Սեղմել Esc փակելու համար:
Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ5/0519/05/13  2017թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ5/0519/05/13

Նախագահող դատավոր`   Ք. Մկոյան
                    Դատավորներ`   Ա. Առաքելյան
                                                    Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու տարածքային հարկային տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արթիկի «Ստեկլոմաշ»» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գյումրու տարածքային հարկային տեսչության` վարչական ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտի 1-ին կետը` 4.220.205 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, և 5-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ.Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 13.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտի 1-ին կետը` 4.044.381 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու մասով, և 5-րդ կետը ճանաչվել են անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.12.2014 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.06.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ստուգման ընթացքում ուսումնասիրվել են ինչպես Ընկերության սկզբնական հաշվառման փաստաթղթերը, այնպես էլ Ընկերության կողմից տրամադրված 1 տոննա ապրանքի արտադրության մեջ օգտագործվող անհրաժեշտ նյութերի տեսականու և քանակի վերաբերյալ տեղեկանքը, որը հաստատվել է Ընկերության գլխավոր տնօրենի կողմից: Ստուգման արդյունքում ձեռք բերված ապացույցներով հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ Ընկերության կողմից արտադրությունում օգտագործվող հումքի ձեռքբերման ծախսերը` 2011 թվականի ընթացքում 799.200 ՀՀ դրամի չափով, իսկ 2012 թվականի ընթացքում` 10.133.175 ՀՀ դրամի չափով, նվազեցվել են համախառն եկամտից, մինչդեռ այդ ծախսերը հիմնավորված չեն համապատասխան փաստաթղթերով, ինչը հանգեցրել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի խախտման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ընկերության 2011 թվականի մարտ ամսվա ավելացված արժեքի հարկի հաշվարկում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գծով ավելացված արժեքի հարկի դեբետը ցույց է տրվել 1.338.520 ՀՀ դրամ, որի մեջ 100.000 ՀՀ դրամ գերազանցող հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները կազմել են 1.337.500 ՀՀ դրամ: Ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ պարտավորություններ առաջադրելիս հիմք են ընդունվել այն փաստական հանգամանքները, որ Ընկերության 2011 թվականի ապրիլ ամսվա ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձեռք բերված ապրանքների մասով հետաձգումը պակաս է ցույց տրվել 193.500 ՀՀ դրամի չափով, իսկ ավելացված արժեքի հարկի գումարի ճշգրտման ընդհանուր գումարն ավելացվել է 874.900 ՀՀ դրամով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.12.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Տեսչության վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Թե՛ շահութահարկի, թե՛ ավելացված արժեքի հարկի գծով ստուգման ակտում Տեսչության կողմից արձանագրված լրացուցիչ պարտավորություններն անհիմն են և չեն բխում Ընկերության հաշվառման տվյալներից: Արտադրությունում օգտագործված հումքի տեսակների և քանակի վերաբերյալ պատշաճ ուսումնասիրություն չկատարելու արդյունքում վարչական մարմնի կողմից խախտվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը: Բացի այդ, վարչական մարմինը չի պարզել Ընկերության ներկայացրած տվյալների, տեղեկությունների հավաստիությունը և ենթադրությունների վրա հիմնված հետևություններ է արել ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առկայության վերաբերյալ` ստուգման ակտում չնկարագրելով Ընկերության կողմից թույլ տրված խախտման էությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Տեսչության կողմից 29.08.2013 թվականին կազմված թիվ 1008854 ակտի համաձայն` Ընկերությունում կատարված ստուգման արդյունքում պարզվել է հետևյալը.

ա) Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտի 1-ին կետի համաձայն` Ընկերությունը խախտել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները: Այսպես` ըստ ստուգման ակտի` Ընկերությունը համախառն եկամտից կատարված նվազեցումներն ավել է ցույց տվել 2011 թվականի համար 799.200 ՀՀ դրամով, իսկ 2012 թվականի համար` 10.624.475 ՀՀ դրամով, որից 491.300 ՀՀ դրամը` վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի գումարն է, իսկ 10.133.175 ՀՀ դրամը` փաստաթղթերով չհիմնավորված, բայց կատարված անհրաժեշտ ծախսերի գումարը: Այսինքն` պակաս ցույց տրված շահութահարկի գումարը 2011 թվականի համար կազմում է 159.840 ՀՀ դրամ, իսկ 2012 թվականի համար` 2.124.895 ՀՀ դրամ, որոնց նկատմամբ հաշվարկվել են տույժեր և տուգանքներ` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածների համաձայն: Այսպիսով, շահութահարկի գծով Ընկերությանն ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա գումարի չափը կազմել է 4.396.729 ՀՀ դրամ:

բ) Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտի 5-րդ կետի համաձայն` Ընկերությունը խախտել է «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները: Այսպես, Ընկերությունը 2011 թվականի ապրիլ ամսվա հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարն ավել է ցույց տվել 1.068.400 ՀՀ դրամով, որի նկատմամբ հաշվարկվել են տույժեր և տուգանքներ` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ հոդվածների և «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն: Այսպիսով, ավելացված արժեքի հարկի գծով Ընկերությանը ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա գումարի չափը կազմել է 2.294.389 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 5-9):

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) 22.10.2013 թվականի որոշմամբ Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտի դեմ բերված Ընկերության վարչական բողոքը մերժվել է, և ակտը թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 12-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ստուգման ակտի բովանդակությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ի՞նչ տվյալներ և տեղեկություններ պետք է պարունակի շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով որոշակի իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող ստուգման ակտը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները (...):

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, (...) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակտում նշվում են`

(...)

9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.

(...):

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահութահարկը հարկ վճարողների կողմից նույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (...):

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և նույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է (...):

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից (...):

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի` «Համախառն եկամտի նվազեցումները» վերտառությամբ 4-րդ գլխի 9-րդ հոդվածի համաձայն` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել նույն գլխով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ): Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Նույն օրենքի իմաստով` (ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման. (բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (...) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը) (...):

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են` 1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (...), որոնց դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարվել է վճարում (...) (2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար (...) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով (...):

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ստուգումն իրավական նորմերով կարգավորվող ընթացակարգ է, որի միջոցով պետությունը պարզում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրենց գործունեության վերաբերյալ պետությանը տրամադրվող տեղեկությունների արժանահավատությունը և այդ գործունեության համապատասխանությունն իրավական ակտերի պահանջներին: Ստուգման` որպես իրավական գործընթացի անհրաժեշտությունն առավելապես պայմանավորված է տնտեսական գործունեության բազմազանության, դրանում մեծ քանակությամբ սուբյեկտների ներգրավվածության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների` պետության հանդեպ ունեցած պարտականությունների կատարման ապահովման նկատառումով:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում օրենսդիրը սահմանել է, որ ստուգումը կարող է ուղղված լինել ինչպես տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն (համալիր ստուգում), այնպես էլ տնտեսվարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն (թեմատիկ ստուգում): Ընդ որում` թեմատիկ ստուգումներից է նաև պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը, որի ընթացքում պետական լիազոր մարմնի կողմից ըստ էության ստուգման է ենթարկվում ստուգվող ժամանակաշրջանում տնտեսվարող սուբյեկտի իրականացրած ամբողջ գործունեության արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա գումարների (հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ) հաշվարկման ու վճարման ճշտությունը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ստուգման գործընթացը եզրափակվում է ստուգման ակտի ընդունմամբ, որը պետք է բովանդակային իմաստով համապատասխանի նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով ստուգման ակտին ներկայացվող պահանջների իրավական վերլուծությանը: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և խախտված իրավական նորմերը, ինչպես նաև պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը ստուգման ակտում նշելու վարչական մարմնի պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, քանի որ օրենքի այդ պահանջները պահպանված լինելու պարագայում միայն վարչական կամ դատական բողոքարկման կարգով հնարավոր կլինի պարզել և հաստատել ստուգմամբ հայտնաբերված խախտումների առկայությունը կամ բացակայությունը: Ընդ որում, ստուգման ակտում բովանդակվող վերոգրյալ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական, հստակ և վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին հնարավորություն ընձեռեն գնահատելու ստուգման ակտի իրավաչափությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստուգմամբ բացահայտված խախտումների և տնտեսվարողի կողմից խախտված իրավական նորմերի վերաբերյալ ստուգման ակտում նշում կատարելը հնարավորություն է ընձեռում որոշելու ակտի իրավաչափությունը, գնահատելու նորմատիվ հիմքը, այսինքն` վարքագծի այն կանոնների ամբողջությունը, որոնք տնտեսվարող սուբյեկտի համար սահմանում են որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու պարտականություն, իսկ խախտումների նկարագրությունն ակտում նշելը հնարավոր է դարձնում առանձնացնել այն իրավաբանական փաստերը` իրողությունները և գործողությունները, որոնք հիմք են տալիս տնտեսվարող սուբյեկտին այս կամ այն իրավախախտումը վերագրելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն վերոգրյալ չափանիշներին համապատասխանող վարչական ակտը կարող է ապահովել և արդարացնել ստուգման նպատակները, որոնց թվին են դասվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի` վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ շահութահարկը պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որի հարկվող օբյեկտը ռեզիդենտների համար Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթն է: Ընդ որում, հարկվող շահույթ է հարկատուի համախառն եկամտի, այսինքն` հաշվետու տարում անկախ դրանց ստացման աղբյուրներից հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի, և օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունը: Օրենսդիրը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում սահմանել է, որ նշված օրենքի իմաստով եկամուտը հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումն է, որը հանգեցնում է հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնտեսվարող սուբյեկտի հարկվող շահույթը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել օրենքով սահմանված հետևյալ երկու տարրերը. տնտեսվարող սուբյեկտի համախառն եկամուտը և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված թույլատրելի նվազեցումները, որտեղ համախառն եկամուտը տնտեսվարող սուբյեկտի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից, իսկ թույլատրելի նվազեցումներն օրենքով սահմանված ծախսերն են, կորուստները և այլ նվազեցումները: Նշված երկու տարրերի` համախառն եկամտի և թույլատրելի նվազեցումների դրական տարբերությունը տնտեսվարող սուբյեկտի մոտ առաջացնում է հարկվող շահույթ, որից հնարավոր է հաշվարկել օրենքով սահմանված վճարման ենթակա շահութահարկի գումարը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ծախսերի մասով համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել, եթե կատարված ծախսերը կապված են համախառն եկամտի ստացման հետ, ընդ որում` ծախսերը պետք է լինեն անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված: Այսինքն` տնտեսվարող սուբյեկտի կատարած բոլոր ծախսերը չեն, որոնք կարող են նվազեցվել համախառն եկամտից, այլ դրանք անմիջականորեն և բացառապես պետք է կապված լինեն համախառն եկամտի ստացման հետ, իսկ այն ծախսերը, որոնք տնտեսվարողի կողմից կարող են կատարվել ոչ եկամտի ստացման նպատակով, չեն կարող նվազեցվել: Օրենսդրական նման մոտեցումը նպատակ է հետապնդում պաշտպանելու թե՛ պետության, թե՛ տնտեսվարող սուբյեկտների շահերը, քանի որ խթանում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իր միջոցներն անմիջականորեն եկամուտ ստանալուն ուղղելուն, ինչն իր հերթին նպաստում է պետության ընդհանուր տնտեսության զարգացմանը: Շարադրվածը չի նշանակում, սակայն, որ տնտեսվարող սուբյեկտը զրկված է այնպիսի ծախսեր անելու հնարավորությունից, որոնք անմիջականորեն և բացառապես ուղղված չեն տնտեսվարողի համախառն եկամուտը ձևավորելուն. այդպիսի ծախսերի կատարումն ընդամենը զրկում է տնտեսվարողին այդ ծախսերի մասով իր համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե տնտեսվարողի մոտ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության թեմատիկ ստուգման արդյունքում պարզվում է, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտն իր հարկային հաշվետվություններում կատարել է համախառն եկամտից ապօրինի նվազեցումներ, այսինքն` կատարել է այնպիսի նվազեցումներ, որոնք կապված չեն եկամտի ստացման հետ կամ հիմնավորված չեն փաստաթղթերով, ապա այդ հանգամանքը պետք է իր մանրամասն նկարագրությունը ստանա ստուգման ակտում: Այսինքն` տվյալ պարագայում ստուգման ակտը պետք է կազմվի այնպես, որ հնարավոր լինի պարզել, թե որքան է կազմում տնտեսվարողի իրական հարկվող շահույթը, ինչպես նաև օրինական նվազեցումների` համախառն եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը` հղում կատարելով այն փաստաթղթերին, որոնցով հիմնավորվում է օրինական նվազեցումների այդ չափը: Այնուհետև ստուգման ակտում թվաբանական հաշվարկի տեսքով պետք է արտացոլվի վարչական մարմնի կողմից հայտնաբերված ապօրինի նվազեցումների գումարը, ինչպես նաև այդ նվազեցումների կատարման արդյունքում պակաս վճարված շահութահարկի և դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի ու տուգանքների գումարը: Այլ կերպ ասած` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերի ուժով ստուգման ակտում պետք է շարադրվեն տնտեսվարող սուբյեկտի կողմից իր հաշվետվություններում համախառն եկամտից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ կատարված նվազեցումները և այդ նվազեցումների ապօրինի լինելու վերաբերյալ վարչական մարմնի համապատասխան հիմնավորումները: Ավելին, ստուգման ակտում նշված փաստական հանգամանքների շարադրանքը` որպես ստուգմամբ բացահայտված խախտումների նկարագրություն, պետք է ամրապնդվի վարչական մարմնի կողմից ստուգմամբ ձեռք բերված համապատասխան ապացույցներով, որոնք կարող են հաստատել քննարկվող հարկային իրավախախտման առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ակտում շահութահարկով հարկման ենթակա հարկվող օբյեկտը` հարկվող շահույթը, ցույց չտալու կամ այն պակաս ցույց տալու դեպքն արձանագրելիս հարկային մարմինը պարտավոր է որպես վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներ դատարանին ներկայացնել այն ապացույցները (փաստաթղթերը), որոնք հնարավորություն կստեղծեն դատարանի համար հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, այսինքն` գնահատելու վիճարկվող ստուգման ակտի իրավաչափությունը: Այսպես, դատարանի կողմից պետք է գնահատվեն այն փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է տնտեսվարողի համախառն եկամտի ստացման հետ կապված ամբողջ ծախսերը, որոնք իրականում կատարվել են, իսկ կատարված, սակայն փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը ստուգման ակտում պետք է արտացոլվեն թվաբանական հաշվարկի միջոցով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված հոդվածներով սահմանված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավելացված արժեքի հարկի` որպես անուղղակի հարկի հարկվող օբյեկտն ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից իրականացվող օրենքով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքն է (շրջանառությունը): «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով օրենսդիրը կարգավորել է ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները` սահմանելով այդ գումարից հաշվանցման ենթակա գումարները, հաշվանցման կարգը և դեպքերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե տնտեսվարողի մոտ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության թեմատիկ ստուգման արդյունքում պարզվում է, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտը խախտել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, այսինքն` իր կողմից վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարից ապօրինի կերպով կատարել է հաշվանցումներ, ապա այդ հանգամանքը պետք է հստակ և հիմնավորված նկարագրվի ստուգման ակտում: Ստուգման ակտը տվյալ դեպքում պետք է բովանդակի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի այն կոնկրետ դրույթը, որը, ըստ վարչական մարմնի, խախտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից: Ավելին, քննարկվող պարագայում ստուգման ակտը պետք է կազմվի այնպես, որ հնարավոր լինի պարզել, թե որքան է կազմում հաշվետու ժամանակաշրջանում տնտեսվարողի կողմից վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի իրական գումարը, հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի հարկից օրինական հաշվանցման ենթակա գումարի չափը, տնտեսվարողի կողմից ապօրինի կերպով կատարված հաշվանցման գումարի չափը, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի ու տուգանքների գումարը: Այլ կերպ ասած` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերի ուժով ստուգման ակտում պետք է շարադրվեն տնտեսվարող սուբյեկտի կողմից իր հաշվետվություններում ավելացված արժեքի հարկի գծով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ կատարված հաշվանցը և այդ հաշվանցի ապօրինի լինելու վերաբերյալ վարչական մարմնի համապատասխան հիմնավորումները: Բացի այդ, նշված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկող ստուգման ակտի վիճարկման դեպքում վարչական մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել ստուգման ընթացքում ձեռք բերված և վերոգրյալ փաստական հանգամանքները հիմնավորող համապատասխան ապացույցները:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ակտի դատական կարգով բողոքարկման արդյունքում հարուցված գործի քննության ընթացքում վարչական դատարանը պետք է նախ և առաջ պարզի այն հանգամանքը, թե արդյոք ստուգման ակտը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ պահանջներին, և ստուգման ակտում շարադրված իրավախախտման նկարագրությունը հիմնավորվում է արդյոք ստուգմամբ ձեռք բերված ապացույցներով, քանի որ ստուգման ակտը կարող է համարվել իրավաչափ վարչական վարույթի (ստուգման) ընթացքում ձեռք բերված և դատարանի գնահատմանը ներկայացված ապացույցներով հիմնավորված լինելու դեպքում միայն:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մասնակիորեն` 1-ին կետի` 4.220.205 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, և 5-րդ կետի մասով, վերացնել Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտը: Նշված վարչական ակտի 1-ին կետով Ընկերության նկատմամբ շահութահարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 4.396.729 ՀՀ դրամի չափով, իսկ 5-րդ կետով ավելացված արժեքի հարկի գծով` 2.294.389 ՀՀ դրամի չափով:

Դատարանը մասնակիորեն բավարարել է Ընկերության հայցը և անվավեր է ճանաչել Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտի 1-ին կետը` 4.044.381 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու մասով, ինչպես նաև 5-րդ կետը: Դատարանը գտել է, որ Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտի 1-ին կետը հիմնավոր է միայն այն մասով, որը վերաբերում է վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափով 2012 թվականին համախառն եկամտից կատարված ապօրինի նվազեցումների հետևանքով պակաս վճարված շահութահարկի գծով առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությանը: Ըստ Դատարանի պատճառաբանությունների` մնացած մասով Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտի 1-ին կետը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ ստուգման ակտում նշված խախտման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրել է վարչական մարմինը, որը չի ապացուցել իրավախախտման կատարման փաստը: Ինչ վերաբերում է նույն վարչական ակտի` ավելացված արժեքի հարկի գծով Ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու մասի իրավաչափությանը, ապա այս դեպքում Դատարանն արձանագրել է, որ ստուգման ակտում հիմնավոր նկարագրված չէ խախտման էությունը, այսինքն` պարզ չէ, թե ինչ հիմքով է այս կամ այն գումարն Ընկերության կողմից ավել հաշվանցելու մասին հետևություն արվել: Դատարանը գտել է, որ այդ մասով վարչական ակտն իրավաչափ չէ, քանի որ վարչական մարմնի կողմից չի պարզվել Ընկերության ներկայացրած տվյալների և տեղեկությունների հավաստիությունը, և ավելացված արժեքի հարկի գծով իրավախախտման առկայության վերաբերյալ հետևությունը հիմնված է վարչական մարմնի ենթադրությունների վրա:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի վերոգրյալ դիրքորոշման հետ:

Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը` Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտի 1-ին կետը` համախառն եկամտից փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը նվազեցնելու համար լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, և 5-րդ կետը կազմվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:

Այսպես` նշված վարչական ակտի 1-ին կետով Ընկերության համախառն եկամտից ապօրինի (փաստաթղթերով չհիմնավորված) նվազեցումներ կատարելու համար վերջինիս նկատմամբ շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելով` Տեսչությունը չի նշել, թե Ընկերության կողմից կատարված կոնկրետ որ ծախսերն են դիտվել որպես փաստաթղթերով չհիմնավորված: Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտի 1-ին կետը չի բովանդակում այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ գնահատել վարչական ակտում նշված ապօրինի նվազեցումների գումարի իրավաչափությունը. այդ տվյալներն են Ընկերության իրական հարկվող շահույթի չափը, Ընկերության համախառն եկամուտի ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված (օրինական) ծախսերի գումարի չափը, որոնք կատարվել են ստուգման ժամանակահատվածն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջաններում: Բացի այդ, սույն գործով վիճարկվող ստուգման ակտը չի պարունակում որևէ նշում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի կատարման առկայությունը հիմնավորող ապացույցների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտի 5-րդ կետում Ընկերության նկատմամբ առաջադրելով լրացուցիչ հարկային պարտավորություն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի խախտման համար` վարչական մարմինը չի հիմնավորել Ընկերության կողմից թույլ տրված իրավախախտման` ավելացված արժեքի հարկի գումարից ապօրինի հաշվանցումներ կատարելու առկայությունը: Ստուգման ակտը, մասնավորապես, չի բովանդակում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի այն կոնկրետ դրույթը, որը, ըստ վարչական մարմնի, խախտվել է Ընկերության կողմից: Բացի այդ, վիճարկվող վարչական ակտի բովանդակությունից պարզ չէ, թե որքան է կազմում հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի իրական գումարը, հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի հարկից օրինական հաշվանցման ենթակա գումարի չափը, ստուգման ակտում շարադրված չեն Ընկերության կողմից իր հաշվետվություններում ավելացված արժեքի հարկի գծով կատարված հաշվանցի ապօրինի լինելու վերաբերյալ վարչական մարմնի համապատասխան հիմնավորումները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտը` 1-ին կետի` համախառն եկամտից փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը նվազեցնելու համար լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, և 5-րդ կետի մասով, ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված 2-րդ մասի 9-րդ կետի խախտմամբ, որի արդյունքում դատարանը զրկված է այդ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու հնարավորությունից:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ստուգման ակտի 1-ին և 5-րդ կետերում շարադրված իրավախախտումները չեն հիմնավորվում նաև ստուգմամբ ձեռք բերված և սույն գործով Դատարանի գնահատմանը ներկայացված ապացույցների միջոցով: Այսպես, վարչական մարմինն Ընկերության կողմից փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի կատարման փաստը հիմնավորում է Ընկերության գլխավոր տնօրենի կողմից հաստատված` ձուլման արտադրամասում արտադրվող արտադրանքի 1 տոննայի համար ծախսվող հումքի տեսակների և քանակի վերաբերյալ տեղեկանքով: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված տեղեկանքում պարունակվող տվյալների միջոցով հնարավոր չէ հաստատել այն փաստը, որ Ընկերությունն առանց ձեռքբերման փաստաթղթերի 2011 և 2012 թվականների ընթացքում կատարել է իր արտադրությունում օգտագործվող որոշակի քանակությամբ հումք (ալյումին, պողպատ, թուջ) ձեռք բերելու համար անհրաժեշտ ծախսեր և դրանք ներառել է հարկային հաշվետվություններում: Վերը նշված փաստաթուղթը պարունակում է Ընկերությունում արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող նյութերի տեսակների և քանակների վերաբերյալ տեղեկատվություն, ինչից հնարավոր չէ հստակ որոշել, թե Ընկերությունն ինչ քանակությամբ և ինչ տեսակի նյութեր է օգտագործել արտադրանքի արտադրության մեջ 2011 և 2012 թվականներին:

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի գծով Ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս մասով ստուգման ակտն ընդհանրապես չի պարունակում որևէ տեղեկություն խախտման նկարագրության մասին, իսկ վարչական մարմնի կողմից չեն ներկայացվել Ընկերության կողմից ավելացված արժեքի հարկի գումարից ապօրինի հաշվանցում կատարելու փաստը հիմնավորող բավարար ապացույցներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտը` 1-ին կետի` համախառն եկամտից փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը նվազեցնելու համար լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, և 5-րդ կետի մասով, ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված 2-րդ մասի 9-րդ կետի, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի խախտումներով և ենթակա է անվավեր ճանաչման: Հետևաբար ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերով իրավացիորեն են եզրահանգել, որ Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտը` այդ ակտի 1-ին կետով 4.044.381 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու և 5-րդ կետի մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է:

Նշված պատճառաբանություններով հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը, մասնակիորեն անվավեր ճանաչելով Տեսչության 29.08.2013 թվականի թիվ 1008854 ակտը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Գյումրու տարածքային հարկային տեսչության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.12.2014 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ՎԴ5/0519/05/13
Որոշում