Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱԻԴԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆԱԻԴԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԱՂԱՋ ...

 

 

020.1340.310117

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՆԱԻԴԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 31 հունվարի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների ներկայացուցիչներ Ա. Ղազարյանի, Ա. Զեյնալյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անաիդա Աղաջանյանի, Վլադիմիր Աղաջանյանի, Արմեն Աղաջանյանի և Արմինե Աղաջանյանի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Անաիդա Աղաջանյանի, Վլադիմիր Աղաջանյանի, Արմեն Աղաջանյանի և Արմինե Աղաջանյանի` 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև ուսումնասիրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ից:

Օրենքի` «Երրորդ անձանց կատարված փոխանցումները և գույքի օտարումը» վերտառությամբ 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է`

«1. Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ`

ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում»:

Օրենքի 54-րդ հոդվածը լրացվել է 23.06.11 թ. ՀՕ-235-Ն և խմբագրվել` 17.06.16 թ. ՀՕ-105-Ն ՀՀ օրենքներով, լրացվել է 27.10.16 թ. ՀՕ-192-Ն ՀՀ օրենքով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 15.03.2013 թ. սնանկության գործով կառավարիչը դիմել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հետ ստանալու Անաիդա Աղաջանյանի և Վլադիմիր Աղաջանյանի կողմից նվիրատվությամբ իրենց որդուն` Արմեն Աղաջանյանին փոխանցված գույքերը: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՆԴ/0497/02/13 քաղաքացիական գործով 2014 թ. մայիսի 8-ին կայացրած վճռով հայցապահանջը բավարարել է` անվավեր ճանաչելով Անաիդա Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 06.12.2011 թ. կնքված` անշարժ գույքի նվիրատվության երկու պայմանագրերը` համապատասխան գույքերը վերադարձնելով Անաիդա Երվանդի Աղաջանյանին և դրանց նկատմամբ ճանաչելով նրա սեփականության իրավունքը, ինչպես նաև Վլադիմիր Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 07.12.2011 թ. կնքված` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը` համապատասխան գույքը վերադարձնելով Վլադիմիր Աղաջանյանին և դրա նկատմամբ ճանաչելով նրա սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը տվյալ քաղաքացիական գործով 2015 թ. հոկտեմբերի 15-ին կայացրած որոշմամբ մերժել է դիմողների վերաքննիչ բողոքը և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2014 թ. մայիսի 8-ի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՆԴ/0497/02/13 քաղաքացիական գործով 2016 թ. փետրվարի 24-ին կայացրած որոշմամբ մերժել է դիմողների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

 

3. Դիմողները գտնում են, որ օրենքի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերին, 78, 79 և 81-րդ հոդվածներին:

Դիմողները վկայակոչում են, մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-903, ՍԴՈ-943, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1153, ՍԴՈ-1282, ՍԴՈ-1293 որոշումներում սեփականության իրավունքի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները և եզրահանգում, որ սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթը միաժամանակ միջամտում և սահմանափակում է դիմողների` որպես նվիրատուի և որպես նվիրառուի սեփականության իրավունքը: Այն, ըստ էության, ենթադրում է նվիրատուների սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակում, քանի որ անձի` իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու իրավունքը նա իրացնում է մինչև իրեն այդ սեփականության իրավունքից զրկող համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելը: Մինչ այդ սեփականատերն իր հայեցողությամբ որոշում է իրեն պատկանող գույքի ճակատագիրը: Մինչդեռ վիճարկվող դրույթը Սահմանադրությամբ չնախատեսված հիմքով միջամտում է անձի սեփականության իրավունքի իրականացմանը, քանի որ այն անձի սեփականությունը հանդիսացած գույքի կապակցությամբ կնքված անհատույց պայմանագրերն անվավեր ճանաչելու հիմք է հանդիսանում: Այս պայմանագրերի կնքումը, սակայն, անձի` իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունքի, մասնավորապես` այդ սեփականությունը տնօրինելու իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում:

Վերլուծելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1009, ինչպես նաև դրանում վկայակոչված ՍԴՈ-630 որոշումները` դիմողները գտնում են, որ սեփականության իրավունքի սահմանափակման երկու դեպք է հնարավոր` սեփականությունից զրկում և սեփականության հարկադիր օտարում, իսկ վիճարկվող դրույթում նախատեսված կարգավորումն այլ դեպք է, միջամտում է սեփականատիրոջ հայեցողությանը:

Ըստ դիմողների` վիճարկվող դրույթը միաժամանակ ոչ իրավաչափորեն սահմանափակում է նվիրառուների` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը: Նվիրառուն անհամաչափորեն զրկվում է, ոչ կեղծ պայմանագրի հիման վրա, օրինական ճանապարհով իրեն փոխանցված սեփականությունից: ՈՒստի անհատույց գործարքի անվավեր ճանաչումը, ըստ դիմողների, ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված և չարդարացված միջամտություն է նվիրառուների սեփականության իրավունքին:

Ամփոփելով իրենց վերլուծությունը` դիմողները խնդրում են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 78, 79 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով ամրագրված դրույթը կամ բացահայտել դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` սահմանելով կայացված դատական ակտերը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով վերանայելու հնարավորություն:

 

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողների փաստարկներին` կարծում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողն օրենքի վիճարկվող դրույթը դիտարկում է երկու` սեփականության իրավունքի անձեռնմխելիության և իրավական որոշակիության տեսանկյուններից:

Օրենքի վիճարկվող դրույթը դիտարկելով սեփականության իրավունքի անձեռնմխելիության տեսանկյունից և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածը` պատասխանողը գտնում է, որ սեփականության իրավունքը բացարձակ չէ, այն ենթակա է իրավաչափ սահմանափակումների, որոնց հիմքերը նախատեսված են և` Սահմանադրությամբ, և` Եվրոպական կոնվենցիայով: Մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակումները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ չափանիշները` նախատեսված լինեն օրենքով, բխեն հանրային շահից և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Ըստ պատասխանողի` ՀՀ Սահմանադրությամբ սահմանվել են այս չափանիշներին համապատասխան սեփականության իրավունքի սահմանափակման հիմքեր:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման 6-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումը` պատասխանողը գտնում է, որ նշված իրավական դիրքորոշմանը և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան օրենսդիրը սահմանել է օրենքի սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը, որը նպատակ է հետապնդում քաղաքացիաիրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտների սեփականության իրավունքի և օրինական շահերի համակողմանի պաշտպանության: Բոլոր դեպքերում իր գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ պետության միջամտությունը ենթադրում է արդարացի հավասարակշռություն քաղաքացիաիրավական շրջանառության բոլոր մասնակիցների հիմնարար իրավունքների միջև: Հետևաբար, ըստ պատասխանողի, օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթով օրենսդիրը նպատակ է հետապնդել կանխել պարտապանների նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը` պաշտպանելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը», կոնկրետ դեպքում` պարտապանների սեփականության իրավունքը:

Անդրադառնալով դիմողների կողմից ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման վկայակոչմանը` պատասխանողը գտնում է, որ ի տարբերություն 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության սեփականության իրավունքի բովանդակությունը և սահմանափակումների շրջանակը սահմանող 31-րդ հոդվածի տեքստի` ՀՀ գործող Սահմանադրությամբ նախկին 31-րդ հոդվածին համապատասխանող 60-րդ հոդվածում ավելացվել է 3-րդ մաս, որը սահմանում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրությամբ 31-րդ հոդվածի և դրան համապատասխանող գործող Սահմանադրության 60-րդ հոդվածի վերոգրյալ տարբերությունը, ըստ պատասխանողի, ոչ միայն նորմատիվ է, այլև բովանդակային, քանզի այն ընդլայնում է սեփականության իրավունքի սահմանափակման շրջանակները:

Օրենքի վիճարկվող դրույթը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից և վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները` պատասխանողը գտնում է, որ այս առումով խնդրո առարկա դրույթը ևս ամբողջությամբ համապատասխանում է իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի կարգադրագրերի պահանջներին համապատասխանեցնելու գործնական, ռեալ հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

 

5. Հաշվի առնելով դիմող և պատասխանող կողմերի փաստարկները` սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթին` սեփականության իրավունքի սահմանափակման հիմնավորվածության տեսանկյունից, մասնավորապես բացահայտելով.

- արդյո՞ք պարտապանի` իրեն փոխկապակցված անձանց կատարած փոխանցումները սնանկության գործով կառավարչի կողմից հետ ստանալու` օրենքով սահմանված հնարավորությունը միջամտություն է սեփականության իրավունքին,

- եթե առկա է սեփականության իրավունքին միջամտություն, արդյո՞ք այն հիմնավորված է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում ամրագրված որևէ նպատակով,

- եթե առկա է սեփականության իրավունքին միջամտություն, արդյո՞ք այն չի խախտում հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության (հոդված 78) և որոշակիության (հոդված 79) սահմանադրական սկզբունքները, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջը (հոդված 81):

 

6. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը, ինչպես նաև ժառանգելու իրավունքը: Միևնույն ժամանակ, սահմանադիրը նշված իրավունքների իրականացումը երաշխավորելու` պետության պոզիտիվ պարտականության կատարումը պայմանավորում է բացառապես օրինական հիմքերով ձեռք բերված սեփականությամբ: Հետևաբար, միայն օրինական հիմքով ձեռք բերված սեփականության դեպքում անձը հանրային իշխանություններից կարող է պահանջել սեփականության հիմնական իրավունքի մաս կազմող` վերը նշված իրավունքների իրականացման երաշխավորում:

Միաժամանակ, սահմանադիրը որոշակի դեպքերում և նպատակներով պայմանավորված` հնարավոր է համարում միջամտություն սեփականության իրավունքին նաև այն դեպքում, երբ նույնիսկ սեփականությունը ձեռք է բերվել օրինական հիմքով: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի`

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, որից բխում է, որ օրենքը պետք է բավարարի իրավական օրենքին ներկայացվող` Սահմանադրական դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված, պահանջները,

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով,

- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին և չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ նշված պայմանների առկայությունն անհրաժեշտ է իրավունքն իրավաչափորեն սահմանափակելու համար:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:

ՄԻԵԴ-ն իր բազմաթիվ վճիռներում անդրադարձել է սեփականության իրավունքին` արձանագրելով, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, և ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը նշել է, որ ինչ հիմքով էլ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված համարվել բացառապես այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել ի շահ հանրության: Միջամտությունն արդարացված համարվելու համար պետք է հետապնդի օրինաչափ նպատակ և լինի համաչափ: Եվրոպական դատարանը որոշում է` արդյոք արդար հավասարակշռություն է ապահովվել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (Beyeler v. Italy, judgment 5 January 2000, «98, «107; Sporrong and Lonnroth v. Sweden, judgment of 23 September 1982, «61, «69):

 

7. Օրենքի վիճարկվող դրույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կառավարչի դիտարկվող լիազորության իրականացման համար անհրաժեշտ է որոշակի պայմանների միաժամանակյա առկայություն, մասնավորապես`

- պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալը կարող է տեղի ունենալ բացառապես դատական կարգով,

- պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալու հնարավորությունն ըստ էության կրում է հայեցողական բնույթ, քանի որ օրենսդիրն ամրագրել է «կարող է» եզրույթը,

- պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալու համար դատարան դիմելը կարող է տեղի ունենալ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում,

- պարտապանի կատարած փոխանցումները պետք է լինեն անհատույց,

- հետ ստանալու համար պարտապանի կատարած փոխանցումները պետք է պարտապանի հետ փոխկապակցված անձանց կատարված լինեն,

- փոխանցումները պետք է կատարված լինեն պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:

Վիճարկվող դրույթի տառացի մեկնաբանության պարագայում այս պայմանների առկայությունը բավարար է, որպեսզի կառավարիչն օգտվի վիճարկվող դրույթով տրված հնարավորությունից: Օրենսդրի կողմից սահմանված պայմանները հստակ են, հնարավորություն են տալիս ցանկացած անձի հստակ ընկալել, թե ինչ պայմաններ է սահմանել օրենսդիրը, և դրանց համապատասխանեցնել իր վարքագիծը, ինչի պատճառով վիճարկվող դրույթն իրավական որոշակիության սկզբունքի չափանիշների տեսանկյունից որևէ խնդիր չի առաջացնում:

 

8. ՀՀ Ազգային ժողովը սույն գործով ներկայացրած բացատրության մեջ նշել է, որ. «... օրենսդիրը 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթով նպատակ է հետապնդել կանխել պարտապանների նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը` պաշտպանելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը», կոնկրետ դեպքում` պարտապանների սեփականության իրավունքը»:

Վիճարկվող դրույթի վերաբերյալ նույնական դիրքորոշում է ձևավորել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը թիվ ԵԿԴ/2304/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի մարտի 23-ին կայացրած որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք»:

Հետագայում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը թիվ ԵՔԴ/1165/02/08 քաղաքացիական գործով 2012 թվականի հոկտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ լրացրել է իր` վերը նշված իրավական դիրքորոշումը` ամրագրելով հետևյալը. «Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ այն նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով: Վերոնշյալ հոդվածով առանձնացվել են այնպիսի փոխանցումների տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին»:

Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ըստ էության, ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ վճռաբեկ դատարանը որպես վիճարկվող նորմի նպատակ են դիտարկում պարտատերերի նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը կանխելը, որով պետությունը թույլ չի տալիս խախտել պարտատերերի իրավունքը` դրանով իսկ պաշտպանելով այլոց` պարտատերերի հիմնական իրավունքները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ նման նպատակը համահունչ է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նպատակներին:

Նշված նպատակին հասնելու համար, և՛ ըստ ՀՀ Ազգային ժողովի բացատրության, և՛ ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման, որպես միջոց է դիտարկվում վիճարկվող դրույթում նկարագրված փոխանցումները հետ ստանալը, քանի որ դրանք փոխանցումներ են կամ փոխանցումների տեսակներ են, որոնք վկայում են կամ ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին:

Սույն գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր որոշման մեջ չեն անդրադարձել այն հարցին, թե արդյոք պարտապանների իրականացրած փոխանցումների նպատակը պարտատերերի նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելն է եղել, և արդյոք այդ փոխանցումներն ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին:

Օրենքի վիճարկվող դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Նման դիրքորոշման համար հիմք են հանդիսանում այն հանգամանքները, որ, նախ` նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կարող են հաստատվել դատարանի կողմից գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում, երկրորդ` նշված պայմաններին համապատասխանող ոչ բոլոր փոխանցումները կարող են վկայել պարտապանի ոչ իրավաչափ մտադրության մասին: Եթե պարտապան ֆիզիկական անձը որևէ անհատույց փոխանցում է կատարել իր հետ փոխկապակցված անձի, որից միայն երեք կամ չորս տարի հետո է ստանձնել որևէ պարտավորություն և դրանից կարճ ժամանակ անց սնանկ է ճանաչվել, շատ դժվար կլինի նման փոխանցումը դիտարկել որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցում:

Նման դեպքերը, թեև համապատասխանում են վիճարկվող դրույթի սահմանած պայմաններին, սակայն չեն կարող ծառայել վիճարկվող դրույթի` օրենսդրի կողմից սահմանված և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող նպատակին, հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանները վիճարկվող դրույթը կիրառելիս դրա գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի 1-ին նախադասության համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ օրենքի վիճարկվող դրույթում սահմանված պայմանները բավարարող բացառապես բոլոր փոխանցումները հետ ստանալը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրանցից ոչ բոլորը կարող են ակնհայտորեն վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, չի կարող դիտարկվել որպես Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոց: Նման մոտեցումը կխախտի ոչ միայն անձի սեփականության իրավունքը, այլև հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սահմանադրական սկզբունքը:

 

9. Դիմողի բարձրացրած հարցերի առնչությամբ իրավակարգավորման մոտեցումներ են նախատեսված ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հարցերով հանձնաժողովի կողմից 2004թ. հունիսի 25-ին ընդունված` Օրենսդիր մարմինների համար անվճարունակության մասին օրենսդրության հարցերով ուղեցույցում: Մասնավորապես.

- նշված ուղեցույցը իրավաբանական և ֆիզիկական անձ-պարտապանների նկատմամբ տարբերակված մոտեցում է առաջարկում այն առումով, որ ֆիզիկական անձանց գույքային զանգվածը որոշելիս թույլատրվում են որոշակի բացառություններ, մինչդեռ իրավաբանական անձանց դեպքում նման բացառություններ, որպես կանոն, չեն նախատեսվում: Ըստ ուղեցույցի` նման բացառությունների քանակը և արժեքային ծավալը պետք է հասցվի նվազագույնի, որն անհրաժեշտ է պարտապանի անձնական իրավունքների պաշտպանության և ապրելու միջոցների համար վաստակելու հնարավորություն տրամադրելու համար: Նման բացառությունները սահմանելիս անհրաժեշտություն կլինի դիտարկել մարդու իրավունքների ոլորտում, այդ թվում միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների շրջանակներում կիրառվող պարտավորությունների հարցը, քանի որ նման բացառությունները կարող են առնչվել միջազգային պայմանագրերով պաշտպանվող պարտապանի և նրա ընտանիքի համապատասխան անդամներին,

- ուղեցույցը, հնարավոր համարելով այնպիսի դեպքերի առկայությունը, երբ երրորդ անձանց պատկանող ակտիվների ներառումը գույքային զանգվածում կարող է ունենալ որոշիչ դեր, նպատակահարմար է համարում օրենսդրությամբ նախատեսել որոշակի կառուցակարգ, որը թույլ կտա պահպանել երրորդ անձանց պատկանող ակտիվները անվճարունակության վերաբերյալ վարույթի ընթացքում` երրորդ անձ հանդիսացող սեփականատիրոջ շահերի պահպանման և երրորդ անձի կողմից նման ներառումը վիճարկելու իրավունք վերապահելու պայմանով,

- ուղեցույցը ներկայացնում է տարբեր երկրների օրենսդրական փորձը` արձանագրելով, որ անվճարունակության մասին օրենքներով սահմանվում է, այսպես կոչված, կասկածելի ժամանակահատված, որի ընթացքում կնքված գործարքները ենթակա են չեղարկման: Ընդ որում, կարող է սահմանվել մեկ ընդհանուր ժամկետ կամ տարբեր ժամկետներ` կախված գործարքի տեսակից և այն հանգամանքից, թե գործարքի շահառուն փոխկապակցված է պարտապանի հետ, թե` ոչ: Կան երկրներ, որտեղ օրենսդրորեն նախատեսվում է կասկածելի ժամանակահատվածի համեմատաբար կարճ ժամանակահատված, որի ընթացքում կնքված որոշ տեսակի գործարքներն ինքնաբերաբար չեղյալ են համարվում, սակայն կիրառվում է նաև տևական ժամկետ, որի դեպքում լրացուցիչ տարրեր ենթակա են ապացուցման: Քանի որ որոշ գործարքներ կապված են դիտավորյալ հակաիրավական գործողությունների կատարման հետ, նման գործարքների չեղարկման ժամկետ ընդհանրապես չի սահմանվում: Կան երկրներ, որտեղ սահմանվում է բավականին տևական կասկածելի ժամանակահատված` մեկից մինչև տասը տարի, որը, որպես կանոն, հաշվարկվում է վարույթի բացման օրվանից: ՈՒղեցույցի դրույթների համաձայն` ցանկալի է, բացառությամբ դիտավորյալ հակաիրավական գործողությունների կատարման հետ կապված գործարքների, սահմանել կասկածելի ժամանակահատվածի հարաբերականորեն ոչ տևական ժամկետ` կոմերցիոն որոշակիություն ապահովելու և վարկի մատչելիության ու արժեքի վրա գործարքների չեղարկման վերաբերյալ դրույթների ցանկացած բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հետագա բարեփոխումների ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հարցերով հանձնաժողովի կողմից 2004թ. հունիսի 25-ին ընդունված` Օրենսդիր մարմինների համար անվճարունակության մասին օրենսդրության հարցերով ուղեցույցի դրույթները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի հիմքով դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման, հաշվի առնելով, որ վեճի առարկա դրույթը դիմողների նկատմամբ չի կիրառվել սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված մեկնաբանությամբ:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

31 հունվարի 2017 թվականի

ՍԴՈ-1340

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.01.2017
N ՍԴՈ-1340
Որոշում