Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.1355.070317

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 մարտի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 9-ին Աստանայում ստորագրված` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 22.02.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 9-ին` Աստանայում: Համաձայնագրի նպատակն է համապատասխանեցնել Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (Կենտրոն) գործունեությունն իր հիմնադրման օրվանից փոփոխված պայմաններին այնպես, որ այն խթան հանդիսանա և աջակցություն ապահովի Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի աշխատանքներին մասնակցող, մասնավորապես` միջուկային, ռադիոլոգիական, քիմիական և կենսաբանական զենքերին և դրանց մատակարարման համակարգերին, այդ թվում` երկակի նշանակության գիտելիքներին և հմտություններին տիրապետող գիտնականներին և ճարտարագետներին` միջազգային գիտական գործընկերության ձևավորման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և նորարարության միջոցով տնտեսական աճի խթանման գործում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Հայաստանի Հանրապետության տարածքում խթանել Կենտրոնի գործունեությունը,

- Կառավարիչների խորհրդի կողմից հաստատված նախագծերի` Համաձայնագրի 7-րդ հոդվածի (A) կետով նախատեսված ֆինանսավորումը և օժանդակությունն իրականացնել օժանդակություն տրամադրողների կողմից նշված ժամկետով և պայմաններով` այն պայմանով, որ ժամկետներն ու պայմանները պետք է համապատասխանեն Համաձայնագրին,

- ստանձնել Համաձայնագրի 9-րդ հոդվածի (C) կետով, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունները, այն պարագայում, եթե 9-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը խնդրանք ներկայացնի և նշանակվի որպես հաջորդ Ընդունող պետություն,

- որպես Ընդունող պետություն ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր հաշվին Կենտրոնի օգտագործման համար տրամադրի համապատասխան տարածք, իրականացնի տարածքի պահպանման, կոմունալ ծառայությունների և անվտանգության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը կարող են կնքել համաձայնագիր` նշելով այն ժամկետները և պայմանները, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությունը Կենտրոնին կտրամադրի նյութական աջակցություն և տարածք,

- որպես Ընդունող պետություն ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում Կենտրոնն ունենա իրավաբանական անձի կարգավիճակ և այդ կարգավիճակով իրավասու լինի կնքելու պայմանագրեր, ձեռք բերելու և տնօրինելու անշարժ և շարժական գույք, ինչպես նաև դատարանում հանդես գալու որպես հայցվոր և պատասխանող,

- որպես Ընդունող պետություն Հայաստանի Հանրապետության տարածքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին տրամադրել Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները,

- Կենտրոնին շնորհել արտոնություններ և անձեռնմխելիություն բացառապես Համաձայնագրում ամրագրված նպատակների իրագործման համար,

- որպես Ընդունող պետություն ապահովել, որպեսզի Համաձայնագրի 11-րդ հոդվածի (A) կետում նշված որևէ բան չմեկնաբանվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձանց դատաքննությունից կամ հայցերից ազատող միջոց,

- որպես Ընդունող պետություն ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Կենտրոնի աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստանան Համաձայնագրի 12-րդ հոդվածի (A) կետով նախատեսված արտոնությունները և անձեռնմխելիությունը,

- որպես Ընդունող պետություն ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը Կառավարիչների խորհրդի կազմի մեջ մտնող Կողմերի ներկայացուցիչներին, Գործադիր տնօրենին ու Գործադիր տնօրենի տեղակալներին, ի հավելումն Համաձայնագրի 12-րդ հոդվածի (A) կետում նշված արտոնություններին և անձեռնմխելիությանը, ընձեռի որոշ հավելյալ արտոնություններ, անձեռնմխելիություն, ազատումներ և դյուրացումներ, որոնք Հայաստանի Հանրապետության կողմից սովորաբար տրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող միջազգային կազմակերպությունների անդամների և գործադիր տնօրենների ներկայացուցիչներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Աստանայում ստորագրված` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 մարտի 2017 թվականի

ՍԴՈ-1355

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.03.2017
N ՍԴՈ-1355
Որոշում