Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ, 112-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ, 112-ՐԴ, 188-ՐԴ ԵՎ 258 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ՍԴ/0319/01/10

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ/0319/01/10

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

    Դատավորներ`        Մ. Պապոյան

                       Վ. Ռշտունի

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ   Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                               Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

                                               Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

                                               Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

                                               Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 

                   քարտուղարությամբ            Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատախազ      Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻ

                   պաշտպաններ                  Կ. ՍԱՐՅԱՆԻ

                                               Թ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

 

2016 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Սահակ Սամսոնի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գևորգ Հակոբի Թոսունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Վիլեն Սեյրանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է թիվ 41101412 քրեական գործը:

i

2010 թվականի օգոստոսի 30-ին Սահակ Սամսոնի Սահակյանը ձերբակալվել է Գրիգոր Պապյանի սպանության կասկածանքով: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի դեկտեմբերի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի` 2011 թվականի մարտի 4-ի դատավճռով Ս. Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հունիսի 27-ի որոշմամբ վերոնշյալ դատավճիռը բեկանվել և քրեական գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

1.1. Դատաքննությամբ նոր ի հայտ եկած հանգամանքներով Սյունիքի մարզի դատախազի տեղակալի` 2012 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Գևորգ Հակոբի Թոսունյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, և նախաքննության կատարումը հանձնարարվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնին:

2012 թվականի մարտի 7-ին որոշում է կայացվել Գ. Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին:

2012 թվականի ապրիլի 20-ին քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կասեցվել է:

2012 թվականի օգոստոսի 21-ին հետախուզվող Գ. Թոսունյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի օգոստոսի 22-ին Գ. Թոսունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

i

2012 թվականի սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքերով Ս. Սահակյանի վերաբերյալ թիվ ՍԴ/0319/01/10 քրեական գործի դատաքննությունը` ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, հետաձգվել է` Գ. Պապյանի սպանության հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար: Արդյունքում Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ձեռք բերված նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և ուղարկվել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Գ. Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2013 թվականի փետրվարի 8-ին Գ. Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2013 թվականի մայիսի 2-ին Գ. Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2.1. 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վիլեն Սեյրանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2013 թվականի փետրվարի 6-ին Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

3. 2013 թվականի հունիսի 20-ին քրեական գործը ըստ մեղադրանքի Գ. Թոսունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Վ. Գրիգորյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ջորջ Թոսունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Կարապետ Թոսունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ թիվ ՍԴ3/0068/01/13 և ՍԴ/0319/01/10 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Կարապետ Թոսունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով:

3.1. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Գ. Թոսունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական դատապարտվել է ազատազրկման` 12 (տասներկու) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ճանաչվել և հռչակվել է Գ. Թոսունյանի անմեղությունը, և նա այդ մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ս. Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարման միջոցով, վերջնական դատապարտվել է ազատազրկման` 13 (տասներեք) տարի ժամկետով:

Վ. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 10 (տասը) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել և հռչակվել է Վ.Գրիգորյանի անմեղությունը, և նա այդ մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ջորջ Թոսունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարման մեջ, և նա այդ մեղադրանքով արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Ամբաստանյալներ Գ. Թոսունյանի, Ս. Սահակյանի և Վ. Գրիգորյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով բեկանել է:

Ս. Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից գումարվել է 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով:

Գ. Թոսունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժից գումարվել է 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով:

Վ. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ս. Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ. Թոսունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Վ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ Ս. Սահակյանը և Գ. Թոսունյանը մյուսների հետ 2010 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 20:00-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտ գործող սրճարանի բացօթյա հատվածում, վրդովվելով նույն սրճարանի հաճախորդ Գ. Պապյանի անհասցե հայհոյանքներից, դրանք վերագրել են իրենց` սեփական անձը գերադասելով և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են Գ. Պապյանի հետ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, սրճարանի հաճախորդների և զբոսայգում գտնվող անձանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` տևական ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են տվել միմյանց նկատմամբ, դուրս գալով փողոցի բանուկ մաս` խոչընդոտել են երթևեկության բնականոն ընթացքը, որի ժամանակ Գ. Պապյանի նկատմամբ գործադրելով բռնություն` ձեռքերով և ոտքերով, իսկ Ս. Սահակյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով` բանալիով, հարվածներ են հասցրել նրան:

Այնուհետև Գ. Պապյանը Ս. Սահակյանից և Գ. Թոսունյանից պարզաբանումներ ստանալու նպատակով նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, վերադարձել է հասարակական վայր հանդիսացող Քաջարանի կենտրոնում բազմաբնակարան շենքերի հարևանությամբ գտնվող, քաջարանցիների հիմնական զբոսանքի վայր հանդիսացող այգի, որտեղ Գ. Թոսունյանի, Ս. Սահակյանի, Վ. Գրիգորյանի և մյուսների ու Գ. Պապյանի միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վիճաբանության կողմերը, իրենց անձը գերադասելով և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության այգում իրենց հանգիստն անցկացնող բազմաթիվ համաքաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, տևական ժամանակ կռվել և տվել են փոխադարձ հայհոյանքներ:

Այգում տեղի ունեցած խուլիգանության ընթացքում Ս. Սահակյանը, Գ. Թոսունյանն ու Վ. Գրիգորյանը Գ. Պապյանին սպանելու դիտավորությամբ, գիտակցելով վերջինիս կյանքի համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ, Ս. Սահակյանը որպես զենք օգտագործող առարկայով` դանակի բռնակով, ձեռքերով և ոտքերով, իսկ Գ. Թոսունյանը և՛ ձեռքերով, և՛ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գ. Պապյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին` գլխին: Այդ ընթացքում Գ. Թոսունյանը, վերը նշված սրճարանից վերցրած դանակը թափահարելով, տվել է Գ. Պապյանին հարվածելու սպառնալիքներ, ինչը կանխվել է եղբոր` Ջորջ Թոսունյանի կողմից` դանակը ձեռքից վերցնելու եղանակով: Վ. Գրիգորյանն էլ, գիտակցելով Գ. Պապյանի կյանքի համար ինչպես Ս. Սահակյանի և Գ. Թոսունյանի, այնպես էլ իր գործողությունների վտանգավոր բնույթը, և լրացնելով վերջիններիս գործողությունները, բռունցքներով ուժգին հարվածել է գլխի շրջանում արդեն իսկ բազմաթիվ ծանր վնասվածքներ ստացած Գ. Պապյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել` զրկվելով դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից, իսկ Գ. Թոսունյանն ու Ս. Սահակյանը շարունակել են ձեռքերով և ոտքերով հարվածել վերջինիս կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգան հանդիսացող գլխին, ինչը կանխվել է միայն ներկաների միջամտությամբ:

Գ. Պապյանի սպանության հանցավոր մտադրությունը մինչև վերջ իրագործելու դիտավորությամբ Ս. Սահակյանն արգելել է օգնություն ցույց տալ անգիտակից վիճակում գետնին ընկած տուժողին` բղավելով «թողեք թող մեռնի», իսկ այնուհետև խոչընդոտել, կանգնեցրել է Գ. Պապյանին հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենայի ընթացքը: Այնուամենայնիվ, ներկաներին հաջողվել է Ս. Սահակյանին մի կողմ հեռացնել և Գ. Պապյանին ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ ժամեր անց վերջինս, գիտակցության չգալով, մահացել է Ս. Սահակյանի, Գ. Թոսունյանի և Վ. Գրիգորյանի հարվածների հետևանքով ստացած, կյանքի համար վտանգավոր բազմաթիվ ծանր վնասվածքներից (տե՛ս քրեական գործ, հատոր 33, թերթ 59, հատոր 27, թերթեր 231-234):

6.1. Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն` Գ. Պապյանի մոտ եղել են հետևյալ մարմնական վնասվածքները. «Ծանր բաց բութ գանգուղեղային վնասվածք` գլխի աջ ճակատ-գագաթային շրջանի, ճակատի վերին միջին հատվածի, ձախից ճակատային մազածածկ շրջանի մեկական սալջարդ վերքերի, աջից ճակատային թմբկության պրոյեկցիայով մաշկի ամբողջականության ոչ լրիվ խախտումով սալջարդ վերքի, աջից ծոծրակագագաթային շրջանի արյունահավաքի, ձախից ճակատ-գագաթային շրջանի արյունազեղման, նշված շրջաններում գլխի ծածկույթային հյուսվածքների տակ արյունազեղումների, աջ ակնակապճի դրսային անկյան շրջանի սալջարդ վերքի` շրջակա արյունազեղման, ձախ ստորակնակապճային շրջանի միջային կեսի և քթի ձախ կողմնային շրջանի արյունազեղման, ձախից քիթ-այտային ծալքի շրջանի ծակած վերքի, զույգ ակնագնդերի սպիտակուցաթաղանթի արյունազեղումների, ձախ աչքի ցանցաթաղանթի տրավմատիկ շերտազատման, աջ քունքամկանի արյունազեղման, գանգի թաղի ոսկրերի` աջից գագաթոսկրի հետին կեսի շրջանի պատուհանաձև կլորավուն ներհրված կոտրվածքի, վերջինիս կենտրոնից կոտրվածքի գծի դեպի վար շարունակմամբ ծոծրակոսկրի վրա, անցումով գանգի հիմ` աջից հետին գանգափոս, աջից գագաթ-ծոծրակային կարանի անջատմամբ և ևս մեկ կոտրվածքի գծի շարունակմամբ աջից հետին գանգափոս, քունքոսկրի ապառաժի հետին հատվածով մինչև թրքական թամբի աջակողմյան շրջան, գանգի թաղի ոսկրերի` աջից ճակատ-գագաթային շրջանի գծային կոտրվածքի` աջից անցումով գանգի հիմ` առաջային գանգափոս, շարունակվելով լայնաձիգ` մաղոսկրի հետին հատվածով դեպի ձախից առաջային գանգափոս, աջից քունքոսկրի խրթեշի առաջային և վերին հատվածների հարակից ոսկրերի հետ կարանի անջատման, աջից ճակատային թմբկության շրջանի անկանոն օվալ ձևի ներհրված կոտրվածքի, ձախից ճակատոսկրի արտաքին թիթեղի անկյունաձև գծային կոտրվածքի, կոտրվածքների եզրագծերով և դրանց շրջակա արյունազեղումների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի` ենթակարծրենային տարածուն արյունահավաքների, աջ ծոծրակային և գագաթային շրջաններում փափուկ թաղանթի արյունազեղումների, ծոծրակային և գագաթային շրջաններում ուղեղանյութի արյունազեղումների ձևով` ներգանգային արյունահավաքների, արյան մակարդուկների, գլխուղեղի ծոցերում և հավելյալ խոռոչներում արյունալեցումների առաջացմամբ, որոնք պատճառվել են հիմնականում սահմանափակ ազդեցության մակերեսներ ունեցող բութ կոշտ առարկաների ներգործություններով (...): Գլխի շրջանի թվարկված վնասվածքների ծանրության աստիճանը միմյանցից տարանջատել հնարավոր չէ, քանի որ դրանք առաջացրած բոլոր վնասող ներգործությունները կարող էին բերել Գրիգոր Պապյանի գլխուղեղի ծանր վնասման, ուստի նշված բոլոր վնասվածքները նրա առողջությանը պատճառել են ծանր վնաս` կյանքի համար վտանգավորության հատկանիշով, որոնք էլ տվյալ դեպքում առաջացնելով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում` հանգեցրել են մահվան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 33, թերթեր 126-127):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(...) Հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ ծեծկռտուքի ընթացքում Սահակ Սահակյանը ձեռքերով, ոտքերով և դանակի բռնակով, իսկ Գևորգ Թոսունյանը և Վիլեն Գրիգորյանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են Գրիգոր Պապյանի կենսականորեն կարևոր օրգան հանդիսացող` գլխի շրջանին, նույնիսկ հիշյալ գործողությունները շարունակել են Գ. Պապյանի կողմից վայր ընկնելուց և անօգնական վիճակում (գլխով եզրաքարին հարվածվելուց) գետնին հայտնվելուց հետո, իսկ նրանց գործողությունները դադարել են Նվեր Նիկողոսյանի և մյուսների միջամտության արդյունքում, ապա Ս. Սահակյանը շուրջ երկու րոպե խոչընդոտել է Գ. Պապյանին հիվանդանոց տեղափոխող մեքենային, թույլ չի տվել, որ այն տեղից շարժվի` միաժամանակ բառացիորեն ասել է. «ավտոն թող մնա, թողեք թող մեռնի», որից հետո հայհոյել և վարորդին իջեցրել է մեքենայից:

Բացի այդ, կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն Գրիգոր Պապյանի մահը վրա է հասել պատճառված գլխի շրջանի` եզրակացությամբ թվարկված 15 մարմնական վնասվածքների հանրագումարից, այսինքն` տվյալ բոլոր մարմնական վնասվածքները, անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում Գրիգոր Պապյանի մահվան հետ:

Այսպիսով, (...) Դատարանը հաստատված է համարում, որ Սահակ Սահակյանը, Գևորգ Թոսունյանն և Վիլեն Գրիգորյանը Գրիգոր Պապյանին սպանելու դիտավորությամբ` գիտակցելով վերջինիս կյանքի համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով նրա մահը վրա հասնելու հնարավորությունը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, գիտակցաբար թույլ են տվել դրանք և ընդհանուր միասնական դիտավորությամբ Գ. Պապյանին ապօրինաբար զրկել են կյանքից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 33, թերթեր 143-144):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում դատական ակտում շարադրված հետևություններին, ամբաստանյալների կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով կատարված արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, նրանց արարքն ըստ գործով ձեռք բերված փաստական հանգամանքների ճիշտ չի որակված, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով նախատեսված հանցակազմին:

(...)

Վերաքննիչ դատարանը ամբաստանյալների դիտավորության ուղղվածության վերաբերյալ հետևության է գալիս հիմք ընդունելով նրանց կողմից կատարած հանցագործության հանգամանքները, գնահատելով տվյալ գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես այն հանգամանքը, որ դեպքի օրը երկու միջադեպերի առաջացման պատճառը հանդիսացել է տուժողը, նրա վարքագիծը:

Առաջին միջադեպն ավարտվելուց հետ, երբ բոլորը հեռացել են դեպքի վայրից, ժամեր անց գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ նա վերադարձել է պարզաբանում ստանալու և ճշտելու իրեն հարված հասցնողի ինքնությունը, որից հետո առաջացել է երկկողմանի քաշքշուկ, փոխադարձ հայհոյանքներ և դրա արդյունքում ամբաստանյալները ծեծի են ենթարկել Գ. Պապյանին:

Ընդ որում` Սահակ Սահակյանը, նրա գլխին հարվածել է նաև իր դանակի բռնակով, այն դեպքում, երբ սպանելու դիտավորություն ունենալով կարող էր հարվածել դանակի շեղբով, որը չի արել:

Դեպքի պահին ամբաստանյալներ Գ. Թոսունյանի և Վ. Գրիգորյանի կատարված գործողությունները` տուժողին ծեծի ենթարկելու պահին բավարար չեն գալու եզրահանգման, որ նրանք սպանության դիտավորություն են ունեցել, Դատարանը վերլուծելով ամբաստանյալների ցուցմունքները չի մատնանշել և արձանագրել նրանց կողմից սպանություն կատարելու դրդապատճառը, նման դիտավորության ծագման հիմքը և ժամանակը: Գործով ձեռք չեն բերվել տվյալներ հիմնավորելու, որ մինչև դեպքի օրը տուժողը և ամբաստանյալները գտնվել են այնպիսի հարաբերությունների մեջ, որը կարող էր հանգեցնել սպանությանը: Ավելին` գործով ձեռք բերված տվյալներով հիմնավորված է, որ առաջին միջադեպի ժամանակ ամբաստանյալները ծեծի են ենթարկել տուժողին, ինչից հետո տուժողը ժամեր անց վերադարձել է, ինչը նույնպես բերում է այն հետևության, որ ամբաստանյալները սպանելու նախատրամադրվածություն չեն ունեցել: Անդրադառնալով բուն դեպքի ժամանակ ամբաստանյալների դրսևորած վարքագծին, հարկ է նկատել, որ Սահակ Սահակյանը տուժողին հարվածել է դանակի բռնակով: Ընդ որում` ըստ գործով ձեռք բերված տվյալների` Սահակ Սահակյանն իր մոտ մշտապես դանակ է պահել: Այսինքն` դանակը վերցված չի եղել հատուկ տուժողին վնաս պատճառելու համար: Իսկ Սահակ Սահակյանն ազատ գործելու հնարավորություն ունեցել է, և, սպանության դիտավորություն ունենալու պարագայում, կարող էր հանգիստ բացել դանակը և հարվածներ հասցներ ոչ թե դանակի բռնակով, այլ` շեղբով:

Տվյալ դեպքում հարկ է հիշատակել նաև գործով հիմնական վկա Նվեր Նիկողոսյանի ցուցմունքն այն մասին, որ Սահակ Սահակյանը Գրիգոր Պապյանի գլխին դանակով հարվածել է կռվի սկզբում, երբ նա դեռ եղել է կանգնած, իսկ երբ վերջինը Վիլենի հարվածից ընկել է, Սահակը ևս մեկ կամ երկու անգամ է հարվածել:

Ինչ վերաբերվում է Սահակ Սահակյանի կողմից մեքենայի ընթացքը խոչընդոտելուն և արտահայտությանը, որ թողեք մահանա, ապա հարկ է նկատել, որ այդ ժամանակ, եթե Սահակ Սահակյանը կարողացել է մեքենան կանգնեցնել, ապա հնարավորություն է ունեցել նաև տուժողին մոտենալու իր սպանության դիտավորությունը իրագործելու համար, սակայն այդ ուղղությամբ որևէ իրական գործողություն չի իրականացրել, այդ թվում` օգնություն ցուցաբերողներին վնաս տալու ձևով: Ավելին` «թողեք մահանա» արտահայտությունը վկայում է այն մասին, որ Սահակ Սահակյանը գիտակցել է, որ տուժողը կենդանի է:

ՈՒստի Դատարանի գնահատմամբ Սահակ Սահակյանի նշված գործողությունը և արտահայտությունը ոչ այլ ինչ են, քան կռվով պայմանավորված չարդարացված վրդովմունքի դրսևորումներ, որոնք վերը նշված հանգամանքների համատեքստում բավարար չեն սպանության դիտավորության մասին միանշանակ հետևության գալու համար:

Հարկ է նկատել նաև, որ «մեռավ, չի դիմացել» արտահայտությունից հետո տուժողին ոչ ոք չի հարվածել, իսկ տուժողի ընկերները հնարավորություն են ունեցել նրան օգնություն ցույց տալու` վրան ջուր շփելու, մեքենան նստեցնելու, իսկ այնուհետև նաև հիվանդանոց տեղափոխելու միջոցով:

Ինչ վերաբերում է տուժողի վնասվածքներին, ապա պետք է փաստել, որ տեղի է ունեցել փոխադարձ կռիվ, որի ժամանակ տուժողը և նրա ընկերները նույնպես հարվածներ են հասցրել և քաշքշել են «հակառակ» կողմին, ուստի վնասվածքների մի մասը տուժողը կարող էր ստանալ ոչ թե ընկած, այլ` կանգնած վիճակում: Իսկ սպանության դիտավորության մասին իրատեսական կլիներ խոսել, եթե տուժողն այդ վնասվածքները ստանար ընկած` անօգնական վիճակում:

Սպանության դիտավորության բացակայության մասին է վկայում նաև ամբաստանյալների հետագա վարքագիծը, որ դեպքից հետո անմիջապես փախուստի չեն դիմել կամ չեն հեռացել: Այսինքն` ամբաստանյալների գիտակցմամբ եղել է կռիվ, որի ժամանակ նրանք մյուս կողմին ծեծի են ենթարկել: Հակառակ` արհամարհական, պատասխանատվության ենթարկվելու վախ չունենալու մոտեցումը` հատկապես սպանության դիտավորություն ունենալու պարագայում, քիչ իրատեսական է:

Միաժամանակ քիչ իրատեսական է, որ ամբաստանյալները, սպանության դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելուց անմիջապես հետո, իմանալով, գիտակցելով, որ տուժողը կենդանի է, իրենց դիտավորությունն ավարտին չեն հասցրել (ընդ որում` գործով ձեռք չի բերվել հիմնավոր տվյալ, որ ամբաստանյալներն այդ հնարավորությունը չեն ունեցել) (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 35, թերթեր 93, 97-98):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Բողոքաբերի կարծիքով` Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքները մասնակիորեն բավարարելով և դատական ակտը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով բեկանելով ու ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ու 14-րդ կետերով վերաորակելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, այն է` կիրառվել է քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես` գործով ապացույցները գնահատվել են թերի և միակողմանի:

Այսպես` բողոքի հեղինակը Վերաքննիչ դատարանի այն փաստարկների կապակցությամբ, որ դատավճռում չեն մատնանշվել և արձանագրվել ամբաստանյալներ Ս. Սահակյանի, Գ. Թոսունյանի և Վ.Գրիգորյանի կողմից սպանություն կատարելու դրդապատճառները, նման դիտավորության ծագման հիմքը և ժամանակը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ սպանության դրդապատճառը Գ. Պապյանի կողմից դրսևորված անհարգալից վերաբերմունքի հետևանքով առաջացած վրեժի շարժառիթն է եղել: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա այն դատողություններին, որ Ս. Սահակյանն իր մոտ մշտապես դանակ է պահել, այն հատուկ տուժողին վնաս պատճառելու համար չի վերցրել, ունեցել է ազատ գործելու հնարավորություն, հետևաբար տուժողին սպանելու դիտավորություն ունենալու պարագայում կարող էր հանգիստ հարվածել ոչ թե դանակի բռնակով, այլ շեղբով, իսկ նրա կողմից վիճաբանությունից հետո տուժողին տեղափոխող մեքենայի ընթացքը խոչընդոտելը և հնչեցված` «թողե՛ք, թող մեռնի» արտահայտությունը ոչ այլ ինչ են, քան կռվով պայմանավորված չարդարացված վրդովմունքի դրսևորումներ, ապա բողոքաբերն ընդգծել է, որ Ս. Սահակյանը, համատեղ գործելով Վ. Գրիգորյանի և Գ. Թոսունյանի հետ, ընկալելով նրանցից յուրաքանչյուրի կողմից կատարվող գործողությունների բնույթը, գիտակցել և նախատեսել է, որ դանակի շեղբով չհարվածելու դեպքում էլ, միևնույն է, իրենց հարվածների արդյունքում տուժողի մահն առաջանալու է:

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է նաև, որ տեղի ունեցած փոխադարձ կռվի ընթացքում տուժողը և նրա ընկերները նույնպես հարվածներ են հասցրել և քաշքշել «հակառակ» կողմին, հետևաբար վնասվածքների մի մասը Գ. Պապյանը կարող էր ստանալ ոչ թե ընկած, այլ կանգնած վիճակում, մինչդեռ սպանության դիտավորության մասին իրատեսական կլիներ խոսել այն պարագայում, երբ տուժողն այդ վնասվածքները ստանար ընկած` անօգնական վիճակում: Վերոնշյալի կապակցությամբ բողոքի հեղինակը նշել է, որ մարմնական վնասվածքներ ստանալու դիրքը որևէ նշանակություն չունի հանցավորների մոտ Գ. Պապյանին սպանելու դիտավորության առկայությունը կամ բացակայությունը փաստելու հարցում, թեպետ դատաքննության ընթացքում հաստատվել է, որ գլխի շրջանում ստացած և մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող շատ վնասվածքներ տուժողը ստացել է հենց ընկած վիճակում:

10. Վերոշարադրյալ փաստերը գնահատելով Վճռաբեկ դատարանի` Ս. Հունիկյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` բողոքաբերն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Պապյանի մահը վրա է հասել գլխի շրջանում ստացած բազմաթիվ մարմնական վնասվածքների հանրագումարից, որոնցից յուրաքանչյուրն անմիջական պատճառական կապի մեջ է գտնվել վերջինիս մահվան հետ: Հետևաբար Գ. Պապյանի մահվան նկատմամբ ամբաստանյալների մեղքը չէր կարող անզգուշությամբ արտահայտվել, քանի որ տուժողի գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով և վերը նշված վնասվածքները պատճառելով` ամբաստանյալները չէին կարող չնախատեսել իրենց գործողությունների արդյունքում Գ. Պապյանին կյանքից զրկելու անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անուղղակի դիտավորությամբ սպանության (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված) և հանցավոր ինքնավստահությամբ տուժողի մահն առաջացրած ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցակազմերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Ս. Սահակյանի, Գ. Թոսունյանի և Վ. Գրիգորյանի արարքներում սպանության հանցակազմի բացակայության և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն` «1. Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:

2. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը:

3. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:

(...)»:

Դիտավորության ուղղակի և անուղղակի տեսակները միմյանցից սահմանազատվում են գիտակցական (ինտելեկտուալ) և կամային չափանիշներով: Ընդ որում, թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի դիտավորության դեպքում գիտակցական չափանիշն օրենքում բնութագրվում է «գիտակցել» և «նախատեսել» արտահայտություններով: Այսպես` մեղքի դիտավորյալ ձևն առկա է, եթե հանցավորը գիտակցում է իր արարքի հանրային վտանգավորությունը, այսինքն` դրա ունակությունը վնաս պատճառելու գոյություն ունեցող հասարակական հարաբերություններին, նախատեսում է հետևանքների առաջացման «անխուսափելիությունը» կամ «իրական հնարավորությունը»` ուղղակի դիտավորության, և «իրական հնարավորությունը»` անուղղակի դիտավորության դեպքում: Ակնհայտ է, որ ուղղակի դիտավորության պարագայում հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու հավանականության աստիճանը շատ ավելի բարձր է, քան անուղղակի դիտավորության դեպքում:

ՈՒղղակի և անուղղակի դիտավորություններն առավել հստակ տարբերակվում են կամային չափանիշով: Մասնավորապես, եթե ուղղակի դիտավորության պարագայում հանցավորը ցանկանում է համապատասխան հետևանքների առաջացումը, ապա անուղղակի դիտավորության դեպքում թեև չի ցանկանում, սակայն գիտակցաբար թույլ է տալիս` հույսը դնելով կա՛մ պատահականության` վերացական, գոյություն չունեցող հանգամանքների վրա, որոնք իբրև կարող են կանխել հետևանքների առաջացումը, կա՛մ դրսևորելով անտարբերություն դրանց առաջացման նկատմամբ: Այսինքն` անուղղակի դիտավորության դեպքում հանցավորը թեպետ չի ցանկանում հետևանքների առաջացումը, սակայն միևնույն ժամանակ դա թույլ չտալու համար չի դիմում ակտիվ գործողությունների:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն` «1. Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ:

2. Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:

3. Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք»:

Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ անզգուշության տեսակների տարբերակման հիմքում ընկած է վտանգավոր հետևանքները նախատեսելու հանգամանքը: Մասնավորապես, հանցավոր ինքնավստահության դեպքում անձը նախատեսում է հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն հույսը դնելով իր հմտությունների, այլ անձանց, սարքավորումների և այլնի վրա` առանց բավարար հիմքերի հույս է ունենում, որ դրանք կկանխվեն: Հարկ է նկատել, որ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը նախատեսում է հետևանքների առաջացման ոչ թե իրական, այլ վերացական հնարավորությունը, գիտակցում է, որ նման արարքներն ընդհանրապես կարող են վտանգավոր հետևանքներ առաջացնել, սակայն համոզված է` ոչ տվյալ դեպքում և իրադրության մեջ: Կամային չափանիշով հանցավոր ինքնավստահությունը բնութագրվում է ոչ միայն համապատասխան հետևանքների առաջանալը չցանկանալով, այլև դրանք կանխելու ձգտումով` դրսևորելով ակտիվ վարքագիծ:

i

Հանցավոր անփութության օրենսդրական բնորոշումը ցույց է տալիս, որ անզգուշության այս տեսակը բնութագրվում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը չնախատեսելով: Այլ խոսքով` անփութությամբ գործող անձը, իրական հնարավորություն և պարտավորվածություն ունենալով նախատեսելու վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բավարար շրջահայացություն, ուշադրություն և հոգատարություն չի ցուցաբերում այդ հետևանքների առաջացումը թույլ չտալու համար (անզգույշ մեղքի վերաբերյալ տե՛ս, mutatis mutandis, Է. Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 16-րդ կետը):

16. ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` «Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած դիտավորյալ հանցագործության համար, ապա անձն այդ հետևանքների համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե նա նախատեսել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, կամ չի նախատեսել իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Այդպիսի հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված»:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` «1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

(...)

14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»:

Մեղքի երկու ձևով կատարվող հանցագործությունների առանձնահատկությունն այն է, որ հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանցանքի նկատմամբ դրսևորվում է դիտավորություն (ուղղակի կամ անուղղակի), մինչդեռ դրա արդյունքում առաջացող ոչ անմիջական, առավել ծանր հետևանքի նկատմամբ` անզգուշություն` հանցավոր ինքնավստահության կամ անփութության տեսքով, որն էլ հիմնական հանցակազմը վեր է ածում ծանրացնող հանգամանքով հանցակազմի: Հետևաբար հետևանքի նկատմամբ անձի սուբյեկտիվ վերաբերմունքի բացահայտումն էական նշանակություն ունի մեղքի երկու ձևով կատարվող հանցանքները բացառապես դիտավորությամբ կամ բացառապես անզգուշությամբ կատարվող հանցագործություններից սահմանազատելու և արարքը ճիշտ որակելու հարցում:

Մեղքի երկու ձևով կատարվող հանցագործություններից է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Ակնհայտ է, որ արարքը քննարկվող հանցակազմով որակվում է բացառապես այն դեպքում, երբ առաջնային հետևանքի` ծանր վնաս պատճառելու նկատմամբ անձը դրսևորում է դիտավորություն (ուղղակի կամ անուղղակի), իսկ երկրորդական և առավել ծանր հետևանքի` մահվան նկատմամբ` անզգուշություն (հանցավոր ինքնավստահություն կամ անփութություն):

17. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելն է (...)»:

Սուբյեկտիվ կողմից սպանության հանցակազմը բնութագրվում է միայն դիտավորյալ մեղքի ձևով, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: ՈՒղղակի դիտավորության դեպքում հանցավորը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկանում տուժողին մահ պատճառել: Անուղղակի դիտավորության դեպքում անձը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը, չի ցանկանում, բայց գիտակցաբար թույլ է տալիս տուժողի մահվան առաջացումը կամ անտարբերություն է դրսևորում այդ հետևանքի առաջացման նկատմամբ (տե՛ս Ա. Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 14-րդ կետը):

18. Սույն որոշման 14-17-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ հանցավոր ինքնավստահությամբ տուժողի մահն առաջացրած ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցակազմն անուղղակի դիտավորությամբ սպանությունից տարանջատելիս, քանի որ երկու դեպքում էլ անձը թեև նախատեսում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն չի ցանկանում դրանք:

Այդ առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անուղղակի դիտավորությունը հանցավոր ինքնավստահությունից տարբերվում է վտանգավոր հետևանքները նախատեսելու աստիճանով և այդ հետևանքները «չցանկանալու» նկատմամբ դրսևորվող հոգեբանական վերաբերմունքով: Մասնավորապես` անուղղակի դիտավորության դեպքում հանցավորը`

- նախատեսում է հետևանքների առաջացման իրական հնարավորությունը կոնկրետ իրադրության մեջ, գիտակցում է, որ եթե դրանք առաջանան, ապա միանշանակորեն բխելու են իր արարքից (գիտակցական չափանիշ),

- թեպետ չի ցանկանում հետևանքների առաջացումը, սակայն միևնույն ժամանակ դա թույլ չտալու համար չի դիմում ակտիվ գործողությունների: Այլ կերպ` հետևանքների առաջացման նկատմամբ դրսևորում է պասիվ հոգեբանական վերաբերմունք (կամային չափանիշ):

Հանցավոր ինքնավստահության դեպքում անձը`

- նախատեսում է հետևանքների առաջացման ոչ թե իրական, այլ վերացական հնարավորությունը, ընդհանուր գծերով պատկերացնում է, որ այդպիսի արարքներն ընդհանրապես կարող են նման հետևանքներ առաջացնել, սակայն համոզված է, որ ոչ տվյալ դեպքում և տվյալ իրադրության մեջ (գիտակցական չափանիշ),

- ոչ միայն չի ցանկանում վտանգավոր հետևանքների առաջացումը, այլ նաև ակտիվ վարքագիծ է դրսևորում դրանց կանխարգելման ուղղությամբ: Այսպես` հանցավոր ինքնավստահության դեպքում անձը չի բավարարվում պարզապես չցանկանալով, հույսը չի դնում պատահականության վրա, այլ փորձում է իրական (ռեալ) գործողություններ կատարել հանրորեն վտանգավոր հետևանքները կանխելու համար (կամային չափանիշ):

i

19. Նախորդ կետում ձևավորած դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հանրորեն վտանգավոր հետևանքի (մահվան) նկատմամբ անձի դրսևորած սուբյեկտիվ վերաբերմունքը պարզելու և արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում կարևոր է գործի փաստական հանգամանքների համակողմանի վերլուծությունը` հատկապես ուշադրություն դարձնելով արարքի կատարման եղանակին և օգտագործվող գործիքներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին և տեղակայմանը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագծին հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերություններին, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառներին և այլն (տե՛ս, mutatis mutandis, Ս. Հունիկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշումը):

Այսպես` կոնկրետ իրադրությունում հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթն ու տեղակայումը, օրինակ, կենսական կարևոր օրգանների շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը, հարվածների ուժգնությունը և ինտենսիվությունը, համակատարողների առկայությունն ու քանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, ինչպես նաև տուժողի մահը կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը, նման հետևանքի առաջացման նկատմամբ անտարբերություն դրսևորելը կարող են վկայել այն մասին, որ հանցավորը տուժողին մահ պատճառելու իրական հնարավորությունն առնվազն նախատեսում է, գիտակցում է, որ եթե մահն առաջանա, ապա բխելու է իր արարքներից, միևնույն ժամանակ անտարբերություն է դրսևորում դրա առաջացման նկատմամբ կամ հույսը դնում է գոյություն չունեցող, վերացական հանգամանքների վրա, այսինքն` գործում է անուղղակի դիտավորությամբ: Հետևաբար նման դեպքերում անձի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի համապատասխան մասով` որպես սպանություն:

Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ մահը վրա է հասնում կենսական ոչ կարևոր կամ թեկուզ կենսականորեն կարևոր օրգաններին, բայց այնպիսի գործիքով կամ եղանակով վնաս հասցնելու արդյունքում, որոնք չեն վկայում մահ պատճառելու իրական հնարավորությունը նախատեսելու մասին, ինչպես նաև եթե համապատասխան արարքը կատարելուց հետո հնարավոր մահը կանխելու նպատակով հանցավորի կողմից ակտիվ գործողություններ են ձեռնարկվում, վկայում են հանցավորի մոտ տուժողին սպանելու դիտավորության բացակայության մասին, հետևաբար արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` որպես առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2010 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:30-ի սահմաններում, առաջացած վիճաբանության ընթացքում ամբաստանյալներ Ս. Սահակյանը, Գ. Թոսունյանն ու Վ. Գրիգորյանը ձեռքերով և ոտքերով, Ս. Սահակյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով` դանակի բռնակով, բազմաթիվ հարվածներ են հասցրել Գ. Պապյանի` կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի շրջանում: Հանցավորները շարունակել են հարվածներ հասցնել նույնիսկ տուժողի վայր ընկնելուց և անօգնական վիճակում հայտնվելուց հետո, որոնց հետևանքով գլխի շրջանում ստացած բազմաթիվ մարմնական վնասվածքներից Գ. Պապյանը, գիտակցության չգալով, մահացել է (տե՛ս սույն որոշման 6-6.1-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը) և արձանագրելով, որ Գ. Պապյանի մահը վրա է հասել եզրակացությամբ թվարկված 15 մարմնական վնասվածքների հանրագումարից, որոնք անմիջական պատճառական կապի մեջ են գտնվել տուժողի մահվան հետ, Ս. Սահակյանին, Գ. Թոսունյանին ու Վ. Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա Առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել, որ Ս. Սահակյանը ձեռքերով, ոտքերով և դանակի բռնակով, իսկ Գ. Թոսունյանն ու Վ. Գրիգորյանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գ. Պապյանի կենսականորեն կարևոր օրգան հանդիսացող գլխի շրջանում, այդ գործողությունները շարունակել են նույնիսկ Գ. Պապյանի կողմից վայր ընկնելուց և անօգնական վիճակում (գլխով եզրաքարին հարվածվելուց) հայտնվելուց հետո, ապա Ս. Սահակյանը շուրջ երկու րոպե խոչընդոտել է Գ. Պապյանին հիվանդանոց տեղափոխող մեքենային (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել Ս. Սահակյանի, Գ. Թոսունյանի և Վ. Գրիգորյանի արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցում: Մասնավորապես` ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանը չի մատնանշել ամբաստանյալների կողմից սպանություն կատարելու դրդապատճառը, նման դիտավորության ծագման հիմքը և ժամանակը, ինչպես նաև գործով ձեռք չեն բերվել տվյալներ` հիմնավորելու, որ տուժողը և ամբաստանյալները գտնվել են այնպիսի հարաբերությունների մեջ, որը կարող էր հանգեցնել սպանության: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Ս. Սահակյանն ազատ գործելու հնարավորություն է ունեցել և եթե ցանկանար սպանել Գ. Պապյանին, կարող էր հարվածները հասցնել ոչ թե դանակի բռնակով, այլ շեղբով: Բացի այդ, գիտակցելով, որ տուժողը դեռևս կենդանի է` Ս. Սահակյանը հնարավորություն է ունեցել նրան մոտենալու և սպանելու դիտավորությունն իրագործելու համար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել, իսկ նրա կողմից Գ. Պապյանին տեղափոխող մեքենայի ընթացքը խոչընդոտելը և «թողե՛ք մահանա» արտահայտությունը եղել են կռվով պայմանավորված չարդարացված վրդովմունքի դրսևորումներ, որոնք բավարար չեն սպանության դիտավորության մասին միանշանակ հետևության գալու համար: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ վնասվածքների մի մասը տուժողը ստացել է ոչ թե ընկած, այլ կանգնած վիճակում, մինչդեռ սպանության դիտավորության մասին իրատեսական կլիներ խոսել, եթե տուժողն այդ վնասվածքները ստանար ընկած` անօգնական վիճակում: Ըստ Վերաքննիչ դատարանի` սպանության դիտավորության բացակայության մասին է վկայում նաև ամբաստանյալների հետագա վարքագիծը` այն, որ դեպքից հետո վերջիններս անմիջապես փախուստի չեն դիմել կամ չեն հեռացել: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

21. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-19-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործի փաստական հանգամանքները, մասնավորապես` հանցագործության կատարման եղանակը, հասցված հարվածների ուժգնությունը և ինտենսիվությունը, հանցագործության օբյեկտիվ կողմը մեկից ավելի անձանց` համակատարողների կողմից իրականացնելը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև հանցագործությունից հետո հանցավորների դրսևորած վարքագիծը:

Այսպես` Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է, որ երեք անձինք ձեռքերով և ոտքերով, իսկ ամբաստանյալ Ս. Սահակյանը` նաև դանակի բռնակով, մի շարք ուժգին հարվածներ են հասցրել Գ. Պապյանի կյանքի համար կարևոր հատվածի` գլխի շրջանում, որոնց արդյունքում, ըստ դատաբժշկական եզրակացության, պատճառվել են տուժողի մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող բազմաթիվ մարմնական վնասվածքներ, մասնավորապես` ծանր, բաց, բութ գանգուղեղային վնասվածք` գլխի աջ ճակատ-գագաթային շրջանի, ճակատի վերին միջին հատվածի, ձախից ճակատային մազածածկ շրջանի մեկական սալջարդ վերքերի, աջից ճակատային թմբկության պրոյեկցիայով մաշկի ամբողջականության ոչ լրիվ խախտումով սալջարդ վերքի, աջից ծոծրակագագաթային շրջանի արյունահավաքի, ձախից ճակատ-գագաթային շրջանի արյունազեղման, նշված շրջաններում գլխի ծածկույթային հյուսվածքների տակ արյունազեղումների, աջ ակնակապճի դրսային անկյան շրջանի սալջարդ վերքի` շրջակա արյունազեղման, ձախ ստորակնակապճային շրջանի միջային կեսի և քթի ձախ կողմնային շրջանի արյունազեղման, ձախից քիթ-այտային ծալքի շրջանի ծակած վերքի, զույգ ակնագնդերի սպիտակուցաթաղանթի արյունազեղումների, ձախ աչքի ցանցաթաղանթի տրավմատիկ շերտազատման, աջ քունքամկանի արյունազեղման, գանգի թաղի ոսկրերի` աջից գագաթոսկրի հետին կեսի շրջանի պատուհանաձև կլորավուն ներհրված կոտրվածքի, վերջինիս կենտրոնից կոտրվածքի գծի դեպի վար շարունակմամբ ծոծրակոսկրի վրա, անցումով գանգի հիմ` աջից հետին գանգափոս, աջից գագաթ-ծոծրակային կարանի անջատմամբ և ևս մեկ կոտրվածքի գծի շարունակմամբ աջից հետին գանգափոս, քունքոսկրի ապառաժի հետին հատվածով մինչև թրքական թամբի աջակողմյան շրջան, գանգի թաղի ոսկրերի` աջից ճակատ-գագաթային շրջանի գծային կոտրվածքի` աջից անցումով գանգի հիմ` առաջային գանգափոս, շարունակվելով լայնաձիգ` մաղոսկրի հետին հատվածով դեպի ձախից առաջային գանգափոս, աջից քունքոսկրի խրթեշի առաջային և վերին հատվածների հարակից ոսկրերի հետ կարանի անջատման, աջից ճակատային թմբկության շրջանի անկանոն օվալ ձևի ներհրված կոտրվածքի, ձախից ճակատոսկրի արտաքին թիթեղի անկյունաձև գծային կոտրվածքի, կոտրվածքների եզրագծերով և դրանց շրջակա արյունազեղումների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի` ենթակարծրենային տարածուն արյունահավաքների, աջ ծոծրակային և գագաթային շրջաններում փափուկ թաղանթի արյունազեղումների, ծոծրակային և գագաթային շրջաններում ուղեղանյութի արյունազեղումների ձևով` ներգանգային արյունահավաքների, արյան մակարդուկների, գլխուղեղի ծոցերում և հավելյալ խոռոչներում արյունալեցումների առաջացմամբ (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը): Բացի այդ, ամբաստանյալների գործողությունները եղել են ինտենսիվ և չեն դադարել նույնիսկ տուժողի վայր ընկնելուց ու անօգնական վիճակում հայտնվելուց հետո: Ինչ վերաբերում է հանցագործությունից հետո ամբաստանյալների դրսևորած վարքագծին, ապա գործի տվյալներից հետևում է, որ հանցավորները որևէ կերպ չեն փորձել օգնություն ցուցաբերել տուժողին, ավելին` ամբաստանյալ Ս. Սահակյանն արգելել է մյուսներին օգնել անգիտակից վիճակում գտնվող Գ. Պապյանին` բղավելով «թողե՛ք թող մեռնի», ապա շուրջ երկու րոպե խոչընդոտել է հիվանդանոց տեղափոխող մեքենայի ընթացքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

22. Սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստերը համադրելով սույն որոշման 18-19-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալները, տուժողի գլխի շրջանում անընդմեջ և ուժեղ հարվածներ հասցնելով, գիտակցել են իրենցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել են դրանց արդյունքում մահ պատճառելու իրական հնարավորությունը և հետևանքի կանխման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով ու անտարբեր մնալով` գիտակցաբար թույլ են տվել տուժողի մահը, ինչը վկայում է վերջիններիս մոտ սպանության անուղղակի դիտավորության առկայության մասին:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Գ. Պապյանի մահվան նկատմամբ հանցավորները դրսևորել են անզգուշություն, չի բխում գործի փաստական հագամանքներից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անզգույշ մեղքի ձևը կոնկրետ դեպքում չէր կարող արտահայտվել ո՛չ հանցավոր ինքնավստահության, ո՛չ էլ անփութության տեսակներով. հանցավոր ինքնավստահության դեպքում անձը, չցանկանալով համապատասխան հետևանքների առաջացումը, կոնկրետ քայլեր է ձեռնարկում դրանք կանխելու ուղղությամբ, մինչդեռ սույն գործով ամբաստանյալներ Գ. Թոսունյանը, Ս. Սահակյանը և Վ. Գրիգորյանը որևէ կերպ չեն օգնել տուժողին, այլ, ընդհակառակը, ամբաստանյալ Ս. Սահակյանը թույլ չի տվել ներկաներին օգնելու տուժողին` բղավելով «թողե՛ք թող մեռնի», ապա շուրջ երկու րոպե խոչընդոտել է հիվանդանոց տեղափոխող մեքենայի ընթացքը, ինչն արդեն իսկ բացառում է հանցավոր ինքնավստահությունը: Ինչ վերաբերում է անփութությանը, ապա այն բնութագրվում է արարքի պոտենցիալ վտանգավորությունը չգիտակցելով և վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը չնախատեսելով, որը սույն գործով բացակայում է:

Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն փաստարկների կապակցությամբ, որ ամբաստանյալները և տուժողը չեն գտնվել այնպիսի հարաբերությունների մեջ, որը կարող էր հանգեցնել սպանության, եթե նրանք ցանկանային սպանել Գ. Պապյանին, ապա ունեին ազատ գործելու հնարավորություն և դիտավորությունն այդ պահին մինչև վերջ կհասցնեին, Ս. Սահակյանը կհարվածեր ոչ թե դանակի բռնակով, այլ շեղբով, նրա կողմից հնչեցրած «թողե՛ք թող մեռնի» արտահայտությունը և իրականացրած գործողությունները եղել են կռվով պայմանավորված չարդարացված վրդովմունքի դրսևորումներ, այլ ոչ թե սպանության դիտավորության վկայություն: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սպանության դիտավորության մասին է վկայում ոչ միայն համապատասխան հետևանքի առաջացումը ցանկանալը և այդ ուղղությամբ որոշակի գործողություններ կատարելը (ուղղակի դիտավորություն), այլև նման հետևանքի առաջացումը գիտակցաբար թույլ տալը, դրա նկատմամբ անտարբերություն դրսևորելը (անուղղակի դիտավորություն), ինչն էլ արտահայտվել է սույն գործում:

23. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատելով գործում առկա ապացույցները, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի կիրառման վերաբերյալ հանգել է ճիշտ եզրակացության:

Հետևաբար Ս. Սահակյանի, Գ. Թոսունյանի և Վ. Գրիգորյանի արարքներում սպանության հանցակազմի բացակայության և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

24. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 112-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով (2005 թվականի փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Գևորգ Հակոբի Թոսունյանի, Սահակ Սամսոնի Սահակյանի, Վիլեն Սեյրանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 27-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ ամբաստանյալներ Գևորգ Հակոբի Թոսունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սահակ Սամսոնի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Վիլեն Սեյրանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2016
N ՍԴ/0319/01/10
Որոշում