Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՇԴ3/0014/01/15
Գործ թիվ   ՇԴ3/0014/01/15
Նախագահող դատավոր`   Ա. Դանիելյան
                  Դատավորներ`   Կ. Ղազարյան
                                                 Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Օհանյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ`
դատախազ Ա. Եդիգարյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արտակ Ավետիքի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հ.Մարտիրոսյանը 2015 թվականի ապրիլի 8-ին որոշում է կայացրել Արթուր Գալստյանին վրաերթի ենթարկելու և դրա հետևանքով վերջինիս մահ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ Արտակ Ավետիքի Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2. 2015 թվականի նոյեմբերի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Արագացված կարգով դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով Ա.Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով: Դատարանը որոշել է Ա.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Ա.Գասպարյանի նկատմամբ ընտրված` չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ մեղադրող Ա.Եդիգարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ա.Գասպարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով դատախազի բողոքը մերժել, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնել անփոփոխ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «(...) նա 2015թ. ապրիլի 7-ին, ժամը 22:30-ի սահմաններում իր վարած «Մերսեդես Բենց Ջ 500» մակնիշի 99 MV 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղով դեպի Գ.Նժդեհ հրապարակ ընթանալիս, նշված խճուղու 107 շենքի դիմացի ճանապարհահատվածում խախտելով ՃԵԿ-ի 65-րդ և 67-րդ կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով պահպանել ՀՀ կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները և իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն, ուշադիր չլինելով ճանապարհատրանսպորտային իրադրությանը, ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի 60 կմ/ժ առավելագույն արագությունը գերազանցող 109,3 կմ/ժ ավելի արագությամբ և հետիոտն Արթուր Սերյոժայի Գալստյանի կողմից իր ընթացքի ուղղությամբ ճանապարհը աջից ձախ հանգիստ քայլերով հատելու պայմաններում ունենալով նրան շուրջ 106,9 մետր հեռավորությունից հայտնաբերելու և թույլատրելի արագությամբ ավտոմոբիլը վարելու դեպքում ընդամենը 45 մետր տարածությունից մեքենան կանգնեցնելու տեխնիկական հնարավորություն, արգելակման է դիմել ուշացումով, որպիսի գործողություններով պայմանավորել վրաերթի առաջացումը և ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից վրաերթի է ենթարկել հետիոտն Արթուր Գալստյանին և անզգուշությամբ առաջացրել նրա մահը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 181):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(...) Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ Արտակ Գասպարյանը գիտակցելով, որ միայն արգելակման միջոցով հնարավոր չէ խուսափել դեպքից, փորձել է նաև ավտոմեքենան մանևրելով շրջանցել հետիոտնին, հանցագործության կատարումից անմիջապես հետո չի թողել դեպքի վայրը և չի դիմել փախուստի, այլ փորձել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժողին, ինչպես նաև քրեական գործի քննության ընթացքում դեպքի վերաբերյալ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, ինքնակամ հատուցել է հանցագործության արդյունքում տուժողի հուղարկավորության ծախսերը, իր դրսևորած վարքագծով հաշտվել է տուժողի իրավահաջորդների հետ (տուժողի իրավահաջորդ Մարտուն Գալստյանի 16.11.2015 թվականի հայտարարության համաձայն` ինքը Արտակ Գասպարյանից որպես վնասի հատուցում ստացել է 2.000 ԱՄՆ դոլար և վերջինիս նկատմամբ որևէ բողոք կամ նյութական պահանջ չունի, իսկ տուժողի իրավահաջորդ Հ.Գալստյանը դատական նիստում հայտարարել է, որ բողոք չունի): Բացի վերը նշվածից Ա.Գասպարյանը բնակության և աշխատանքի վայրերից բնութագրվում է դրական, սույն արարքը կատարելուց առաջ կատարված որևէ արարքի համար դատապարտված չի եղել, նրա խնամքին են գտնվում մեկ անչափահաս երեխան, հղի կինը և տարիքային կենսաթոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ հայրը, զղջացել է կատարածի համար, իսկ պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ սույն գործով բացակայում են:

Հետևաբար, նշված հանգամանքների գնահատմամբ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտակ Ավետիքի Գասպարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահմանելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 32-36):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանում, դատական նիստում, պաշտպանության կողմի ներկայացված ծննդյան վկայականի պատճենի համաձայն` արդեն իսկ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո, ծնվել է ամբաստանյալի երկրորդ երեխան (...):

Որպիսի պայմաններում, վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք ամբաստանյալ Արտակ Գասպարյանի խնամքին արդեն իսկ երկու անչափահաս երեխաների (...) գտնվելը:

(...)

(...) վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննարկվող պարագայում, ամբաստանյալ Արտակ Ավետիքի Գասպարյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և չափի, ինչպես նաև այն պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար` վիճարկվող դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան:

(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 106-118):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումն օրինական և հիմնավորված չեն, Ա.Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատժի կրումից պայմանականորեն ազատելը չի կարող նպաստել պատժի նպատակների իրականացմանը:

i

8.1. Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը, հիմնվելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԱՔԴ/0078/01/19, թիվ ԵՇԴ/0029/01/08, ՏԴ/0018/01/13, ՎԲ-84/07, ՎԲ-192/07, ԳԴ1/0003/01/10, ԵԷԴ/0201/01/11 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, նշել է, որ ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել Ա.Գասպարյանի արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը: Բողոքաբերի համոզմամբ` թույլ տրված խախտման բնույթը, ծանրության աստիճանը, դրա նկատմամբ հանցավորի հոգեբանական վերաբերմունքը, հանցագործության արդյունքում վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքները ինքնուրույն գնահատման առարկա դարձնելու իրավական պահանջը դատարանները չեն կատարել:

8.2. Բողոքաբերը եզրահանգել է, որ ամբաստանյալ Ա.Գասպարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումն անհամատեղելի է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջների հետ, քանի որ հակասում է արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը, հանցագործությունների կանխմանը, չի համապատասխանում հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանին և հանցավորի անձը բնութագրող տվյալներին:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է պատժի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումը, Արտակ Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Ա.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաախանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (տե՛ս թիվ ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15, ԵԱԴԴ/0038/01/15, ԵԿԴ/0130/01/15, ՍԴ/0094/01/15, ՍԴ3/0201/01/15 գործերով որոշումները):

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը սահմանում է. «1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս (...)

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

(...)»:

Հաշվի առնելով մեջբերված հանցակազմի բնույթն ու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում իրավական դիրքորոշումներ է ձևավորել նշված հանցանքը կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով վերոնշյալ հարցերը լուծելիս դատարանները, ի թիվս այլնի, պետք է հատկապես հաշվի առնեն`

ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները (մանրամասն տե՛ս Արամ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ կետը),

բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը (մանրամասն տե՛ս թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ կետը),

գ. կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (մանրամասն տե՛ս Էդմոն Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 15-18-րդ կետերը),

դ. հանցագործության կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը (մանրամասն տե՛ս թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 22-րդ կետը),

ե. հանցագործությամբ պատճառված վնասը (մանրամասն տե՛ս Արամայիս Հովհաննեսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվական փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 15-րդ կետը):

i

13. Վերահաստատելով իր կողմից նախկինում արտահայտված և վերը մատնանշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով հանցանք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքների` իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելն ունի առանձնապես կարևոր նշանակություն: ՈՒստի այդ հանգամանքները հաշվի չառնելը, դրանք անտեսելը կարող է հանգեցնել ոչ իրավաչափ դատական ակտի կայացմանը:

i

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի ապրիլի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես Բենց Ջ 500» մակնիշի 99 MV 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ընթանալիս թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման 1-ին կետով հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ նաև` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ) 65-րդ և 67-րդ կետերի պահանջների խախտում, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Գալստյանին` անզգուշությամբ նրան պատճառելով մահ: Ընդ որում, Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքից երևում է, որ վերջինս ավտոմեքենան վարել է համապատասխան պայմանների համար սահմանված թույլատրելի 60 կմ/ժ առավելագույն արագությունը գերազանցող 109,3 կմ/ժ ավելի արագությամբ և, հետիոտն Ա.Գալստյանին համապատասխան պայմաններում շուրջ 106,9 մետր հեռավորությունից հայտնաբերելու և թույլատրելի արագությամբ ավտոմոբիլը վարելու դեպքում ընդամենը 45 մետր տարածությունից մեքենան կանգնեցնելու տեխնիկական հնարավորություն ունենալով, արգելակման է դիմել ուշացումով, որպիսի գործողություններով էլ պայմանավորել է վրաերթի առաջացումը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, ի թիվս այլնի, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, հիմնվելով պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության, ծանրացնող հանգամանքների բացակայության վրա, եզրահանգել է, որ ամբաստանյալ Ա.Գասպարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահմանելով` հնարավոր է հասնել պատժի նպատակներին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, իր հերթին փաստելով, որ ամբաստանյալ Ա.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ եզրակացության, արդյունքում վերջինիս կողմից կայացված դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել նրան մեղսագրվող հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը:

Մասնավորապես, ստորադաս դատարանները`

ա) վերլուծության չեն ենթարկել և որևէ գնահատական չեն տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին (Ա.Գասպարյանը թույլ է տվել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ (սահմանված արագության գերազանցման արգելք) և 67-րդ կետերի պահանջների խախտում),

բ) պատշաճ գնահատման չեն ենթարկել կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (մասնավորապես` ամբաստանյալը ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագությունը մոտ երկու անգամ գերազանցող արագությամբ և հետիոտն Ա.Գալստյանին համապատասխան պայմաններում շուրջ 106,9 մետր հեռավորությունից հայտնաբերելու հնարավորություն է ունեցել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը),

գ) պատշաճ չեն գնահատել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում վրա հասած վնասի բնույթն ու չափը:

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նաև նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտակ Ավետիքի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Արտակ Գասպարյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Օհանյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2016
N ՇԴ3/0014/01/15
Որոշում