Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
ՎԴ/4545/05/08
2016թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/4545/05/08

Նախագահող դատավոր`   Ա. Առաքելյան

                   Դատավորներ`    Ք. Մկոյան

                                                    Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
 Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

         

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի, Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանի, Արմինե Սանոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի, երրորդ անձինք Բաբկեն Տեր-Մանվելյանի, Արմեն Ալլահվերդյանի` Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը` Արգինե Մանուկյանի, Վարդան Լեմենցյանի մասով (որոշման հավելվածի 10-րդ կետ), ինչպես նաև Երևանի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Փ. Բուզանդի թիվ 38 տան 15,6 քմ մակերեսով բնակելի և 29,2 քմ օժանդակ մակերեսով տունը բնակելի ֆոնդում ընդգրկելու և Վ. Լեմենցյանի ընտանիքը երկու անձով վարձակալ ճանաչելու մասին Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լինա Գյուլ-Բուդաղյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը` Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի մասով (որոշման հավելվածի 10-րդ կետ), Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, ճանաչել Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա.Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը:

ՀՀ վարչական դատարանի 12.07.2011 թվականի որոշմամբ Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ են ճանաչվել Նաիրա Ավետյանը և Արմինե Սանոյանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) 02.03.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա.Առաքելյան, Ա.Աբովյան, Գ.Ղարիբյան) 19.07.2012 թվականի որոշմամբ Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանի և Արմինե Սանոյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 02.03.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս.Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 30.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը` Արգինե Մանուկյանի, Վարդան Լեմենցյանի մասով (որոշման հավելվածի 10-րդ կետ), Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը ճանաչվել են անվավեր, իսկ Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.06.2015 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի, Արգինե Մանուկյանի և Վարդան Լեմենցյանի, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 30.10.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը, Արգինե Մանուկյանը և Վարդան Լեմենցյանը, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 11-րդ, 18-րդ հոդվածները, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասը, 110-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 21-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևան համայնքը չի հանդիսանում սույն գործով վիճարկվող 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը կայացրած մարմին կամ այդ որոշումը կայացրած մարմնի իրավահաջորդը չէ: Հետևաբար Երևան համայնքը սույն գործով ոչ պատշաճ պատասխանող է, իսկ պատշաճ պատասխանող ՀՀ կառավարությունը գործին մասնակից չի դարձվել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Արգինե Մանուկյանի, Վարդան Լեմենցյանի մասով Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը (որոշման հավելվածի 10-րդ կետ), ինչպես նաև 07.05.1999 թվականի Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշումը և այդ մասերով գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ բնակարանային օրենսգրքի 51-րդ հոդվածը, «Պետական հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշմամբ համայնքի ղեկավարը տնօրինել է Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեի անշարժ գույքը, որը սեփականության իրավունքով պատկանել է Լինա Գյուլ-Բուդաղյանին: Փաստորեն, նշված որոշումն առնչվում է այնպիսի անշարժ գույքի, որը պետության, Երևանի քաղաքապետարանի կամ Կենտրոն համայնքի սեփականությունը չի հանդիսացել, հետևաբար Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշումը պետք է ճանաչվի առ ոչինչ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, քանի որ այն ընդունվել է ոչ իրավասու մարմնի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշումը` Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանի բողոքը մերժելու մասով, և փոփոխել այն` ճանաչել Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը:

 

2.2. Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է նաև 10.09.2010 թվականին կազմված թիվ 09-2457 փորձագիտական եզրակացությունը, որում անտեսված է այն փաստը, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում առկա են հին շինություններ, որոնք հատակագծում նշված չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 26.11.2002 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1043981 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Բուզանդի փողոց թիվ 38 տունը սեփականության իրավունքով պատկանում է Լինա Գյուլ-Բուդաղյանին, սեփականության իրավունքի գրանցման հիմքը վկայականում նշվել է պետնոտարի 10.10.1984 թվականի թիվ 11247 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիր, իսկ «Շենքի տվյալները» բաժնում կատարված գրառման համաձայն` Լինա Գյուլ-Բուդաղյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան մակերեսը կազմել է 166,36 քմ և ընդհանուր սեփականության իրավունքով` 34,0 քմ (հատոր 1-ին, գ.թ. 10-12):

2) Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշման 1-ին կետով թույլատրվել է Կենտրոնի թաղապետարանի կողմից ներկայացված 36 բնակարանների անհատույց սեփականաշնորհումը` որպես ընտանիքի անդամների համատեղ սեփականություն (համաձայն հավելվածի) (հատոր 1-ին, գ.թ. 25):

3) Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշման հավելվածի քաղվածքի համաձայն` Երևանի Կենտրոն համայնքի բնակելի ֆոնդի բնակարանների սեփականաշնորհման ցուցակի 10-րդ տողում ընդգրկված է Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեի մեկ սենյականոց բնակարանը` Վարդան Լեմենցյանի անվամբ սեփականաշնորհվելու համար (հատոր 1-ին, գ.թ. 26):

4) Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշման քաղվածքի համաձայն` թույլատրվել է Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեի մեկ սենյականոց բնակարանը (բնակելի` 15,6 քմ, ընդհանուր` 45,5 քմ մակերեսով) ձևակերպել Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի անվամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 198):

5) Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշման հիման վրա 07.05.1999 թվականին կնքված «Հողի վարձակալության պայմանագրի» համաձայն` Երևանի քաղաքապետը` որպես վարձատու, Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 58,4 քմ մակերեսով հողամասը հանձնել է Վարդան Լեմենցյանի` որպես վարձակալի տիրապետմանն ու օգտագործմանը (հատոր 1-ին, գ.թ. 86-88):

6) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0121412 վկայականի համաձայն` Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշման հիման վրա 09.06.1999 թվականին գրանցվել է Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 45,5 քմ ընդհանուր մակերեսով թիվ 38 բնակելի տան նկատմամբ, ինչպես նաև վերջիններիս վարձակալության իրավունքը` նույն հասցեում գտնվող 0,00584 հա մակերեսով հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 91-93):

7) Երևանի քաղաքապետի 04.06.1997 թվականի թիվ 487 որոշման համաձայն` Երևանի քաղաքապետը որոշել է թույլատրել Կենտրոն թաղապետարանին կարգավիճակ չունեցող (լքյալ) տներն ընդգրկել պետական բնակելի ֆոնդում և բացել վարձակալական քարտեր (հատոր 2-րդ, գ.թ. 44):

8) Երևանի Կենտրոնի թաղապետարանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման համաձայն` Երևանի Կենտրոնի թաղապետը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 04.06.1997 թվականի թիվ 487 որոշումը, որոշել է Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեի 15,6 քմ բնակելի և 29,2 քմ օժանդակ մակերեսով տունն ընդգրկել բնակելի ֆոնդում և վարձակալ ճանաչել Վարդան Լեմենցյանին` ընտանիքի երկու անձով (հատոր 1-ին, գ.թ. 82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` սույն գործով վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած հայեցակարգային փոփոխությունների արդյունքում Երևանի քաղաքապետի մասնակցությամբ վարչական գործերի շրջանակներում վերջինիս իրավահաջորդով կամ պատշաճ պատասխանողով փոխարինելու իրավական խնդրի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Երևանի քաղաքապետը` որպես տեղական ինքնակառավարման մարմին, կարող է շարունակել մասնակցել վարչական գործի քննությանը, եթե նա` որպես պատասխանող, այդ գործին ի սկզբանե ներգրավված է եղել որպես տարածքային կառավարման մարմին, սակայն տվյալ գործի քննության ընթացքում Երևանի կարգավիճակը փոխվել է:

 

4.1 Քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության մասնակիցներն են կողմերը` հայցվորը և պատասխանողը, ինչպես նաև երրորդ անձինք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում, իսկ 5-րդ մասի համաձայն` այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն`

1. Գործի քննության նախապատրաստման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատասխանողին:

2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանող: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպես երկրորդ պատասխանող:

3. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց կամ գործում որպես երկրորդ պատասխանող ներգրավելուց հետո գործի վարույթը սկսվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից:

4. Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով կարգավորել է վարչական դատավարությունում դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերի, կատարման կարգի և իրավական հետևանքների հետ կապված հարաբերությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը վիճելի իրավահարաբերություններից կողմերից մեկի դուրս գալու դեպքում դատավարության կողմի փոխարինումն է նրա իրավահաջորդով: Ընդ որում, դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում, իսկ իրավահաջորդին դատավարությանը թույլատրելը ձևակերպվում է դատարանի համապատասխան որոշմամբ` առանձին դատական ակտի տեսքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերը. այսպես` վարչական դատավարությունում իրավահաջորդությունը տեղի է ունենում դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու հետևյալ դեպքերում.

1. իրավաբանական անձի վերակազմակերպում,

2. վարչական մարմնի վերակազմակերպում,

3. ֆիզիկական անձի մահ,

4. պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր:

Այսպիսով, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում թվարկել է այն փաստակազմերի սպառիչ ցանկը, որոնց գործնականում առկայությունը հնարավորություն է ընձեռում վարչական դատարանին` կիրառելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավական հետևանքը, այն է` դատավարության կողմին փոխարինել նրա իրավահաջորդով: Այսինքն` վարչական դատարանն իրավասու է դատավարության կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնելու միայն վերը նշված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում: Հետևաբար վարչական դատարանն իրավասու չէ դատավարության կողմին փոխարինելու նրա իրավահաջորդով` հիմնվելով այնպիսի փաստակազմերի վրա, որոնք նախատեսված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում: Ավելին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը ենթադրում է, որ իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը դատավարական իրավահարաբերությունների ամբողջ ծավալով` իրավանախորդի ունեցած բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Քանի որ դատավարական իրավահաջորդության դեպքում իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը, ուստի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը, վերջինիս համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով կարգավորել է վարչական գործի քննության ընթացքում ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու դատավարական կառուցակարգի առանձնահատկությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով ամրագրված իրավադրույթներից բխում է, որ ոչ պատշաճ պատասխանողը դատավարության մասնակից այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան, սակայն հետագայում գործի հանգամանքներով ժխտվել է դատավարության այդ մասնակցի` վիճելի պարտականության կրող լինելու, այսինքն` վիճելի իրավահարաբերության սուբյեկտ հանդիսանալու ենթադրությունը: Այլ կերպ ասած` եթե վարչական գործի քննության ընթացքում ժխտվում է այն ենթադրությունը, որ պատասխանողը վիճելի իրավահարաբերության սուբյեկտ է, ապա այդ դեպքում վերջինս ճանաչվում է ոչ պատշաճ պատասխանող և պետք է փոխարինվի պատշաճ պատասխանողով, այսինքն` վիճելի իրավահարաբերության ենթադրյալ սուբյեկտով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման համաձայն` ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը կարող է կատարվել վարչական դատարանի նախաձեռնությամբ կամ հայցվորի միջնորդությամբ, բայց բոլոր դեպքերում միայն հայցվորի համաձայնությամբ, որը բխում է տնօրինչականության սկզբունքից: Փաստորեն, ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումն առանց հայցվորի համաձայնության հնարավոր չէ, իսկ եթե հայցվորը համաձայն չէ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուն, ապա վարչական դատարանը կարող է պատշաճ պատասխանողին, այսինքն` այն սուբյեկտին, որը պետք է պատասխանի ըստ ներկայացված հայցի, ներգրավել որպես երկրորդ պատասխանող: Բացի այդ, վարչական գործի քննության ընթացքում ոչ պատշաճ պատասխանողի կատարած գործողությունները դատավարությանը մասնակից դարձված պատշաճ պատասխանողի համար նշանակություն չունեն և վերջինիս համար որևէ իրավունք կամ պարտականություն չեն առաջացնում: Պատշաճ պատասխանողի համար ծագում են նոր վարչադատավարական իրավահարաբերություններ, հետևաբար պատշաճ պատասխանողի համար գործի քննությունն սկսվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից:

Վերոգրյալ իրավական վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող վարչադատավարական ինստիտուտների` դատավարական իրավահաջորդության և ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման միջև առկա են էական տարբերություններ` ինչպես ըստ հիմքերի, այնպես էլ ըստ դատավարական հետևանքների: Եթե դատավարական իրավահաջորդության հիմքը կողմի` նյութական իրավունքներում կամ պարտականություններում տեղի ունեցած իրավահաջորդությունն է, ապա ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումն իրար փոխարինող անձանց միջև, որպես կանոն, ոչ մի նյութաիրավական կապ չի ենթադրում: Այսպիսով, դատավարական հետևանքների տեսանկյունից` դատավարական իրավահաջորդության դեպքում վարչադատավարական իրավահարաբերությունները պահպանվում են, իսկ ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման դեպքում վարչադատավարական իրավահարաբերությունները դադարում են, և ծագում են նոր վարչադատավարական իրավահարաբերություններ (տե՛ս, նաև Սպարտակ Մարտիրոսյանն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/5014/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2015 թվականի որոշումը):

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած հայեցակարգային փոփոխությունների արդյունքում Երևանի քաղաքապետի մասնակցությամբ վարչական գործերի շրջանակներում վերջինիս իրավահաջորդով կամ պատշաճ պատասխանողով փոխարինելու խնդրին:

i

1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ: Երևանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը: Տեղական ինքնակառավարումը Երևանում իրականացվում է թաղային համայնքներում:

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով (...):

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվում են համապատասխան օրենքի ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: Մինչ այդ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը և տարածքային կառավարումը իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

«Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի (ուժը կորցրել է 18.06.2009 թվականին) 1.2-րդ կետի համաձայն` պետական կառավարումը Երևանում ապահովվում է Երևանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով: Երևանի քաղաքապետն օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում Երևանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն (...):

i

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 26.12.2008 թվականին, ուժի մեջ է մտել 26.01.2009 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Երևան քաղաքում (...) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները:

i

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածից հետևում է, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետը:

i

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո Երևանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք:

Վերոգրյալ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ըստ 1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության` Երևան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, և Երևան քաղաքում պետական կառավարման իրականացման կարգը սահմանվել է ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով (ուժը կորցրել է 18.06.2009 թվականին), որի համաձայն` Երևանի տարածքում ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացրել է Երևանի քաղաքապետը` օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տարածքային կառավարումը պետության գործադիր իշխանության ոլորտում տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության հատուկ տեսակ է: Գործելով պետության անունից և իրականացնելով պետական կառավարման գործառույթներ` տարածքային կառավարման մարմիններն օժտված են պետաիշխանական լիազորություններով և կառավարչական գործունեությունն իրականացնում են բացառապես օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության շրջանակներում: Հետևաբար տարածքային կառավարումը, ինչպես նաև դրա գործառույթներն իրականացնող տարածքային կառավարման մարմինները հանդիսանում են պետական իշխանության միասնական կառուցակարգի բաղկացուցիչ մասը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությամբ Երևան քաղաքի կարգավիճակը փոխվել է. Երևանը համայնք է, որի տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Ընդ որում, 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության անցումային դրույթներում նախատեսվել է նաև, որ մինչ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը և տարածքային կառավարումն իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այսպիսով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի` որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձևավորումից հետո Երևանի քաղաքապետը` որպես տարածքային կառավարման մարմին, դադարել է գոյություն ունենալ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած վերը նշված հայեցակարգային փոփոխությունների արդյունքում Երևանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի իրավահաջորդ է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մինչև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի` որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձևավորումը Երևանի քաղաքապետն ունեցել է պետական մարմնի (մարզպետի) կարգավիճակ և իրականացրել է պետական (տարածքային) կառավարման գործառույթներ` «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ Երևանի քաղաքապետը, հանդիսանալով տարածքային կառավարման մարմին, որևէ վարչական գործի շրջանակներում ներգրավված է եղել որպես դատավարության կողմ (հայցվոր, պատասխանող), սակայն տվյալ գործի քննության ընթացքում Երևանի քաղաքապետի կարգավիճակը փոխվել է` տարածքային կառավարման մարմնից վերածվելով տեղական ինքնակառավարման մարմնի, ապա վարչական դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի կանոններով լուծել Երևանի քաղաքապետին իրավահաջորդով փոխարինելու հարցը: Այլ կերպ ասած` եթե Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը և Երևանի քաղաքապետի` ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 12-րդ մասի ուժով տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) կարգավիճակի ձեռքբերումը տեղի են ունեցել Երևանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի դեմ ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության ընթացքում, ապա վարչական դատարանը պետք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` վարչական մարմնի վերակազմակերպման հիմքով դատավարության մասնակից Երևանի քաղաքապետին փոխարինի իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ Երևանի քաղաքապետի կարգավիճակը փոխվելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք դիմել են վարչական դատարան Երևանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի ընդունած վարչական ակտերի, կատարած գործողությունների կամ ցուցաբերած անգործության բողոքարկման պահանջով, և հայցը ներկայացվել է Երևանի քաղաքապետի (որպես համայնքի ղեկավարի) դեմ, ապա վարչական դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի կանոններով լուծել Երևանի քաղաքապետին պատշաճ պատասխանողով փոխարինելու հարցը, քանի որ Երևանի քաղաքապետը` որպես տեղական ինքնակառավարման մարմին, չի կարող պատասխանել Երևանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի դեմ ներկայացված հայցով: Այլ կերպ ասած` Երևանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի կողմից ընդունված իրավական ակտերի, վերջինիս կատարած գործողությունների կամ ցուցաբերած անգործության` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո վարչադատական կարգով բողոքարկման արդյունքում հարուցված վարչական գործերի քննության շրջանակներում Երևանի քաղաքապետը` որպես տեղական ինքնակառավարման մարմին (համայնքի ղեկավար), չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող և պետք է փոխարինվի պատշաճ պատասխանողով, այսինքն` վիճելի իրավահարաբերության ենթադրյալ սուբյեկտով, որը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունն է:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ Երևանի թաղային համայնքների ղեկավարների կողմից ընդունված վարչական ակտերի, կատարած գործողությունների կամ ցուցաբերած անգործության բողոքարկման պահանջով հարուցված դատական գործերի շրջանակներում պատշաճ պատասխանող է Երևանի քաղաքապետը, քանի որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Երևանի թաղային համայնքների իրավահաջորդը Երևան համայնքն է, հետևաբար Երևանի թաղային համայնքների ղեկավարների (թաղապետերի) իրավահաջորդը Երևան համայնքի ղեկավարն է` Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Լինա Գյուլ-Բուդաղյանի (սույն գործի քննության ընթացքում հայցվոր Լինա Գյուլ-Բուդաղյանը մահացել է, և վերջինիս իրավահաջորդներ են ճանաչվել Նաիրա Ավետյանը և Արմինե Սանոյանը) հայցի հիման վրա, որով վերջինս ներկայացրել է հետևյալ հայցապահանջները.

1. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը` Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի մասով (որոշման հավելվածի 10-րդ կետ),

2. անվավեր ճանաչել Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը,

3. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագիրը,

4. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը,

5. ճանաչել Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը:

Դատարանը, մասնակիորեն բավարարելով ներկայացված հայցը, Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը մերժել է, իսկ Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը` բավարարել: Միաժամանակ Դատարանն անվավեր է ճանաչել նաև Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը` որպես Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ հիմնական հայցապահանջի բավարարման հետևանք:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը թողել անփոփոխ` պատճառաբանելով, որ Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ հայցը մասնակիորեն ենթակա է բավարարման: Վերաքննիչ դատարանը, ելնելով այն իրողությունից, որ Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշման կայացման ժամանակ Երևան քաղաքում իրականացվել է պետական կառավարում, իսկ ներկայումս Երևան քաղաքն ունի համայնքի կարգավիճակ, այնուամենայնիվ, գտել է, որ Երևան համայնքի կարգավիճակի փոփոխությունը չի կարող հիմք հանդիսանալ Դատարանի վճռի բեկանման համար, քանի որ դա չի ազդել գործի ելքի վրա: Ըստ Վերաքննիչ դատարանի` Երևան քաղաքը համայնքի կարգավիճակ է ձեռք բերել 2009 թվականին, իսկ սույն գործով հայցը ներկայացվել է դեռևս 2008 թվականին, երբ Երևանի քաղաքապետարանն ուներ պետական մարմնի կարգավիճակ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը կայացվել է Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի որոշման հիման վրա, «(...) իսկ թիվ 200 որոշման կայացման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Կենտրոնի թաղապետի վրա (...)»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը ներկայացվել է 08.07.2008 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետը դեռևս պետական կառավարման մարմին էր: Մինչդեռ սույն գործի քննության ընթացքում Երևանի քաղաքապետի կարգավիճակը փոխվել է` տարածքային կառավարման մարմնից վերածվելով տեղական ինքնակառավարման մարմնի:

Փաստորեն, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու հայցապահանջի մասով որպես պատասխանող ներգրավված Երևանի քաղաքապետարանը պետք է փոխարինվեր իրավահաջորդով, քանի որ եթե Երևանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի դեմ ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության ընթացքում Երևանի քաղաքապետը ձեռք է բերել տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) կարգավիճակ, ապա վարչական դատարանը պետք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` վարչական մարմնի վերակազմակերպման հիմքով դատավարության մասնակից Երևանի քաղաքապետին փոխարինի վերջինիս իրավահաջորդով:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ սույն գործով ներգրավված պատասխանողի` Երևանի քաղաքապետարանի կարգավիճակը գործի քննության ընթացքում փոխվել է, որի արդյունքում վերջինս դուրս է եկել վիճելի իրավահարաբերությունից և այլևս չի կարող պատասխանել սույն գործով ներկայացված` Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջների մասով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ գործի քննություն իրականացնելու հանգամանքն ազդեցություն չի ունեցել սույն գործի ելքի վրա, անհիմն է, քանի որ սույն գործի քննության ընթացքում պատասխանողի (Երևանի քաղաքապետարանի) կարգավիճակի փոփոխությունն անհնարին է դարձրել նրա հետագա մասնակցությունը գործի քննությանը: Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի որոշման հիման վրա կայացված լինելու և դրա իրացման կազմակերպումն ու պատասխանատվությունը Կենտրոնի թաղապետի վրա դրված լինելու հանգամանքները տվյալ դեպքում որևէ նշանակություն չունեն սույն գործով պատասխանողի իրավահաջորդության հարցը լուծելու համար: Հետևաբար Դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել սույն գործով ներկայացված` Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջների մասով որպես պատասխանող ներգրավված Երևանի քաղաքապետարանին իրավահաջորդով փոխարինելու հարցը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված կանոններով վերջինիս փոխարիներ իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված` Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թվականի թիվ 200 որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և Երևանի քաղաքապետարանի ու Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջների, ինչպես նաև այդ պահանջներից ածանցվող` Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը և Երևանի քաղաքապետարանի ու Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թվականի կնքված հողի վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջների մասով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

4.2. Քննելով Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության: Ընդ որում, վարչական ակտի առոչնչության հիմքերից այն, որ վարչական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող, այսինքն` ոչ իրավասու վարչական մարմնի կողմից: Հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով վարչական ակտի առոչինչ լինելը ճանաչելու պահանջի հիման վրա հարուցված գործ քննելիս Դատարանը պետք է պարզի` արդյոք վարչական ակտն ընդունած մարմինը նման ակտ ընդունելու լիազորություն ուներ, և արդյոք այդ ակտը ոչ իրավասու մարմնի կողմից ընդունված լինելու կոպիտ սխալն ակնառու է, թե` ոչ:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոնի թաղապետարանի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշմամբ Երևանի Կենտրոնի թաղապետը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 04.06.1997 թվականի թիվ 487 որոշումը, որոշել է Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեի 15,6 քմ բնակելի և 29,2 քմ օժանդակ մակերեսով տունն ընդգրկել բնակելի ֆոնդում և վարձակալ ճանաչել Վարդան Լեմենցյանին` ընտանիքի երկու անձով:

Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ հայցապահանջի իրավական հիմքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն է: Այսպես, ըստ հայցվոր կողմի` Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարն իրավասություն չի ունեցել ընդունելու Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող տունը տնօրինելու վերաբերյալ 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշումը, քանի որ նշված հասցեի անշարժ գույքը պետության, Կենտրոն համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի սեփականությունը չի հանդիսացել, հետևապես այն չէր կարող տնօրինվել վարչական մարմնի կողմից:

Սույն գործի նոր քննության ընթացքում Դատարանը գտել է, որ Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշումն առ ոչինչ ճանաչելու հիմքերը բացակայում են:

Վերաքննիչ դատարանը, իր հերթին վերահաստատելով Դատարանի նշված եզրահանգումը, գտել է, որ «(...) Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշմամբ տեղի չի ունեցել բնակելի տարածության նկատմամբ սեփականության ճանաչում (սեփականաշնորհում), այլ ընդամենը որոշվել է վիճելի տունն ընդգրկել բնակելի ֆոնդում և Վ. Լեմենցյանին ճանաչել վարձակալ: (...) Վիճելի տարածքը կարգավիճակ չունեցող տուն դիտարկելու պարագայում պետք է փաստել, որ Կենտրոնի թաղապետը գործել է Երևանի քաղաքապետի 04.06.1997 թվականի թիվ 487 որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների և ՀՀ բնակարանային օրենսգրքով նախատեսված նորմերի սահմաններում (...)»:

Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող` Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշումն ընդունվել է Երևանի քաղաքապետի 04.06.1997 թվականի թիվ 487 որոշման հիման վրա, որով Կենտրոնի թաղապետարանին թույլատրվել է կարգավիճակ չունեցող (լքյալ) տներն ընդգրկել պետական բնակելի ֆոնդում և բացել վարձակալական քարտեր: Փաստորեն, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի մոտ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքը բնակելի ֆոնդում ընդգրկելու և դրա հիման վրա այն վարձակալության հանձնելու լիազորության իրավական հիմքը Երևանի քաղաքապետի 04.06.1997 թվականի թիվ 487 որոշումն է, այսինքն` Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարն ունեցել է 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշումն ընդունելու իրավասություն և առերևույթ հանդիսացել է նման վարչական ակտն ընդունելու իրավասու մարմին: Սակայն, Երևանի քաղաքապետի 04.06.1997 թվականի թիվ 487 որոշմամբ Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի այդ լիազորության իրականացման համար նախատեսվել է որոշակի պայման (նախադրյալ), մասնավորապես` Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարն իրավասու է եղել պետական բնակելի ֆոնդում ընդգրկելու միայն կարգավիճակ չունեցող (լքյալ) տները և վարձակալական քարտեր բացելու միայն այդպիսի տների վերաբերյալ: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առոչնչության հարցը լուծելու համար սույն գործով Դատարանը պետք է պարզեր, թե արդյոք Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարն ուներ նման ակտ ընդունելու լիազորություն, ինչը պայմանավորված է Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի` վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին` 14.08.1997 թվականին, կարգավիճակ չունեցող (լքյալ) տուն հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքով: Ընդ որում, նշված հարցին բացասական պատասխան տրվելու դեպքում Դատարանը պետք է եզրահանգում կատարեր նաև այն մասին, թե արդյոք Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման` ոչ իրավասու մարմնի կողմից ընդունված լինելու կոպիտ սխալն ակնառու է, թե՛ոչ:

Մինչդեռ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ քննարկվող փաստական և իրավական հանգամանքների պարզումն էական նշանակություն ունի սույն գործով ներկայացված` Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի 14.08.1997 թվականի թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու մասին հայցապահանջի մերժման կամ բավարարման համար, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հայցապահանջի մասով ևս առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն:

4.3. Քննելով Վարդան Լեմեցյանի և Արգինե Մանուկյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Վերոգրյալ իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին, իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

i

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով (տե՛ս, Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել` առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն` ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների` միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում` կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել` տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, նաև Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին կայացրած որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանն իրավունք ունի նշանակելու փորձաքննություն: Նշանակված փորձաքննության արդյունքների նկատմամբ դատարանը պետք է ցուցաբերի անհրաժեշտ հետևողականություն` պարզելով ստացված փորձագիտական եզրակացության ամբողջականությունը, արժանահավատությունը և գործով հետազոտված այլ հանգամանքների ու ապացույցների հետ դրա համախատասխանությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերի կայացման համար, ի թիվս այլ ապացույցների, հիմք են ընդունել նաև 10.09.2010 թվականի թիվ 09-2457 փորձագիտական եզրակացությունը: Վարդան Լեմեցյանը և Արգինե Մանուկյանը գործի քննության ընթացքում բազմիցս առարկել են նշված փորձագիտական եզրակացության արժանահավատության ու ամբողջականության դեմ` ըստ էության կասկածներ հայտնելով ինչպես փորձագետին տրամադրված փաստաթղթերի ու նյութերի հավաստիության, այնպես էլ փորձագետի կողմից կատարված հետևությունների արժանահավատության վերաբերյալ: Մինչդեռ թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը նշված փորձագիտական եզրակացությունը դրել են իրենց դատական ակտերի հիմքում` առանց անդրադառնալու տվյալ ապացույցի արժանահավատության վերաբերյալ Վարդան Լեմեցյանի և Արգինե Մանուկյանի կողմից ներկայացված փաստարկներին: Փաստորեն, ստորադաս դատարանները չեն պարզել 10.09.2010 թվականի թիվ 09-2457 փորձագիտական եզրակացության արժանահավատությունը, ամբողջականությունը և գործով հետազոտված այլ հանգամանքների ու ապացույցների հետ դրա համապատասխանությունը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքների պարզումն էական նշանակություն ունի սույն գործի քննության և ճիշտ լուծման համար, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված փորձագիտական եզրակացության արժանահավատության ու ամբողջականության գնահատման մասով ևս առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն:

i

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանի, Վարդան Լեմեցյանի և Արգինե Մանուկյանի վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Երևանի քաղաքապետին իրավահաջորդով փոխարինելու և սույն գործի քննությունը լրիվ ու բազմակողմանի իրականացնելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Երևանի քաղաքապետարանի, Վարդան Լեմենցյանի և Արգինե Մանուկյանի վճռաբեկ բողոքները բավարարել, իսկ Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդ Արմինե Սանոյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն. բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ՎԴ/4545/05/08
Որոշում