Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ, 13- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիականդատարանի որոշում
ԵՄԴ/2051/02/15
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵՄԴ/2051/02/15

Նախագահող դատավոր`   Ա. Հունանյան

                   Դատավորներ`    Լ. Գրիգորյան

                                                    Հ. Ենոքյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                  

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արա Հարությունյանի ներկայացուցիչ Աննա Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ Արա Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Արա Հարությունյանից բռնագանձել ավել վճարված 219.950 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ.Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 09.09.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2015 թվականի որոշմամբ Արա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.09.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Հարությունյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 13-րդ հոդվածը, 43-րդ հոդվածը, 50-րդ հոդվածի 1-ին մասը, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.12.2010 թվականի խմբագրությամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման 1-ին հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 130.1-րդ հոդվածը, 220-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Արա Հարությունյանի կողմից ներկայացված` անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրի վկայականը հարկային տեսչություն հանձնելու և գործունեություն չիրականացնելու փաստը հաստատող ապացույցները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ անձի աշխատելու հանգամանքը փաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի անձը կատարի որոշակի աշխատանքային գործառույթներ, ստանա որոշակի վարձատրություն, ընդ որում` անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ այլ գործատուի մոտ աշխատող: Ավելին, «աշխատող» եզրույթը գնահատվում է աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակում և ենթադրում է աշխատող-գործատու իրավահարաբերություններ, որպիսի պայմաններում անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը չի կարող անգամ դիտարկվել որպես աշխատողի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Արա Հարությունյանը 04.07.2008 թվականից մինչև 26.10.2012 թվականն ընկած ժամանակահատվածում թեպետ գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն այդ փաստը դեռևս չի նշանակում, որ վերջինս իրականացրել է գործունեություն, ստացել է եկամուտ: Տվյալ դեպքում Ծառայությունը պարտավոր էր ներկայացնել համապատասխան ապացույցներ Արա Հարությունյանի կողմից 2011 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում որպես անհատ ձեռնարկատեր ծավալած գործունեության մասին, ինչպես նաև այն մասին, որ գործունեության արդյունքում վերջինս ստացել է եկամուտ, ինչը չի արել: Մինչդեռ Արա Հարությունյանի կողմից ներկայացված փաստաթղթերով հաստատվել է այն փաստը, որ 16.12.2008 թվականից սկսած իր կողմից որևէ գործունեություն չի իրականացվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդիրը «չի աշխատում» եզրույթի մեջ դրել է այն գաղափարը, որ անձը պետք է գտնվի աշխատանքային իրավահարաբերությունների մեջ, կատարի որոշակի աշխատանքային գործառույթներ և կատարվածի դիմաց ստանա որոշակի վարձատրություն, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում «չի աշխատում» եզրույթը պետք է դիտարկել գործունեություն չիրականացնելու և եկամուտներ չստանալու տեսանկյունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արա Հարությունյանը 27.05.2011 թվականին Ծառայության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժին հասցեագրված դիմումով խնդրել է նշանակել կերակրողին կորցնելու կենսաթոշակ` նշելով, որ չի աշխատում (գ.թ. 12):

2) ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Թալինի տարածքային բաժնի կողմից 04.07.2008 թվականին տրված անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման թիվ 01Ա122416 վկայականի համաձայն` Արա Հարությունյանը 04.07.2008 թվականից գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր (գ.թ. 19):

3) ՀՀ ֆինանսների նախարարության 17.02.2015 թվականի թիվ 2-8/4-277 տեղեկանքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Արա Հարությունյանը 16.12.2008 թվականին Աշտարակի հարկային տեսչություն է հանձնել պետական ռեգիստրի վկայականը (գ.թ. 21):

4) 01.01.2012 թվականից մինչև 26.10.2012 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանի համար անհատ ձեռնարկատեր Արա Հարությունյանի կողմից ներկայացված անհատական հաշվետվության համաձայն` վերջինս նշված ժամանակահատվածում չի աշխատել (գ.թ. 18):

5) ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի 26.10.2012 թվականի տեղեկանքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Արա Հարությունյանը 04.07.2008 թվականից հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 26.10.2012 թվականից դուրս է եկել հաշվառումից (գ.թ. 20):

6) Ծառայության կողմից 19.03.2015 թվականին կազմվել է եզրակացություն` Արա Հարությունյանի կենսաթոշակի գերավճարի առաջացման հիմքերի և պատճառների մասին, ըստ որի` զբաղվածության մասին էլեկտրոնային բազայի տվյալների հիման վրա հայտնաբերված է, որ Արա Հարությունյանը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր` սկսած 04.07.2009 թվականից մինչև 26.10.2012 թվականը, սակայն գործունեություն չի ծավալել և ներկայացրել է զրոյական հաշվետվություն: Արա Հարությունյանին 10.04.2011 թվականից մինչև 31.10.2012 թվականը, որպես կերակրողին կորցնողի սոցիալական կենսաթոշակ, 2 անձի համար ավել է վճարվել 219.950 ՀՀ դրամ (գ.թ. 28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 50-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 50-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անհատ ձեռնարկատիրոջ կողմից գործունեություն չիրականացնելու և եկամուտ կամ վաստակ չստանալու պայմաններում առկա է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «չաշխատելու» մասին պայմանը:

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:

i

Համանման դրույթներ են պարունակում նաև 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 1-ին և 83-րդ հոդվածները:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներից է սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.12.2010 թվականի խմբագրությամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ամուսնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` նույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործող խմբագրությամբ 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` նույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում: Նույն հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` նույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը: Համանման կարգավորում է նախատեսված եղել նաև իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.12.2010 թվականի խմբագրությամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետով:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կենսաթոշակառուն պարտավոր է լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ, իսկ 2-րդ կետի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված գումարները ենթակա են հետգանձման նույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է կենսաթոշակ ստանալու անձի իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը` ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում հաշվառումից հանվելու դեպքում կատարվում է նշում այդ մասին:

Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո վերլուծելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված անձի չաշխատելու մասին պայմանը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

Ելնելով Հայաստանի Հանրապետության` որպես սոցիալական պետության բնույթից` օրենսդիրը որոշակի անձանց համար նախատեսել է նրանց սոցիալական օժանդակություն ցույց տալու հնարավորություն, որի մասնավոր դեպքերից է կերակրողին կորցնելու դեպքում համապատասխան կենսաթոշակի նշանակումը: Ընդ որում, օրենսդրի նպատակն է նվազագույն սոցիալական պայմաններ ապահովել այն անձանց համար, ովքեր զբաղված են մինչև 14 տարեկան երեխայի խնամքով և չեն աշխատում: Տվյալ դեպքում անձի չաշխատելը, որպես նման կենսաթոշակի նշանակման պայման, էական է նրանով, որ չաշխատելու դեպքում անձը որևէ եկամուտ չի ստանում և այդ հիմքով էլ կարիք ունի պետության սոցիալական օժանդակության, այսինքն` սոցիալական ապահովության անհրաժեշտությունը տվյալ դեպքում թելադրված է երեխայի խնամքն իրականացնող անձի մոտ ցանկացած տեսակի եկամտի բացակայությամբ: Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ, արձանագրում է, որ եկամուտ ստանալը կարող է հիմնված լինել ոչ միայն աշխատանքային հարաբերությունների, այլ նաև` որպես անհատ ձեռնարկատեր գործունեություն իրականացնելու վրա: Այլ կերպ ասած` կերակրողին կորցնելու համար կենսաթոշակ նշանակելու պայման հանդիսացող չաշխատելու հանգամանքը վերաբերում է նաև որպես անհատ ձեռնարկատեր գործունեություն չիրականացնելուն:

Անդրադառնալով որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու, սակայն վկայականը հանձնած և փաստացի գործունեություն չիրականացնելու դեպքերին` Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ամրագրված սոցիալական արդարությունն ապահովելու սկզբունքից ելնելով` անձը նման դեպքերում պետք է համարվի չաշխատող: Այսինքն` եթե անձը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, որի կապակցությամբ էլ հանձնել է վկայականը, ապա դրա հետ կապված եկամուտ չի կարող ստանալ` անկախ նրանից` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված է, թե` ոչ: Հետևաբար քննարկվող իրավակարգավորման շրջանակում անձի չաշխատելու պայմանն առկա է ինչպես այն դեպքում, երբ անձը որպես ձեռնարկատեր հաշվառված չէ, այնպես էլ այն դեպքում, երբ նա որպես այդպիսին հաշվառված է, սակայն հանձնել է վկայականը և փաստացի այդպիսի գործունեություն չի իրականացնում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված անձի չաշխատելու պայմանն ունի ոչ թե ձևական, այլ բովանդակային նշանակություն` ցանկացած աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում ցանկացած եկամուտ ստանալու առումով: Այսինքն` անձի չաշխատելու պայմանն առկա է բոլոր այն դեպքերում, երբ վերջինս որևէ աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում և դրա հետ կապված որևէ եկամուտ չի ստանում: Ուստի, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով սահմանված` ավել վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման պահանջ կարելի է ներկայացնել այն դեպքում, երբ կենսաթոշակի վճարման ժամանակահատվածում անձն աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ստացել է որևէ եկամուտ:

Սույն գործի փաստերի համաձայն` Արա Հարությունյանը 27.05.2011 թվականին Ծառայության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժին հասցեագրված դիմումով խնդրել է նշանակել կերակրողին կորցնելու կենսաթոշակ` նշելով, որ չի աշխատում: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Թալինի տարածքային բաժնի կողմից 04.07.2008 թվականին տրված անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման թիվ 01Ա122416 վկայականի համաձայն` Արա Հարությունյանը 04.07.2008 թվականից գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր: ՀՀ ֆինանսների նախարարության 17.02.2015 թվականի թիվ 2-8/4-277 տեղեկանքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Արա Հարությունյանը 16.12.2008 թվականին Աշտարակի հարկային տեսչություն է հանձնել պետական ռեգիստրի վկայականը:

01.01.2012 թվականից մինչև 26.10.2012 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանի համար անհատ ձեռնարկատեր Արա Հարությունյանի կողմից ներկայացված անհատական հաշվետվության համաձայն` վերջինս նշված ժամանակահատվածում չի աշխատել: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի 26.10.2012 թվականի տեղեկանքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Արա Հարությունյանը 04.07.2008 թվականից հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 26.10.2012 թվականից դուրս է եկել հաշվառումից:

Ծառայության կողմից 19.03.2015 թվականին կազմվել է եզրակացություն Արա Հարությունյանի կենսաթոշակի գերավճարի առաջացման հիմքերի և պատճառների մասին, ըստ որի` զբաղվածության մասին էլեկտրոնային բազայի տվյալների հիման վրա հայտնաբերվել է, որ Արա Հարությունյանը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր սկսած 04.07.2009 թվականից մինչև 26.10.2012 թվականը, սակայն գործունեություն չի ծավալել և ներկայացրել է զրոյական հաշվետվություն: Եզրակացության համաձայն` Արա Հարությունյանին 10.04.2011 թվականից մինչև 31.10.2012 թվականը, որպես կերակրողին կորցնողի սոցիալական կենսաթոշակ, 2 անձի համար ավել է վճարվել 219.950 ՀՀ դրամ:

Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով Արա Հարությունյանի` 04.07.2008 թվականից մինչև 26.10.2012 թվականը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հանգամանքը, հայցը բավարարել է` նշելով, որ տվյալ դեպքում առկա է պարտապանի` Արա Հարությունյանի ոչ օրինաչափ վարքագիծ, որը պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում Ծառայությանը պատճառված վնասի հետ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները և գտել է, որ Արա Հարությունյանի կողմից չեն պահպանվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պահանջները, այն է` Արա Հարությունյանը կենսաթոշակ նշանակող լիազոր մարմին ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ իր չաշխատելու վերաբերյալ, ինչի հիման վրա Ծառայության կողմից նրա նկատմամբ նշանակվել է կերակրողին կորցնելու կենսաթոշակ, և 2011 թվականից մինչև 26.10.2012 թվականն ընկած ժամանակահատվածի համար վերջինիս վճարվել է 219.950 ՀՀ դրամ ավել կենսաթոշակի գումար:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արա Հարությունյանը, կերակրողին կորցնելու կենսաթոշակ նշանակելու մասին դիմումում նշելով, որ չի աշխատում, Ծառայության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնին որևէ ոչ հավաստի տվյալ չի ներկայացրել, քանի որ գործում առկա ապացույցներով (ՀՀ ֆինանսների նախարարության 17.02.2015 թվականի թիվ 2-8/4-277 տեղեկանքով և 01.01.2012 թվականից մինչև 26.10.2012 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանի համար անհատ ձեռնարկատեր Արա Հարությունյանի կողմից ներկայացված անհատական հաշվետվությամբ) հիմնավորվում է, որ կենսաթոշակի նշանակման ժամանակահատվածում վերջինս որևէ աշխատանքային, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել և այդ կապակցությամբ որևէ եկամուտ չի ստացել: Նման պայմաններում, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առկա են եղել Արա Հարությունյանին կերակրողին կորցնելու կենսաթոշակ նշանակելու բոլոր պայմանները, ուստի բացակայում է դատական կարգով այդ գումարների հետգանձման հիմքը, հետևաբար Ծառայության հայցը ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 50-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, իսկ Ծառայության հայցը` մերժման, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.04.2016 թվականի որոշմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք` նկատի ունենալով, որ հայցագնի` 219.950 ՀՀ դրամի 3 տոկոսը չի գերազանցում բազային տուրքի տասնապատիկը: Միաժամանակ Ծառայությունից հօգուտ Արա Հարությունյանի ենթակա է բռնագանձման 6.600 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հայցն ընդդեմ Արա Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել:

2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից հօգուտ Արա Հարությունյանի բռնագանձել 6.600 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ԵՄԴ/2051/02/15
Որոշում