Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 53

 

36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. դեկտեմբերի 29-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ-2016

 

1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգը (Հայեցակարգ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի:

2. Հայեցակարգում համառոտ կերպով մատնանշվում են հայեցակարգի նպատակը, ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը, զարգացման ընթացքը և որոշ կանխատեսումային արդյունքներ:

3. Վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որի ճյուղն է հանդիսանում հիդրոէներգետիկան, ՀՀ կառավարության գերակայություններից է: Հայաստանի Հանրապետությունում հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, այդ թվում հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցումը և թիրախային այլ ցուցանիշները ամրագրվել են ՀՀ մի շարք իրավական ակտերում: Այդ իսկ պատճառով Հայեցակարգում ներկայացված են ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը:

4. Հիդրոէներգետիկայի զարգացման տեսլականը Հայեցակարգում ներկայացված է նաև Էլեկտրաէներգետիկ համակարգում (ԷԷՀ) կարգավորման առանձնահատկությունների համատեքստում:

5. Սահմանված են հիդրոէներգետիկայի հետագա զարգացման առավելություններն` հիդրոէներգետիկ պաշարները, արդեն գոյություն ունեցող հզորությունները, թիրախային ծրագրերը և ոլորտում առկա կարգավորումները:

 

2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

6. Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) գործնականում բացակայում են հանածո ածխաջրածիններ: Ներկայումս ՀՀ-ում էլեկտրական էներգիան արտադրվում է հիմնականում ատոմային, ջերմային և հիդրոէլեկտրակայանների կողմից: Էներգետիկ անվտանգության տեսանկյունից վերոհիշյալ տարբերակված համակարգային կառուցվածքը համարվում է բավականին կայուն և հավասարակշռված: Այնուամենայնիվ, այս կայունությունը երաշխավորված չէ միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածների համար: Քննարկվող զարգացման սցենարները պետք է հնարավորինս հաշվի առնեն երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ռիսկերը և նախատեսեն գործողություններ` ուղղված այդ ռիսկերի նվազեցմանը:

7. ՀՀ կառավարության նպատակներից է էներգակիրների մատակարարման ուղիների և արտադրության դիվերսիֆիկացիայի միջոցով ապահովել ՀՀ էներգետիկ անվտանգությունը, նաև տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործմամբ: Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (ԷԲՊՆ) մշակում է էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ապահովման քաղաքականությունն ու ռազմավարությունը:

8. Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանը:

9. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պահանջարկի կանոնավոր և որակով ապահովման համար անհրաժեշտ է առավելագույնս և արդյունավետ օգտագործել հիդրոէներգետիկ պաշարները: Ոլորտում առկա աշխատանքները ներառում են` մասնավոր փոքր ՀԷԿ-երի շարունակական զարգացումը, առկա խոշոր ՀԷԿ-երի վերազինումը և միջին հզորության ՀԷԿ-երի կառուցումը:

 

3. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

10. Հիդրոէներգետիկայի զարգացման համար Հայաստանի Հանրապետությունում ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որտեղ ամրագրվել է ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը, նախանշվել են ռազմավարական ծրագրերը և նորմավորվել է կարգավորող դաշտը:

11. Ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերն են.

- «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;

- «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;

- ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» N ՆԿ-182-Ն կարգադրությունը,

- ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 1296-Ն որոշումը;

- ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումը ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր ժամանակացույցը հաստատելու մասին» N 836-Ն որոշումը;

- ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի նիստի N 24 արձանագրության թիվ 1 կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը;

- ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի նիստի N 2 արձանագրության թիվ 9 կետով հավանության արժանացած «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը;

- ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի նիստի N 35 արձանագրության թիվ 12 կետով հավանության արժանացած «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում:

- ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի նիստի N 54 արձանագրության թիվ 13 կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:

 

4. ԽՆԴԻՐՆԵՐ, ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

12. Ստորև բերվում են հիդրոէներգետիկայի զարգացման հայտնաբերված խնդիրները, առաջարկվող լուծումները կամ զարգացման ընթացքը և որոշ կանխատեսումային արդյունքները (նպատակները):

ՀԷԿ-երում սարքավորումների ոչ բարվոք վիճակը.

13. Երկու գոյություն ունեցող «Սևան-Հրազդան» և «Որոտան» ՀԷԿ-երի խոշոր համալիրների սարքավորումները երկար տարիների շահագործման արդյունքում ֆիզիկապես և բարոյապես մաշվել են: Դրանք ՀՀ-ում սահմանված կարգով պետք է վերականգնվեն ու վերազինվեն: «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրի զարգացման ներդրումային ծրագիրը արդեն հավանության է արժանացել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Իսկ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի նոր սեփականատերը պարտավորություն է ստանձնել վերազինել այն:

14. Հայաստանի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումները` հիդրոտուրբինա, գեներատոր, տրանսֆորմատոր և/կամ դրանց կառավարման համակարգերը, ներառյալ ավտոմատ կառավարման համակարգերը (այսուհետ` սարքավորումներ) հիմնականում ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրոպական Միության երկրներից` որոնց կիրառման համար ՀՀ-ում չկան ազգային ստանդարտներ և տեխնիկական պահանջներ: ՓՀԷԿ-երի զգալի մասը տեղադրում է չարտոնագրված, համեմատաբար էժան սարքավորումներ, այդ թվում հայրենական արտադրության: Վերոգրյալը հանգեցնում է Հանրապետության հիդրոէներգետիկ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը: ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայումս գտնվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգման դաշտում և քննարկվում է անդամ պետությունների հետ: 2015 թվականին ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է ԵԱՏՄ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարել լրացումներ և փոփոխություններ: Առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ: Ակնկալվում է, որ Տեխնիկական կանոնակարգի ընդունմամբ հնարավոր է միջնաժամկետ հեռանկարում հասնել ՓՀԷԿ-երի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացմանը ընդհանրապես: Մասնավորապես, զգալիորեն կբարձրանա ՀՀ էներգետիկ համակարգի կայունությունը և անվտանգությունը, ինչպես նաև հայրենական սարքավորումներ արտադրողների իրազեկվածության մակարդակը` հետագա արտահանման հնարավորությամբ, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի կայուն և որակյալ էլեկտրական էներգիա, շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ: ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների վերաբերյալ կիրառելի ստանդարտների և տեխնիկական պահանջների սահմանումը կբերի նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում ջրային ռեսուրսների օգտագործման և էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետության զգալի բարձրացման: Անհրաժեշտ է նաև գործող ՓՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի կետերում տեղադրել ջրաչափման առցանց ավտոմատ կառավարման համակարգ/եր` մասնավոր ներդրումների, միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

15. Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ռազմավարական մի շարք փաստաթղթերով պայմանավորված միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում հիդրոէներգետիկ հզորությունների ներառման կանխատեսումային արդյունքները (հիդրոակումուլիացիոն կայանի (ՀԱԿ) ներուժի ներառումը կդիտարկվի էլեկտրաէներգետիկ համակարգի հզորությունների ներառման ընդհանուր պլանում):

 

Հզորությունների ներառման պլան, ՄՎտ

._____________________________________________________________________.

|Էլեկտրակայան         |2015 |2018 |2021 |2023 |2027 |2030 |2033 |2037 |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|«Լոռիբերդ» ՀԷԿ       |     |     |     |66   |66   |66   |66   |66   |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|«Մեղրի» ՀԷԿ          |     |     |     |     |     |     |     |130  |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|«Շնող» ՀԷԿ           |     |     |     |75   |75   |75   |75   |75   |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՓՀԷԿ-եր              |311  |361  |400  |400  |400  |400  |400  |400  |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|«Սևան-Հրազդան»  ՀԷԿՀ |560  |560  |560  |560  |560  |560  |560  |560  |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|«Որոտան» ՀԷԿՀ        |404  |404  |404  |404  |404  |404  |404  |404  |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը             |1275 |1325 |1364 |1505 |1505 |1505 |1505 |1635 |

._____________________________________________________________________.

 

16. Հաշվի առնելով մոտ տարիներին հին և ոչ արդյունավետ ջերմային բլոկերի շահագործումից դուրս բերումը (մինչև 2018 թ.) և ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման միջպետական համաձայնագրի շրջանակներում պարտավորությունները` էլեկտրաէներգետիկ համակարգը ներքին պահանջարկից գրեթե երկու անգամ ավելի մեծ, նոր արտադրող հզորությունների կարիք կունենա: Այս պարտավորություններին պետք է անդրադառնալ վերանայման նպատակով` հաշվի առնելով վերջին տարիների տնտեսական զարգացումները և տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման ծրագրերի իրականացման ժամկետները, սակայն սա պետք է անել զարգացման արդեն ձևավորված հստակ տեսլականի շրջանակներում: Այնուամենայնիվ, բոլոր քննարկվող ուղիներում ՀԷԿ-երի կառուցումը համարվում են նվազագույն ծախսերով իրականացվող ծրագրեր:

17. Նվազագույն ծախսերով վերոհիշյալ ծրագրերի իրականացումը ապահովելու համար և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ է «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման ծրագրերի վերաբերյալ չկան նշանակալից զարգացումներ, ինչպես նաև ներդրումային դաշտը ավելի գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտ է կիրառել պետություն-մասնավոր համագործակցության տարբերակները և ներդրողների ռիսկերը նվազեցնելու նպատակով օրենսդրորեն ամրագրել որոշակի երաշխիքներ, մասնավորապես արտադրվող էլեկտրական էներգիայի իրացման երաշխիքային ժամկետի սահմանում (որպես նախադեպ հնարավոր է ընդունել փոքր ՀԷԿ-երի համար սահմանված երաշխիքը), հողօգտագործման իրավունքի ապահովում և այլն: ՀՀ կառավարությունը «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցումը դիտարկում է միայն օրվա կարգավորման ջրամբարների առկայությամբ, իսկ դերիվացիայի համար ընտրում է թունելի տարբերակը: Այդ որոշումների համար հաշվի են առնվել բնապահպանական, ֆինանսատնտեսական և համակարգում էլեկտրական էներգիայի մատակարարման ռեժիմային առանձնահատկությունները:

18. Կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիության հետ կապված խնդիրները դիտարկվում և համադրվում են ՀՀ կառավարության կողմից հաստատվող ջրավազանային կառավարման պլանների շրջանակներում:

 

Հիդրոէներգետիկայի զարգացումը էլեկտրաէներգետիկ համակարգում (ԷԷՀ) կարգավարման առանձնահատկությունների համատեքստում.

19. Հանրապետությունում անցած տասնամյակների ընթացքում իրականացվել էին ՀԱԿ-ին նվիրված որոշակի ուսումնասիրություններ: Մասնավորապես, դիտարկվել էին տարբեր դրվածքային հզորություններով ՀԱԿ-երի տեղակայման մոտ մեկ տասնյակ հնարավոր հարթակներ: Սակայն, բոլոր այդ ուսումնասիրությունների որոշ դրույթներ այլևս արդիական չէին, իսկ ոմանք հիմնված էին հնացած տեխնիկատնտեսական ելակետային տվյալների վրա: Բացի այդ, 2001 թվականից սկսված ամբողջությամբ փոփոխվել էր համակարգի սակագնային և կարգավորման քաղաքականությունը, ի հայտ էին եկել նոր` նախկինում նախադեպը չունեցող խնդիրներ` թե արտադրության և սպառման ոլորտներում, թե էլեկտրական էներգիայի տարածաշրջանային փոխհոսքերի առումով:

20. 2009 թվականին ԷԲՊՆ-ի նախաձեռնությամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ, «Էնտեխ» ՍՊԸ և «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ համագործակցության շրջանակներում պատրաստվել է «Հայաստանի և տարածաշրջանի շուկաների համար պիկային հզորությունների արտադրության, հիդրոներուժի գնահատման համատեքստում ՀԱԿ-ի առկայության անհրաժեշտության հիմնավորում և աշխատանքային ռեժիմների ուսումնասիրում» հաշվետվությունը:

21. Վերոհիշյալ աշխատանքների շրջանակներում համալիր կերպով գնահատվել են Հանրապետությունում ՀԱԿ-ի կառուցման անհրաժեշտությունը, ելնելով Հանրապետության և տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի և էներգետիկական համակարգերի զարգացման միտումներից:

22. Մասնավորապես կատարվել են հետևյալ ուսումնասիրությունները.

1) Հայաստանում ՀԱԿ-ի տեղակայման անհրաժեշտության որոշակիացում, դրա հիմնական հարաչափերի որոշում (դրվածքային հզորություն, աշխատանքային պոմպային և գեներատորային ռեժիմներ);

2) ՀՀ էլեկտրական կայանների և ամբողջական ԷԷՀ-ի աշխատանքային ռեժիմների արդյունավետության վրա ՀԱԿ-ի ազդեցության վերլուծություն;

3) ՀԱԿ-ի առկայությամբ պայմանավորված սակագնային խնդիրների դիտարկում:

23. Այնուհետև կատարվել են հետևյալ եզրակացությունները.

24. Վերջին տասնամյակի զարգացումների հետևանքով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ոլորտը ապրել է էական զարգացում: Շոշափելիորեն փոխվել և էականորեն փոխվելու են սպառման և արտադրության ռեժիմային բնույթները, աճել է, և շարունակում է աճել էլեկտրական էներգիայի տարածաշրջանային փոխհոսքը: Այս հանգամանքներում հատկապես կարևոր են դառնում Հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի բավարար ճկունության, առավելագույն ու նվազագույն բեռի հուսալի և արդյունավետ ծածկման ապահովման խնդիրները: Հաշվի առնելով առկա էլեկտրական էներգիայի տարածաշրջանային փոխհոսքերի, սպառման զգալի ավելացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և այլ միտումները` կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում հզորությունների անհրաժեշտ կարգավարման տիրույթը կգերազանցի ներկայումս առկա հնարավորությունները: ՈՒստի, միջնաժամկետ հեռանկարում Հանրապետությունում պիկային արտադրող լրացուցիչ այնպիսի հզորությունների անհրաժեշտություն կառաջանա, որոնք կունենան կարգավարման համար անհրաժեշտ առանձնահատկություններ:

25. Այս առումով իր դերակատարումը կարող է ունենալ հիդրոռեսուրս օգտագործող ՀԱԿ-ի առկայությունը: ՀԱԿ-ի առկայության պայմաններում նոր ԱԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի բեռնումը ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի բնական գազի պահանջարկի լիովին բավարարումը Իրանից ներմուծվող բնական գազի հաշվին և առաջացնում է իրանական գազի ավելցուկ, որը կարող է օգտագործվել այլ ոլորտներում` գազի պահանջարկի բավարարման համար: ՀԱԿ-ի առկայությունը կարող է զգալի նպաստել Հայաստանի էներգահամակարգի ստատիկ և դինամիկ կայունության ապահովմանը վթարային ռեժիմներում, ինչպես նաև նվազագույն բացասական ազդեցությամբ կարգավորել էլեկտրաէներգետիկ համակարգում ռեժիմային առանձնահատկությունները` վերականգնվող էներգետիկայի սրընթաց զարգացման պարագայում, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ, օրինակ` միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի խափանման դեպքում, ՀԱԿ-ի դերը և նշանակությունը լինելու է բացառիկ:

26. Հաշվարկվել է ՀԱԿ-ի հաշվարկային հզորությունը, որը պոմպային (հզորության սպառման) ռեժիմում կազմում է 200 ՄՎտ և տուրբինային (հզորության արտադրության) ռեժիմում` 150 ՄՎտ:

27. ՀԱԿ-ի կառուցվածքների տեղադրման սխեմայի ընտրության և հիմնական ցուցանիշների որոշման ժամանակ հաշվի են առնվել տեղանքի տեղագրական և երկրաբանական պայմանների նպատակահարմարությունը և ներքին ջրավազանի առկայությունը` ժամանակակից շրջադարձային ագրեգատների մոնտաժման համատեքստում:

28. Խորհրդատուների կողմից առաջարկվել են հետևյալ երեք տարբերակները.

 

._____________________________________________________________________.

|                            |      |Աղբյուրակ ՀԱԿ|Տոլորս ՀԱԿ|Շամբ ՀԱԿ|

|____________________________|______|_____________|__________|________|

|Ստատիկ ճնշում               |  մ   |    355,0    |   383,5  | 416,6  |

|____________________________|______|_____________|__________|________|

|Հաշվարկային ճնշում`         |      |             |          |        |

|- տուրբինային ռեժիմում      |  մ   |    334,2    |   374,5  | 406,5  |

|- պոմպային ռեժիմում         |  մ   |    369,5    |   390,5  | 426,5  |

|____________________________|______|_____________|__________|________|

|Հաշվարկային ելք`            |      |             |          |        |

|- տուրբինային ռեժիմում      |մ3/վրկ|     54,0    |   48,0   |  40,0  |

|- պոմպային ռեժիմում         |մ3/վրկ|     45,0    |   43,0   |  45,0  |

|____________________________|______|_____________|__________|________|

|Հաշվարկային հզորություն`    |      |             |          |        |

|- տուրբինային ռեժիմում      | ՄՎտ  |    150,0    |   150,0  | 150,0  |

|- պոմպային ռեժիմում         | ՄՎտ  |    200,0    |   200,0  | 200,0  |

._____________________________________________________________________.

 

5. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի հետագա զարգացման համար առավելություններն են` հիդրոէներգետիկ պաշարները, արդեն գոյություն ունեցող հզորությունները, թիրախային ծրագրերը և ոլորտում առկա կարգավորումները:

Գնահատված պոտենցիալը

30. ՀՀ-ում առկա հոսող ջրային ռեսուրսների զգալի մասը ձևավորվում են Արաքս, Դեբեդ, Աղստև, Քասախ, Ախուրյան, Որոտան, Հրազդան, Արփա, Սևանա լիճ լցվող գետերի և ևս մոտ 9.5 հազար միջին և փոքր գետերի և գետակների հիմքի վրա: Մեր երկրի լեռնային արագահոս գետերը բնութագրվում են սեզոնային խիստ փոփոխականությամբ և հիմնականում ջրառատ չեն: Հայաստանի պոտենցիալ հիդրոռեսուրսները գնահատվում են մոտ 21,8 մլրդ.կվտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության համարժեքով, այդ թվում խոշոր և միջին գետեր` 18,6 մլրդ.կվտժ և փոքր գետեր` 3,2 մլրդ.կվտժ: Կատարված ու ուսումնասիրությունների համաձայն հիդրոէներգետիկայի զարգացման համար տեխնիկապես հասանելի և տնտեսապես հիմնավորված հիդրոէներգետիկ տարեկան ներուժը գնահատվել է 6.5 մլրդ. կվտժ (հաշվի առնված չի հիդրոակումուլիացիոն կայանի (ՀԱԿ) ներուժը):

31. Տեխնիկապես հասանելի և տնտեսապես հիմնավորված ամբողջ հիդրոէներգետիկ ներուժի իրացումը հնարավոր է ապահովել օգտագործելով երկու գոյություն ունեցող «Սևան-Հրազդան» ու «Որոտան» ՀԷԿ-երի խոշոր համալիրները, կառուցելով երեք նոր միջին հզորության ՀԷԿ-եր և յուրացնել փոքր ՀԷԿ-երի ամբողջ ներուժը:

 

Գոյություն ունեցող հզորությունները, թիրախային ծրագրերը

Հայաստանի խոշոր ՀԷԿ-երը.

32. Ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից առավել օգտագործվում են հիդրոպաշարները:

33. 2016 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանի ՀԷԿ-երի ընդհանուր տեղակայված հզորությունը կազմել է մոտ 1275 ՄՎտ:

34. Հայաստանում գործող հիմնական ՀԷԿ-երը`

«Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրը. «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրի կազմի մեջ են մտնում յոթ ՀԷԿ-եր` Սևանի (34 ՄՎտ), Հրազդանի (81 ՄՎտ), Արգելի (224 ՄՎտ), Արզնիի (70 ՄՎտ), Քանաքեռի (100 ՄՎտ), Երևան-1-ի (44 ՄՎտ) և Երևան-3-ի (5 ՄՎտ) ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է շուրջ 560 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը` 2.32 մլրդ.կվտժ, իսկ 2003-2015թթ. միջին փաստացի արտադրանքը` 0,5 մլրդ.կվտժ: ՀԷԿ-երը գտնվում են Հրազդան գետի վրա և ներկայումս օգտագործում են Սևանից հոսող ոռոգման և Հրազդան գետի վտակների ջրերը: «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրի ռեժիմները հիմնականում պարտադրված են, և արտադրության հիմնական մասնաբաժինն ընկնում է ոռոգման սեզոնին:

«Որոտան» ՀԷԿ-երի համալիրը. «Որոտան» հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է 3 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում և օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: Հիդրոէլեկտրակայանների համալիրը կազմված է` Սպանդարյան (76 ՄՎտ), Շամբ (171 ՄՎտ) և Տաթև (157 ՄՎտ) ՀԷԿ-րից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է շուրջ 404 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը` 1.16 մլրդ. կվտժ, իսկ 2003-2015թթ. միջին փաստացի արտադրանքը` 1,1 մլրդ.կվտժ:

Հայաստանի փոքր ՀԷԿ-երը.

35. Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:

36. Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ: ՓՀԷԿ-եր են համարվում մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանները:

37. ՀՀ-ում ՓՀԷԿ-երի զարգացման համար ՀՀ կառավարությունը տարբեր տարիներին ընդունել է թիրախային համապատասխան ցուցանիշներ: ՀՀ կառավարության 2009 թվական. հունվարի 22-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմային» հավանություն տալու մասին թիվ 3 արձանագրային որոշման կետ 3-ի համաձայն նախատեսվել է կառուցել 126 փոքր ՀԷԿ մոտ 147 ՄՎտ նախագծային գումարային դրվածքային հզորությամբ, տարեկան արտադրանքը` 540 մլն.կվտժ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՓՀԷԿ-երի զարգացման սխեմայում» ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ-երը կարող են կառուցվել, նաև բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքերի համար սահմանվող ավելի խիստ պահանջները ու տարիների ընթացքում ջրերի հոսքածավալների բնական նվազումները, ինչպես նաև այլ հանգամանքները, առավել իրատեսական է դիտվում ՓՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորության ընդհանուր ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ, իսկ տարեկան արտադրանքը գնահատել` շուրջ 1,0 մլրդ. կվտժ:

38. 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 173 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 312 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի գնահատված միջին տարեկան օգտակար առաքումը` 830 մլն.կվտժ: 2015 թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է շուրջ 837 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7798 մլն.կՎտժ) մոտ 11% է:

39. Ըստ տրամադրված լիցենզիաների 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 47 ՓՀԷԿ, նախագծային մոտ 94 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ և 320 մլն.կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:

40. Այսպիսով, կառուցման փուլում գտնվող ՓՀԷԿ-երը նախանշված ցուցանիշներով շահագործման հանձնելուց հետո, ՓՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կհասնի մոտ 401 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը` շուրջ 1,2 մլրդ. կվտժ:

41. Վերջին տարիներին ընդունվել է ՓՀԷԿ-երից գնվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման նոր մեթոդիկա և դյուրացվել է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման գործընթացը:

 

Նոր միջին հզորության ՀԷԿ-երը.

42. Ներկայումս էներգետիկ նպատակներով խոշոր գետերից մնում են չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով և Արաքս գետը:

 

Նախատեսվում է կառուցել`

._____________________________________________________________________.

|ՀԷԿ                           |Ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն    |

|______________________________|______________________________________|

|Արաքս գետի վրա`               |2010 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ       |

|«Մեղրի» ՀԷԿ-ը (մոտ 130 ՄՎտ    |կառավարությունը պայմանագիր ստորագրեց  |

|հզորությամբ և  շուրջ          |իրանական համապատասխան ընկերության հետ`|

|800 մլն. կվտժ էլ.էներգիայի    |Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը         |

|տարեկան արտադրությամբ):       |«կառուցում-տնօրինում-շահագործում      |

|                              |-փոխանցում» հիմունքներով իրականացնելու|

|                              |վերաբերյալ: Սակայն պայմանագրի ժամկետը |

|                              |լրացել է, իսկ բուն շինարարությունը    |

|                              |չի սկսվել:                            |

|______________________________|______________________________________|

|Դեբետ գետի վրա`               |Շնող ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է   |

|«Շնող» ՀԷԿ-ը (մոտ 75 ՄՎտ      |իրականացնել մասնավոր ֆինանսական       |

|հզորությամբ և  300 մլն. կվտժ  |միջոցներ ներգրավելու տարբերակով`      |

|էլ.էներգիայի տարեկան          |թողարկումը 2023 թ.:                   |

|արտադրությամբ):               |                                      |

|______________________________|______________________________________|

|Ձորագետ գետի վրա`             |Եվրամիության կողմից իրականացված ծրագրի|

|«Լոռիբերդ» ՀԷԿ-ը (մոտ 66 ՄՎտ. |շրջանակներում Ֆիխտներ ընկերությունը   |

|հզորությամբ և  շուրջ          |պատրաստել է տեխնիկա-տնտեսական         |

|200 մլն. կվտժ էլ.էներգիայի    |հիմնավորում: 2007 թ. փետրվարին նույն  |

|տարեկան արտադրությամբ):       |ընկերությունը իրականացրել է գների     |

|                              |հաշվարկի նորացում:                    |

|                              |Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցման              |

|                              |ֆինանսավորումը նախատեսվում է          |

|                              |իրականացնել մասնավոր ֆինանսական       |

|                              |միջոցներ ներգրավելու տարբերակով`      |

|                              |թողարկումը 2023 թ.:                   |

._____________________________________________________________________.

 

43. Որոշում է կայացվել «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման համար իրանական կողմի հետ համատեղ ներգրավել նաև այլ ներդրողներ:

44. «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երը կառուցվելու են Հայաստանի հյուսիսային մասում, որտեղ առկա չեն նշանակալի արտադրող հզորություններ, և դրանով իսկ ծառայելու են ինչպես Հայաստանի հյուսիսային տարածքների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, այնպես էլ ապագայում Հայաստանի ու Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովմանը:

Ոլորտում կարգավորումները.

45. Փոքր հիդրոէներգետիկան Հայաստանում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկն է ու վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակա ճյուղ: Հիդրոէներգետիկան էկոլոգիապես մաքուր է ու միտված է շրջակա միջավայրի պահպանմանը` ապահովում է CO2 ջերմոցային գազերի դեպի մթնոլորտ արտանետումների կրճատում: ՀՀ կառավարությունը հիդրոէներգետիկայի զարգացումը դիտարկում է շրջակա միջավայրին նվազագույն բացասական ազդեցության ենթատեքստում:

46. ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է ջրօգտագործման առաջնայնությունները` բնապահպանական նպատակներով, խմելու-կենցաղային նպատակներով, ոռոգման նպատակներով, այնուհետև էներգետիկ նպատակներով ջրօգտագործումը: Իրավասու մարմինը համապատասխան ծավալների ջրօգտագործման թույլտվությունները տալիս է գնահատելով նաև այդ առաջնայնությունները:

47. ՀՀ-ում կիրառվում են բարենպաստ խթանող մեխանիզմներ` ՓՀԷԿ-երի կառուցման ոլորտում մասնավոր ներդրումները ապահովելու համար: Մասնավորապես անհրաժեշտ է նշել, որ 2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն ամբողջ էլեկտրական էներգիան, որը արտադրվել է ՓՀԷԿ-երի կողմից, ենթակա է պարտադիր գնման շուկայի կանոններով սահմանված կարգով (ինչպես նաև հաստատված սակագներով)` 15 տարվա ընթացքում:

48. Մեծ դեր է խաղացել նաև միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող արտոնյալ վարկերի մատչելիությունը ներդրողների համար:

 

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

49. Սույն հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծման համար չեն նախորդել իրականացված քայլեր` ՀՀ պետական բյուջեից դրանց լուծման համար ֆինանսական ռեսուրսների հատկացմամբ:

50. Սույն հայեցակարգով առաջարկվող տարբերակների իրականացման դեպքում բացասական հետևանքներ չկան, իսկ ֆինանսական գնահատականներով արտահայտված ռիսկեր չեն հայտնաբերվել:

51. Սույն հայեցակարգով առաջարկվող լուծումների համար ֆինանսական գնահատականները (ակնկալվող արդյունքը), ծախսերի և օգուտների վերլուծությունը և վերստուգելի չափանիշները (առաջարկվող միջոցառումների արդյունավետության ստուգման չափանիշները) կսահմանվեն Հայեցակարգի ընդունմանը հաջորդող առանձին ծրագրերի և միջոցառումների մշակման ժամանակ:

 

7. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

52. Սույն հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը: Դրա համար ՀՀ կառավարությունը պետք է նախ սահմանի գործողությունների և միջոցառումների իրականացման ժամանակացույց` հիդրոէներգետիկայի զարգացման ազգային թիրախների ամրագրման, ներդրումային գրավիչ դաշտի ապահովման և պետություն մասնավոր համագործակցության գործնական քայլերի կիրառման համար: Այդ ժամանակացույցը պետք է ենթադրի նաև ցուցանիշների և գործողությունների պարբերական վերանայում ու ճշգրտում, իրականացման վերահսկում և մոնիթորինգ, ինչպես նաև պատշաճ մակարդակով հանրային իրազեկում:

53. Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում երկարաժամկետ հեռանկարում` մինչև 2036 թվականը, առկա են լինելու բավարար արտադրական հզորություններ էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի ծածկման համար: Այս հանգամանքը թույլ է տալիս դիտարկել տարբերակ, որում ՀԱԿ-ը հանդես կգա որպես արտաքին շուկաների բեռնվածքի գրաֆիկի պիկային մասը ծածկող էլեկտրակայան, ինչպես նաև գիշերային մինիմումի բարձրացման գործիք: Էներգետիկայի տնտեսագիտության տեսությունում հիմնավորվում է և միջազգային պրակտիկայում լայն կիրառվում է պիկային հզորության դրույքաչափի բարձր արժեքը: Այսպիսի մոտեցման կիրառումը կարող է էապես նպաստել ներքին շուկայում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցմանը և/կամ հավասարակշռմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2016
N 53
Արձանագրային որոշում