Սեղմել Esc փակելու համար:
1962 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1962 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`»ԿՐԹՈՒԹՅԱ ...

 

 

020.1323.291116

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1962 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ` ՀԱՇՏԵՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 նոյեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1962 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 1962 թվականի դեկտեմբերի 18-ին` Փարիզում:

Արձանագրությունը բաղկացած է ներածությունից և 28 հոդվածներից:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 1968 թվականի հոկտեմբերի 24-ին:

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ին:

2. Արձանագրության նպատակն է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հովանու ներքո ստեղծել Հաշտեցման և միջնորդության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որը պատասխանատու կլինի Կոնվենցիայի կողմ պետությունների միջև Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման առնչությամբ ծագող վեճերի բարեկամաբար լուծման համար (հոդված 1):

3. Հանձնաժողովը կազմվում է բարձր բարոյական հատկանիշներով և անկողմնակալությամբ օժտված 11 անդամից, որոնք կընտրվեն ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գլխավոր խորհրդաժողովի (այսուհետ` Գլխավոր խորհրդաժողով) կողմից (հոդված 2):

Հանձնաժողովի անդամներն ընտրվում են Արձանագրության կողմ պետությունների կողմից այդ նպատակով առաջադրված անձանց ցուցակից` հաշվի առնելով թեկնածուների հմտությունները և միջազգային բնույթի դատական կամ իրավական փորձը, նաև աշխարհագրական տեսանկյունից նրանց արդարացի ներկայացվածությունը (հոդվածներ 3 և 4):

4. Ըստ Արձանագրության` Հանձնաժողովի անդամներն ընտրվում են 6 տարի ժամկետով և կրկին առաջադրվելու դեպքում ունեն վերընտրվելու իրավունք (հոդված 5), իսկ հրաժարականի դեպքում Հանձնաժողովի անդամը կշարունակի պաշտոնավարել մինչև նրա իրավահաջորդն ստանձնի պարտականությունների կատարումը (հոդվածներ 6 և 7): Հանձնաժողովն ընտրում է իր նախագահին և նախագահի տեղակալին 2 տարի ժամկետով, որոնք կարող են վերընտրվել (հոդված 11, կետ 1):

5. Հանձնաժողովը կարող է պատասխանատվություն կրել Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման առնչությամբ այն պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար, որոնք Կոնվենցիայի կողմեր են, բայց Արձանագրության կողմեր չեն կամ ոչ բոլորն են կողմեր, եթե այդ պետությունները համաձայնում են վեճը ներկայացնել Հանձնաժողովին (հոդված 13):

6. Արձանագրությամբ կանոնակարգվում են Հանձնաժողովի կողմից վեճերի լուծման և հաշտեցման գործընթացը (հոդված 17), ինչպես նաև Հանձնաժողովի քննությանը ներկայացված խնդրին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք հայցելու (հոդված 18) և Հանձնաժողովի կողմից իր գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնելու և նիստեր հրավիրելու կարգերը (հոդվածներ 19 և 20):

7. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում`

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ ազգային հանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո որպես Հանձնաժողովի անդամ առաջադրել առավելագույնը 4 անձի, որոնք պետք է լինեն Արձանագրության կողմ պետությունների քաղաքացիներ (հոդված 3),

- որպես Արձանագրության 8-րդ հոդվածով նախատեսված Հանձնաժողովի ժամանակավոր անդամ ընտրող պետություն` հաշվի առնել Հանձնաժողովի անդամների համար պահանջվող հատկանիշները` հիմք ընդունելով Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունները, ինչպես նաև ապահովել, որ ընտրված ժամանակավոր անդամը լինի ՀՀ կամ Արձանագրության կողմ պետության քաղաքացի (հոդված 8, կետ 2),

- Արձանագրության 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծանուցում ստանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, բողոք ներկայացրած պետությանը տրամադրել հարցի վերաբերյալ գրավոր բացատրություն կամ հայտարարություն, որը, հնարավորության և նպատակահարմարության սահմաններում, պետք է ներառի տեղեկություններ հարցի առնչությամբ ձեռնարկված կամ նախատեսվող կամ հասանելի ընթացակարգերի ու միջոցների մասին (հոդված 12, կետ 1),

- Հանձնաժողովի դիմելու դեպքում ներկայացնել գործին վերաբերող համապատասխան տեղեկություններ (հոդված 16):

8. Արձանագրությամբ նախատեսված են նաև դրույթներ դրան միանալու (հոդված 23), կողմ պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու (հոդված 24) կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ (հոդված 26):

9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1962 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 նոյեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1323

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.11.2016
N ՍԴՈ-1323
Որոշում