Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ ԵՎ 83-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

  

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական  դատարանի որոշում
ԵԱԴԴ/0048/04/14
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԱԴԴ/0048/04/14

Նախագահող դատավոր`   Կ. Հակոբյան

                    Դատավորներ`   Ա. Խառատյան

                                                    Ա. Սմբատյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
 Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
 Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզան Առաքելյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Ռուզան Առաքելյանի ընդդեմ Մարինե Ալոյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուզան Առաքելյանը պահանջել է Մարինե Ալոյանին ճանաչել սնանկ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Սմբատյան) 09.06.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2014 թվականի որոշմամբ գործը հանձնվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 15.10.2015 թվականի որոշմամբ Գայանե Դավթյանի դիմումը` Մարինե Ալոյանի սնանկության գործով պահանջ ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է: Գայանե Դավթյանի պահանջը` 25.575 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, ընդգրկվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդված 1-ին մասի «է» հերթում որպես չապահովված պահանջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.04.2016 թվականի որոշմամբ Ռուզան Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.10.2015 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզան Առաքելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Դավթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գայանե Դավթյանն ի սկզբանե տեղյակ է եղել Մարինե Ալոյանի սնանկության գործընթացից: Նման եզրահանգում անելու համար հիմք է հանդիսանում այն, որ դեռևս 02.07.2014 թվականին Գայանե Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին հասցեագրած դիմումներով հանգամանալից նշել է սույն սնանկության վարույթի հետ կապված հարցերի մասին: Ավելին` սույն գործում առկա է ևս մեկ ապացույց, մասնավորապես` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի 07.07.2014 թվականի թիվ 13676 գրությունը, որով Գայանե Դավթյանը ևս տեղեկացվել է Մարինե Ալոյանի սնանկության մասին: Հատկանշական է, որ դատարանները Գայանե Դավթյանի կողմից պահանջ ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար որպես հիմնավորում դիտել են 11.07.2014-07.08.2014 թվականների ընթացքում վերջինիս բացակայությունը Հայաստանի Հանրապետությունից, մինչդեռ տվյալ ժամանակահատվածում Գայանե Դավթյանի բացակայությունը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար, քանի որ, ինչպես արդեն նշվեց, դեռևս մինչև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին դիմումներ հասցեագրելը, Գայանե Դավթյանը տեղեկացված է եղել սնանկության գործընթացից և որևէ քայլ չի ձեռնարկել սահմանված կարգով և ժամկետներում իր պահանջը գրանցելու համար: Ավելին` 07.08.2014 թվականից հետո, երբ Գայանե Դավթյանը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, այդ ժամանակ ևս մեկամսյա ժամկետում չի ներկայացրել որևէ միջնորդություն բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և իր պահանջը գրանցելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.04.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` Գայանե Դավթյանի դիմումը` Մարինե Ալոյանի սնանկության գործով պահանջ ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, իրականացնելով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, գտել է, որ Գայանե Դավթյանի` ժամկետը բաց թողնելու վերաբերյալ ներկայացված ապացույցները հիմնավոր են, և առկա են եղել բավարար հիմքեր` բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու համար: Ինչ վերաբերում է Ծառայության պետի 07.07.2014 թվականի թիվ 13676 գրությանը, ապա այդ ապացույցը Դատարանին չի ներկայացվել, ինչպես նաև Գայանե Դավթյանն այդ գրությունը չի ստացել, հետևաբար վերջինս սնանկության մասին տեղյակ լինել չէր կարող: ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին 02.07.2014 թվականին հասցեագրված դիմումի մասին Ռուզան Առաքելյանի ներկայացուցիչը հայտնել է Դատարանի 15.10.2015 թվականի որոշումից հետո, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ դատարանների կողմից դրանք չգնահատելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն առարկայազուրկ են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2014 թվականի վճռով Մարինե Ալոյանը ճանաչվել է սնանկ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 23-25):

2) Մարինե Ալոյանին սնանկ ճանաչելու, պարտատերերի առաջին ժողով նշանակելու և պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգի մասին հայտարարությունը www.azdarar.am կայքում հրապարակվել է 03.07.2014 թվականին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 70-72):

3) 02.07.2014 թվականին Գայանե Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին հասցեագրած դիմումով ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին, որում նշել է հետևյալը. «...30.06.2014 թվականին «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացա, որ իմ պարտապաններ Վարուժան Ալոյանն ու նրա նախկին կինը` Մարինե Ալոյանը, որը ներկայումս ոստիկանության կողմից գտնվում է հետախուզման մեջ, սույն թվականի հունիսի 9-ին թիվ ԵԱԴԴ/0048/04/14 և ԵԱԴԴ/0047/04/14 դատական գործերով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռներով սնանկ են ճանաչվել ոմն Ռուզան Առաքելյանի կողմից...» (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 98):

4) Գայանե Դավթյանը 20.06.2014 թվականին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրած դիմումով հայտնել է, որ 28.05.2014 թվականին ստացել է Ծառայության հարկադիր կատարողի գրությունները` կատարողական գործողությունները վերսկսելու վերաբերյալ: Միաժամանակ նույն դիմումով նշել է, որ կատարողական գործողությունները վերսկսելու արդյունքների մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ իրեն հայտնվել է, որ նա գրավոր կտեղեկացվի երկամսյա ժամկետում: Հաշվի առնելով, որ բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից, Գայանե Դավթյանը տվյալ դիմումով խնդրել է բարձրացված հարցին ընթացք տալ սեղմ ժամկետում (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 99):

i

5) Գայանե Դավթյանին ուղղված` Ծառայության պետի 07.07.2014 թվականի թիվ 13676 գրության համաձայն` «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15.05.2014 թվականի տրված թիվ ԵԱՔԴ/1309/02/11 կատարողական թերթերի հիման վրա Ծառայությունում 20.05.2014 թվականին վերսկսվել են Վարուժան և Մարինե Ալոյանների վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները, որոնք 23.06.2014 թվականին կարճվել են «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով: Առդիր` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` պարտապաններին սնանկ ճանաչելու մասին գրությունների պատճենները` «2» թերթից»» (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 87):

6) ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի «Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 20.07.2014 թվականի որոշման «Պարզեցի» մասում նշվել է, որ «2014 թվականի հուլիսի 8-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Մաշտոցի բաժին է ստացվել Վաղարշյան փողոցի 18-րդ շենքի թիվ 79 բնակարանի բնակչուհի Գայանե Ազատի Դավթյանի դիմումն այն մասին, որ թիվ ԵԱՔԴ/1309/02/11 քաղաքացիական գործով հրապարակված վճռով պարտապաններ հանդիսացող Վարուժան և Մարինե Ալոյանները 2014 թվականի հունիսի 9-ին թիվ ԵԱԴԴ/0047/04/14 և թիվ ԵԱԴԴ/0048/04/14 գործերով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ են ճանաչվել, որպեսզի խուսափեն իրենցից բռնագանձվելիք պարտքերից» (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 88):

7) Գայանե Դավթյանը 08.09.2014 թվականի դիմումով սնանկ ճանաչված Մարինե Ալոյանի նկատմամբ ներկայացրել է 25.575 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջ` միաժամանակ խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը: Ի հիմնավորումն միջնորդության` Գայանե Դավթյանը նշել է, որ ստանալով Ծառայության «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 25.05.2014 թվականի որոշումը, տվյալ կատարողական վարույթների մասին պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Ծառայությանը և պատահականության շնորհիվ է տեղեկացել Ալոյանների սնանկ ճանաչված լինելու մասին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 87-88, 114):

i

8) Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2014 թվականի որոշմամբ հաստատվել է Մարինե Ալոյանի նկատմամբ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը. 1. Հայաստանի Հանրապետություն` 100.000 ՀՀ դրամ (82-րդ հոդված, «դ» հերթ, չապահովված), 2. Ռուզան Առաքելյան` 8.500.000 ՀՀ դրամ (82-րդ հոդված, «է» հերթ, չապահովված), 3. Անահիտ Դավթյան` 108.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (82-րդ հոդված, «է» հերթ», չապահովված) (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 120-121):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ, 83-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչված պարտապանին պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների, բավարարվում են «է» հերթում, իսկ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները, համաձայն նույն օրենքի 83-րդ հոդվածի, բավարարվում են «ը» հերթում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակելը սնանկության վարույթի առանցքային փուլերից է և կոչված է այդ վարույթում ապահովելու ինչպես սնանկ ճանաչված պարտապանի, այնպես էլ նրա պարտատերերի իրավունքներն ու օրինական շահերը: Օրենսդիրը, պարտատերերի համար սահմանելով մեկամսյա ժամկետ` սնանկության մասին հայտարարությունից հետո իրենց պահանջները ներկայացնելու համար, միաժամանակ ամրագրել է այդ ժամկետի խախտման իրավական հետևանքը և դրա բացթողումը հարգելի ճանաչելու հնարավորություն:

Այսպես` սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում դատարան չներկայացված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ և կարող են ընդգրկվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում` բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները համարում է հարգելի: Միայն այս դեպքում սահմանված ժամկետում դատարան չներկայացված, չապահովված պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Ընդ որում, օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է գործը քննող դատարանի` պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու համար դատական նիստ հրավիրելու և պատճառների հարգելիության քննարկման արդյունքում որոշում կայացնելու պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով սնանկ ճանաչված պարտապանին պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու խնդրին, արձանագրել է, որ բոլոր դեպքերում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր դատական վեճ ունի իր առանձնահատկությունները և յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ հանգամանքներից` օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքերն էապես կարող են տարբերվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց պարագայում: Ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:

Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատական պրոցեսին մասնակցելը կամ պահանջը և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելը: Ընդ որում, եթե մի դեպքում նշված հանգամանքը ֆիզիկական անձանց պարագայում կարող է դիտվել հարգելի, ապա իրավաբանական անձանց դեպքում կարող է հարգելի չհամարվել: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով, ինչն օբյեկտիվորեն հարգելի ճանաչելու հիմք է, ապա նույն հիմքը չի կարող կիրառվել իրավաբանական անձի (տնօրենի կամ գործադիր մարմնի ղեկավարի) նկատմամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ թե՛ ֆիզիկական անձը և թե՛ իրավաբանական անձը պարտավոր են ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել են իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար:

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սնանկության վարույթի այն առանձնահատկությունը, որ մեկ պահանջատիրոջ շահը մշտապես առնչվում է այլ պահանջատերերի շահերին, վերջիններիս իրավունքների պաշտպանության տեսանկյունից հարկ է համարել նշել, որ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու սահմանները չպետք է շատ լայն լինեն: Մասնավորապես ողջամիտ կարող է համարվել սահմանված ժամկետում պահանջը ներկայացնելուն խանգարող համապատասխան խոչընդոտները վերանալուց հետո բացառապես մեկամսյա ժամկետում պահանջը ներկայացնելը` նշված խոչընդոտի առաջացման և ավարտի պահը հավաստող համապատասխան հիմնավորումներով (տե՛ս, «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0103/04/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործով Մարինե Ալոյանին սնանկ ճանաչելու, պարտատերերի առաջին ժողով նշանակելու և պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգի մասին հայտարարությունը www.azdarar.am կայքում հրապարակվել է 03.07.2014 թվականին: Գայանե Դավթյանը պարտապանի նկատմամբ իր պահանջները Դատարան է ներկայացրել 08.09.2014 թվականին` միաժամանակ 27.09.2014 թվականին միջնորդելով հարգելի համարել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառները: Գայանե Դավթյանը միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ 20.06.2014 թվականից տեղեկություն չի ունեցել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15.05.2014 թվականի տրված թիվ ԵԱՔԴ/1309/02/11 կատարողական թերթերի մասին և միայն պատահականության շնորհիվ է տեղեկացել Ալոյանների սնանկության մասին, ինչի կապակցությամբ էլ դիմել է պահանջը գրանցելու համար:

Դատարանը, հարգելի համարելով Գայանե Դավթյանի միջնորդությունը և վերջինիս պահանջը գրանցելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդված 1-ին մասի «է» հերթում, պատճառաբանել է, որ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Գայանե Դավթյանը Ծառայություն ներկայացրած կատարողական թերթի ընթացքի մասին վերջին տեղեկատվությունն ստացել է 25.05.2014 թվականին, որի հետևանքով տեղյակ չի եղել Մարինե Ալոյանի սնանկության մասին, ինչն էլ հիմք է հանդիսացել սահմանված ժամկետում պահանջ չներկայացնելու: Միաժամանակ Դատարանը Գայանե Դավթյանի կողմից պահանջ ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հանգամանք է դիտել նաև այն, որ 11.07.2014 թվականից մինչև 07.08.2014 թվականն ընկած ժամանակահատվածում Գայանե Դավթյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի վերը շարադրված եզրահանգումը, միաժամանակ արձանագրել է, որ «Ռուզան Առաքելյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանը Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի 07.07.2014 թվականի գրությունը` ուղղված Գայանե Դավթյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության ավագ տեսուչ Գ. Բաղդասարյանի 20.10.2014 թվականի «Նյութերով քրեական գործ հարուցելու մերժելու մասին» որոշումը և ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին 02.07.2014 թվականին Գայանե Դավթյանի կողմից տրված հաղորդումը Դատարանին է ներկայացրել դատական ակտի կայացումից` 2015 թվականի նոյեմբերի 23-ից հետո (հավելված 2-րդ, գ.թ. 86-99)»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, Գայանե Դավթյանի միջնորդությունը` պահանջը դատարան ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու մասին, բավարարելով, պետք է ապահովեր գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը, որպիսի պարագայում կպարզեր, որ սույն գործում առկա ապացույցները, մասնավորապես` Գայանե Դավթյանի` 02.07.2014 թվականին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին հասցեագրած դիմումի, Ծառայության պետի 07.07.2014 թվականի թիվ 13676 գրության բովանդակությունը վկայում են այն մասին, որ վերջինս դեռևս 2014 թվականի հունիս ամսից տեղեկացված է եղել սնանկության գործընթացից և որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր պահանջը գրանցելու համար: Ավելին` 07.08.2014 թվականից հետո, երբ Գայանե Դավթյանը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, այդ ժամանակ ևս մեկամսյա ժամկետում չի ներկայացրել որևէ միջնորդություն` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և իր պահանջը գրանցելու համար: Հետևաբար սույն գործի փաստական հանգամանքները համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Դավթյանն օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի ընթացքում` սնանկության մասին հայտարարությունը www.azdarar.am կայքում 03.07.2014 թվականին հրապարակվելուց հետո, այն է` 04.07.2014 թվականից մինչև 04.08.2014 թվականը, չի ձեռնարկել իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատավարությանը մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացրել է 15.10.2015 թվականին, իսկ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին Գայանե Դավթյանի կողմից տրված 02.07.2014 թվականի դիմումը, Ծառայության 07.07.2014 թվականի գրությունը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի «Նյութերով քրեական գործ հարուցելու մերժելու մասին» 20.10.2014 թվականի որոշումը Ռուզան Առաքելյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել են 23.11.2015 թվականից հետո, որպիսի պայմաններում Դատարանը չէր կարող անդրադառնալ նշված ապացույցներին (հավելված 2-րդ, գ.թ. 86-99)», ապա Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված հավելվածի 2-րդ հատորում, գ.թ. 86-99 գտնվող փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում արձանագրում է, որ տվյալ փաստաթղթերում 23.11.2015 թվականի թվագրմամբ առկա է միայն Ռուզան Առաքելյանի ներկայացուցչի կողմից Դատարանին հասցեագրված` գործի նյութերին ծանոթանալու մասին դիմումը (հավելվածի 2-րդ հատոր, գ.թ. 86): Ավելին` Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փաստաթղթերի (հավելվածի 2-րդ հատոր, գ.թ. 87-99) վրա առկա չէ որևէ թվագրում կամ նշում, որոնք կվկայեն այն մասին, որ սնանկության գործի մասին Գայանե Դավթյանի` ավելի վաղ տեղեկացված լինելու վերաբերյալ ապացույցները Ռուզան Առաքելյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել են 23.11.2015 թվականից հետո:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2016 թվականի որոշումը և Գայանե Դավթյանի պահանջը` 25.575 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում` որպես չապահովված պահանջ ընդգրկելու մասով, ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԱԴԴ/0048/04/14
Որոշում