Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՐԻԶՅԱՆ ...

 

 

020.1327.131216

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 դեկտեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան 28.11.2016թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Փարիզյան համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին: Համաձայնագիրը կնքվել է կայուն զարգացման և աղքատության վերացմանը միտված ջանքերի համատեքստում կլիմայի փոփոխության սպառնալիքին գլոբալ արձագանքն ամրապնդելու նպատակով: Համաձայնագիրն ուղղված է 1992 թվականի մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված` Միավորված ազգերի կազմակերպության` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) նպատակների իրականացմանը:

Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

2. Համաձայնագիրը` խթանելով Կոնվենցիայի դրույթների իրականացումը` նպատակ ունի ամրապնդելու գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին, ներառյալ գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 2 oC-ից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու համար ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.5 oC-ով` գիտակցելով, որ դա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները: Ընդ որում, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունությունն ու ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովումը պետք է իրականացվի այնպիսի եղանակով, որ չվտանգվի պարենի արտադրությունը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

(որպես ազգային մակարդակում սահմանված` կլիմայի փոփոխությանը գլոբալ արձագանքման գործողություններ` նախաձեռնել և գործադրել Համաձայնագրով սահմանված հավակնոտ ջանքերը` նպատակ ունենալով իրագործելու Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված նպատակը,

(յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ ներկայացնել ազգային մակարդակում սահմանված գործողությունները,

(ըստ ազգային մակարդակում սահմանված ՀՀ գործողությունների` մարդածին արտանետումների և կլանիչների հաշվառման ժամանակ ապահովել շրջակա միջավայրի ամբողջականությունը, գործողությունների թափանցիկությունը, ճշգրտությունը, ավարտվածությունը, համեմատելիությունն ու հետևողականությունը և կրկնակի հաշվառումից խուսափումը,

(ներկայացնել ջերմոցային գազերի ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն, որը հաշվի է առնում կողմերի ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո,

(ըստ անհրաժեշտության` միջոցներ ձեռնարկել ջերմոցային գազերի կլանիչներն ու կուտակիչները, ներառյալ` անտառները, պահպանելու և ընդլայնելու համար,

(համագործակցության և օժանդակության սկզբունքների հիման վրա ամրապնդել կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների հետ կապված կորուստների ու վնասների վերաբերյալ փոխըմբռնումը, գործողություններն ու աջակցությունը,

(հաշվի առնելով տեխնոլոգիաների կարևորությունը Համաձայնագրի շրջանակում հետևանքների մեղմացման ու հարմարվողականության գործողությունների իրականացման համար և ընդունելով տեխնոլոգիաների ներդրման ու տարածման առկա ջանքերը` ամրապնդել տեխնոլոգիաների մշակման և փոխանցման շուրջ համագործակցությունը,

(ըստ նպատակահարմարության` միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթությունը, ուսուցումը, հանրությանն իրազեկումը, հանրության մասնակցությունը և հանրության համար տեղեկությունների հասանելիությունը բարելավելու նպատակով,

(կանոնավոր կերպով տրամադրել Համաձայնագրի 13-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ տրամադրել նաև Համաձայնագրի 7-րդ հոդվածի ներքո կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականության վերաբերյալ:

4. Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 դեկտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1327

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.12.2016
N ՍԴՈ-1327
Որոշում