Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 10-ՐԴ, 48-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 10-ՐԴ, 48-ՐԴ, 61-ՐԴ, 70 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԱՐԴ/0031/01/15
2016 թ.
Քրեական գործ թիվ ԱՐԴ/0031/01/15   
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
                   Դատավորներ` Հ. Տեր-Ադամյան
                                                Մ. Արղամանյան   

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Ավետիսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Հ. Պետրոսյանի
մասնակցությամբ
մեղադրող Ա. Սահակյանի

                   

2016 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալեքսան Արշավիրի Բաբախանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա. Բաբախանյանի պաշտպան Ն. Սվարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 48102915 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի մարտի 25-ի որոշմամբ Ալեքսան Արշավիրի Բաբախանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2015 թվականի հունիսի 16-ի դատավճռով Ա. Բաբախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա. Բաբախանյանի պաշտպան Ն. Սվարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 16-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա. Բաբախանյանի պաշտպան Ն. Սվարյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ամբաստանյալ Ա. Բաբախանյանի պաշտպան Ն. Սվարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա. Բաբախանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2014 թվականի աշնանը, առանց իրացնելու նպատակի` անձնական օգտագործման համար, իր տնամերձ հողամասում վայրի ձևով աճած կանեփ տեսակի բույսերից, ապօրինի պատրաստել և իր նշված բնակարանում ապօրինի պահել է խոշոր չափի` 99.466 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որն իր բաղադրության մեջ պարունակում է կանաբինոիդային շարքի ալկալոիդներ, այդ թվում նաև` թմրակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկաննաբինոլ: Նույն բույսերից հավաքել է նաև սերմեր և նույնպես պահել է իր բնակարանում: Պատրաստված թմրամիջոցից, ընթացքում, որոշ քանակությամբ, մի քանի անգամ ծխելու եղանակով օգտագործել է, իսկ մնացածը շարունակել է ապօրինի պահել իր բնակարանում (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 130):

6. Առաջին ատյանի դատարանն իր` 2015 թվականի հունիսի 16-ի դատավճռի ներածական մասում, ի թիվս այլ հանգամանքների, փաստելով նաև, որ Ա. Բաբախանյանը ֆիզիկապես առողջ է, խնամքին է մեկ անձ, նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրել է. «Դատարանը պատիժ նշանակելիս, հաշվի է առնում Ալեքսան Արշավիրի Բաբախանյանի կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում ինչպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, այնպես էլ ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Դատարանը, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտում այն, որ նա զղջացել և զղջում է կատարածի համար, նախկինում դատված, արատավորված չի եղել, խնամքին է վատառողջ և թոշակառու մայրը, դրականորեն է բնութագրվում իր բնակության վայրի հարևանների կողմից:

Ալեքսան Բաբախանյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Դատարանը, հաշվի առնելով Ալեքսան Արշավիրի Բաբախանյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, նրա անձը, բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ Ա. Բաբախանյանի կողմից կատարած հանցավոր արարքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի` 268 հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով, գտնում է, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, նկատի ունենալով, որ այդպիսին` համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 61 հոդվածի 1-ին մասի, կարող է ապահովել պատժի նպատակները, նման պատիժ նշանակելով հնարավոր է հասնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (...), ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված (...) սկզբունքները» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 131):

7. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր` 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշման շրջանակներում փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ա. Բաբախանյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը և նկատի ունենալով (...) ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, (...) հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (...), ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայի սահմաններում` ամբաստանյալ Ա. Բաբախանյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով, որը համապատասխանում է հանցագործությունների ծանրությանը և ամբաստանյալի անձին, որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 39-40):

8. Քրեական գործի նյութերում առկա են հետևյալ փաստական տվյալները.

ա) Արմավիր քաղաքի N 6 թաղային լիազորի կողմից տրված բնութագիրն և տեղեկանքն այն մասին, որ Ալեքսան Բաբախանյանի բնութագրվում է դրական, նրա խնամքին է գտնվում նրա մայրը, որը ծեր է և հիվանդ: Ա. Բաբախանյանը մշտապես օգնում և աջակցում է իր մահացած եղբոր ընտանիքին: (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 42, հատոր 2-րդ, թերթ 8),

բ) Արմավիր քաղաքի N 5 թաղային լիազոր Ռ. Առաքելյանի կողմից տրված բնութագիրը հետևյալ բովանդակությամբ. «(...) Ալեքսան Բաբախանյանը դեռ երիտասարդ տարիներից խնամք է տանում անկողնում գամված հիվանդ մոր հանդեպ: (...) Երբևէ չենք նկատել Ալեքսանի կողմից որևէ հակահասարակական արարք: Ալեքսան Բաբախանյանը մեղմ ու անչար մարդ է, որին սիրում և հարգում են նրան ճանաչողները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 95),

գ) Ա. Բաբախանյանի ամբուլատոր բժշկական քարտը և «Արմավիր ԲԿ»-ի կողմից տրված քաղվածքն առ այն, որ Ա. Բաբախանյանն ունի որոշ հիվանդություններ, որոնց ախտորոշումն է` խոցային հիվանդություն 12-մատնյա աղու խոց, գոտկա-սրբանային ռադիկուլոպաթիա, դաստակի ֆունկցիայի մասնակի խանգարում, աջ դաստակի առաջին մատի ամպուտացիոն ծայրանդամ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 109-125, հատոր 2-րդ, թերթ 98),

դ) «Արմավիր ԲԿ»-ի կողմից տրված քաղվածքներն առ այն, որ Ա. Բաբախանյանի մոր` Ռ. Բաբախանյանի հիվանդության ախտորոշումն է` ՍԻՀ, էքստրասիստոլիկ առիթմիա, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ: Առտիֆակիա, ՏՆՍ-ի ատրոֆիա (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 104, հատոր 2-րդ, թերթ 97),

ե) Արմավիր քաղաքի N 5 թաղային լիազոր Ռ. Առաքելյանի կողմից տրված տեղեկանքն առ այն, որ «(...) Ալեքսան Արշավիրի Բաբախանյանը բնակվում է ք. Արմավիրի Մաշտոցի 62 տանը և ընտանիքը բաղկացած է հետևյալ 5 (հինգ) անձանցից. 1. Բաբախանյան Ռիմա` մայրը, 1938 թ., 2. Ավթանդիլյան Կարինա` եղբոր կինը, 1971 թ., 3. Բաբախանյան Աշոտ` եղբոր որդի, 1994 թ., 4. Բաբախանյան Ռիմա` եղբոր դուստր, 1992 թ.» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 96):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

i

9. Բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական իրավունքի խախտում, այն է` Ա. Բաբախանյանի նկատմամբ չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

i

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները, քննության առնելով Ա. Բաբախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, փաստել են, որ Ա. Բաբախանյանի նկատմամբ նշանակված պատիժը համաչափ է կատարած արարքի ծանրությանը, ամբաստանյալի անձին, և նա պետք է կրի ազատազրկման ձևով նշանակված պատիժը: Մինչդեռ ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև այն, որ Ա. Բաբախանյանը զղջացել է կատարածի համար, վատառողջ է, ընտանիքի միակ կերակրողն է, խնամքին են թոշակառու մայրն ու մահացած եղբոր ընտանիքի անդամները:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա. Բաբախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված է արդյոք Ա. Բաբախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

i

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15 և այլն):

i

13. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքներից հանցավորի անձը բնութագրող տվյալների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել թիվ ՎԲ-50/07, թիվ ԵԿԴ/0042/01/11, թիվ ՍԴ/0109/01/12, թիվ ԱՎԴ/0082/01/12, թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումներում: Մասնավորապես, Հ. Հարությունյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեա-իրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը):

Հ. Հարությունյանի գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը զարգացրել է Ս. Սարգսյանի գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) «Հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: (...)

(...) Պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (տե՛ս Սերոբ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը):

Իսկ Ս. Աղախանյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) Յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (...), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: (...) Պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:

(...) Անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա» (տե՛ս Սեյրան Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր կողմից կայացված դատավճռի ներածական մասում, ի թիվս այլ հանգամանքների, փաստելով նաև, որ Ա.Բաբախանյանը ֆիզիկապես առողջ է, խնամքին է մեկ անձ, նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրել է, որ Ա. Բաբախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, իսկ որպես Ա. Բաբախանյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դիտում այն, որ նա զղջացել է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, նրա խնամքին է վատառողջ և թոշակառու մայրը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ Ա. Բաբախանյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որի միջոցով հնարավոր կլինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը և հաշվի առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում հիմք ընդունված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, արդյունքում եզրահանգել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը համապատասխանում է հանցավոր արարքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին, և դրանով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ամբաստանյալը տառապում է` խոցային հիվանդություն` 12-մատնյա աղու խոց, գոտկա-սրբանային ռադիկուլոպաթիա, դաստակի ֆունկցիայի մասնակի խանգարում, աջ դաստակի առաջին մատի ամպուտացիոն ծայրանդամի հիվանդություններով, ինչպես նաև նրա խնամքին է ոչ միայն վատառողջ և թոշակառու մայրը, այլև նա մշտապես օգնում և աջակցում է իր մահացած եղբոր ընտանիքին, որի անդամները (3 անձ) բնակվում են ամբաստանյալի և նրա մոր հետ միասին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 12-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, իսկ վերջինիս կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս նաև Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը պատշաճ ստուգման և իրավական գնահատականի չեն արժանացրել իրենց համակցության մեջ:

Այսպես` ստորադաս դատարանները թեպետ արձանագրել են, սակայն պատշաճ գնահատման չեն ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող բարոյահոգեբանական և սոցիալ-հոգեբանական հատկանիշները, ամբաստանյալի անձի սոցիալական առանձնահատկությունները, մասնավորապես այն, որ Ա. Բաբախանյանը զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրական, նրա խնամքին է գտնվում թոշակառու և վատառողջ` անկողնում գամված մայրը (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ ստուգման չենթարկելով քրեական գործի նյութերում առկա այն տվյալը, որ ամբաստանյալը տառապում է որոշ հիվանդություններով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), իր դատավճռի ներածական մասում արձանագրել է, որ վերջինս ֆիզիկապես առողջ է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին չի անդրադարձել սույն հարցին: Ավելին` ստորադաս դատարանները որևէ գնահատականի չեն արժանացրել քրեական գործի նյութերում առկա այն տվյալը, որ Ա. Բաբախանյանի խնամքին է ոչ միայն վատառողջ և թոշակառու մայրը, այլև նա մշտապես օգնում և աջակցում է իր մահացած եղբոր ընտանիքին, որի անդամները (3 անձ) բնակվում են ամբաստանյալի և նրա մոր հետ միասին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերջին հանգամանքները անմիջականորեն վկայում են նաև ամբաստանյալի անձի սոցիալական առանձնահատկությունների մասին, ինչի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Բաբախանյանի նկատմամբ նշանակված պատիժը` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ողջամտորեն կարող է բացասական ազդեցություն ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա:

16. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև իրենց համակցության մեջ գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, այսինքն` Ա. Բաբախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից Ա. Բաբախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

i

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Ա. Բաբախանյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահերով, արձանագրում է, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներն հնարավորություն են տալիս բեկանելու և փոփոխելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու ամբաստանյալ Ա. Բաբախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով (2005 թվականի փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ալեքսան Արշավիրի Բաբախանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանել և փոփոխել:

Ալեքսան Բաբախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել Ա. Բաբախանյանի բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2016
N ԱՐԴ/0031/01/15
Որոշում