Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.0363.140417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2017 թվականի N 363-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 13-ի

N 363-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, դրամաշնորհների, օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին իրականացվող գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրերի (այսուհետ` ծրագիր) մշակման և հաստատման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ապահովում է ծրագրի մշակումը և հաստատումը` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Ծրագրի իրականացման տևողությունն է` ոչ պակաս, քան մեկ տարի:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը համակարգում է գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական աջակցության հիմնական ուղղություններով նախատեսվող միջոցառումները:

5. Ծրագրի աջակցության ուղղությունները պետք է հիմնված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանն ուղղված դրույթների և «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառում պետական աջակցության ուղղությունների վրա:

6. Ծրագրի մշակման համար հիմք կարող են հանդիսանալ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ), տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառում գործող կազմակերպությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների կողմից ներկայացված առաջարկները:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ապահովում է սույն կարգի 5-րդ կետում ներկայացված առաջարկների վերլուծումն ու ամփոփումը` առաջնահերթությունը տալով այն առաջարկներին, որոնց իրականացումը կնպաստի`

1) հողային ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացմանը.

2) նոր աշխատատեղերի ստեղծմանը.

3) արտադրողականության բարձրացմանը.

4) միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազմանը.

5) հավելյալ արժեքի ձևավորմանը.

6) արտահանման խթանմանը.

7) արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:

8. Ծրագիրը ներառում է կառուցվածքային հետևյալ բաժինները`

1) նախորդ ծրագրով (ծրագրերով) իրականացված միջոցառումների նկարագիրը և հիմնական արդյունքները` առկայության դեպքում.

2) ծրագրի նպատակը.

3) ծրագրի խնդիրները.

4) ծրագրի շահառուները.

5) ծրագրի շահառուների հայտերի ընդունման չափորոշիչները.

6) ծրագրի շահառուների հայտերի ուսումնասիրման և շահառուներին պատասխանելու ժամկետները.

7) ծրագրի շահառուների հայտերի մերժման հիմքերը.

8) ծրագրի միջոցառումները (այսուհետ` միջոցառումներ).

9) միջոցառման կատարման համար պատասխանատու մարմնի (կատարողի) և առկայության դեպքում` այլ պատասխանատու մարմինների (համակատարողների) անվանումը.

10) միջոցառումների կատարման ժամկետները.

11) ֆինանսավորման աղբյուրը (ֆինանսավորող մարմին)` առկայության դեպքում.

12) յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը` կից հաշվարկ-հիմնավորումներով (հայտնի լինելու դեպքում) և ֆինանսավորման աղբյուրները.

13) միջոցառման կատարման վերստուգելի չափանիշը (առաջարկվող միջոցառումների արդյունավետության ստուգման չափանիշը).

14) միջոցառումների իրականացմամբ ակնկալվող վերջնական արդյունքները:

9. Ծրագրի ֆինանսական արժեքը գնահատվում է ծրագրի նախահաշվային արժեքի հաշվարկման միջոցով: Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք միջոցառումների նախահաշվային արժեքը հաշվարկվում է տվյալ տարվա բյուջետային ծախսերի հաշվարկման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան:

10. Ծրագիրը (ծրագրերը) հաստատելուց առաջ պետք է քննարկվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի նիստի N 29 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:

11. Ծրագրով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը, մինչև ծրագրի հաստատվելը` միջոցառումների վերաբերյալ կարծիք հայտնելու նպատակով, տրամադրվում է այն համայնքներին, որոնց տարածքներում նախատեսվում է դրանք իրականացնել:

12. Ծրագրով իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորման հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակներում` ելնելով տվյալ ժամանակահատվածի բյուջետային առաջնահերթություններից:

13. «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լսումներն ապահովելու համար տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, դրամաշնորհների և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին ծրագրի կատարման ընթացիկ և ավարտական հաշվետվությունները, ինչպես նաև ամբողջական ծրագրի կատարման հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

14. Ծրագրի շահառուները հայտերը ներկայացնում են սույն կարգի 15-րդ կետով սահմանված մարմիններին:

15. Պետական ծրագիրն իրականացնում են` լիազոր մարմինը, համապատասխան բնագավառներում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց լիազորությունների շրջանակներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2017
N 363-Ն
Որոշում