական և դատավարական օրենքի էական խախտումներ թույլ չի տվել` պահպանելով ապացույցների հավաքման, ստուգման և գնահատության վերաբերյալ քրեադատավարական օրենսդրության պահանջները: Ըստ Վերաքննիչ դատարանի` քրեական գործով ձեռք բերված ապացույցները վկայում են ամբաստանյալներ Գ. Խաչատրյանին և Ս. Քրմոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղավոր ճանաչելու հիմքերի բացակայության մասին:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Գ. Խաչատրյանի և Ս. Քրմոյանի կողմից բռնության գործադրմամբ, խմբի կազմում խուլիգանություն կատարելու հանգամանքը, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, սակայն դատավճռում արձանագրել է ամբաստանյալների կողմից կատարված արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 15-18-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ա) ստորադաս դատարանները, Լև Բուլատովի, Մարիամ Սահակյանի և Դավիթ Սարգսյանի հարցաքննությունների, առերես հարցաքննությունների, նրանց մասնակցությամբ կատարված` անձանց լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրություններն անթույլատրելի ապացույց ճանաչելով, նշված անձանց կողմից դատավարության լեզվին չտիրապետելու հանգամանքը հաստատված են համարել` հաշվի առնելով միայն նրանց կրթության և քաղաքացիության վերաբերյալ տվյալները:

բ) նախաքննության ընթացքում տուժող Լև Բուլատովի, վկաներ Մարիամ Սահակյանի և Դավիթ Սարգսյանի հարցաքննությունների և նրանց մասնակցությամբ կատարված` անձանց լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քննարկվող փաստաթղթերում առկա են նշված անձանց կողմից արված գրառումներ, որոնք հաստատում են Լ. Բուլատովի, Մ. Սահակյանի և Դ. Սարգսյանի` հայերենին բավարար չափով տիրապետելու հանգամանքը (տե՛ս սույն որոշման 6-6.3-րդ կետերը): Բացի այդ, գործի նյութերում առկա չէ որևէ փաստական տվյալ առ այն, որ տուժող Լև Բուլատովը, վկա Մարիամ Սահակյանը կամ վկա Դավիթ Սարգսյանը տևական ժամանակ ընթացող դատավարության որևէ փուլում (այդ թվում` դատաքննության ժամանակ) հայտարարել են հայերենին չտիրապետելու և այլ լեզվով հանդես գալու ցանկության մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները Լև Բուլատովի, Մարիամ Սահակյանի և Դավիթ Սարգսյանի կողմից դատավարության լեզվին չտիրապետելու փաստը հաստատելիս պատշաճ գնահատման չեն ենթարկել գործի նյութերում առկա տվյալները, չեն պարզել և գնահատման չեն ենթարկել նաև նրանց ծննդավայրի և բնակության վայրի, տվյալ վայրում բնակության ժամանակահատվածի, կրթության, աշխատանքի վայրի և բնույթի, շրջապատի հետ հաղորդակցվելու լեզվի վերաբերյալ տվյալները: Սույն գործի նյութերում անգամ առկա է Լև Բուլատովի անունից հարկային տեսչության պետին ուղղված ձեռագիր հայերենով գրված հայտարարության պատճենը (տե՛ս սույն որոշման 6.4.-րդ կետը), ինչը կարող է էական նշանակություն ունենալ պարզելու համար նշված անձի` հայերենին տիրապետելու հանգամանքը: Ստորադաս դատարաններն անտեսել են այն, որ գործի նյութերում առկա չէ որևէ փաստ, որը կպարտավորեցներ վարույթն իրականացնող մարմնին ձեռնարկելու համապատասխան գործողություններ, այդ թվում` հրավիրելու թարգմանիչ: Նման պայմաններում անհիմն են Լև Բուլատովի, Մարիամ Սահակյանի և Դավիթ Սարգսյանի հարցաքննությունների և առերես հարցաքննությունների, նրանց մասնակցությամբ կատարված` անձանց լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունները` ապացույցների ձեռքբերման կարգի էական խախտման հիմքով անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ վերոնշյալ անձանց ցուցմունքների վերջում իրենց կողմից արված գրառումներն արտատպված են, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պարագայում անհրաժեշտ են ձեռագրաբանական բնույթի հատուկ գիտելիքներ (ընդ որում, այդ գիտելիքների առկայությունը վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում` դատարանի) մոտ չի ազատում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից): ՈՒստի առանց համապատասխան փորձաքննության նշանակման` հնարավոր չէ դատողություններ անել քննարկվող հարցի կապակցությամբ:

20.1. Անդրադառնալով տուժողներ Լև Բուլատովի և Հայկ Սահակյանի կողմից «10.10.2013 թվականին» տրված ցուցմունքները` վարույթն իրականացնող մարմին չհանդիսացող քննիչի կողմից ձեռքբերված լինելու հիմքով անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. սույն քրեական գործը քննիչ Հ. Մուշեղյանի կողմից վարույթ է ընդունվել 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, ապա նույն օրվա երկու այլ որոշումներով Լև Բուլատովը և Հայկ Սահակյանը ճանաչվել են տուժողներ (տե՛ս սույն որոշման 6.5-րդ կետը): Վերջիններիս հարցաքննությունների արձանագրությունների ուսումնասիրությունից երևում է, որ դրանք վերնագրված են որպես տուժողի հարցաքննություն, և այդ արձանագրություններում նշված է «10.10.2013» ամսաթիվը (տե՛ս սույն որոշման 6.6-րդ կետը): Հարկ է նկատի ունենալ, որ Լ. Բուլատովը և Հ. Սահակյանը չէին կարող հարցաքննվել որպես տուժողներ «10.10.2013 թվականին», քանի որ այդ ժամանակ դեռևս վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ այդպիսի դատավարական կարգավիճակ չէին ստացել: Բացի այդ, գործի էջերի հերթական համարակալումից հետևում է, որ քննարկվող արձանագրությունները հաջորդում են Հ. Մուշեղյանի կողմից գործը վարույթ ընդունելու և Հայկ Սահակյանին և Լև Բուլատովին տուժող ճանաչելու վերաբերյալ որոշումներին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է գործի էջերի հերթական համարակալումը` դրանց կցման ժամանակագրական կարգով կատարելու պահանջ:

i

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողներ Լև Բուլատովը և Հայկ Սահակյանը հարցաքննվել են 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ այդ անձանց հարցաքննությունների արձանագրություններում նշված` «10.10.2013» ամսաթիվը տեխնիկական վրիպակ է, ինչը պատշաճ գնահատման չի ենթարկվել ստորադաս դատարանների կողմից: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում տուժողներ Լև Բուլատովի և Հայկ Սահակյանի «10.10.2013 թվականի» հարցաքննության արձանագրություններն անթույլատրելի ապացույց գնահատելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները, քանի որ նկարագրված խախտումն իր բնույթով էական չէ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմք չէ:

21. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ապացույցների թույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հիմք են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում անհրաժեշտ է գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում վերացնել սույն որոշմամբ արձանագրված խախտումները և դրանց արդյունքներով օրենքով սահմանված կարգով հանգել համապատասխան հետևության:

Ինչ վերաբերում է ամբաստանյալներ Գ. Խաչատրյանին և Ս. Քրմոյանին մեղսագրվող արարքների հիմնավորվածության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Գևորգ Համլետի Խաչատրյանի և Սամվել Աշոտի Քրմոյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2016
N ԵԿԴ/0059/01/14
Որոշում