Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ԵՎ 95...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ԵՎ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ         
թիվ ԵՄԴ/3367/02/15    2017թ.

Քաղաքացիական գործ թիվ   ԵՄԴ/3367/02/15

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան
                    Դատավորներ` Կ. Հակոբյան
                                                 Ա. Սմբատյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Անի-96» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արֆարմացիա» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 6.768.383 ՀՀ դրամ` որպես պայմանագրային պարտավորություններից բխող պարտքի գումար, ինչպես նաև հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 01.04.2016 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որպիսի հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2016 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձանց` Ընկերության մասնակիցներ Հասմիկ Գրիգորյանի, Հասմիկ Գյուրջյանի, Աննա Սահակյանի, Հասմիկ Խաչիկյանի, Մագդա Հակոբյանի, Վարդուհի Ֆաքիրյանի, Ամալիա Բաբայանի, Երազիկ Աշոտյանի, Անուշ Գալստյանի, Անահիտ Սարգսյանի, Քրիստինե Բաղդասարյանի և Լարիսա Սարուխանովայի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 01.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ և 95-րդ հոդվածները, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության 12.03.2016 թվականին կայացած ընդհանուր ժողովը որոշում է կայացրել հավանություն տալ Կազմակերպության հետ կնքվելիք գործարքին` հաշտության համաձայնությանը: Ընդ որում` որոշումը համարվել է ընդունված, քանի որ ապահովվել է Ընկերության կանոնադրության 7.2 կետի 16-րդ ենթակետով սահմանված` Ընկերության գույքի օտարման հետ կապված հարցի ընդունման համար նույն կանոնադրության 7.3 կետի 3-րդ պարբերությամբ սահմանված ժողովին մասնակցողների ձայների 3/4-ը, որի համար անհրաժեշտ է եղել 72 տոկոս ձայն (սույն դեպքում առկա է եղել 77 տոկոս կողմ ձայն):

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով երկու իրավաբանական անձանց միջև պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ կայացված վճիռը որևէ կերպ չի վերաբերում ընկերության մասնակցի` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և պարտականություններին, հետևաբար Ընկերության մասնակիցներին գործին մասնակից դարձնելու դատավարական պարտականություն Դատարանը չուներ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հաշտության համաձայնություն կնքելու համար առկա է եղել Ընկերության ընդհանուր ժողովի որոշումը, որին մասնակցել են նաև վերաքննիչ բողոք բերած անձինք, ավելին` 12.03.2016 թվականին կայացած ընդհանուր ժողովի որոշումը որևէ ձևով չի վիճարկվել և անվավեր չի ճանաչվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.04.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության` 12.03.2016 թվականին` ժամը 12:00-ին, կայացած ընդհանուր ժողովի թիվ 22 արձանագրության քաղվածքի համաձայն` ընդհանուր ժողովին ներկայացել են 96 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները, ուստի Ընկերության կանոնադրության 7.3 կետի ուժով ընդհանուր ժողովը համարվել է իրավազոր` «մեկ բաժնեմաս-մեկ ձայն սկզբունքով»: Ի թիվս այլ հարցերի` ընդհանուր ժողովի օրակարգում ներառված է եղել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Օհանովի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, 52,82 քմ մակերեսով հասարակական նշանակության անշարժ գույքը Կազմակերպության հանդեպ գոյացած պարտքը մարելու նպատակով օտարելու հարցի քննարկումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կանոնադրության 7.2 կետի 16-րդ ենթակետով Ընկերության գույքի օտարման հետ կապված հարցին հավանություն տալու համար, կանոնադրության 7.3 կետի 3-րդ պարբերության համաձայն, անհրաժեշտ է ընդհանուր ժողովին մասնակցողների ձայների 3/4-ը, որի համար անհրաժեշտ է 72 տոկոս ձայն, հարցը դրվել է քվեարկության: Ժողովին մասնակցել են Ընկերության մասնակիցներ Համլետ Պետրոսյանը, Հասմիկ Գրիգորյանը, Հասմիկ Գյուրջյանը, Աննա Սահակյանը, Հասմիկ Խաչիկյանը, Մագդա Հակոբյանը, Վարդուհի Ֆաքիրյանը, Ամալիա Բաբայանը, Երազիկ Աշոտյանը, Անուշ Գալստյանը, Անահիտ Սարգսյանը, Քրիստինե Բաղդասարյանը: Քվեարկության արդյունքներով կողմ է քվեարկել Համլետ Պետրոսյանը` ի դեմս լիազորված անձ Գուրգեն Թորոսյանի (74 տոկոս բաժնեմասով` ժողովին մասնակցող ձայների 77 տոկոս), դեմ` Հասմիկ Գրիգորյանը, Հասմիկ Գյուրջյանը, Աննա Սահակյանը, Հասմիկ Խաչիկյանը, Մագդա Հակոբյանը, Վարդուհի Ֆաքիրյանը, Ամալիա Բաբայանը, Երազիկ Աշոտյանը, Անուշ Գալստյանը, Անահիտ Սարգսյանը, Քրիստինե Բաղդասարյանը` ի դեմս լիազորված անձ Գագիկ Խաչատրյանի (22 տոկոս բաժնեմասով` ժողովին մասնակցող ձայների 23 տոկոս), ձեռնպահ չկա (հատոր 3-րդ, գ.թ. 35-36):

2) Ընկերության կանոնադրության 7.1 կետի համաձայն` Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների (կամ նրանց լիազոր ներկայացուցիչների) ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք, իսկ նույն կանոնադրության 7.2 կետի 16-րդ ենթակետի համաձայն` Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում Ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված գործարքներին (այդ թվում` այլ տնտեսական ընկերակցություններին և ընկերություններին մասնակցելը) հավանություն տալը, որոնց արժեքը գերազանցում է կանոնադրական կապիտալի 1/4-ը (հատոր 3-րդ, գ.թ. 29-30):

3) Ընկերության կանոնադրության 7.3 կետի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն` ժողովը համարվում է իրավասու, եթե ներկա են ընդհանուր ժողովի ձայների 60% ունեցող մասնակիցները (նրանց ներկայացուցիչները): Նույն կանոնադրության 7.2 կետի 1-ին, 8-րդ, 11-րդ և 16-րդ ենթակետերով սահմանված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցողների ձայների երեք քառորդով (հատոր 3-րդ, գ.թ. 29-30):

4) Ընկերության կանոնադրության 6.1-րդ կետի համաձայն` Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4.550.310 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 28):

5) Ընկերության և Կազմակերպության միջև 14.03.2016 թվականին կնքված հաշտության համաձայնության 1-ին կետի համաձայն` Ընկերությունն ընդունում է Կազմակերպության նկատմամբ ունեցած 7.411.000 ՀՀ դրամ պարտավորության առկայությունը, որի դիմաց Կազմակերպությանը, որպես սեփականություն, հանձնում է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օգանովի փողոցի թիվ 1 հասցեի 52,82 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության անշարժ գույքը: Հաշտության համաձայնության 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի արժեքը կազմում է 16.176.000 ՀՀ դրամ: Կազմակերպությունը, որպես սեփականություն, ընդունում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օգանովի փողոցի թիվ 1 հասցեի 52,82 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության անշարժ գույքը 7.411.000 ՀՀ դրամի պարտավորության դիմաց և պարտավորվում է մինչև 2016 թվականի հուլիսի 15-ը վճարել Ընկերությանն անշարժ գույքի արժեքի մնացած տարբերությունը` 8.765.000 ՀՀ դրամ: Նշված հաշտության համաձայնությունը հաստատվել է Դատարանի վճռով (հատոր 3-րդ, գ.թ. 21-22, 46-49):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ և 95-րդ հոդվածների, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաբանական անձի կողմից կնքված և դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը, որն ուղղված է իրավաբանական անձի պարտավորությունների կատարմանը, կարող է խախտել այդ իրավաբանական անձի մասնակցի (մասնակիցների) իրավունքներն ու օրինական շահերն այն դեպքում, երբ առկա է տվյալ իրավաբանական անձի (ընկերության) ընդհանուր ժողովի որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ դատավարական իրավունքները: Մասնավորապես` կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, իրավունք վերապահելով կողմերին դատավարության ցանկացած փուլում կնքելու հաշտության համաձայնություն, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում հաշտության համաձայնությունը ենթակա չէ հաստատման: Դրանք են, մասնավորապես, եթե հաշտության համաձայնությունը հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանը պարտավոր է պարզել այդպիսի հաստատումը բացառող` վերը նշված պայմանների բացակայությունը: Այլ կերպ ասած` օրենսդրորեն ամրագրվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելը բացառելու երկու հիմք` օրենքին (այլ իրավական ակտերին) հակասելը կամ այլ անձանց իրավունքները և օրինական շահերը խախտելը, և կախված այն հանգամանքից, թե որ հիմքով է բողոքարկվում տվյալ դատական ակտը, տարբերվում է նաև բողոք բերած անձանց շրջանակը: Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը խախտում է այն անձանց իրավունքները և օրինական շահերը, ովքեր գործին մասնակից չեն դարձվել, վերջիններս կարող են իրենց իրավունքների դատական պաշտպանությունն իրականացնել` որպես գործին մասնակից չդարձված անձ հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտը բողոքարկելով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ դատական ակտը, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, բողոքարկվել է գործին մասնակից չդարձված անձանց կողմից, ապա վերադաս դատական ատյանները պետք է հաշվի առնեն, թե որքանով է այդ հաշտության համաձայնությունն առնչվում բողոք բերած անձի (անձանց) իրավունքներին և շոշափում նրանց օրինական շահերը, այսինքն` որքանով են այդ անձինք շահագրգիռ` կողմերի միջև կնքված և դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունը վիճարկելու առումով:

i

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքներին և պարտականություններին և նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վերը նշվածը հաշվի առնելով և անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ նույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպեu սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպեu հայցվոր կամ պատասխանող:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար, իսկ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`

ա) նույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը.

բ) ստանալ տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ.

գ) ստանալ ընկերության գործունեությունից ստացվող` օրենքով սահմանված շահույթի մասը.

դ) օրենքով սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց.

ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից.

զ) ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից:

Ընկերության մասնակիցներն ունեն նաև օրենքով, ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ սահմանված այլ իրավունքներ:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Ընկերության մասնակիցները պարտավոր են`

ա) ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ սահմանված կարգով.

բ) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից:

Ընկերության մասնակիցները կրում են նաև օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ: Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել ընդհանուր ժողովին, մասնակցել օրակարգի հարցերի քննարկմանը և քվեարկել որոշումներ ընդունելիս:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Ընդհանուր ժողովի բացառիկ լիազորություններից են նաև` ժբ) նույն օրենքով և (կամ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ընդհանուր ժողովն անցկացվում է նույն օրենքով, ընկերության կանոնադրությամբ և ներքին փաստաթղթերով սահմանված կարգով: Նույն օրենքով, ընկերության կանոնադրությամբ և ներքին փաստաթղթերով չկանոնակարգված մասով ընդհանուր ժողովի անցկացման կարգը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընդունված կամ ընկերության մասնակցի իրավունքները և օրինական շահերը խախտող ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել ընկերության մասնակցի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ընկերության մասնակիցն իմացել կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին:

Վերոնշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական անձին (տվյալ պարագայում` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը)` որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտի, բնորոշ են հետևյալ հատկանիշները` կազմակերպական միասնությունը, գույքային առանձնացվածությունը, քաղաքացիական շրջանառությունում իր անունից հանդես գալու իրավունքը և ինքնուրույն գույքային պատասխանատվությունը: Ընդ որում, գույքային առանձնացվածությունը և ինքնուրույն գույքային պատասխանատվությունն անմիջականորեն փոխկապակցված են և իրենց բովանդակությամբ հանգում են հետևյալին. իրավաբանական անձի գույքն առանձնացված է իր հիմնադիրների կամ մասնակիցների գույքից և իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է միայն այդ գույքով: Այլ կերպ ասած` իրավաբանական անձը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար, իսկ իրավաբանական անձի մասնակիցները պատասխանատու չեն վերջինիս պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդի արժեքի սահմաններում կրում են իրավաբանական անձի գործունեության հետ կապված վնասների ռիսկը: Բացառություն կարող են կազմել միայն այն դեպքերը, երբ համապատասխան պատասխանատվությունը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:

Սույն գործով Դատարանն Ընկերության և Կազմակերպության միջև հաշտության համաձայնությունը հաստատելիս և վճիռ կայացնելիս պատճառաբանել է, որ կողմերի հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և իրավական ակտերի պահանջներին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ուստի այն ենթակա է հաստատման, իսկ քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով ենթակա է կարճման:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոք բերած անձինք 12.03.2016 թվականին տեղի ունեցած Ընկերության ընդհանուր ժողովի ժամանակ առարկել են Ընկերության գույքը սեփականության իրավունքով Կազմակերպությանը օտարելու հարցի դեմ, որպիսի պայմաններում կողմերի միջև 14.03.2016 թվականին կնքված և 01.04.2016 թվականին Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնագրով խախտվել են այլ անձանց, տվյալ դեպքում` բողոքաբերների իրավունքները և օրինական շահերը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանության հիմնավորվածությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա` Ընկերության 12.03.2016 թվականի ընդհանուր ժողովի թիվ 22 արձանագրության քաղվածքի համաձայն` Ընկերության ընդհանուր ժողովին ներկայացել են 96 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները, ուստի Ընկերության կանոնադրության 7.3 կետի ուժով ընդհանուր ժողովը համարվել է իրավազոր` «մեկ բաժնեմաս-մեկ ձայն սկզբունքով»: Ի թիվս այլ հարցերի` ընդհանուր ժողովի օրակարգում ներառված է եղել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Օհանովի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, 52,82 քմ մակերեսով հասարակական նշանակության անշարժ գույքը Կազմակերպության հանդեպ գոյացած պարտքը մարելու նպատակով օտարելու հարցի քննարկումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կանոնադրության 7.2 կետի 16-րդ ենթակետով Ընկերության գույքի օտարման հետ կապված հարցին հավանություն տալու համար, կանոնադրության 7.3 կետի 3-րդ պարբերության համաձայն, անհրաժեշտ է ընդհանուր ժողովին մասնակցողների ձայների 3/4-ը, որի համար անհրաժեշտ է 72 տոկոս ձայն, հարցը դրվել է քվեարկության: Ժողովին մասնակցել են Ընկերության մասնակիցներ Համլետ Պետրոսյանը, Հասմիկ Գրիգորյանը, Հասմիկ Գյուրջյանը, Աննա Սահակյանը, Հասմիկ Խաչիկյանը, Մագդա Հակոբյանը, Վարդուհի Ֆաքիրյանը, Ամալիա Բաբայանը, Երազիկ Աշոտյանը, Անուշ Գալստյանը, Անահիտ Սարգսյանը, Քրիստինե Բաղդասարյանը: Քվեարկության արդյունքներով կողմ է քվեարկել Համլետ Պետրոսյանը` ի դեմս լիազորված անձ Գուրգեն Թորոսյանի (74 տոկոս բաժնեմասով` ժողովին մասնակցող ձայների 77 տոկոս), դեմ` Հասմիկ Գրիգորյանը, Հասմիկ Գյուրջյանը, Աննա Սահակյանը, Հասմիկ Խաչիկյանը, Մագդա Հակոբյանը, Վարդուհի Ֆաքիրյանը, Ամալիա Բաբայանը, Երազիկ Աշոտյանը, Անուշ Գալստյանը, Անահիտ Սարգսյանը, Քրիստինե Բաղդասարյանը` ի դեմս լիազորված անձ Գագիկ Խաչատրյանի (22 տոկոս բաժնեմասով` ժողովին մասնակցող ձայների 23 տոկոս), ձեռնպահ չկա:

Վերը նշվածը հաշվի առնելով և դրանք համադրելով սույն որոշման իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճը վերաբերում է երկու իրավաբանական անձանց միջև ծագած պայմանագրային պարտավորություններին: Հետևաբար Ընկերությունն այդ պարտավորություններով ծագած հարաբերություններում հանդես է եկել որպես ինքնուրույն սուբյեկտ` իր գույքով պատասխանատվություն կրելով իր պարտավորությունների համար:

Բացի այդ, բողոք բերած անձինք (բացառությամբ Լարիսա Սարուխանովայի)` որպես Ընկերության մասնակիցներ, իրացրել են օրենքով և Ընկերության կանոնադրությամբ ամրագրված իրենց իրավունքները: Մասնավորապես` ներկա են գտնվել Ընկերության մասնակիցների 12.03.2016 թվականի ընդհանուր ժողովին, մասնակցել քվեարկությանը և դեմ քվեարկել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օգանովի փողոցի թիվ 1 հասցեի 52,82 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության անշարժ գույքի տնօրինման գործարքին: Ընդ որում, այդ գործարքին հավանություն է տրվել Ընկերության այն մարմնի կողմից, որի բացառիկ իրավասությանն է պատկանել Ընկերության գույքի տնօրինման գործարքի կնքումը: Ավելին` Ընկերության ընդհանուր ժողովն եղել է իրավասու, քանի որ ժողովին մասնակցել են 96% բաժնեմաս ունեցող մասնակիցները, իսկ վերը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունվել է ժողովին մասնակցողների ձայների երեք քառորդով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց կողմից վերը նշված օտարման գործարքին դեմ քվեարկելու հանգամանքն ինքնին չի խախտում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ սահմանված Ընկերության մասնակիցների որևէ իրավունք կամ օրինական շահ: Ավելին` Ընկերության 12.03.2016 թվականի ընդհանուր ժողովի որոշումը վերջինիս կանոնադրությանը համապատասխան ընդունված լինելու և Ընկերության մասնակիցների կողմից դատական կարգով վիճարկված չլինելու պայմաններում, առկա չէ որևէ հիմք` Ընկերության մասնակիցներ Հասմիկ Գրիգորյանի, Հասմիկ Գյուրջյանի, Աննա Սահակյանի, Հասմիկ Խաչիկյանի, Մագդա Հակոբյանի, Վարդուհի Ֆաքիրյանի, Ամալիա Բաբայանի, Երազիկ Աշոտյանի, Անուշ Գալստյանի, Անահիտ Սարգսյանի, Քրիստինե Բաղդասարյանի և Լարիսա Սարուխանովայի իրավունքները և օրինական շահերը խախտված համարելու համար:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշտության համաձայնությունը հաստատող Դատարանի վճիռը որևէ կերպ չի առնչվում Ընկերության մասնակիցների` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-13-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և պարտականություններին, ուստի և Ընկերության մասնակիցներ Հասմիկ Գրիգորյանին, Հասմիկ Գյուրջյանին, Աննա Սահակյանին, Հասմիկ Խաչիկյանին, Մագդա Հակոբյանին, Վարդուհի Ֆաքիրյանին, Ամալիա Բաբայանին, Երազիկ Աշոտյանին, Անուշ Գալստյանին, Անահիտ Սարգսյանին, Քրիստինե Բաղդասարյանին և Լարիսա Սարուխանովային գործին մասնակից դարձնելու դատավարական պարտականություն Դատարանը չուներ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով գործին մասնակցող անձանց կողմից չի բողոքարկվել, իսկ գործին մասնակից չդարձված անձանց կողմից բերված բողոքն էլ սույն որոշման պատճառաբանություններով ենթակա էր մերժման, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` առանց անդրադառնալու Դատարանի վճռի իրավաչափությանը և հիմնավորվածությանը` այլ հիմքով բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև վճռաբեկ ատյանում:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն` դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնի համապատասխան:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Հասմիկ Գրիգորյանից, Հասմիկ Գյուրջյանից, Աննա Սահակյանից, Հասմիկ Խաչիկյանից, Մագդա Հակոբյանից, Վարդուհի Ֆաքիրյանից, Ամալիա Բաբայանից, Երազիկ Աշոտյանից, Անուշ Գալստյանից, Անահիտ Սարգսյանից, Քրիստինե Բաղդասարյանից և Լարիսա Սարուխանովայից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 203.051 ՀՀ դրամ (6.768.383 *3%)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի վճռին:

2. Հասմիկ Գրիգորյանից, Հասմիկ Գյուրջյանից, Աննա Սահակյանից, Հասմիկ Խաչիկյանից, Մագդա Հակոբյանից, Վարդուհի Ֆաքիրյանից, Ամալիա Բաբայանից, Երազիկ Աշոտյանից, Անուշ Գալստյանից, Անահիտ Սարգսյանից, Քրիստինե Բաղդասարյանից և Լարիսա Սարուխանովայից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 203.051 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵՄԴ/3367/02/15
Որոշում