Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ...

 

 

020.1330.131216

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԿԱՐԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 դեկտեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ Ա.Սուքիասյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Կարինե Ամիրբեկյանի դիմումի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կ. Ամիրբեկյանի` 2016 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունիսի 3-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենքի` «Կատարողական թերթ տալը» վերտառությամբ 18-րդ հոդվածը` գործող խմբագրությամբ, սահմանում է.

«1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:

4. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար»:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 4-ին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 2004 թվականի փետրվարի 25-ին ստորագրված և 2004 թվականի մարտի 11-ին ուժի մեջ մտած` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով օրենքի վիճարկվող 18-րդ հոդվածը լրացվել է 3-4-րդ մասերով:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված և 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-279-Ն ՀՀ օրենքով օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «ընդունած» բառից հետո լրացվել է «առաջին ատյանի» բառերով:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:

2016 թվականի մայիսի 23-ին Կ. Ամիրբեկյանը, ներկայացուցչի միջոցով, դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ԼԴ/1360/02/14 քաղաքացիական գործով նույն դատարանի կողմից իր վերաբերյալ 2015 թվականի հունիսի 25-ին կայացված վճռի` օրինական ուժի մեջ թողնված 3.3 կետի մասով իրեն կատարողական թերթ տալու համար: Դատարանը 2016 թվականի մայիսի 26-ի որոշմամբ դիմումը մերժել է` նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Այդ որոշման դեմ նույն օրը դիմողի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք է բերվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2016 թվականի հունիսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ: Վերաքննիչ դատարանն իր որոշման եզրափակիչ մասում նշել է, որ այն կարող է երկշաբաթյա ժամկետում բողոքարկվել վճռաբեկության կարգով, սակայն այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերվել:

3. Դիմողը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքին այնքանով, որքանով սահմանելով դատարանի կողմից կատարողական թերթ տալու կարգավորումները` չի նախատեսում կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն:

Դիմողի կարծիքով` կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իսկ ընդհանուր կանոնի համաձայն` դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են վերանայման վերաքննության կարգով:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող հոդվածը, չսահմանելով կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու ընթացակարգ, սահմանափակել է իր դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը` «...հնարավորություն չտալով իրացնել դատարանի` գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը բողոքարկելու սահմանադրական իրավունքը` դրանով անձին զրկելով դատարանի ոչ արդարացի դատական ակտը բողոքարկելու իրավունքից և ստորադաս դատարանի հնարավոր ոչ արդարացի դատական ակտով իր խախտված կամ սահմանափակված իրավունքի վերականգնման հնարավորությունից»:

Դիմողը կարծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա է իրավական բաց, քանի որ այն կատարողական թերթ տրամադրելու կամ կատարողական թերթ տրամադրելը մերժելու վերաբերյալ կարգավորումներ չի սահմանում, իսկ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետը և 5-րդ մասի 4-րդ կետը ևս չեն սահմանում այնպիսի իրավադրույթներ, որոնք դատարանին իրավունք վերապահեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթի տրամադրումը մերժել:

4. Պատասխանողը, վերլուծելով կատարողական թերթի նշանակությունը բացահայտող օրենսդրական կանոնակարգումները, եզրահանգել է, որ կատարողական թերթը հարկադիր ծառայության կատարման համար հանդիսանում է պաշտոնական ծանուցում առ այն, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է, իսկ պարտապանը կամովին չի կատարում դատական ակտի պահանջները: Հետևաբար, կատարողական թերթ տալը տեխնիկական գործընթաց է, իսկ կողմերի միջև իրավական վեճն արդեն իսկ լուծված է լինում դատական ակտով: Այդ իսկ պատճառով օրենսդիրը չի սահմանել կատարողական թերթի մերժման հիմքեր և ընթացակարգ. դատարանը յուրաքանչյուր դեպքում պարզելով դատական ակտի օրինական ուժի մեջ լինելու հանգամանքը` իրավունքի ուժով պարտավոր է տալ կատարողական թերթ: Պատասխանողն արձանագրում է, որ դատարանի նման տեխնիկական բնույթի պարտականությունները, որպես կանոն, ենթակա չեն բողոքարկման: Եթե նույնիսկ դատարանը կամայականորեն չտրամադրի կատարողական թերթ` անձը զրկված չէ կրկին անգամ դատարան դիմելու հնարավորությունից, դատարանի հնարավոր կամայականության դեպքում կարող է կատարողական թերթ ստանալ նաև նոտարին դիմելու միջոցով, որպիսի հնարավորությունը ՀՀ քաղաքացիներին ընձեռվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016թ. հոկտեմբերի 19-ի ՀՕ-180-Ն օրենքով:

Պատասխանողի կարծիքով` դիմողի պնդումն իր սահմանադրական իրավունքի խախտման վերաբերյալ` հիմնազուրկ է, քանի որ այս պարագայում խոսք չի կարող գնալ դատարանի որոշման արդարացի կամ ոչ արդարացի լինելու մասին, քանզի դատարանը միայն ստուգում է ակտի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը` առանց ապացույցների հետազոտման, իսկ քաղաքացին դատական ակտի օրինական ուժի մեջ մտած լինելու մասին պաշտոնական փաստաթուղթ կարող է ստանալ նաև այլ մարմնից` նոտարից:

Պատասխանողի համոզմամբ` դիմողը, ձևականորեն վիճարկելով սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Պատասխանողը պնդում է, որ վիճարկվող իրավադրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և միջնորդում է կարճել գործի վարույթը:

5. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կարող է դիտարկվել որպես անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում, քանի որ դիմողին զրկում է իր խախտված իրավունքների վերականգնման, իրեն հասանելիք դրամական միջոցներն ստանալու հնարավորությունից, որոնք ստանալու համար նա իրավաչափ ակնկալիքներ է ունեցել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը որպես հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմք սահմանում է` կատարողական թերթը և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը, ի թիվս այլնի, նախատեսում է կատարողական թերթի տրամադրումը դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա: ՀՀ օրենսդրությամբ կատարողական թերթի տրամադրումը մերժելու որևէ հիմք նախատեսված չէ, և կատարողական թերթ ստանալու պահանջատիրոջ իրավունքը կապված է բացառապես դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքի հետ, ինչը նշանակում է, որ նրա դիմումի հիման վրա կատարողական թերթի տրամադրումը դատարանի հայեցողական լիազորություն չէ, և նշված ժամկետից հետո` այսինքն, դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանն իրավունքի ուժով պարտավոր է պահանջատիրոջը կատարողական թերթ տրամադրել:

Այսպիսով, կատարողական վարույթ հարուցելու կամ հարկադիր կատարման ընթացակարգ սկսելու և համապատասխան հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը հանդիսանում է կատարողական թերթը: Հարկադիր կատարողն օրենքով սահմանված հարկադիր կատարման միջոցները կարող է կիրառել բացառապես կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո:

Հետևաբար, քանի դեռ քաղաքացուն կատարողական թերթ չի տրամադրվել` հարկադիր կատարման փուլն սկսված համարվել չի կարող, և դրան առնչվող խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե հարկադիր կատարման, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական պրակտիկան պետք է առաջնորդվի սույն կետում արտահայտված իրավական դիրքորոշումներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) ցանկացած դատարանի վճռի կամ դատավճռի կատարումը դիտում է որպես 6-րդ հոդվածով երաշխավորված դատաքննության անբաժանելի մաս (Burdov v. Russia, application no. 59498/00, 07/05/2002).

ՄԻԵԴ-ն անդրադառնալով դատական ակտերի կատարման հարցին` գտել է, որ «ցանկացած դատարանի կայացրած վճռի կատարումը պետք է 6-րդ հոդվածի իմաստով դիտվի որպես «դատական քննության» անբաժանելի մաս»: Եթե դատական ակտը մնում է թղթի վրա, ապա խախտվում է արդար դատաքննության իրավունքը (Hornsby v. Greece, application no. 18357/91, ECHR 1997, «40):

6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ինչպես կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշման, այնպես էլ քաղաքացիական դատավարության շրջանակներում վճռի հարկադիր կատարման հարցերին առնչվող` առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն: Միևնույն ժամանակ հարկ է նաև նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում բացակայում է կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու որոշման բողոքարկումն արգելող նորմ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 140.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

2. Ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում»:

Օրենսգրքի հիշյալ հոդվածից բխում է, որ օրենսդիրը քաղաքացիական դատավարության շրջանակներում նախատեսել է առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, իսկ միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է անմիջական բողոքարկման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչը չի բացառում միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկումը:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ (ՍԴՈ-719, ՍԴՈ-936, ՍԴՈ-922, ՍԴՈ-1037): Մասնավորապես, ՍԴՈ-1037 որոշմամբ դատարանն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից»:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել դիմողի /հայցվորի/ քաղաքացիաիրավական պահանջը: Եթե կատարողական թերթը պահանջվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի բավարարված մասով, իսկ այն կազմում է այդ դատական ակտի օրգանական մասը, հետևաբար` այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին:

7. ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դիմողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի սահմանադրականության հարցը բարձրացնում է միայն այնքանով, որքանով հիշյալ հոդվածով ամրագրված իրավակարգավորումները չեն նախատեսում կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն, և չի բարձրացնում վիճարկվող հոդվածով ամրագրված իրավակարգավորումների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ այլ հարցեր:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է այն մասին, որ որոշակի ակտերի առանձին տեսակների բողոքարկմանն առնչվող իրավակարգավորումներ առկա են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում: Այսպես, օրինակ, ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` բողոքարկման ենթակա են դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակի և կարգի փոփոխման որոշումները /22-րդ հոդված/, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնման վերաբերյալ որոշումը /24-րդ հոդված/, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծելու վերաբերյալ որոշումը /27-րդ հոդված/, կատարողական թերթի պարզաբանման որոշումը /35-րդ հոդված/: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` բողոքարկման ենթակա հիշյալ որոշումները դատական ակտի հարկադիր կատարման հարցն ըստ էության չեն լուծում և վերաբերելի են արդեն տրված կատարողական թերթի առկայության պայմաններում կատարողական վարույթի կազմակերպման միջանկյալ հարցերին:

8. Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009 թվականի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև»:

Քննության առարկա դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ թիվ ԼԴ/1360/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորումներին հղում է կատարվել միայն ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին 26.05.2016 թվականի որոշման մեջ, մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 21.06.2016 թվականի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված իրավակարգավորումը, այն է` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի` կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշման «...բողոքարկման ենթակա լինելու մասին որևէ նորմ նախատեսված չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում, այլ օրենքներով և/կամ/ այլ իրավական ակտերով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` «Կատարողական թերթ տալը» վերտառությամբ 18-րդ հոդվածով ամրագրված դրույթներից հետևում է, որ հիշյալ հոդվածի կարգավորման առարկան կատարողական թերթ տալու հետ կապված հարցերն են, և այդ հոդվածի խնդիրը չէ կարգավորել կատարողական թերթ տրամադրելու դիմումը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հետ կապված հարաբերությունները:

ԼԴ/1360/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` դիմողի նկատմամբ կիրառման և դիմողի համար առաջացած բացասական հետևանքների, այն է` վերաքննության կարգով կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորության բացակայության միջև առկա չէ անմիջական պատճառահետևանքային կապ:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դիմողը չի դիմել վճռաբեկ դատարան և չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Վերջին հոդվածի 6-րդ կետին համապատասխան այդպիսի հիմքերից են նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Կարինե Ամիրբեկյանի դիմումի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 դեկտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1330

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.12.2016
N ՍԴՈ-1330
Որոշում