Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1360.040417

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ «Թ» ԵՆԹԱԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 ապրիլի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,

գործով որպես պատասխանող կողմեր ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի և ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա. Ասատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի ՍԴԱՈ-126 որոշման 5-րդ կետով սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 և 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011 թվականի նոյեմբերի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2011 թվականի դեկտեմբերի 21-ին և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 1-ին:

Օրենքի` «Անձնագիրը վերցնելը» վերտառությամբ 8-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը և ուղարկում զորակոչված անձի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելիս` զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելուց և զինվորական գրքույկը ներկայացնելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես»:

i

Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը փոփոխվել է 2016 թվականի հունիսի 29-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-129-Ն ՀՀ օրենքով: Կատարված փոփոխությունները, սակայն, չեն առնչվում օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ սույն գործով բարձրացված հիմնախնդրին:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Վկան» վերտառությամբ 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը սահմանում է. «3. Վկան պարտավոր է`

...

7) չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթը փոփոխությունների չի ենթարկվել:

«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 821 որոշումն (այսուհետ` թիվ 821 որոշում) ընդունվել է 1998 թվականի դեկտեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել նույն ամսաթվին:

Թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 19-րդ կետը սահմանում է.

«19. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` զինկոմիսարիատները:

Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` պատիժը կրելուց կամ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո:

Արգելվում են անձնագիր վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելը»:

Կանոնադրության 19-րդ կետը փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 4-Ն որոշմամբ (որոշումն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 28-ին` սույն գործը քննության ընդունվելուց հետո): Մասնավորապես, Կանոնադրության 19-րդ կետի 3-րդ պարբերությունն ուժը կորցրել է: Իսկ մինչ այդ, Կանոնադրության 19-րդ կետի 3-րդ պարբերությունը փոփոխությունների է ենթարկվել ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 823-Ն որոշմամբ: Մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը» բառակապակցությունը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառակապակցությամբ: Մինչև ուժը կորցնելը Կանոնադրության 19-րդ կետի 3-րդ պարբերությունը սահմանում էր. «Կալանքի տակ չգտնվող կասկածյալներին և մեղադրյալներին հետաքննության կամ նախաքննության մարմիններն անձնագրի փոխարեն տալիս են անձը հաստատող փաստաթուղթ` առանց Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվության, որի ձևը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը»:

«Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ` ՍԷԿՏ համակարգ) ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշումն (այսուհետ` թիվ 884-Ն որոշում) ընդունվել է 2006 թվականի հունիսի 22-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 22-ին:

Թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը սահմանում է.

«ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրներն են...

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներ`

...

թ) քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին»:

Թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը փոփոխությունների չի ենթարկվել:

2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և Կանոնադրության 19-րդ կետի և թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետի առնչությամբ դիմողը գտնում է, որ դրանցով ամրագրված իրավակարգավորումներն այնքանով, որքանով ապահովված չէ քրեադատավարական օրենսդրության հետ դրանց օրգանական փոխկապակցվածությունն ու համապատասխանությունը, չեն ապահովում անձի` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման որոշակիության և կանխատեսելիության սահմանադրական պահանջները, իսկ թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը նաև չի բխում «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցի դատավարական բովանդակությունից ու սահմաններից և չի բավարարում իրավական որոշակիության պահանջները: Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Կանոնադրության 19-րդ կետը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի` միայն օրենքով սահմանափակման պահանջին, ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին, իսկ թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը` միայն ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի` միայն օրենքով սահմանափակման պահանջին և ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին:

Իր` վերը նշված դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը, վկայակոչելով օրենսգրքի 6-րդ հոդվածը և 151-րդ հոդվածի 2-րդ մասը, արձանագրում է, որ անձի անձնագիրը կարող է չվերադարձվել անգամ այն ժամանակ, երբ վերացել է վերջինիս նկատմամբ «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Բացի դրանից, արձանագրելով, որ Կանոնադրության 19-րդ կետը կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը վերցնելու վերաբերյալ դատավարական հարկադրանքի միջոցների մասին նշում է պարունակում այն դեպքում, երբ նման նշում օրենքի 8-րդ հոդվածը չի պարունակում, դիմողը գտնում է, որ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս անձի անձնագիրը վերցնելու իրավաչափությունը կարող է ապահովվել միայն օրենքի մակարդակում` իրավունքների սահմանափակման համաչափության կանոնների կիրառմամբ: Որպես նշված դիրքորոշման իրավաչափության օրինակ` դիմողը հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և մի շարք երկրների քրեադատավարական օրենսդրությանը:

Իր` վերը նշված դիրքորոշումը դիմողը հիմնավորում է նաև նույնականացման քարտերի, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի տրամադրման ընթացակարգերի տեսանկյունից: Այս կապակցությամբ վկայակոչելով ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 13-ի թիվ 2-Ն հրամանը` դիմողը գտնում է, որ անձնագիրը և նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքները չեն կարող հանդես գալ որպես անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ` անձն անհատականացնող բավարար տվյալներ չպարունակելու պատճառով (օրինակ` լուսանկարի բացակայությունը):

i

Վկայակոչելով ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1660-Ն որոշումը` դիմողը գտնում է, որ այս դեպքում էլ անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի տրամադրման կարգը և փաստաթղթի ձևն ամրագրող կարգավորումները տարածվում են միայն այն դեպքերի վրա, երբ քաղաքացին ինքն է դիմում ներկայացնում անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ ստանալու մասին:

Թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետի առնչությամբ իր` վերը նշված դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը ներկայացնում է կոնկրետ իրավիճակներ, երբ, ի խախտումն անձի` իր իրավունքների սահմանափակման վերաբերյալ տեղեկանալու իրավունքի, անձն իր ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման մասին տեղեկանում է այն ժամանակ, երբ փաստացի առնչվում է կիրառված արգելքի հետ, օրինակ, երբ ցանկանում է երկրից դուրս գալ: Ըստ դիմողի` հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակման իրավաչափության վիճարկումը չի ապահովվում «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցի կիրառման վերաբերյալ որոշման բողոքարկմամբ, եթե խափանման նշված միջոցի իրավական բովանդակությունն ընկալվում է իբրև անձի համաձայնությամբ վերջինիցս չհեռանալու մասին ստորագրություն վերցնել:

Բացի դրանից, ըստ դիմողի` որոշ դեպքերում խնդրո առարկա իրավունքի սահմանափակմանը նպաստում է ոչ միայն համապատասխան կարգավորումների թերի լինելը, այլև սահմանափակումը վերացնելու կառուցակարգերի բացակայությունը: Որպես օրինակ` դիմողը ներկայացնում է իր կողմից քննված մի շարք դեպքեր, երբ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգով չէր հանվել, չնայած նրան, որ անձի նկատմամբ «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացված է եղել, կամ քրեական գործը կարճված է եղել, կամ անձը կրել է դատավճռով սահմանված պատիժը, կամ անձի նկատմամբ առկա է եղել արդարացման դատավճիռ, կամ քննիչը պատասխանել է, որ գործն ուղարկվել է դատարան, և կիրառված սահմանափակումը կարող է վերացվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Օրենսգրքի վիճարկվող նորմի առնչությամբ դիմողը գտնում է, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի պահանջներին:

Իր` վերը նշված դիրքորոշումը դիմողը փաստարկում է նաև նրանով, որ օրենսգրքով վկայի նկատմամբ նման քրեադատավարական ներգործություն նախատեսող ընթացակարգ նախատեսված չէ, ինչի արդյունքում օրենսգրքի վիճարկվող նորմով անձի իրավունքը սահմանափակվում է համապատասխան դատավարական կարգավիճակ ստանալու պահից` առանց որոշակի ընթացակարգերի շրջանակներում այդ հարցի պատշաճ քննարկման և լուծման: Որպես իրավակիրառ պրակտիկայի օրինակներ` դիմողը ներկայացնում է դեպքեր, երբ վարույթ իրականացնող մարմինը վերցրել է վկայի, ինչպես նաև որևէ դատավարական կարգավիճակ չունեցող անձի անձնագիրը և հրաժարվել է այն վերադարձնել, կամ ՍԷԿՏ համակարգով առանց որևէ իրավական հիմքի սահմանափակվել է վկայի կամ տուժողի` ազատ տեղաշարժվելու իրավունքը:

3. Սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովը գտնում է, որ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով, օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով, ՀՀ կառավարության թիվ 821 որոշման 19-րդ կետով և թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 78-րդ հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի վերաբերյալ 1999 թվականի թիվ 27 Ընդհանուր մեկնաբանության 9-րդ կետի դրույթների ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է, որ ազատ տեղաշարժման իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է իրավաչափ սահմանափակումների: Վերջիններս պետք է նախատեսված լինեն օրենքով, անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինեն ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակ հետապնդեն:

Վկայակոչելով ազատ տեղաշարժվելու իրավունքի և անձնագիրը վերցնելու հարցերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ` պատասխանողը գտնում է, որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց` երկիրը լքելու իրավունքի սահմանափակումն իրավաչափ է, քանզի համապատասխանում է քննարկվող իրավունքի սահմանափակման վերոգրյալ հիմքերին: Պատասխանողը նշում է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անձնագիրը վերցնելը չի համարում անձնական կյանքին միջամտություն:

Պատասխանողը հիմնավոր չի համարում օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (անձնագիրը վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո) և ՀՀ կառավարության թիվ 821 որոշման /25.12.1998թ./ 19-րդ կետի (անձնագիրը վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո) միջև ենթադրյալ հակասության վերաբերյալ դիմողի դիրքորոշումը: Իր անհամաձայնությունը պատասխանողը փաստարկում է նրանով, որ հարցը պետք է դիտարկել օրենսգրքով նախատեսվող խափանման միջոցների ինստիտուտի լույսի ներքո: Տվյալ դեպքում, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի` խափանման միջոցների ինստիտուտի իրավակարգավորումները գերակայում են օրենքի դրույթների նկատմամբ, այսինքն` խափանման միջոցի վերացումը հանգեցնում է անձնագիրը վերադարձնելու պարտականությանը:

Միաժամանակ, պատասխանողը հարկ է համարում ընդգծել, որ «տարբեր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև առկա հակասության, գործնականում օրենքի որևէ դրույթի միմյանց հակասող մեկնաբանությունների փաստի առկայությունը պետական առանձին մարմինների, քաղաքացիների, անգամ դատական մարմինների կողմից ինքնին չի կարող հակասել իրավական որոշակիության սկզբունքին և դրույթների հակասահմանադրականության հարց առաջացնել: Նման իրավիճակներում, որպես կանոն, իրավական դրույթների տարըմբռնումների նկատմամբ միասնական դիրքորոշումն ապահովվում է ՀՀ վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում»:

Պատասխանողը հիմնավոր չի համարում նաև դիմողի այն պնդումը, որ դիտարկվող իրավակարգավորումները ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի` միայն օրենքով սահմանափակման պահանջին չեն համապատասխանում: Իր դիրքորոշումը պատասխանողը փաստարկում է նրանով, որ խափանման միջոցների կիրառման իրավական հիմքերը սպառիչ սահմանված են օրենսգրքով, անձի անձնագիրը վերցնելու իրավական հիմքը` օրենքով, իսկ ՀՀ կառավարության վերոգրյալ որոշմամբ ուղղակի կոնկրետացվել է, թե օրենքով սահմանված միջոցն օրենսգրքով սահմանված որ խափանման միջոցի նկատմամբ է կիրառվում:

Պատասխանողը հիմնավոր չի համարում նաև դիմողի այն դիրքորոշումը, որ անձնագիրը վերցնելու դեպքում սահմանափակվում են նաև այն բոլոր իրավունքները, որոնց իրացման համար անհրաժեշտ է անձնագիրը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի փետրվարի 16-ի ՍԴՈ-1255 որոշումը, իր դիրքորոշումը պատասխանողը փաստարկում է նրանով, որ «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցն անձի նկատմամբ կիրառվում է անձի համաձայնությամբ: Ըստ պատասխանողի` նման սահմանափակումը հակասահմանադրական կլիներ, եթե «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցն անձի նկատմամբ կիրառվեր անձի կամքին հակառակ:

Թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 19-րդ կետի 3-րդ պարբերության վերաբերյալ դիմողի դիրքորոշման կապակցությամբ պատասխանողն արձանագրում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից սույն գործով Սահմանադրական դատարան դիմելուց հետո նշված որոշմամբ հաստատված կանոնադրության 19-րդ կետի 3-րդ պարբերությունն ուժը կորցրել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 4-Ն որոշմամբ:

Քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի անձնագիրը վերցնելու, ՍԷԿՏ համակարգով վերջինիս նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելք սահմանելու պրակտիկայի հետ կապված` պատասխանողը թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետի դրույթի վերաբերյալ մեկնաբանության շրջանակներում գտնում է, որ և՛ «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու, և՛ այդ խափանման միջոցը վերացվելու դեպքում (անձին երկիրը լքելու արգելման իրավական հիմքի վերացում) Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապի միջոցով պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրվի ՍԷԿՏ համակարգին, իսկ վերջինս պարտավոր է սահմանային կետերում առաջնորդվել տրամադրված տեղեկատվությամբ: Դիմողի գործունեության ընթացքում հավաքագրված և ՀՀ սահմանադրական դատարանին ներկայացված պրակտիկ օրինակների հիման վրա պատասխանողը պնդում է, որ «գործող դրույթների ոչ լիարժեք իրացումը պայմանավորված է ոչ թե վերոհիշյալ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրով, այլ իրավակիրառական պրակտիկայում այդ նույն օրենքի նորմատիվ պահանջների անտեսմամբ»:

Վկայի` այլ վայր չմեկնելու պարտականության օրենսդրական ամրագրման առնչությամբ պատասխանողը գտնում է, որ և՛ քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին տեղյակ պահելու, և՛ դատարանից թույլտվության ստացման պահանջներն իրավաչափ են, քանզի դրանք բխում են արդարադատության շահերից և համահունչ են թե՛ միջազգային իրավական փաստաթղթերին, թե՛ Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին: Այս կապակցությամբ պատասխանողը նկատում է, որ օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը վկային ուղղակիորեն չի արգելում ոչ երկրի տարածքը լքելու, ոչ ազատ տեղաշարժման իրավունքն իրացնելուց. վկան պարտավոր է քրեական հետապնդման մարմնի հետ հարաբերություններում ուղղակի տեղյակ պահել իր գտնվելու նոր վայրի մասին, իսկ քրեական հետապնդման մարմինն իրավասու չէ արգելելու վկային իր վայրը տեղափոխելու հարցում, դատարանի հետ հարաբերություններում էլ պետք է ստանա դատարանի թույլտվությունը: Ըստ պատասխանողի` դատարանը վկային ազատ տեղաշարժման վերաբերյալ թույլտվություն տալու հարցը լուծելիս պարտավոր է գնահատել, թե ինչ կարևորության գործ է քննվում, վկան ինչ կարևորության տեղեկատվություն է տիրապետում, ինչ կենսական նշանակություն ունի վկայի համար իր բնակության վայրի տեղափոխումը, արդյոք վկան, երկրի տարածքը լքելով, նպատակ է հետապնդում խուսափել արդարադատությանը աջակցելուց և այլն:

Անդրադառնալով դիմողի կողմից վկայակոչված այն դեպքերին, երբ վարույթ իրականացնող մարմինը վերցնում է վկաների և տուժողների անձնագրերը` բացառելու նրանց կողմից երկիրը լքելու հնարավորությունը, պատասխանողը գտնում է, որ նման գործելաոճը որևէ իրավական հիմք չունի, քանզի որևէ պետական մարմնի համար որևէ իրավական ակտով չի նախատեսվում վկաների կամ տուժողների անձնագրերը վերցնելու լիազորություն:

Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա «ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով վարույթն իրականացնող մարմնի կողմից առանց իրավական հիմքի վերցվում են վկաների և տուժողների անձնագրերը երկիրը լքելու հնարավորության բացառման նպատակով, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի թ) ենթակետի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձի երկիրը լքելու իրավունքի արագ վերականգնման գործնական հնարավորությունը, հակասում են ՀՀ Սահմանադրության պահանջներին»:

4. Սույն գործով որպես պատասխանող ներգրավված` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր գրավոր բացատրությամբ առաջարկում է` ա) օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը և թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 40, 78 և 79-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող, բ) թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետն այնքանով, որքանով պարունակում է զուտ կազմակերպական բնույթի կանոններ, որոնց կիրառման հիմքը նախատեսված է օրենսգրքով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 40 և 79-րդ հոդվածներին համապատասխանող` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դիմողի կողմից բարձրացվել են «գործնական հարթությունում լուծում պահանջող մտահոգություններ», գ) օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածին համապատասխանող` միաժամանակ բացահայտելով «դատարանի թույլտվությամբ» արտահայտության բովանդակությունն այն իմաստով, որ դատարանի կողմից այդ նորմի կիրառումը գործնականում չհանգեցնի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված 40-րդ հոդվածի անիրավաչափ սահմանափակումների:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը գտնում է, որ օրենքի և թիվ 821 որոշման վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով պարունակում է զուտ կազմակերպական բնույթի կանոններ, որոնց կիրառման հիմքը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, սակայն առկա է դիտարկվող նորմում «դատարանի թույլտվությամբ» արտահայտության բովանդակության բացահայտման անհրաժեշտություն այն իմաստով, որ դատարանի կողմից այդ նորմի կիրառումը գործնականում չհանգեցնի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված 40-րդ հոդվածի անիրավաչափ սահմանափակումների, այլ քրեական գործի առանձնահատկությունների տեսանկյունից լինի իրավաչափ և անհրաժեշտ:

Իր դիրքորոշումները հիմնավորելու համար ՀՀ կառավարությունը վկայակոչում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը և կարծիք հայտնում, որ վերջինս հնարավորություն է տալիս քրեական վարույթի կարգին վերաբերող որոշ հարցեր կարգավորել նաև այլ օրենքներով, տվյալ դեպքում` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով: Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերցնելը դիտարկելով օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համատեքստում` ՀՀ կառավարությունը գտնում է, որ այն քրեական գործով վարույթի բաղադրատարր կազմող գործողություն է, որը, հետևաբար, նույն օրենսգրքի 1-ին հոդվածի իմաստով, կարող է իր կարգավորումն ունենալ այլ օրենքներով` պայմանով, որ հակասություն չլինի վերջիններիս և այդ օրենսգրքի միջև:

Անդրադառնալով խափանման երկու միջոցների (կալանք և ստորագրություն չհեռանալու մասին) արդյունքում անձի անձնագիրը վերցնելու հարցին, ՀՀ կառավարությունը գտնում է, որ քրեական վարույթի շրջանակներում անձի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքի սահմանափակման հիմքը համապատասխան խափանման միջոցների կիրառումն է, այլ ոչ թե անձնագիրը վերցնելը:

Միաժամանակ, անդրադառնալով այն հանգամանքին, որ կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերցնելու հիմքերը նախատեսված չեն օրենքով, ՀՀ կառավարությունը փաստում է, որ օրենսդիրը հատուկ չի անդրադարձել խնդրո առարկա հարցի կարգավորման հիմքերին` նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն 1998թ. թիվ 821 որոշման մեջ հստակ ամրագրել էր այդ հիմքերը:

Անդրադառնալով կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերադարձնելու` օրենքով և կանոնադրությամբ սահմանված իրավական հիմքերի տարբերություններին` ՀՀ կառավարությունը գտնում է, որ, ամեն դեպքում, պետք է նկատել, որ դիմումում բարձրացված հիմնախնդիրները պայմանավորված են ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Կանոնադրության վիճարկվող դրույթների հակասության, օրգանական փոխկապակցվածության բացակայության կամ միմյանցից չբխելու հանգամանքով, այլ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորման ոչ ամբողջականությամբ ու ոչ լիարժեքությամբ: Այս կապակցությամբ վկայակոչելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1143 որոշումը` ՀՀ կառավարությունը գտնում է, որ նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:

Անդրադառնալով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերցնելու իրավաչափության հարցին և արձանագրելով, որ տվյալ դեպքում նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ տարածքում օգտագործելու համար, ՀՀ կառավարությունը խնդրահարույց է համարում անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցնելու դեպքում նույնականացման քարտ ձեռք բերելը, քանի որ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին դիմումի հետ, ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացնում է նաև անձնագիր:

Անդրադառնալով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման կարգավորման առարկային` ՀՀ կառավարությունը հարկ է համարում նկատել, որ դիտարկվող որոշման և՛ ոչ մի դրույթ ինքնին չի սահմանափակում անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ըստ ՀՀ կառավարության` իրականում դրա սահմանափակման հիմքերը, տվյալ դեպքում` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

ՀՀ կառավարությունը փաստում է, որ թիվ 884-Ն որոշման իմաստով` ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումը, վարույթն իրականացնող մարմնից ստանալով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման կամ դրա վերացման վերաբերյալ գրավոր իրազեկում, այդ տեղեկությունը փոխանցում է ՍԷԿՏ համակարգը շահագործող մարմնին: Ինչ վերաբերում է ՍԷԿՏ համակարգով անձի` հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակմանը զուգահեռ անձի անձնագիրը վերցնելուն, ապա ՀՀ կառավարությունը հարկ է համարում նկատել, որ այդ պայմանն ընդամենը լրացուցիչ երաշխիք է ՍԷԿՏ համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հանրապետությունից կասկածյալի կամ մեղադրյալի ելքը կանխելու շրջանակներում:

Անդրադառնալով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման շրջանակներում անձի` ՍԷԿՏ համակարգով ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները վերացնելու կառուցակարգերին` ՀՀ կառավարությունը, վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 91-Լ հանձնարարականը, արձանագրում է, որ գործնականում, կասկածյալի կամ մեղադրյալի անձնագրերը վերադարձնելու հետ մեկտեղ քրեական հետապնդման մարմինն իրավասու մարմնին իրազեկում է ՍԷԿՏ համակարգով անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը վերացնելու նպատակով:

Միաժամանակ, անդրադառնալով օրենսգրքի վիճարկվող նորմին` դատարանի թույլտվության մասով, ՀՀ կառավարությունը գտնում է, որ տվյալ դեպքում կարևորվում է այն հանգամանքը, որ դատարանները վիճարկվող դրույթը չմեկնաբանեն ու չկիրառեն վերացարկված գործի հանգամանքներից, այլ հաշվի առնեն գործի կամ կոնկրետ դեպքի առանձնահատկություններն ու մանրամասները` միաժամանակ գնահատելով վկայի` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու իրավաչափությունը:

Անդրադառնալով վկայի, տուժողի (քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի) անձնագիրը վերցնելու և նրա նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելք սահմանելու հարցին` ՀՀ կառավարությունը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված չեն վկայի կամ տուժողի անձնագիրը վերցնելու վերաբերյալ դրույթներ: Ավելին, ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման մեջ նույնպես առկա չեն դրույթներ վկայի կամ տուժողի` հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ:

5. Սույն գործի քննության շրջանակներում վիճարկվող իրավադրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ.

ա) կասկածյալի, մեղադրյալի նկատմամբ «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոց կիրառելու դեպքում անձնագիրը վերցնելու կանոնակարգման սահմանադրականությանը,

բ) ՍԷԿՏ համակարգի գործածության արդյունքում կասկածյալի, մեղադրյալի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականությանը,

գ) վկայից, տուժողից անձնագիրը վերցնելու, ինչպես նաև ՍԷԿՏ համակարգի միջոցով տեղաշարժման ազատությունը սահմանափակելու վերաբերյալ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականությանը,

դ) վկայի` առանց դատարանի թույլտվության բնակության վայրը չլքելու պարտականության սահմանադրականությանը:

6. Անդրադառնալով անձի տեղաշարժման ազատության սահմանափակման իրավաչափության միջազգային իրավական գնահատման խնդրին` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրավաչափ սահմանափակման ելակետային կողմնորոշիչները` միջազգային իրավական տարբեր ակտերում վերջիններիս ամրագրման ու զարգացման համատեքստում:

Այսպես, ՄԱԿ-ի 1966 թվականի` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (այսուհետ` Դաշնագիր) 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը սահմանում են, որ` որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն, իսկ այդ իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և նշված դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար:

Ընդ որում, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերոգրյալ նորմերով Դաշնագրի մասնակից պետությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, ստանձնում են պոզիտիվ պարտավորություն այդ իրավունքի պատշաճ իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար:

Այսպես, Մարդու իրավունքների կոմիտեն` Դաշնագրի 12-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ տրված թիվ 27 մեկնաբանությունների շրջանակում արտահայտել է հետևյալը.

ա) անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու պայմանները պետք է որոշվեն օրենքով (կետ 12),

բ) անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ օրենքներ ընդունելիս պետությունները պետք է առաջնորդվեն այն սկզբունքով, որ` այդ սահմանափակումները չպետք է փոխեն իրավունքի էությունը և սահմանափակման փոխհարաբերությունը, օրինաչափության և բացառության փոխհարաբերությունը չեն կարող հակադարձվել (կետ 13),

գ) սահմանափակումների կիրառումը երաշխավորող օրենքները պետք է ճշգրիտ չափանիշներ սահմանեն և չեն կարող սահմանափակումների կիրառումը վերապահել դրանց իրականացնողների ազատ հայեցողությանը (թիվ 27 մեկնաբանություններ, կետ 12),

դ) սահմանափակումները պետք է ծառայեն ոչ միայն թույլատրելի նպատակներին, այլև պաշտպանեն այդ իրավունքները (կետ 14),

ե) սահմանափակող միջոցները պետք է համապատասխանեն համաչափության սկզբունքին (կետ 14),

զ) համաչափության սկզբունքը պետք է հարգվի ոչ միայն սահմանափակումները որոշող օրենքի շրջանակներում, այլև` օրենքը կիրառող վարչական և դատական իշխանությունների կողմից (կետ 15):

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 4 արձանագրության` «Տեղաշարժի ազատությունը» վերտառությամբ 2-րդ հոդվածի համաձայն` «1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք: 2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք: 3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: 4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով»:

Հաշվի առնելով հիշատակված կոնվենցիայի պահանջները` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալը. անձի տեղաշարժման ազատությունը «... սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի օրինական, հետապնդի իրավաչափ նպատակ և արդար հավասարակշռություն ապահովի հանրային շահի և անձի մասնավոր իրավունքի միջև (Բաումանն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռ, 22 մայիսի 2001թ.):

Մեկ այլ` Գոչևն ընդդեմ Բուլղարիայի գործով 2009թ. նոյեմբերի 26-ի վճռում (գանգատ թիվ 34383/03, կետ 48) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակող միջոցառումների շարունակականությանը, նշել է, որ եթե նույնիսկ այդպիսի սահմանափակումը սկզբնապես արդարացված է եղել, այն կարող է դառնալ ոչ համաչափ և խախտել անձի իրավունքները, եթե ինքնաբերաբար երկարաձգվի տևական ժամանակով:

Անդրադառնալով տեղաշարժման իրավունքի սահմանափակման պարբերականության հարցերին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին արդարացված և համաչափ միջամտության պարբերականությունը վերածվել է ինքնաբերաբար կիրառվող և անժամկետ գործողության ընդհանուր միջոցի, ... և անգամ այն դեպքերում, երբ սահմանափակումն իրավաչափ է եղել, սակայն վերջինիս մեխանիկական պահպանումը երկարատև ժամանակահատվածով կարող է կիրառված միջոցը դարձնել անհամաչափ` խախտելով անձի իրավունքները» (Լուորդոն ընդդեմ Իտալիայի գործով վճիռ, 17 հուլիսի 2003թ. (գանգատ թիվ 32190/96, կետ 96)):

Վիճարկվող առարկայի համատեքստում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի պաշտպանության հիմնահարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «անձը հաստատող փաստաթուղթը վերցնելն անձի մասնավոր կյանքին շարունակական միջամտությունն է այն բանի հաշվառմամբ, որ այդ փաստաթուղթը քաղաքացիների կողմից օգտագործվում է առօրյայում, ինչպես նաև այնպիսի կարևոր կարիքների բավարարման համար, ինչպիսիք են` աշխատանք գտնելը կամ բժշկական օգնություն ստանալը»: (Սմիրնովան ընդդեմ Ռուսաստանի գործով 2003թ. հուլիսի 24-ի վճիռ (գանգատ թիվ 46133/99, կետ 97)):

Միաժամանակ, նույն առարկայի շրջանակում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ այլ գործով վերահաստատել է, որ «օրենքին համապատասխան» եզրույթն առաջին հերթին պահանջում է, որ ձեռնարկված միջոցը ներպետական օրենսդրական հիմք ունենա, իսկ կառավարությունը որևէ փաստ չի ներկայացրել, որ դիմողի անձնագրի չվերադարձնելը ներպետական օրենսդրությունում որևէ հիմք է ունեցել, հետևապես առկա է կոնվենցիոն իրավունքի խախտում (գանգատներ թիվ 46133/99 և 48183/99, կետեր 99 և 100):

Հիշյալի կապակցությամբ հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական այն դիրքորոշումը, ըստ որի` «...թեև կոնկրետ գործով անձի զրկումը անձնագրից իրավաչափ նպատակ է հետապնդել, այնուամենայնիվ, որքան դատավարությունը երկար է տևել առանց որևէ առաջընթացի կամ առանց դիմողի դեմ որևէ ապացույցի, այնքան իրավաչափ նպատակը նվազ համոզիչ է դարձել» (Իլեթմիշն ընդդեմ Թուրքիայի գործով 2005թ. դեկտեմբերի 5-ի վճիռ (գանգատ թիվ 29871/96, կետեր 46 և 47)):

Մեկ այլ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետության կողմից անձնագիր վերցնելը չի համարել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված` անձնական և ընտանեկան կյանքի հարգման պահանջին հակասող` այն հիմնավորմամբ, որ տվյալ գործի շրջանակում անձի կողմից էական չափի հարկեր վճարելու պարտավորության կատարման ապահովումը դիտարկվել է ճամփորդության արգելման իրավաչափ նպատակ: Այդուհանդերձ, անդրադառնալով կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի համաչափության հիմնահարցին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «համաչափության սկզբունքից բխում է, որ երկիրը լքելու իրավունքի սահմանափակումը կարող է միայն արդարացված լինել այնքան ժամանակ, քանի դեռ այն ծառայում է իր նպատակին, ինչը նշանակում է, որ նման սահմանափակումը չի կարող որպես փաստացի պատասխանատվության միջոց լինել անձի վճարման անկարողության համար» (Ռիեներն ընդդեմ Բուլղարիայի գործով վճիռ, 23 մայիսի 2006թ. (գանգատ թիվ 46343/99, կետեր 25, 122-123)):

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանի Հանրապետությունում անձի տեղաշարժվելու իրավունքի քննարկման առարկա հանդիսացող սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու և քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները և սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այս իրավունքը բացարձակ չէ և այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ և համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային և մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում` առանց նվազեցնելու և ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու և քաղաքացու անհատական ազատության ծավալները և սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները և սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին:

7. Կասկածյալի, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու դեպքում անձնագիրը վերցնելու օրենսդրական պահանջի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի երաշխավորման և դրա սահմանափակման իրավաչափության վերոշարադրյալ չափանիշների լույսի ներքո:

ՀՀ Սահմանադրության` մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը նախատեսող 40-րդ հոդվածը սահմանում է. «1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: 2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: 3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: 4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:

ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այս իրավունքը ենթադրում է թե՛ ՀՀ տարածքում ազատորեն տեղաշարժվելու, թե՛ ՀՀ տարածքից դուրս գալու` անձի հայեցողության և այն ազատորեն իրացնելու հնարավորությունը: Այս իրավունքը, թերևս, բացարձակ չէ, այն կարող է սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում` Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ:

Ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցի գնահատման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

- արդյո՞ք սահմանափակումը բավարար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար, այլ կերպ ասած` համաչափության պահանջը:

Համաչափության պահանջի առնչությամբ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածն ամրագրում է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում նախատեսված է, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավունքի սահմանափակման բոլոր դեպքերը և հիմքերը, ներառյալ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը, նախատեսվում են ՀՀ Սահմանադրությամբ, իսկ առավել մանրամասն կարգավորումն իրականացվում է օրենսդրությամբ:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության որոշմամբ չպետք է նախատեսվի նոր սահմանափակում: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` թույլատրելի է, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ կետի ուժով ՀՀ կառավարության որոշմամբ առավել մանրամասնվում է օրենքում արդեն իսկ ամրագրված սահմանափակման կիրառման կարգը, որը չպետք է դուրս գա սահմանափակման` Սահմանադրությամբ նախատեսված ծավալից և չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով նախատեսված սահմանափակումները: Այս պահանջը վերաբերում է նաև օրենքին, որը նախատեսում է իրավունքը սահմանափակող նորմ:

Միջամտության իրավաչափ նպատակի տեսանկյունից ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առարկա կանոնակարգումներով սահմանափակման հիմնական նպատակներն են, ի թիվս այլնի, հանցագործությունների կանխումը և բացահայտումը:

«Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցի շրջանակներում կասկածյալի, մեղադրյալի անձնագիրը վերցնելու` իրավական կանոնակարգմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի և համաչափության սկզբունքի գնահատման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաբերելի օրենսդրական նորմերի վերլուծությանը:

Այսպես, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի` «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով»: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` «1. Կասկածյալ է այն անձը` 1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով. 2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված»: Նույն օրենսգրքի 64-րդ հոդվածը նախատեսում է, որ մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վիճարկվող նորմերով նախատեսվում է անձնագիրը վերցնելու հնարավորություն միայն վկայակոչված դատավարական կարգավիճակ ունեցող անձից, այսինքն` կասկածյալից և մեղադրյալից:

Այնուհետև, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածը նախատեսում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառման ենթակա խափանման միջոցները, մասնավորապես նախատեսելով, որ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Ի թիվս այլնի, նախատեսվում է «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ կառավարության թիվ 821 որոշմամբ նախատեսվում է վերցնել այն կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը նախատեսում է, որ «... կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը..., կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նույն որոշմամբ անձնագիր վերցնելը թույլատրվում է կասկածյալի, մեղադրյալի նկատմամբ, եթե նրանց նկատմամբ կայացվել է որոշում` ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք կիրառելու մասին: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է անձնագիրը վերցնելու դեպքերի առավել լայն շրջանակ քանի որ անձնագիրը վերցնելը չի սահմանափակում որևէ լրացուցիչ պայմանով, այլ նախատեսում է այն վերցնելու հնարավորություն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ստանալու ուժով, իսկ այն վերադարձնելը` քրեական հետապնդման դադարեցումով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` քրեական հետապնդման դադարեցումը` քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշումն է` առաջադրված մեղադրանքը վերացնելու կամ մեղադրանքից հրաժարվելու մասին:

Ելնելով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության շրջանակներում կասկածյալից կամ մեղադրյալից անձնագիր վերցնելու վերաբերյալ առկա է երկու ինքնուրույն կանոնակարգում: Հաշվի առնելով նշված հանգամանքը` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի իրավաչափությունը դիտարկել այդ դեպքերի տեսանկյունից.

ա) երբ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ առկա է խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշում,

բ) երբ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ առկա չէ խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշում:

Վերը նշված առաջին դեպքի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խափանման միջոցի կիրառումն ինքնանպատակ չէ: Այն կիրառվում է քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի տրամաբանությանը համապատասխան նման սահմանափակումը կոչված է կանխելու կամ բացահայտելու հանցագործությունները, պաշտպանելու այլոց և, մասնավորապես, տվյալ քրեական գործով տուժողների իրավունքները և ազատությունները: Հետևաբար` կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման շրջանակներում իրավաչափ է դառնում նաև այդպիսի կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերցնելը: Այս դեպքում անձնագիրը վերցնելը խափանման միջոցի արդյունավետ իրացման երաշխիք է:

Սակայն նույնը չի կարելի ասել այն դեպքի համար, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից, առանց խափանման միջոցի (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառման, վերցվում է կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը: Հաշվի առնելով խափանման միջոց կիրառելու և դրա համատեքստում անձի անձնագիրը վերցնելու նպատակը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նշված դեպքում բացակայում է նաև կասկածյալի կամ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, նրանց կողմից դատավճռի կատարմանը խոչընդոտելու վերաբերյալ ողջամիտ կասկածը: Հետևաբար` բացակայում է նաև հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու, այլոց և, մասնավորապես, տվյալ քրեական գործով տուժողների իրավունքները և ազատությունները պաշտպանելու նպատակով անձնագիրը վերցնելու միջոցով կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում:

ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև շեշտել, որ խափանման միջոցի վերացման պահին անձի անձնագիրը ենթակա է անհապաղ վերադարձման: Ներկայումս ձևավորված պրակտիկան, երբ անձի անձնագիրը պահվում է իրավասու մարմնի մոտ «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու դեպքում, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այս առնչությամբ ՀՀ Ազգային ժողովը ևս իր գրավոր բացատրության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

8. Անդրադառնալով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետի սահմանադրականության հարցին` Սահմանադրական դատարանը նախ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դիմողի կողմից բարձրացված հիմնախնդիրը վերաբերում է ոչ թե սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը ներդնելուն և անձի` ՀՀ տարածքից դուրս գալը կանխելուն, այլ անձի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու դեպքում, նույնիսկ քրեական գործով դատավարության ավարտման դեպքում այդ համակարգում նշված տեղեկատվության պահպանելուն, ինչպես նաև այս պայմաններում անձի` ՀՀ տարածքից դուրս գալն անհիմն սահմանափակելուն:

ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի` «II. ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրները» ցանկի 5-րդ կետի «թ» ենթակետում նշվում են «քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման կանոնակարգման առկայության պայմաններում և նման կառուցակարգի միջոցով անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակելու պարագայում այն պետք է իրացվի բացառապես խափանման միջոցի վերացման մասին որոշում ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը ևս նույն համակարգում տեղադրելու` իրավասու մարմնի հստակ պարտականության իրացման և անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտները վերացնելու պայմանով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրության մեջ այս պահանջի ուղղակի ամրագրումը` վարույթն իրականացնող մարմնի վրա դրված հստակ պարտականության տեսքով, բացակայում է:

Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված տեղեկանքում նշվում է, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 91-Լ հանձնարարականի` «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում պետք է անձնագիրն անմիջապես վերադարձվի անձին: Ինչպես նշված է տեղեկանքում` նման տեղեկատվությունն ուղարկվում է ՍԷԿՏ համակարգ` դրանով անձի տեղաշարժման ազատության սահմանափակումները վերացնելու համար:

Սահմանադրական դատարանը, սակայն, արձանագրում է, որ նման մեկնաբանությունը ներկայացված է միայն տեղեկանքում: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ չի նախատեսվում խափանման միջոցի վերացման մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականություն: Նման պայմաններում հարցականի տակ է դրվում իրավունքի իրականացման ընթացակարգի որոշակիությունը, քանզի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված գրավոր տեղեկատվությունից հետևում է, որ չկա կոնկրետ իրավասու մարմնի վրա դրված պարտականություն խափանման միջոցի վերացման, քրեական հետապնդման դադարեցման կամ գործի ավարտման դեպքում տեղեկատվությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու վերաբերյալ: Օրինակ` մի դեպքում քննիչը նշել է, որ «... ինքն իրավասու չէ վերացնել քաղաքացու նկատմամբ կիրառված` հանրապետությունից դուրս գալու արգելքը, քանի որ գործն այլևս մինչդատական վարույթում չէ, և այդ հարցը պետք է լուծվեր դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելով», սակայն, ինչպես պարզ է դառնում հետագա պարզաբանումից, հարցը դատական վարույթի ընթացքում լուծում չի ստացել: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է մի շարք նման օրինակներ: ՀՀ կառավարության որոշման մեջ ամրագրված` «խափանման միջոցի կիրառման մասին տեղեկությունները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին» պարտականության առկայությունը պետք է համահունչ լինի «խափանման միջոցի վերացման մասին տեղեկությունները` խափանման միջոցի վերացման մասին հայտարարման պահին» պարտականությանը: Միայն նման պարագայում կերաշխավորվի մարդու` ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:

9. Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված` վկայից, տուժողից անձնագիր վերցնելու, ինչպես նաև ՍԷԿՏ համակարգի միջոցով վկայի և տուժողի տեղաշարժման ազատությունը սահմանափակելու հիմնահարցին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության որևէ իրավական ակտով նման պահանջ չի նախատեսվում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշմամբ էլ չի նախատեսվում նման դատավարական կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ տեղեկությունները ՍԷԿՏ համակարգ տեղադրելու` իրավասու մարմնի պարտականություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետությունում առկա նման պրակտիկայի առնչությամբ, վերաբերում է իրավասու մարմինների` օրենքով չնախատեսված գործողություններին, որը պետք է ստանա համապատասխան գնահատական ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության տեսքով: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ըստ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից խնդրո առարկա հարցի լուծման իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ ներկայացված տեղեկանքի` ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2015 թվականին ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել և կիրառվել կարգապահական տույժ` վկայի ելքը հանրապետությունից արգելելու վերաբերյալ քրեական գործով հետաքննության մարմնին հանձնարարություն տալու համար, որի արդյունքում ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել էր վկայի` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Սահմանադրական դատարանը խնդրո առարկա իրավակիրառական պրակտիկան անհարիր է համարում իրավական պետության սահմանադրական սկզբունքի և անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի երաշխավորման համատեքստում:

Սույն գործով որպես պատասխանող ներգրավված ՀՀ Ազգային ժողովը նույնպես իր բացատրության մեջ նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով վարույթն իրականացնող մարմինն առանց իրավական հիմքի վերցնում է վկաների և տուժողների անձնագրերը երկիրը լքելու հնարավորության բացառման նպատակով, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

10. Անդրադառնալով վկայի` առանց դատարանի թույլտվության կամ իրավասու մարմնին նախազգուշացնելու բնակության վայրը չլքելու պահանջի իրավաչափության հարցին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմը բովանդակում է երկու առանձին իրավակարգավորումներ, որոնք վկայի համար նախատեսում են ազատ տեղաշարժման ազատությունը սահմանափակող որոշակի պարտականություններ` կախված քրեական գործով վարույթի փուլից:

Ընդ որում, եթե առաջին իրավակարգավորումը վերաբերում է քրեական գործով վարույթի դատական փուլին, երբ վկայի տեղաշարժման ազատությունը պայմանավորվում է դատարանի թույլտվությամբ, ապա երկրորդը` մինչդատական փուլին, որը նախատեսում է վկայի պարտականությունը` վարույթն իրականացնող մարմնին իր բնակության վայրը փոխելու մասին տեղեկացնելու վերաբերյալ:

Վերը նշված առաջին իրավակարգավորման առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն առնչվում է անձի` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակմանը, որպես սահմանափակման միջոց դիտարկելով դատարանի թույլտվությունը: Տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվել է սույն որոշման 7-րդ կետում, Սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել իրավունքի սահմանափակում նախատեսող իրավական ակտի տեսակը, սահմանափակման նպատակի իրավաչափությունը և սահմանափակման համաչափությունը: Արձանագրելով, որ խնդրո առարկա սահմանափակումը նախատեսված է օրենքով և բխում է արդարադատության շահերից, հետապնդում է իրավաչափ նպատակ, որ նման սահմանափակման հիմքն է, ի թիվս այլնի, ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` հանցագործությունների բացահայտումը: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «առանց դատարանի թույլտվության» եզրույթը սահմանադրականության խնդիր չի առաջացնի, եթե այն մեկնաբանվի և կիրառվի սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, որ վկային այլ վայր մեկնելու թույլտվություն տալու` դատարանի լիազորությունն իրականացվում է ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքների պահպանմամբ, որով և կանխորոշվում են դատարանի հայեցողության սահմանները:

Ինչ վերաբերում է վերոնշյալ երկրորդ իրավակարգավորմանը, ապա այս պարտականության առնչությամբ սահմանադրականության խնդիր ըստ էության առկա չէ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» և «Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես» դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում:

i

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի` «Վկան պարտավոր է` ... չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` վկային այլ վայր մեկնելու թույլտվություն տալու` դատարանի լիազորությունը պետք է իրականացվի ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նպատակի շրջանակներում և ՀՀ Սահմանադրության 78 ու 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքների պահպանմամբ, որով և կանխորոշվում են դատարանի հայեցողության սահմանները:

i

3. «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի 1-ին պարբերության` «Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին, անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը», 2-րդ պարբերության` «Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում» դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

4. «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի 3-րդ պարբերությունը (ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 823-Ն որոշման խմբագրությամբ) համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից անձնագրի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ պետք է տրվի կալանքի տակ չգտնվող այն կասկածյալներին և մեղադրյալներին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

i

5. «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ բացահայտված սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` «խափանման միջոցի կիրառման մասին տեղեկությունները` կիրառման պահին» ՍԷԿՏ համակարգում տեղադրելու պարտականությունը պետք է համահունչ լինի «խափանման միջոցի վերացման մասին տեղեկությունները` խափանման միջոցի վերացման պահին» ՍԷԿՏ համակարգ ուղարկելու պարտականության հետ:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 ապրիլի 2017 թվականի

ՍԴՈ-1360

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.04.2017
N ՍԴՈ-1360
Որոշում