Սեղմել Esc փակելու համար:
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.1351.280217

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ (ՈՒԺԵՐԻ) ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐՔԵՐԻ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 փետրվարի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 07.02.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստեղծման նպատակով: Համաձայնագրով Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի անվտանգության ապահովման նպատակով Կողմերն ստեղծում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերն ու միջոցները մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու, ազգային բաղադրիչները միացյալ հրամանատարությանը վերաենթակայեցնելու, խմբավորումը ծավալելու և կիրառելու կարգը սահմանվի Համաձայնագրին կից և դրա անբաժանելի մասը կազմող` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» կանոնակարգով:

3. Հիշյալ կանոնակարգով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը, այսուհետև` Միացյալ խմբավորում, նախատեսված է տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Կանոնակարգով նախատեսվում է նաև, որ

- Միացյալ խմբավորման կիրառման պլանավորումը կատարվում է խաղաղ ժամանակ Կողմերի զինված ուժերի գլխավոր շտաբների համատեղ հրահանգի հիման վրա,

- Միացյալ խմբավորման կիրառման պլանը մշակվում է Միացյալ խմբավորման հրամանատարության և Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի կազմից հատկացված օպերատիվ խմբի կողմից և հաստատվում է Կողմերի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կողմից,

- Միացյալ խմբավորման հրամանատարի համար օպերատիվ հրահանգը մշակվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության և հարավային ռազմական օկրուգի հրամանատարության կողմից և ստորագրվում է Կողմերի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կողմից,

- համակողմանի ապահովման տեսակների վերաբերյալ հրահանգային (կարգադրական) փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, հարավային ռազմական օկրուգի համապատասխան վարչությունների (ծառայությունների, բաժինների) կողմից և ստորագրվում են` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորատեսակների (վարչությունների, ծառայությունների, բաժինների) համապատասխան պետերի կողմից, հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի և հարավային ռազմական օկրուգի զորատեսակների (վարչությունների, ծառայությունների) համապատասխան պետերի կողմից,

- Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է Միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է Միացյալ խմբավորման հրամանատարը, որին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ,

- Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինները և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններն (այսուհետև` Լիազորված մարմին) ամեն տարի պլանավորում են զորքերի (ուժերի) օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, պատասխանատվություն են կրում պլանների մշակման, ըստ բովանդակության, ներգրավվող զորքերի (ուժերի) կազմի, միջոցառումների անցկացման կարգի և դրանց համաձայնեցման, ինչպես նաև դրանց իրագործման համար,

- Միացյալ հրամանատարությունը կազմավորվում է ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կամ պատերազմի ժամանակ, հանդիսանում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմին և նախատեսված է Միացյալ խմբավորման վրա դրված խնդիրների լուծման կազմակերպման ու ղեկավարման համար, Միացյալ խմբավորման հրամանատարին անմիջականորեն և օպերատիվ կարգով ենթակա զորքերի (ուժերի) կառավարման համար,

- Միացյալ խմբավորման կիրառման համար որոշումների ընդունումն իրականացվում է ռազմական անվտանգության ապահովման նպատակներով, (Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումը համատեղ ընդունվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից,

- Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումների ընդունման մեխանիզմը նախատեսում է Կողմերի պետական և ռազմական կառավարման մարմինների գործունեության և փոխգործակցության հետևողականություն,

- Լիազորված մարմինները Կողմերի գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակում և սահմանված կարգով ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին են ներկայացնում Միացյալ խմբավորման կիրառման և տեղաբաշխման մասին համատեղ որոշման նախագիծը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ պարտավորությունները.

. Համաձայնագրի իրագործման նպատակով որպես Լիազորված մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը (հոդված 3),

. ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն Միացյալ խմբավորման կազմը ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա` հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը, և զորքերի (ուժերի) կիրառման ընդհանուր մտահղացման հիման վրա (հոդված 4, կետ 1),

. ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն խաղաղ ժամանակ փոխգործակցության կազմակերպման կարգը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության, միացյալ խմբավորման կիրառման ընդհանուր մտահղացման մշակման, դրա կիրառման համատեղ պլանավորման ժամանակ (հոդված 6, կետ 1),

. ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման նպատակով ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը նախատեսի օպերատիվ խմբերի ուղարկումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ և Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի շտաբ (հոդված 6, կետ 2),

. ինքնուրույն իրականացնել Միացյալ խմբավորման կազմի մեջ առանձնացված ՀՀ զորքերի (ուժերի) նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը, ստեղծել և լրացնել նյութական միջոցների պաշարները մինչև համաձայնեցված չափաքանակները,

. ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ աշխատանքներ իրականացնեն զորքերի, հետախուզության և զենքի, կառավարման մարմինների հաշվողական կենտրոնների կառավարման ավտոմատացված համակարգերի, տեխնիկական և նյութական բազայի միասնականացումն ապահովելու, ինչպես նաև մարտական գործողությունների և օպերատիվ-մարտավարական խնդիրների մաթեմատիկական մոդելների մշակումներն ապահովելու ուղղությամբ (հոդված 8, կետ 2):

5. Կողմերը փոխադարձաբար պարտավորվում են.

(Համաձայնագրի իրագործման ընթացքում փոխանցվող ցանկացած տեղեկություն, անկախ դրա տրամադրման ձևից, օգտագործել բացառապես Համաձայնագրի նպատակներին համապատասխան, մի Կողմի կողմից ստացված տեղեկությունը չօգտագործել ի վնաս մյուս Կողմի (հոդված 9, պարբերություն 1),

. երրորդ կողմի չփոխանցել Համաձայնագրի իրագործման ընթացքում ստեղծված կամ ստացված տեղեկությունը` առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության (հոդված 9, պարբերություն 2):

6. Համաձայնագրում հղում է կատարվում մի շարք միջազգային պայմանագրերի, մասնավորապես.

. 1995 թվականի մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրին (ՀՀ կողմից վավերացվել է Ազգային ժողովի 1997 թվականի ապրիլի 29-ի ԱԺՈ- Ն-175-I որոշմամբ (ՍԴՈ-27)),

. 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրին (ՀՀ կողմից վավերացվել է Ազգային ժողովի 1998 թվականի փետրվարի 2-ի ԱԺՈ-Ն-221-1 որոշմամբ (ՍԴՈ-72)),

. 2010 թվականի դեկտեմբերի 10-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին» համաձայնագրին (ՀՀ կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի ԱԺՈ-287-Ն որոշմամբ (ՍԴՈ-971)),

. 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրին (ՀՀ կողմից վավերացվել է 1992 թվականի հուլիսի 28-ին` ԳԽ Հ.Ն-0676-I որոշմամբ),

. 2002 թվականի նոյեմբերի 5-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրին (ՀՀ կողմից վավերացվել է ՀՀ Նախագահի 2003թ. հունվարի 9-ի ՆՀ-1255-Ն հրամանագրով):

7. Սույն Համաձայնագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծումը, դրա ծավալման և կիրառման կարգը նախատեսվում է իրականացնել փոխշահավետ համագործակցության և փոխհամաձայնության սկզբունքների հիման վրա, նպատակ ունենալով դիմակայել կողմերի անվտանգության դեմ ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1351

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.02.2017
N ՍԴՈ-1351
Որոշում