Սեղմել Esc փակելու համար:
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

i

020.1341.070217

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 փետրվարի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 16.01.2017 թվականին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 16-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմի իրավական կանոնակարգումը:

3. Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերի պետությունների քաղաքացիները, այդ թվում երրորդ պետությունների տարածքներում մշտապես բնակվողները կամ ժամանակավորապես գտնվողները, կարող են առանց մուտքի արտոնագրի` արտասահման ուղևորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերի հիման վրա մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս Կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ` 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով` սկսած առաջին անգամ երկիր մուտք գործելու ամսաթվից:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն փոխանակել գործող ճամփորդական փաստաթղթերը փոփոխելու մասին: Փոխանակել այդ փաստաթղթերի նմուշները ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը գործողության մեջ դնելուց 30 օր առաջ (հոդված 2, կետ 2),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Մոլդովայի քաղաքացիներին տրամադրեն փաստաթղթերի կորստի մասին հայտարարությունը հաստատող տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարածքում Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու դեպքում (հոդված 6, կետ 1),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները ՀՀ քաղաքացիներին տրամադրեն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար ճամփորդական փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (հոդված 6, կետ 2),

- դիվանագիտական ուղիներով Մոլդովայի Հանրապետությանը ծանուցել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, ելքի, գտնվելու պայմանների փոփոխության մասին, բայց ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ (հոդված 7),

- անհապաղ տեղեկացնել Մոլդովայի Հանրապետությանը Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով Համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման և դրանց վերացման մասին` նման որոշում ընդունելուց 15 օր առաջ (հոդված 10, կետ 2):

5. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը` ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի իրացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2016 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1341

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.02.2017
N ՍԴՈ-1341
Որոշում