Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵՇԴ/0331/02/15             2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵՇԴ/0331/02/15

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էմմա Վարդանյանի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը` ըստ Էմմա Վարդանյանի հայցի ընդդեմ Անժելա Աթոյանի` ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էմմա Վարդանյանը պահանջել է ճանաչել Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի` Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ, Մարլեն Աթոյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, իրեն ճանաչել այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա 26.05.1999 թվականին տրված թիվ 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2015 թվականի վճռով հայցը` Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի` Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասերով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 26.05.1999 թվականին տրված թիվ 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Բարսեղյան, Ս. Միքայելյան, Հ. Ենոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2015 թվականի որոշմամբ Էմմա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի որոշմամբ Էմմա Վարդանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էմմա Վարդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Էմմա Վարդանյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2016 թվականին կայացրել է որոշում` նշելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կտակված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումը պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձի կողմից ինքնին բավարար հիմք է տվյալ անձի կողմից ժառանգության ընդունման փաստը դատական կարգով հաստատելու համար, և այդ փաստի հաստատման համար անհրաժեշտ չեն ժառանգությունն ընդունելուն միտված այլ ակտիվ գործողությունների կատարման և, մասնավորապես, նոտարին դիմում տալու վերաբերյալ ապացույցներ:

Միևնույն ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ Էմմա Վարդանյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումն ուղղակի ազդեցություն ունի սույն գործի ելքի վրա, քանի որ Վերաքննիչ դատարանը Էմմա Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ Մարլեն Աթոյանի կողմից վիճելի բնակարանում բնակվելը և բնակարանի հետ կապված բոլոր վճարումներն ու դրա պահպանման ծախսերը կատարելը դեռևս բավարար չեն ժառանգի կողմից ժառանգական զանգվածից իրեն հասանելիք պարտադիր բաժինն ընդունելու փաստը հիմնավոր դիտելու համար, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել ակտիվ գործողություններ և չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 29.05.2015 թվականի վճռով Էմմա Վարդանյանի հայցը` Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի` Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, իրեն այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասերով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 26.05.1999 թվականին տրված թիվ 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 77-80).

2) Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «թեև գործի նյութերից հետևում է, որ Մարլեն Աթոյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի ուժով հանդիսացել է պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ` նկատի ունենալով, որ Մանուշակ Աթոյանի ժառանգության բացման պահին լրացել է Մարլեն Աթոյանի 60 տարեկանը, այդուհանդերձ Դատարանն իրավացիորեն փաստել է, որ պարտադիր բաժնի իրավունքի առկայությունը դեռևս բավարար չէ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու փաստը հիմնավոր դիտելու համար, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել ակտիվ գործողություններ և չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները», «ժառանգության ընդունման դեպքում ժառանգի կողմից պետք է ձեռնարկվեն ակտիվ քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն ժառանգությունն ընդունելուն: Ժառանգի գործողություններից պետք է բխի, որ դրանք միտված են ժառանգությունն ընդունելուն, որն էլ կարող է իրականացվել միայն ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու եղանակով», 11.09.2015 թվականի որոշմամբ Էմմա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 29.05.2015 թվականի վճիռը թողել օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 46-51).

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 25.11.2015 թվականի որոշմամբ Էմմա Վարդանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է (հատոր 2-րդ, գ.թ. 83-85, 142-145).

4) ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Էմմա Վարդանյանի դիմումը, 15.11.2016 թվականին նաև որոշել է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կտակված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումը պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձի կողմից ինքնին բավարար հիմք է տվյալ անձի կողմից ժառանգության ընդունման փաստը դատական կարգով հաստատելու համար, և այդ փաստի հաստատման համար անհրաժեշտ չեն ժառանգությունն ընդունելուն միտված այլ ակտիվ գործողությունների կատարման և, մասնավորապես, նոտարին դիմում տալու վերաբերյալ ապացույցներ», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի հիման վրա դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 29.05.2015 թվականի վճռով Էմմա Վարդանյանի հայցը` Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի` Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, իրեն այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասերով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 26.05.1999 թվականին տրված թիվ 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «թեև գործի նյութերից հետևում է, որ Մարլեն Աթոյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի ուժով հանդիսացել է պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ` նկատի ունենալով, որ Մանուշակ Աթոյանի ժառանգության բացման պահին լրացել է Մարլեն Աթոյանի 60 տարեկանը, այդուհանդերձ Դատարանն իրավացիորեն փաստել է, որ պարտադիր բաժնի իրավունքի առկայությունը դեռևս բավարար չէ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու փաստը հիմնավոր դիտելու համար, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել ակտիվ գործողություններ և չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները», «ժառանգության ընդունման դեպքում ժառանգի կողմից պետք է ձեռնարկվեն ակտիվ քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն ժառանգությունն ընդունելուն: Ժառանգի գործողություններից պետք է բխի, որ դրանք միտված են ժառանգությունն ընդունելուն, որն էլ կարող է իրականացվել միայն ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու եղանակով», 11.09.2015 թվականի որոշմամբ Էմմա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 29.05.2015 թվականի վճիռը թողել օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 25.11.2015 թվականի որոշմամբ Էմմա Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Էմմա Վարդանյանի դիմումը, 15.11.2016 թվականին նաև որոշել է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կտակված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումը պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձի կողմից ինքնին բավարար հիմք է տվյալ անձի կողմից ժառանգության ընդունման փաստը դատական կարգով հաստատելու համար, և այդ փաստի հաստատման համար անհրաժեշտ չեն ժառանգությունն ընդունելուն միտված այլ ակտիվ գործողությունների կատարման և, մասնավորապես, նոտարին դիմում տալու վերաբերյալ ապացույցներ», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի հիման վրա դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 15.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1321 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի որոշման վերանայման հիմք:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 11.09.2015 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Էմմա Վարդանյանը Վերաքննիչ դատարանի 11.09.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրել է այն հիմքերով և հիմնավորումներով, որոնք վերաբերում են Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի` Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասերով հայցը մերժելու մասին Դատարանի 29.05.2015 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելուն և Դատարանի 29.05.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելուն, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 11.09.2015 թվականի որոշումը բեկանում է միայն այդ մասերով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2015 թվականի որոշման` Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի` Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասերով հայցը մերժելու մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵՇԴ/0331/02/15
Որոշում