Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԸ ԵՆԹԱԿԱ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԸ ԵՆԹԱԿԱ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
ՎԴ/10555/05/13
2016թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/10555/05/13

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

                   Դատավորներ`  Ա. Աբովյան

                                                  Ա. Սարգսյան 

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Ավանեսյանի
 Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                  

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.01.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հուսիկ Մարգարյանի ընդդեմ Նախարարության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հուսիկ Մարգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ.Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2015 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.05.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել սույն գործում առկա ապացույցները, մասնավորապես` 02.11.2009 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, 11.01.2010 թվականին կնքված համաձայնագիրը, վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փորձաքննության ակտերը: Նշված ապացույցների սխալ գնահատման հետևանքով Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով եկել է այն եզրահանգման, որ «ԳՈԼԴԵՆ ՖԻԼԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) կողմից ներկրված ապրանքը այլ անձի` «ԱՅՋԻՎԻԱՅ» ՍՊԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) չի հանձնվել: Մինչդեռ մաքսային մարմնի տրամադրության տակ եղած ապացույցները բավարար են Ընկերության կողմից ներկրված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների հանձնման փաստն ապացուցելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.01.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03Ա074680 վկայականի թիվ 001, թիվ 002 և թիվ 005 ներդիրների համաձայն` Հուսիկ Մարգարյանը 24.08.2007 թվականից մինչև 01.09.2010 թվականը հանդիսացել է Ընկերության տնօրեն (հատոր 2-րդ, գ.թ. 18-20):

i

2. Կոմիտեի հետաքննության վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 13.09.2013 թվականի որոշման համաձայն` Հուսիկ Մարգարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 349.920.072 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Ընկերությունը 2009-2010 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 699.840.143 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանք (անկար խողովակ) և մաքսային հսկողության ներքո գտնվող այդ ապրանքն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել է Կազմակերպությանը` վերամշակման համար (հատոր 1-ին, գ.թ. 17-19):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության մաքսային կանոնների խախտման համար, եթե լրացել է ենթադրյալ իրավախախտումը կատարելու հնարավոր վերջին օրվանից եռամյա ժամկետը:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` (...) մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` (...) (7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը (...):

i

ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, մաքսային հսկողության տակ են գտնվում (...) (գ) «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

i

ՀՀ մաքսային օրենսգրքի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 38-րդ գլխի 205-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածը վաղեմության ժամկետի լրանալը դիտում է որպես վարչական գործով վարույթը բացառող հանգամանք` սահմանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետները:

ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) համար անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության օրենքով նախատեսված հատուկ ժամկետների ընթացքում, որոնց հաշվարկն սկսվում է մի դեպքում իրավախախտումը հայտնաբերվելու, իսկ մյուս դեպքում` այն կատարվելու օրվանից: Այսպես` ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) համար անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե չեն լրացել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկամսյա ժամկետը և իրավախախտումը կատարվելու օրվանից եռամյա ժամկետը: Փաստորեն, մաքսային կանոնները խախտելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը երկու ամիս է, որը հաշվարկվում է իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է մաքսային կանոնները խախտելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մեկ այլ վաղեմության ժամկետ, որը տևում է 3 տարի և հաշվարկվում է ոչ թե իրավախախտման հայտնաբերման, այլ կատարման օրվանից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) համար վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետի հետ կապված օրենսդրական կարգավորումները հանգում են հետևյալ երկու կանոններին.

1) անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, եթե լրացել է իրավախախտման հայտնաբերման պահից երկամսյա ժամկետը,

2) անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, եթե լրացել է իրավախախտման կատարման պահից եռամյա ժամկետը,

ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ամրագրված իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել մաքսային այն կանոնների խախտման համար, որոնք կապված են մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածի ուժով գործող սահմանափակումների հետ և չեն առնչվում պետության ֆինանսական շահերին, մաքսային վճարների վճարման պարտականության կատարմանը, ինչպես նաև այդպիսի պարտականության կատարման ապահովմանը: Նշված վարչական իրավախախտումն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության սահմանված կարգի դեմ և դրսևորվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու, օտարելու, ոչնչացնելու կամ կորցնելու եղանակով: Նշված արարքների կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը` առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնված, օտարված, ոչնչացված կամ կորցված ապրանքի մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթից բխում է, որ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը գտնվում են մաքսային հսկողության ներքո: Հետևաբար ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվություն կարող է առաջանալ նաև «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողումն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու, օտարելու, ոչնչացնելու կամ կորցնելու դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հուսիկ Մարգարյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը: Նշված վարչական ակտով Ընկերության նախկին տնօրեն Հուսիկ Մարգարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 349.920.072 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Ընկերությունը 2009-2010 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 699.840.143 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանք (անկար խողովակ) և մաքսային հսկողության ներքո գտնվող այդ ապրանքն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել է Կազմակերպությանը` վերամշակման համար:

Սույն գործով Դատարանը բավարարել է Հուսիկ Մարգարյանի հայցը և անվավեր է ճանաչել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը` պատճառաբանելով նաև, որ վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին` 13.09.2013 թվականին, ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման համար Հուսիկ Մարգարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության եռամյա ժամկետը լրացած է եղել, քանի որ Հուսիկ Մարգարյանի` Ընկերության տնօրենի պաշտոնում պաշտոնավարման վերջին օրը 01.09.2010 թվականն է:

Վերաքննիչ դատարանը մերժել է Նախարարության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ դիրքորոշումը:

Վճռաբեկ դատարանը, գնահատելով ստորադաս դատարանների վերոգրյալ եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Ընկերության նախկին տնօրեն Հուսիկ Մարգարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության այն բանի համար, որ Ընկերությունը 2009-2010 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել է Կազմակերպությանը: Ընդ որում, սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է 13.09.2013 թվականին, իսկ Հուսիկ Մարգարյանը Ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 24.08.2007 թվականից մինչև 01.09.2010 թվականը:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) համար անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե չեն լրացել այդ պատասխանատվության վաղեմության ժամկետները` իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկամսյա ժամկետը և իրավախախտումը կատարվելու օրվանից եռամյա ժամկետը: Տվյալ դեպքում Ընկերության նախկին տնօրեն Հուսիկ Մարգարյանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումը տեսականորեն կարող էր կատարվել առավելագույնը մինչև 01.09.2010 թվականը, այսինքն` մինչև այն պահը, երբ Հուսիկ Մարգարյանը հանդիսացել է Ընկերության տնօրեն: Փաստորեն, սույն գործով վիճարկվող վարչական ակտով Ընկերության նախկին տնօրեն Հուսիկ Մարգարյանին վերագրվող ենթադրյալ իրավախախտման կատարման վերջին օրը, խախտման ստույգ օրը պարզ չլինելու պայմաններում, կարող էր հանդիսանալ ամենաուշը 01.09.2010 թվականը (Հուսիկ Մարգարյանի տնօրեն հանդիսանալու վերջնաժամկետի օր), և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության վաղեմության եռամյա ժամկետի հաշվարկը պետք է կատարել հենց այդ օրվանից` 01.09.2010 թվականից: Հետևաբար Ընկերության նախկին տնօրեն Հուսիկ Մարգարյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված զանցանքի կատարման համար վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 01.09.2013 թվականին` ենթադրյալ իրավախախտման ենթադրյալ կատարման օրվանից երեք տարի հետո:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերության նախկին տնօրեն Հուսիկ Մարգարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված զանցանքի կատարման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 13.09.2013 թվականին` Կոմիտեի հետաքննության վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ, այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության վաղեմության եռամյա ժամկետն անցնելուց հետո: Հետևաբար սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ և 247-րդ հոդվածների խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, եթե լրացել է իրավախախտման կատարման պահից եռամյա ժամկետը:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անվավեր ճանաչելով Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, որպիսի պարագայում և վճռաբեկ բողոքում առաջ քաշած հանգամանքները լիովին անհիմն են: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարած լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.01.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2016
N ՎԴ/10555/05/13
Որոշում