Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0224/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0224/01/14

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ռ. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

 

2016 թվականի հունիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամայիս Կամոյի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է թիվ 15100314 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2014 թվականի հունիսի 3-ի որոշմամբ Արամայիս Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 3-ի որոշմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2014 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ խուլիգանության դեպքի առթիվ քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

2014 թվականի դեկտեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 30-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ա.Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, Ա. Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և նա արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 30-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա. Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «Նա 2014թ. մայիսի 28-ին, ժամը 23.30-ին Երևան քաղաքի Տ. Մեծ պողոտայի թիվ 23/1 հասցեում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Ադամ Բաբկենի Աբրահամյանի կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս:

Այսպես.

2014թ. մայիսի 28-ին Ադամ Աբրահամյանը եղբոր` Յուրի Աբրահամյանի կնոջ` Մոնիկա Ջաղացպանյանի ծննդյան տարեդարձը նշելու նպատակով վերջիններիս, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների և Ալլա Առուշանյանի հետ գնացել են Կոտայքի մարզի «Արզնու ձոր» կոչվող տարածք, որտեղ կերուխում են կազմակերպել և ժամանակ անցկացրել:

Հիշյալ միջոցառման ընթացքում Ա. Առուշանյանը զանգահարել է նախկին ընկերոջը` Մհեր Ռշտունուն և նրան տեղեկացրել, որ գտնվում է «Արզնու ձոր» կոչվող տարածքում և մասնակցում է Մ.Ջաղացպանյանի ծննդյան տոնակատարությանը: Տեղեկանալով այդ մասին, Մ. Ռշտունին միայնակ գնացել է «Արզնու ձոր» կոչվող տարածք, որտեղ հանդիպել է Ա. Առուշանյանին ու զրույցի ընթացքում նախկին հարաբերությունները վերականգնելու ապարդյուն փորձեր է կատարել:

Խոսակցության ավարտից հետո Ա. Առուշանյանը հրաժեշտ է տվել Մ. Ռշտունուն և միացել տոնակատարության մասնակիցներին: Յու. Աբրահամյանը տեղեկանալով, որ Ա. Առուշանյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել Մ.Ռշտունու հետ, ապա` Ա. Առուշանյանի լացակումած տեսքից վրդովվելով, հեռախոսազրույց է ունեցել Մ. Ռշտունու հետ և հիշյալ հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու համար նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում Երևան քաղաքի Տ. Մեծ պողոտայի թիվ 23/1 հասցեի մոտակայքում հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել:

2014թ. մայիսի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում Յու. Աբրահամյանը եղբայրների` Ալբերտ և Ադամ Աբրահամյանների հետ գնացել է նշված վայր, որտեղ հանդիպել է Մհեր և Դավիթ Ռշտունիներին, Հակոբ, Արամայիս և Հովհաննես Հակոբյանների հետ:

Դրանից հետո Յու. Աբրահամյանը և Դ. Ռշտունին առանձնացել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարչական շենքի ուղղությամբ և զրուցել, իսկ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 23/1 հասցեում գործող Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի հարևանությամբ գտնվող «Մարի Ստեր» ՍՊ ընկերության փաստաբանական գրասենյակի դիմաց Մհեր Ռշտունին, վերջինիս ընկերներ Հակոբ, Արամայիս, և Հովհաննես Հակոբյանները վիճաբանել են Ադամ և Ալբերտ Աբրահամյանի հետ, որի ընթացքում Արամայիս Հակոբյանը հարվածել է Ադամ Աբրահամյանի ձախ արմնկային հոդի շրջանին, ձախ ծոծրակ-գագաթային շրջանին, ինչպես նաև նախապես իր հետ վերցրած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ադամ Աբրահամյանի կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին, կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսին, պոչուկի շրջանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` աջ թոքի վնասումով (...)» (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթ 331):

6. Ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող Ա.Հակոբյանի հեռախոսային խոսակցությունները պարունակող ամփոփաթերթերի համաձայն` մեղադրյալ Ա. Հակոբյանն իր ծանոթներին պատմում է վիճաբանելու, իր կողմից տուժողի մարմնի կոնկրետ հատվածներին հարվածելու, ինչպես նաև դեպքից հետո Հայաստանի Հանրապետությունից մեկնելու նախապատրաստության մասին (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթեր 58-71):

7. Ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող` Ա. Հակոբյանին բերման և անձնական խուզարկության ենթարկելու մասին 2014 թվականի մայիսի 31-ի արձանագրությունների համաձայն` Ա. Հակոբյանը նույն օրը` ժամը 11:30-ին, Բագրատաշենի հսկիչ անցագրային կետից բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, և նրան անձնական խուզարկության ենթարկելու արդյունքում հայտնաբերվել է 2.100 ԱՄՆ դոլար (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթեր 78-79, հատոր 3-րդ, թերթեր 265-266):

8. Փորձագետի թիվ 874/հ եզրակացության համաձայն` «(...) Ա. Աբրահամյանի մարմնական վնասվածքները` ձախ արմնկային հոդի շրջանի քերծվածքի, ձախ ծոծրակ-գագաթային շրջանի սալջարդ վերքի, կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի, պոչուկի շրջանների չթափանցող, աջակողմյան պնևմոթորաքսով զուգորդված, աջ թոքի վնասումով` կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսի թափանցող, ծակված-կտրված վերքերի ձևով, հասցվել են. ձախ արմնկային հոդի քերծվածքը, ձախ ծոծրակ-գագաթային շրջանի սալջարդ վերքը` բութ առարկաներով, կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի, պոչուկի շրջանների չթափանցող, աջակողմյան պնևմոթորաքսով զուգորդված, աջ թոքի վնասումով` կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսի թափանցող ծակած-կտրած վերքերը` սուր կտրող-ծակող գործիքով/ներով/, հնարավոր է` նշված ժամկետում, և պատճառել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (...)» (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթեր 196-197):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(...) Դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմինը պարտավոր էր տուժող Ա.Աբրահամյանի, վկաներ Յու.Աբրահամյանի, Հ.Հակոբյանի, Մ.Գազարյանի, Հ.Պետրոսյանի նախաքննական ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու նպատակով վերլուծել դրանցում առկա տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրանց պատճառները, որը սակայն կատարվել է թերի: Առանց բավարար ապացույցների և բավարար հիմնավորումների` նախաքննության մարմինը եզրակացության է հանգել Արամայիս Հակոբյանի մեղավորության վերաբերյալ:

(...)

Նախաքննության մարմինը վկա Հակոբ Հակոբյանի ցուցմունքների վերլուծության համատեքստում կարևորել է Արամայիս Կամոյի Հակոբյանի գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունները, մասնավորապես` 077-48-44-44 հեռախոսահամարն օգտագործող Արման Ազատյանի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում, երբ Ա. Հակոբյանը Ա. Ազատյանին հայտնել է իր կողմից կատարած դանակահարության մասին և հայտնել, թե մարմնի որ հատվածներից է դանակահարել` նշել է հետևյալը. «Խառը էլի, գլխից, կողից», որը համընկնում է տուժող Ադամ Աբրահամյանի դատաբժշկական փորձաքննությամբ նկարագրված մարմնական վնասվածքների տեղակայությանը:

Մինչդեռ, նախաքննության մարմնի հիշյալ վերլուծությունը չի բխում գործի նյութերում առկա փաստական տվյալներից: Մասնավորապես` վերոհիշյալ հեռախոսային խոսակցության ժամանակ Ա.Հակոբյանն Ա.Ազատյանին ամենևին չի հայտնել իր կողմից կատարված դանակահարության և հարվածների տեղակայության մասին:

(...)

Վերլուծելով վկա Մարինե Գազարյանի ցուցմունքը` նախաքննության մարմինը գտել է, որ այդ ցուցմունքով ևս մեկ անգամ հիմնավորվում է Արամայիս Հակոբյանի կողմից ունեցած գաղտնազերծման արդյունք հանդիսացող հեռախոսային խոսակցությունների իսկությունը, որոնց ընթացքում Ա. Հակոբյանը ներկայացնում է դեպքի և իր կողմից կատարված դանակահարության հանգամանքները:

Դատարանում տված իր ցուցմունքում Մ. Գազարյանը նշել է, որ Ա.Հակոբյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները չի հիշում:

(...)

Հետևաբար, վկաներ Մ. Գազարյանի և Հ. Պետրոսյանի ցուցմունքները տեղեկություններ չեն պարունակում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, դրանցով չեն հաստատվում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են Ա. Հակոբյանի առնչությունը դեպքին և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ: Այլ խոսքով` նրանց կողմից տրված ցուցմունքները` որպես ածանցյալ ապացույցներ, գործում առկա մնացած ապացույցների հետ համակցությամբ չեն կարող օգտագործվել ապացուցման առարկան կազմող հանգամանքները հաստատված համարելու համար:

(...)

Որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնից ստացված, հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը գաղտնազերծելու մասին որոշման հիման վրա Արամայիս Կամոյի Հակոբյանի գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունները պարունակող ձայնասկավառակի ձայնագրությամբ և գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունները պարունակող ամփոփաթերթերով նույնպես չի հաստատվում ամբաստանյալ Արամայիս Հակոբյանի կողմից տուժող Ադամ Աբրահամյանին բազմաթիվ մարմնական վնասվածքներ (...) պատճառելու հանգամանքը: Այդ կապակցությամբ նախաքննության մարմնի հետևությունները հիմնված են գնահատողական դատողությունների, կանխատեսումների և կարծիքի, այլ ոչ թե օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա:

(...)

Սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ա. Հակոբյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք: Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա. Հակոբյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և նրան մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (...)» (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 4-րդ, թերթեր 124-127)»:

10. Վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-127-րդ հոդվածների դրույթները, դատավճռում շարադրված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` հանգել է ճիշտ հետևության, որ Արամայիս Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի, փոխկապակցված ու հավաստի ապացույցներով չի հիմնավորվել» (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 4-րդ, թերթեր 220-221):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները չեն պահպանել ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները սահմանող քրեադատավարական նորմերը և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, սույն գործում առկա ապացույցները ենթարկել են կամայական գնահատման, չեն նշել ապացույցների մի մասին մյուսների նկատմամբ առավելություն տալու պատճառները` թույլ տալով դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:

Բողոք բերած անձի կարծիքով` նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում դրված յուրաքանչյուր ապացույց վերլուծել է ինչպես ինքնին, այնպես էլ գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ և ապացույցներից մեկի արժևորումը պայմանավորել է այդ վերլուծության արդյունքում ձևավորված հետևություններով: Նախաքննական մարմինը, ի տարբերություն դատարանի, չի անտեսել կոնկրետ սուբյեկտների կարգավիճակը, շփումները գործով շահագրգիռ անձանց հետ` որպես նրանց ցուցմունքների ձևավորման վրա ազդող հանգամանքներ:

Այսպես` բողոքի հեղինակը նշել է, որ Ա. Հակոբյանի և նրա եղբոր` Հ. Հակոբյանի հայտնած տվյալները դեպքի վայր գալու, այնտեղ իրականացված գործողությունների, դեպքի վայրից հեռանալու, առավել ևս ՀՀ սահմանն անցնելու փորձի կապակցությամբ ողջամիտ չեն, քանի որ հերքվում են ինչպես հեռախոսային խոսակցությունների վերծանումներից բխող օբյեկտիվ տվյալներով, այնպես էլ գաղտնալսումների արդյունքներով, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ Ա. Հակոբյանը դեպքից անմիջապես հետո տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում Մ. Գազարյանին և Ա.Ազատյանին պատմում է դեպքի մանրամասները:

Մասնավորապես, Ա. Ազատյանի հետ խոսակցության ժամանակ Ա. Հակոբյանն ուղղակիորեն հայտնել է իր կողմից դանակով մարմնական վնասվածք հասցնելու մասին` հստակ նշելով հասցրած վնասվածքների տեղակայումները, որը համապատասխանում է տուժողի` դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրված մարմնական վնասվածքների նկարագրությանը, ինչպես նաև ՀՀ-ից մեկնելու մտադրության ու այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Ա. Ազատյանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու նրան Վրաստանում դիմավորելը և մտահոգվել Ա. Հակոբյանի մոտ գումարի առկայության կապակցությամբ: Մ. Գազարյանին Ա. Հակոբյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է վիճաբանության պատճառը` կապված Մ. Ռշտունու ընկերուհու հետ, հայտնել է իր մոտ դանակ ունենալու և տեղի ունեցած դանակահարության մասին:

12. Բողոք բերած անձը, մեջբերելով Ա. Ազատյանի հետ Ա. Հակոբյանի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնալսման արդյունքները, իր անհամաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի այն հետևության կապակցությամբ, որ Ա. Հակոբյանն Ա. Ազատյանին ամենևին չի հայտնել իր կողմից կատարված դանակահարության և հարվածների տեղակայության մասին: Մինչդեռ, ըստ բողոքաբերի` նշված հեռախոսային խոսակցությունն ուղղակիորեն հաստատում է, որ Ա. Հակոբյանն է վիճաբանության ժամանակ դանակով հարվածել:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ դատական ակտում շարադրված հետևությունները որևէ առնչություն չունեն քրեադատավարական օրենքով կարգավորվող ապացուցման գործընթացի հետ և ակնհայտ անիրավաչափորեն ծավալուն քննարկման առարկա չեն դարձել: Ներկայացված և վերլուծված ապացույցների համադրությունն անհերքելիորեն վկայում է, որ Ա. Հակոբյանը կատարել է իրեն մեղսագրված հանցագործությունը և դրանից հետո փորձել է դիմել փախուստի, իսկ ի հերքում դրա` Ա. Հակոբյանի և նրա եղբոր կողմից բերված փաստարկները ողջամիտ չեն, հերքվում են գործով ձեռքբերված այլ ապացույցների բավարար համակցությամբ:

13. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 30-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Հակոբյանի մասնակցությունն ապացուցված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`

«Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն`

«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը` որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ` յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով (տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները):

Վճռաբեկ դատարանը կրկնում է նաև, որ նախապես հաստատված ապացույցի ուժ չունենալու օրենսդրական արգելքը բացառում է որևէ ապացույցի նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելը (մյուս ապացույցների նկատմամբ այդ փաստական տվյալի ապացուցողական արժեքին առավելություն վերագրելը կամ այդ արժեքը նվազեցնելը), քանի դեռ այդ ապացույցը քրեադատավարական օրենսգրքով ամրագրված ընթացակարգով օրինականության, մրցակցության և կողմերի իրավահավասարության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման և այլ սկզբունքների պահպանմամբ չի հետազոտվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Այնուհանդերձ, ապացույցների ազատ գնահատման սկզբունքն ապացույցների նկատմամբ կանխակալ մոտեցման արգելքը պայմանավորում է «մինչև դրանց հետազոտումը» բառակապակցությամբ, ուստի նշված նորմը չի կարող մեկնաբանվել այնպես, որ օրենսդիրն ապացույցների հետազոտումից հետո նույնպես արգելում է ապացույցների գնահատման արդյունքում դրանցից մի մասին մյուսների նկատմամբ առավելություն կամ նվազ կարևորություն վերագրելու հնարավորությունը, հակառակ դեպքում, հակասական ապացույցների առկայության պարագայում հնարավոր չէ հիմնավորված հետևության հանգել անձի մեղավորության կամ անմեղության և այլ հարցերի վերաբերյալ (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 19-րդ կետը):

15.1. Անդրադառնալով ապացույցի արժանահավատության հատկանիշին` Վճռաբեկ դատարանն Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը: Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ` փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ` վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,

դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,

ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից (...)» (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-րդ կետը):

16. Զարգացնելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապացույցի առանձին տեսակներ, պայմանավորված ապացուցողական տեղեկատվության ձեռք բերման միջոցներով և դրանց արդյունքների` տեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրված լինելու հանգամանքով (օրինակ` տեսանկարահանումների, լուսանկարահանումների, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները և այլն), օժտված են բարձր արժանահավատություն ունեցող ապացույց համարվելու համար անհրաժեշտ չափանիշներով և կարող են այս կամ այն փաստական հանգամանքի հաստատման կամ հերքման առումով անփոխարինելի նշանակություն ունենալ: Հետևաբար, այդպիսի ապացույցների արժանահավատությունը չի կարող կասկածի տակ դրվել այնպիսի ապացույցով, որն իր ապացուցողական արժեքի տեսանկյունից ունի դրանցից պակաս նշանակություն: Այլ կերպ` քննարկման առարկա ապացույցներով հաստատվող փաստական տվյալները կարող են հերքվել ոչ այլ կերպ, քան այդ ապացույցներին արժանահավատությամբ չզիջող ապացույցով կամ ապացույցների համակցությամբ:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտերի պատճառաբանվածության օրենսդրական պահանջը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (...)» (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) Հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

17.1. Վերահաստատելով Ֆ.Գալստյանի և Գ.Խնուսյանի գործերով որոշումներում արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դատողությունն այն մասին, որ դատարանը պարտավոր է դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները: Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ և կհանգեցնեն կամայականության: Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 32-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել տուժող Ա.Աբրահամյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ մեղսագրվող արարքում Ա.Հակոբյանին մեղավոր ճանաչելու համար: «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում Առաջին ատյանի դատարանն անդրադարձել է Ա.Հակոբյանի` գործում առկա գաղտնալսված հեռախոսային խոսակցություններից միայն Ա.Ազատյանի և Մ.Գազարյանի հետ տեղի ունեցած խոսակցությանը` առաջինի դեպքում նշելով, որ Ա.Հակոբյանն Ա.Ազատյանին ամենևին չի հայտնել իր կողմից կատարված դանակահարության և հարվածների տեղակայության մասին, իսկ երկրորդի դեպքում` անդրադառնալով Մ.Գազարյանի ցուցմունքներին, նշել է, որ այն ածանցյալ ապացույց է և գործում առկա մնացած ապացույցների հետ համակցությամբ չի հաստատում ապացուցման առարկան կազմող հանգամանքները (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված հետևություններին, ներկայացված բողոքը մերժել է` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

19. Գործում առկա հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ`

- Ա.Հակոբյանը տեղյակ է եղել դեպքի մանրամասներին, վիճաբանության պատճառներին, մասնակցություն է ունեցել վիճաբանությանը, հայտնել է իր մոտ դանակի առկայության և տեղի ունեցած դանակահարության մասին,

- Ա.Հակոբյանն ուղղակիորեն հայտնել է վիճաբանության ընթացքում իր կողմից դանակով հարվածելու մասին, ընդ որում, Ա.Ազատյանի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում ներկայացրել է հարվածելու մանրամասները` մոտավոր հայտնելով, թե մարմնի որ հատվածներին է հարվածներ հասցրել, որը համապատասխանում է տուժողի` դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրված մարմնական վնասվածքների նկարագրությանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը),

- Ա.Հակոբյանը դեպքից անմիջապես հետո մտադրություն է ունեցել շտապ դուրս գալու երկրից: Այսպես` հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ վերջինս իմացել է, որ իրեն փնտրում են, սակայն թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, խուսափել է իր գտնվելու կոնկրետ վայրը որևէ մեկին հայտնելուց, խնդրել է, որ անձնագիրը վերցնեն տնից ու փոխանցեն իրեն: Ա.Ազատյանն Ա.Հակոբյանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ առաջարկել է վերջինիս գնալ Վրաստան, նշել է, որ այնտեղ նրան կդիմավորեն` մի քանի անգամ ընդգծելով, որ շտապի, իսկ Ա.Հակոբյանը հայտնել է, որ սպասում է անձնագրին: Սույն փաստերն օբյեկտիվորեն վկայում են, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը մտադիր է եղել դիմել փախուստի, ինչը հաստատվել է նաև վերջինիս` Բագրատաշենի հսկիչ անցագրային կետից բերման ենթարկելու մասին 2014 թվականի մայիսի 31-ի արձանագրությամբ (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

20. Սույն որոշման 18-19-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-17.1.-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել գործում առկա ամբաստանյալ Ա.Հակոբյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները, որոնք գործի ճիշտ լուծման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ են պարունակում: Այսպես` վերանայվող դատական ակտերի ուսումասիրությունից բխում է, որ ստորադաս դատարանները վերլուծության չեն ենթարկել հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը, որևէ գնահատականի չեն արժանացրել դրանցում առկա այն տեղեկությունները, որ Ա. Հակոբյանն անմիջական մասնակցություն է ունեցել վիճաբանությանը, դանակով հարվածներ է հասցրել, այնուհետև պատրաստվել է փախուստի դիմել և բերման է ենթարկվել Բագրատաշենի հսկիչ անցագրային կետից, այլ բավարարվել են ընդհանրական ձևակերպումներ տալով այն մասին, որ հեռախոսային խոսակցությունները պարունակող ձայնասկավառակի ձայնագրությամբ և գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունների ամփոփաթերթերով չեն հաստատվել ամբաստանյալի կողմից հանցանքը կատարելու հանգամանքները, իսկ այդ կապակցությամբ նախաքննության մարմնի հետևությունները հիմնված են գնահատողական դատողությունների վրա:

21. Ամփոփելով սույն որոշման 18-20-րդ կետերում շարադրված փաստական տվյալների վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ապացույցների համակցության վերլուծությամբ չի հաստատվում Ա. Հակոբյանի առնչությունը դեպքին, չեն բխում գործի փաստերից: Մասնավորապես` դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն որոշման 19-րդ կետում մեջբերված տվյալները:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Հակոբյանի մասնակցությունն ապացուցված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

22. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արամայիս Կամոյի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 30-ի արդարացման դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Արամայիս Կամոյի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2016
N ԵԿԴ/0224/01/14
Որոշում