Սեղմել Esc փակելու համար:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱ ...

01.09.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.01.2000  -ից մինչեւ   01.09.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 18.08.11 թիվ 1180-Ն որոշում)

i

040.0746.131299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 1999 թվական թիվ 746

 

i

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 13-ի N 746 որոշմամբ

 

ԿԱՐԳ

վտանգավոր տարածքից բնակչության տարահանման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) տարահանման հանձնաժողով` համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) և համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որը կազմակերպում ու ղեկավարվում է տվյալ տարածքի բնակչության և կազմակերպությունների տարահանման միջոցառումները.

բ) տարահանման հավաքակայան` տարահանվող բնակչության ընդունման և հաշվառման հավաքատեղ.

գ) ընդունման հավաքակայան` հավաքատեղ, որտեղ կատարվում է տարահանված բնակչության ընդունումը, հաշվառումը և բաշխումն ըստ ժամանակավոր կացարանների.

դ) ընդհանուր տարահանում` տվյալ տարածքի (բնակավայրի) ամբողջ բնակչության տարահանում.

ե) մասնակի տարահանում` մինչև 16 տարեկան երեխաների, հղի և մինչև 8 տարեկան երեխա ունեցող կանանց, 8-16 տարեկան երեխա ունեցող այն կանանց, որոնց ընտանիքի կազմում չկան տարահանման ենթակա` աշխատունակ անդամներ, հաշմանդամների և կենսաթոշակառուների տարահանում.

զ) տարահանման երթուղի` բնակչության և տեղաբաշխման բնակավայրերը միացնող ճանապարհ (ճանապարհահատված).

է) տարահանման ավտոշարասյուն` տարահանման հավաքակայանից (բնակավայրերից) ընդունման հավաքակայան (բնակավայր) մեկնող երկու կամ ավելի ավտոմեքենայից բաղկացած շարասյուն.

ը) տարահանման հետիոտն շարասյուն` տարահանման հավաքակայանից (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) հետիոտն կազմակերպված խումբ.

թ) տարահանման երկաթուղային շարասյուն` չվացուցակային կամ չվացուցակից դուրս երկաթուղային շարժակազմ, որը նախատեսվում է տարահանվող բնակչությանը տեղափոխելու համար.

ժ) տարահանման պլան` նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մեկ տարածքից (բնակավայրից, օբյեկտից) մեկ այլ տարածք բնակչության տարահանման միջոցառումները.

ժա) վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ:

2. Տարահանումը բնակչության պաշտպանության հիմնական ձևերից մեկն է: Այն իրականացվում է վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ մարդկանց ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով:

3. Տարահանումն իրականացվում է այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման կամ անմիջական սպառնալիքի դեպքում, որի հետևանքով որոշակի տարածքներում (բնակավայրերում, օբյեկտներում) կարող են առաջանալ մարդկանց կյանքի և կենսագործունեության բնականոն պայմանների վրա բացասաբար ազդող գործոններ:

i

4. Անվտանգ տարածքում տարահանվող բնակչության համար որպես ժամանակավոր կացարաններ օգտագործվում են դպրոցները, ակումբները, հյուրանոցները, հանրակացարանները, բնակելի տները` անկախ սեփականության ձևից:

5. Նշված ժամանակավոր կացարանների տրամադրումն իրականացվում է հետագա համարժեք փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Բնակչության տարահանում նախատեսվում է`

ա) ջրամբարների պատվարների փլուզման կամ գետերի ջրերի հորդացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից.

բ) սողանքների և ձնահյուսերի հետևանքով առաջացած տարածքներից.

գ) երկրաշարժի հետևանքով ավերված և բնակվելու համար վտանգավոր բնակավայրերից.

դ) ատոմային էլեկտրակայանի (այսուհետև` ԱԷԿ) ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում տարահանման սահմանված միջամտման չափաքանակների գերազանցմամբ ճառագայթային ազդեցության և (կամ) ճառագայթային աղտոտման ենթակա տարածքներից.

ե) վտանգավոր թունավոր նյութեր արտադրող կամ արտադրական պրոցեսում դրանք օգտագործող արդյունաբերական օբյեկտներին հարակից վարակավտանգ գոտուց.

զ) ռադիոակտիվ կամ թունավոր նյութերի տրանսպորտային փոխադրումների ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքից.

է) զենքի տեսակների կիրառման դեպքում մասնակի տարահանում սահմանամերձ, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և զենքի տեսակների անմիջական կիրառման բնակավայրերից ու տարածքներից:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

7. Բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով, երկաթուղային շարժակազմերով և ջրային տրանսպորտով:

8. Առանձին դեպքերում տարահանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

9. Տարահանման համար տրամադրվող տրանսպորտային միջոցների կիրառումն ու վառելիքաքսուքային նյութերով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

III. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

10. Տարերային, տեխնածին կամ էկոլոգիական աղետների և այլ բնույթի վթարների դեպքում բնակչության տարահանման մասին որոշում ընդունում են համապատասխան մարզպետները (Երևանի քաղաքապետը), համայնքների և օբյեկտի ղեկավարները, իսկ նրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող անձինք: Տարահանման որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է ընդունված որոշման մասին վթարային հակազդման պլաններով սահմանված կարգով տեղեկացնել վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող համապատասխան մարմիններին և զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

11. ԱԷԿ-ի ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում ԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով նախահարձակ պաշտպանական գործողությունների իրականացման գոտու բնակավայրերի բնակչության տարահանումը կազմակերպվում է ԱԷԿ-ից ստացված ահազանգի հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, իսկ 5 կմ շառավղով գոտուց դուրս` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:

12. Զենքի տեսակների կիրառման դեպքում տարահանման մասին որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում` պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետը` իր իրավասության սահմաններում:

Տարահանման մասին որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է նշել նաև տարահանման ժամկետները (սկիզբը, ավարտը) ձևը (հետիոտն շարասյուներով, տրանսպորտային միջոցներով) և այլն:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

13. Պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են բնակչության տարահանումն ու տարահանված բնակչության ընդունումը և տեղաբաշխումը:

14. Տարահանման միջոցառումները կանոնակարգվում են նախապես մշակված տարահանման պլաններով:

15. Բնակչության տարահանման պլանները մշակում են տարահանման համապատասխան հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության տարածքային մարմինների հետ համատեղ:

16. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը սահմանում է տարահանման պլանների կառուցվածքը, պաշտոնատար անձանց պարտականություններն ու համապատասխան փաստաթղթերի ձևերը:

17. Բնակավայրերում կարող է ստեղծվել մեկ կամ ավելի տարահանման հավաքակայան` մեկ հավաքակայանում 10000 տարահանվողից ոչ ավելի` սպասարկման սկզբունքներով:

18. Տարահանման հավաքակայանները ստեղծվում են դպրոցներում կամ նմանատիպ վայրերում, ապահովում կապի միջոցներով, բուժսպասարկման կետով, մոր ու մանկան և հանգստի սենյակներով: Տարահանման երթուղիները ճշգրտվում են տարահանման հավաքակայաններում:

19. Բնակչության տարահանումն իրականացվում է տարահանման հավաքակայաններից, որտեղ տարահանման ազդանշան (հրահանգ) ստանալու դեպքում ժամանում են տարահանվողները:

20. Յուրաքանչյուր տարահանվող պարտավոր է`

ա) ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, երեք օրվա սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ.

բ) հոսանքազրկել բնակարանը և անվտանգ տեղեր փոխադրել հրդեհավտանգ ու պայթունավտանգ նյութերը և առարկաները.

գ) տարահանման և ընդունման հավաքակայաններում ու երթի ընթացքում կատարել հավաքակայանների և շարասյան պետերի հրահանգներն ու հանձնարարականները:

21. Ընդհանուր կամ մասնակի տարահանման դեպքում տարահանվողների տեղափոխումն իրականացվում է անչափահասների, հիվանդների և հաշմանդամների առաջնահերթության սկզբունքով: Հիվանդների և բժշկական հիմնարկների (հիվանդանոցների) բուժանձնակազմի տարահանումն իրականացվում է տեղերից` այդ նպատակով նախապես տրամադրված համապատասխան փոխադրամիջոցներով, շրջանցելով տարահանման հավաքակայանները, որտեղ ներկայացվում է տարահանվողների ցուցակը և ճշտվում են երթուղիները:

 

V. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

22. Տարահանման միջոցառումների տրանսպորտային ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և համապատասխան մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ծառայությունների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և դրա կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած հայտի:

23. Բնակչության տարահանման համար օգտագործվում են ջրային տրանսպորտ և մարդատար ավտոմեքենաներ (ավտոբուսներ, թեթև մարդատար ավտոմեքենաներ): Անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել նաև թափքավոր և ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ ու ավտոկցորդներ, որոնք նախապես պետք է հարմարեցնել մարդկանց փոխադրելու համար: Տարահանումն իրականացնող տրանսպորտային միջոցներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տված անցագրերով:

24. Զինվորական փոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցները չեն օգտագործվում բնակչությանը տարահանելու համար:

25. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմիններն իրականացնում են տարահանման երթուղիների անցողունակության և տարահանված բնակավայրերում (տարածքներում) ու օբյեկտներում մնացած գույքի պահպանության միջոցառումները:

26. Տարահանման և բնակչության ընդունման հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում, տարահանման երթուղիներում տարահանվողների բուժօգնության միջոցառումներն իրականացվում են տարահանված բժշկական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության մարզային (Երևան քաղաքի) առողջապահական համապատասխան ծառայությունների կողմից, սեփական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետագա համարժեք փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Տարահանված բժշկական հիմնարկները տեղաբաշխվում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշմամբ հատկացված տարածքներում (շենքային պայմաններում):

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.1999
N 746
Որոշում