Սեղմել Esc փակելու համար:
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.1353.280217

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄԵՂՐԻ-ՆՈՒՐԴՈՒԶ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԱՐՊԱՍԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 փետրվարի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի»

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի» 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների»

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 17.02.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում` պայմանավորվող կողմերի միջև սահմանային անցման ընթացակարգերը և մաքսային ձևակերպումները պարզեցնելու նպատակով: Կողմերը, իրենց միջազգային պարտավորություններին և Համաձայնագրի դրույթներին համապատասխան, Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կմատուցեն համատեղ ծառայություններ` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը հնարավորության դեպքում խուսափի նույնանման մաքսային գործառնությունների կրկնությունից,

* Համաձայնագրի շրջանակի և նպատակների համար չկիրառել միակողմանի պաշտոնական ընթացակարգեր, որոնք անհամատեղելի են Համաձայնագրում նշված դրույթների հետ,

* Իրանի Իսլամական Հանրապետության հետ տեղեկություն փոխանակել երկկողմ առևտրի և ՀՀ տարածքում տեղի ունեցած մաքսային իրավախախտումների վերաբերյալ,

* Իրանի Իսլամական Հանրապետությանը տեղեկացնել ՀՀ մաքսային կարգավորումների և օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների մասին,

* Համաձայնագրի դրույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով ստեղծել Համատեղ կոմիտե` իրավասու մարմինների հովանու ներքո և փոխադարձ համակարգմամբ, և այլն:

3. 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով» 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1353

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.02.2017
N ՍԴՈ-1353
Որոշում