Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ, 364...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ, 364-ՐԴ, 375-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵՄԴ/0049/04/15
 2017թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0049/04/15  
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
                   Դատավորներ` Լ. Գրիգորյան
                                                 Հ. Ենոքյան  

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Վարդանյանի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Հարություն Վարդանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Հարություն Վարդանյանին ճանաչել սնանկ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ.Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2015 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.09.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Վարդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածը, 364-րդ հոդվածի 1-ին կետը, 375-րդ հոդվածի 1-ին կետը, 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 399-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 46-րդ, 47-րդ հոդվածները, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` 23.06.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բանկը նույն վարկային պայմանագրի հիմքով սնանկ ճանաչելու պահանջներ է ներկայացրել ինչպես հիմնական պարտապանի, այնպես էլ բոլոր երաշխավորների դեմ, մինչդեռ նույն պայմանագրի հիման վրա սնանկ ճանաչվել չեն կարող և՛ հիմնական պարտապանը, և՛ վերջինիս պարտավորության կատարումն ապահովող երաշխավորները: Վարկային պայմանագրի և ի ապահովումն դրա կնքված երաշխավորության կամ գրավի պայմանագրի հիման վրա սնանկության վարույթ կարող է հարուցվել միայն հիմնական պարտապանի նկատմամբ, իսկ վերջինիս սնանկության վարույթում Բանկի պահանջը կհամարվի ապահովված պահանջ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից բխում է, որ երաշխավորի գույքը չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմի մեջ, և սնանկության գործով կառավարիչն իրավասություն չունի այն տնօրինելու: Տվյալ դեպքում սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների` երաշխավորությամբ ապահովված լինելը և երաշխավորի միջոցների հաշվին բավարարումը ենթադրվում է սնանկության վարույթի շրջանակներից դուրս` կամավոր ձևով կամ հարկադիր կատարման վարույթում: ՈՒստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն առանձնացնում է սնանկության վարույթը և երաշխավորի միջոցների հաշվին բավարարում ստանալու վարույթները: Այլ կերպ ասած` խոսքը գնում է միայն հիմնական պարտապանի սնանկության վարույթի մասին, այլ ոչ թե նաև երաշխավորների` առանձնացնելով այդ վարույթները և սահմանելով, որ երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ (ընդ որում ոչ թե սնանկության, այլ առանձին հայցային վարույթով) չներկայացնելու դեպքում պարտատերը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցուցակում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.12.2015 թվականի որոշումը և Դատարանի 15.09.2015 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկի և «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի միջև 13.10.2011 թվականին կնքված թիվ V04526 Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով և դրան կից համաձայնագրերով, 31.10.2012 թվականին կնքված թիվ V04639 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով և դրան կից համաձայնագրերով, ինչպես նաև դրանց հիման վրա 31.10.2012 թվականին կնքված թիվ V04639/2, 28.02.2014 թվականին կնքված թիվ V04526/12, 29.10.2014 թվականին կնքված թիվ V04526/14, 27.11.2014 թվականին կնքված թիվ V04526/19, 18.12.2014 թվականին կնքված թիվ V04526/20, 19.01.2015 թվականին կնքված թիվ V04526/21, 29.04.2015 թվականին կնքված թիվ V04526/22 վարկային պայմանագրերով Բանկի հանդեպ «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի ունեցած պարտքի ընդհանուր գումարը կազմում է 8.137.698,71 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ 16-47, 88-108, 112-121, 123-129, 132-133, 138-144):

2) Որպես Բանկի և «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի միջև 13.10.2011 թվականին կնքված թիվ V04526 Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով և 31.10.2012 թվականին կնքված թիվ V04639 Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովում` 13.10.2011 թվականին, 31.10.2012 թվականին և 28.02.2014 թվականին կնքվել են համապատասխանաբար թիվ V04526/7, թիվ V04639/1 և թիվ V04526/13 երաշխավորության պայմանագրերը` Բանկի (պարտատեր), «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի (պարտապան), Վարդան Վարդանյանի, Ստեփան Վարդանյանի, Արթուր Ալեքսանյանի, Հարություն Վարդանյանի և Լուսինե Մանուկյանի (երաշխավորներ) միջև, որոնց հիման վրա երաշխավորները պարտավորվել են յուրաքանչյուրն առանձին-առանձին իրենց անձնական ամբողջ գույքով և դրամական միջոցներով պարտատիրոջ առջև համապարտ պատասխանատվություն կրել վարկային պայմանագրով պարտապանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 48-54, 109-111):

3) Բանկը դիմում է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով, որը 12.06.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, և նշանակվել է ժամանակավոր կառավարիչ (գործ թիվ ԵՇԴ/0052/04/15) (հատոր 2-րդ, գ.թ. 20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում երաշխավորին սնանկ ճանաչելու իրավական հնարավորության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` 23.06.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- ո՞րն է երաշխավորի պատասխանատվության առանձնահատկությունը,

- որո՞նք են հարկադրված դիմումի հիման վրա պարտապանին սնանկ ճանաչելու պայմանները և հետևանքները

- արդյո՞ք հիմնական պարտավորության պարտատերը կարող է ներկայացնել այդ պարտավորության կատարումն ապահովող երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ:

ա. երաշխավորի պատասխանատվության ընդհանուր բնութագիրը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն` սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն` երաշխավորը, կնքելով երաշխավորության պայմանագիր, իր վրա է վերցնում պարտապանի կողմից պարտավորությունը որևէ հիմքով խախտելու արդյունքում բացասական հետևանքներ կրելու ռիսկը: Դա, մասնավորապես, դրսևորվում է պարտավորության խախտման դեպքում երաշխավորի` պարտավորության ամբողջ ծավալով համապարտ պատասխանատվությամբ:

Նախկինում կայացված որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրն ամրագրել է երաշխավորի համապարտ պատասխանատվության կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի կատարման պահանջ ներկայացնելու ինչպես պարտապանին և երաշխավորին միասին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը կարող է նախատեսվել միայն օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով երաշխավորի պատասխանատվությունը կրում է սուբսիդիար բնույթ, եթե այդ մասին ուղղակիորեն սահմանված է պայմանագրում կամ երաշխավորին պահանջի ներկայացման ընթացակարգի վերաբերյալ պայմանագրային դրույթների կարգավորումից հետևում է, որ այն այդպիսին է:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատերը սուբսիդիար պատասխանատվություն ստանձնած անձին պարտավորության կատարման պահանջ կարող է ներկայացնել միայն հիմնական պարտապանին այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո և միայն այն չափով, որ չափով պարտավորությունը չի կատարվել վերջինիս կողմից: Այսինքն` սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին պահանջը կարող է ներկայացվել, եթե

- հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ

- պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նույն որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետը, նշել է, որ գործում է երաշխավորի լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով (տե՛ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Նազարյանի և մյուսների թիվ ԵՇԴ/0700/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երաշխավորությունը` որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է, այսինքն` առանց հիմնական պարտավորության` գոյություն ունենալ չի կարող: Այլ կերպ ասած` երաշխավորությունը միշտ լրացուցիչ պարտավորություն է, ինչը նշանակում է, որ հիմնական պարտապանի կողմից պարտավորությունը խախտելուց հետո միայն պարտատերը կարող է պահանջ ներկայացնել երաշխավորի դեմ, ընդ որում` պահանջ ներկայացնելն ունի առանձնահատկություն` կապված նրանից, թե երաշխավորի պատասխանատվությունը համապարտ է, թե սուբսիդիար: Եթե համապարտ պատասխանատվության դեպքում պարտատերն իր հայեցողությամբ կարող է պահանջ ներկայացնել ինչպես հիմնական պարտապանին, այնպես էլ` երաշխավորին, ապա սուբսիդիար պատասխանատվության դեպքում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածով, մինչև երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելը պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին, և միայն այն դեպքում, եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել երաշխավորին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ երաշխավորը պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու դեպքում պարտատիրոջ առջև պարտապանի հետ միասին պատասխանատվություն կրող անձն է: Նկատի ունենալով, որ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանը չէ, երաշխավորի կողմից հիմնական պարտավորությունը կատարելու դեպքում օրենսդիրը երաշխավորին տվել է իրավունք հիմնական պարտապանի նկատմամբ ձեռք բերել պահանջի իրավունք` իր կողմից կատարած պարտավորության չափով: Այլ կերպ ասած` այն դեպքերում, երբ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանի փոխարեն կատարում է պարտավորությունը, ապա հիմնական պարտավորության պարտատիրոջ փոխարեն սկսում է հանդես գալ որպես պարտատեր:

բ. հարկադրված դիմումի հիման վրա պարտապանին սնանկ ճանաչելու պայմանները և հետևանքները.

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը նրա անվճարունակությունն է, որը հարկադրված սնանկության դեպքում դրսևորվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի առկայության և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվելու հանգամանքով: Ընդ որում, անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է` այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է:

գ. երաշխավորին սնանկ ճանաչելու հնարավորությունը.

Երաշխավորին հիմնական պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու առանձնահատկությունները սահմանվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հետևյալ նորմերով.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի` երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն`

«1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը նույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

(...)

7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

(...)

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված պահանջ (չապահովված պարտատերերի պահանջներ, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների) «:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` 23.06.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն`

«1. Ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված պահանջներ ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում պարտատերը նույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

(...)

7. Եթե համապատասխան գրավի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

(...)

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պահանջ (չապահովված պահանջներ, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` նույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով)»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի վաճառքի հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ըստ վերոնշյալ կարգավորման` մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքում, երբ երաշխավորությամբ ապահովված պարտավորության պարտատերն իր պահանջն ուղղակիորեն ներկայացնում է սնանկության վարույթում` ընդգրկվելով պարտատերերի ցուցակում, ապա այդ դեպքում պարտատերը համարվում է ապահովված պարտատեր: Հաշվի առնելով, որ ապահովված պարտատեր համարվելը չի կարող լինել ինքնանպատակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նման դեպքում պարտատիրոջ պահանջը բավարարվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածին համապատասխան (Ապահովված պահանջները և դրանց բավարարումը): Ընդ որում, նման դեպքում պարտատիրոջ պահանջները` որպես ապահովված պահանջ, սնանկության վարույթի շրջանակներում կարող են բավարարվել երաշխավորի միջոցների հաշվին: Այսպես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները, օրենսդրի տրամաբանությունը, մասնավորապես` երաշխավորությամբ ապահովված պահանջն ապահովված պահանջների և դրանց բավարարման վերաբերյալ նշված օրենքի 43-րդ հոդվածում ներառելիս, գտնում է, որ օրենսդիրը չի բացառում, որ երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել երաշխավորի գույքի իրացման արդյունքում: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործով կառավարիչը` որպես սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող հիմնական անձ, երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան երաշխավորի դեմ` ստացված գումարն ուղղելով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարմանը: Ստացված միջոցներն անբավարար լինելու դեպքում պարտատերը մնացած պահանջի մասով համարվում է չապահովված պարտատեր` հետագա բավարարում ստանալով արդեն ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված առաջնահերթության:

Ինչ վերաբերում է երաշխավորի դեմ սնանկության վարույթից դուրս պահանջ ներկայացնելու հնարավորությանը, ապա Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների վերլուծության արդյունքում գտնում է, որ նման պահանջ ներկայացնելու իրավունքը չի ներառում հիմնական պարտապանի հետ միաժամանակ երաշխավորին սնանկ ճանաչելու հնարավորությունը: Այսինքն` հիմնական պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելու հնարավորությունը վերաբերում է միայն հայցային վարույթի կարգով գույքային պահանջ ներկայացնելուն, այլ ոչ թե նաև վերջինիս սնանկ ճանաչելուն: Այսպիսով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթներից բխում է, որ երաշխավորը, անկախ նրանից` վերջինս համապարտ պարտավորություն է ստանձնել, թե ոչ, միևնույն պայմանագրի հիմքով` պարտապանի հետ միաժամանակ չի կարող սնանկ ճանաչվել:

Հետևաբար հիմնական պարտապանին սնանկ ճանաչելուց հետո վերջինիս սնանկության վարույթում պարտատիրոջ պահանջը երաշխավորության հիմքով կհամարվի ապահովված պահանջ, իսկ պահանջի բավարարումն արդեն կիրականացվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ զուգահեռ ընթացող հիմնական պարտապանի և երաշխավորի սնանկության վարույթներից մեկով պարտատերը կարող է ստանալ իր պահանջի ամբողջական բավարարում, սակայն սնանկության հետևանքով կտուժեն քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցները, քանի որ նույն պարտավորության համար մի քանի սուբյեկտ կճանաչվեն սնանկ` դրանից բխող հետևանքներով, ընդ որում այն դեպքում, երբ պարտատերն իր պահանջի բավարարում կարող էր ստանալ միայն հիմնական պարտապանին սնանկ ճանաչելով: Նման պարագայում սնանկության մյուս վարույթը կվերածվի ինքնանպատակ գործընթացի` հանգեցնելով երաշխավորի իրավունքների անհարկի սահմանափակման: Այլ կերպ ասած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն` երաշխավորը, անկախ վերջինիս պատասխանատվության համապարտ կամ սուբսիդիար լինելուց, պարտապանի հետ միաժամանակ սնանկ ճանաչվել չի կարող: ՈՒստի Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով օրենսդրի տրամաբանությունը, կարևորելով քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելը, գտնում է, որ հիմնական պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտատիրոջ կողմից երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ չի կարող ներկայացվել:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգերին: Ի տարբերություն գրավով ապահովված պահանջատիրոջ պահանջների, որոնց համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են գրավադրված գույքի, ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով իրացման ընթացակարգեր, ապա նույն օրենքը չի նախատեսում երաշխավորի գույքի իրացման ընթացակարգ: Փաստորեն, օրենքը երաշխավորության հիմքով պարտատիրոջ պահանջը համարելով ապահովված, համենայնդեպս չի նախատեսում ապահովված պահանջի բավարարման կամ գույքի իրացման ընթացակարգ:

Սակայն, Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները, գտնում է, որ օրենսդիրը չի բացառում, որ երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել երաշխավորի գույքի իրացման արդյունքում: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործով կառավարիչը երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան` երաշխավորի գույքի հաշվին ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար: Հակառակ դեպքում, ստացվում է, որ օրենսդիրը երաշխավորության հիմքով նախատեսելով պարտատիրոջ պահանջների ապահովված լինելը, սակայն չի նախատեսում նույն հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրերով Բանկի հանդեպ «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի ունեցած պարտքի ընդհանուր գումարը կազմում է 8.137.698,71 ԱՄՆ դոլար: Որպես Բանկի և «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովում` Բանկի, «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ի և Հարություն Վարդանյանի միջև կնքվել է երաշխավորության պայմանագիր, որի հիման վրա Հարություն Վարդանյանը պարտավորվել է Բանկի առջև համապարտ պատասխանատվություն կրել վարկային պայմանագրով պարտապանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար: Բանկը դիմում է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով, որը 12.06.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, և նշանակվել է ժամանակավոր կառավարիչ (գործ թիվ ԵՇԴ/0052/04/15):

Սույն գործով Դատարանը, մերժելով Բանկի դիմումը, գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տրամաբանությունից հետևում է, որ եթե երաշխավորը կատարի պարտապանի պարտավորությունը, ապա պարտատերը պարտավոր կլինի պահանջի, այդ թվում` գրավի իրավունքը և այն հիմնավորող փաստաթղթերը փոխանցել պարտավորությունը կատարած երաշխավորին, իսկ սույն պարագայում, նկատի ունենալով, որ պարտատերը սնանկ ճանաչելու պահանջով դիմել է և՛ հիմնական պարտապանի, և՛ երաշխավորի դեմ, անհնարին կլինի պահանջի իրավունքը գրավի իրավունքի հետ միասին փոխանցել երաշխավորին, քանի որ գրավի առարկան կարող է վաճառքի հանվել ավելի շուտ: Բացի այդ, Հարություն Վարդանյանի կողմից Բանկի պահանջն ամբողջությամբ կատարելու դեպքում պարտապանի վերաբերյալ սնանկության գործով Բանկի պահանջը համարվում է կատարված, իսկ Հարություն Վարդանյանը պետք է պահանջ ներկայացնի դատարանին` պարտապանի և մյուս երաշխավորների դեմ, որպիսի հանգամանքը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտման: ՈՒստի հաշվի առնելով, որ հիմնական պարտապանի դեմ թիվ ԵՇԴ/0052/04/15 սնանկության գործն ընթացքի մեջ է, Դատարանը գտել է, որ երաշխավորի նկատմամբ սնանկության գործընթաց սկսելը չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Վերաքննիչ դատարանը, մասնակի բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության, գտել է, որ Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին և դրանց առկայությունը հաստատող կամ հերքող ապացույցներին, Դատարանի վճիռը չի կայացվել գործում եղած թույլատրելի և վերաբերելի ապացույցներով հաստատվող կամ հերքվող փաստերի նկատմամբ համապատասխան օրենքների և այլ իրավական ակտերի կիրառման սկզբունքով: ՈՒստի, Դատարանի վճիռը օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Բանկի կողմից ներկայացվել է ինչպես հիմնական պարտավորության պարտապանին, այնպես էլ այդ պարտավորության կատարումն ապահովող երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Բանկի կողմից կարող էր ներկայացվել հիմնական պարտապան «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջ, իսկ վերջինիս սնանկ ճանաչվելուց հետո երաշխավոր Հարություն Վարդանյանի դեմ պահանջը` որպես ապահովված պահանջ, կարող էր բավարարում ստանալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով` հիմք ընդունելով սույն որոշման իրավական վերլուծությունները: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն և սույն գործով Դատարանն իրավացիորեն է մերժել Բանկի դիմումը` երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.05.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Հարություն Վարդանյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Բանկից ենթակա է բռնագանձման ՀՀ պետական բյուջե:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2015 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵՄԴ/0049/04/15
Որոշում