Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՏԴ/0004/06/16
Գործ թիվ  ՏԴ/0004/06/16 
Նախագահող դատավոր`   Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Ա. Ավագյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ մեղադրյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 36100816 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Դ.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Դ.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Դ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

1.1. 2016 թվականի մարտի 9-ին Դ.Հակոբյանը կամովին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, և նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննության մարմինը 2016 թվականի մարտի 10-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Դ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին: 2016 թվականի մարտի 10-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

2016 թվականի հունիսի 26-ին նախաքննությունը շարունակելու համար թիվ 36100816 քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի`2016 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի`2016 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակել է 2016 թվականի հուլիսի 1-ին: Նույն օրը պաշտպան Գ.Հարությունյանն ստացել է Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 93-105, 108):

Առաջին ատյանի դատարանն իր որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հնգօրյա ժամկետում» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 105):

4.1. «Հայփոստ» ՓԲԸ «Վանաձոր 21» բաժանմունքի կողմից տրված փոստային անդորրագրի համաձայն` պաշտպան Գ.Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 6-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել որոշումը կայացրած Առաջին ատյանի դատարան (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 40):

Առաջին ատյանի դատարանը պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի հիման վրա մեղադրյալ Դ.Հակոբյանի կալանքի վերաբերյալ նյութերը 2016 թվականի հուլիսի 18-ի թիվ ԴԴ20-Ե-15427/16 գրությամբ ուղարկել է Վերաքննիչ դատարան (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 1):

5. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի պահանջներով` ընդհանուր իրավասության դատարանը 01.07.2016թ. որոշմամբ սահմանել է բողոքարկման հնգօրյա ժամկետ:

Ընդհանուր իրավասության դատարանի կողմից սույն գործի շրջանակներում որոշումը կայացվել է 01.07.2016թ., որը ստորագրությամբ քննիչին, մեղադրյալին և պաշտպանին է հանձնվել նույն օրը` 01.07.2016թ.-ին: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 21.07.2016թ.-ին:

(...)

Վերը նշվածից ելնելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2016թ. որոշման դեմ` ժամկետանց է, ուստի այն պետք է թողնել առանց քննության (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 23):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 378-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասը, նշել է, որ կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքը, բացի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան անմիջականորեն ներկայացվելուց, կարող է բերվել նաև որոշում կայացրած դատարանի միջոցով, ինչն էլ տվյալ դեպքում արվել է.Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում` 2016 թվականի հուլիսի 6-ին` որոշումը կայացրած դատարանի միջոցով: Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի աշխատակազմի խնդրանքով 2016 թվականի հուլիսի 21-ին փոստային կապի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկել արդեն իսկ օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկված բողոքի երկրորդ օրինակը, ինչն էլ հիմք ընդունելով` Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման, որ բողոքը ժամկետանց է:

7. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը կալանքի հետ քննարկել է նաև գրավի կիրառման հարցը և նույն որոշմամբ մերժել է այն, իսկ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշումը կարող էր բողոքարկվել 5-օրյա ժամկետում: Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` բողոքաբերը գտել է, որ այդպիսի դեպքերում պետք է կիրառվի անձի համար ավելի բարենպաստ համարվող` բողոքարկման 10-օրյա ժամկետը:

8. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման (կալանքի ժամկետը երկարաձգելու) և գրավի վերաբերյալ մեկ միասնական դատական ակտի բողոքարկման ժամկետների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք կալանավորման և գրավը մերժելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու, ինչպես նաև մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով»:

i

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է անձի իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանության առանձնահատուկ տեղը, որի բաղադրիչն է նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական որոշումների վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով (mutatis mutandis տե՛ս Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 17-րդ կետը):

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունների քննության, դրանց արդյունքում կայացված համապատասխան որոշումների բողոքարկման, ինչպես նաև վերադաս դատական ատյանի կողմից որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման հարցերը կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլխում (285-րդ, 287-288-րդ հոդվածներ), որտեղ կալանքի վերաբերյալ որոշումների բողոքարկման հարցում նախատեսվել են հատուկ կանոններ: Մասնավորապես, եթե վերաքննիչ բողոք ներկայացնելու ընդհանուր կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածը պարտավորեցնում է վերաքննիչ բողոքն անմիջականորեն ներկայացնել վերաքննիչ դատարան, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն` կալանավորման վերաբերյալ որոշումների վերաքննիչ վերանայման կառուցակարգը համապատասխան սուբյեկտների կողմից (դատախազ, մեղադրյալ, պաշտպան կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչ) կարող է գործադրվել ոչ միայն անմիջականորեն, այլև որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով վերաքննիչ բողոք ներկայացնելով, որոնցից յուրաքանչյուրը հիմք է բողոքարկվող դատական ակտի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում իրականացնելու համար:

i

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում է` առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հինգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը, բողոքարկվող դատական ակտի տեսակով պայմանավորված, նախատեսում է վերաքննիչ բողոք բերելու տարբեր ժամկետներ: Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետները սահմանող մեջբերված նորմում տարբերակված մոտեցում է դրսևորվել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորելու մասին որոշումների և գործն ըստ էության չլուծող այլ դատական ակտերի առումով` համապատասխանաբար նախատեսելով վերաքննիչ բողոք բերելու հնգօրյա և տասնօրյա ժամկետներ:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը քննարկվող դրույթի շրջանակներում անդրադարձել է կալանավորումը գրավով փոխարինելու, ինչպես նաև գրավը մերժելու և կալանավորումը որպես խափանման միջոց թողնելու մասին որոշումների վերաքննիչ բողոքարկման ժամկետների խնդրին` արձանագրելով հետևյալը. «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` կալանավորումը գրավով փոխարինելու, ինչպես նաև գրավը մերժելու և կալանավորումը որպես խափանման միջոց թողնելու մասին որոշումները, նախատեսված չլինելով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված որոշումների շրջանակում, ենթակա են բողոքարկման հրապարակման պահից տասնօրյա ժամկետում» (տե՛ս ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի N 150 որոշման 4-րդ կետը):

12. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման և գրավի միջնորդությունների քննարկման արդյունքում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի ժամկետը երկարացնելու) և միաժամանակ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու մասին մեկ դատական ակտի բողոքարկման ժամկետների հիմնախնդրին: Սույն իրավիճակում նույն դատական ակտի շրջանակներում ըստ էության միավորվում են այլ դեպքերում տարբեր իրավական ռեժիմներով բողոքարկման ենթակա երկու ինքնուրույն որոշումներ. մասնավորապես` կալանավորման (կալանքի ժամկետի երկարաձգման) դեպքում նախատեսվում է բողոքարկման հնգօրյա, իսկ գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու դեպքում` տասնօրյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեական դատավարության օրենսգրքում կալանավորման (կալանքի ժամկետը երկարաձգելու) և միաժամանակ գրավը թույլատրելու կամ մերժելու մասին մեկ միասնական որոշման բողոքարկման առանձին ժամկետ նախատեսված չէ, այլ կերպ ասած` այն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա որոշումների շարքում: Հետևաբար կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը բավարարելու հետ մեկտեղ գրավի միջնորդությունը քննարկելու և արդյունքում գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում` որպես գործն ըստ էության չլուծող այլ դատական ակտ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը վերաբերում է այն դեպքերին, երբ կալանավորման (կալանքի ժամկետի երկարաձգման) և գրավի վերաբերյալ հարցերը լուծվում են մեկ դատական ակտի շրջանակներում: Հակառակ պարագայում, եթե առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում են կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու և գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու մասին առանձին դատական ակտեր, ապա դրանցից յուրաքանչյուրը ենթակա է բողոքարկման ինքնուրույն կարգով` կալանավորումը (կալանքի ժամկետի երկարաձգումը)` հնգօրյա, իսկ գրավի վերաբերյալ որոշումը` տասնօրյա ժամկետում:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու և կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացրել է 2016 թվականի հուլիսի 1-ին, որի եզրափակիչ մասում արձանագրել է, որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել հնգօրյա ժամկետում (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):

Վճռաբեկ բողոքին կից ներկայացված նյութերից երևում է, որ պաշտպան Գ.Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 6-ին, այսինքն` Առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակման պահից հնգօրյա ժամկետում, վերաքննիչ բողոք է ներկայացրել որոշումը կայացրած դատարան: Վերոնշյալ բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանը կալանքի վերաբերյալ նյութերն ուղարկել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 4.1-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, սակայն, հիմք ընդունելով պաշտպան Գ.Հարությունյանի կողմից 2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկած բողոքի օրինակը, 2016 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հարցում Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման: Մասնավորապես, մեղադրյալ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ` 2016 թվականի հուլիսի 6-ին: Ընդ որում, պաշտպանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերաքննիչ բողոք է բերել համապատասխան որոշումը կայացրած դատարանի միջոցով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով պաշտպան Գ.Հարությունյանի կողմից 2016 թվականի հուլիսի 21-ին Վերաքննիչ դատարան ուղարկած բողոքի օրինակը, անհիմն կերպով արձանագրել է, որ ներկայացված բողոքը ժամկետանց է` անտեսելով, որ Առաջին ատյանի դատարանը պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի հիման վրա կալանքի վերաբերյալ նյութերը դեռևս 2016 թվականի հուլիսի 18-ին ուղարկել էր Վերաքննիչ դատարան: ՈՒստի, վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է:

15. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 7-րդ կետում մեջբերված փաստարկներին, իր անհամաձայնությունն է արտահայտում նաև Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշման կապակցությամբ: Այսպես` Առաջին ատյանի դատարանը, քննարկելով կալանավորման և գրավի միջնորդությունները, կայացրել է կալանավորման ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին մեկ դատական ակտ` եզրափակիչ մասում կողմերին պարզաբանելով, որ այն կարող է բողոքարկվել հնգօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանն իր հերթին, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, նույնպես արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշումը կարող էր բողոքարկվել հնգօրյա ժամկետում (տե՛ս սույն որոշման 4-5-րդ կետերը):

Վերոնշյալը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` մեղադրյալ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշումն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` հրապարակման պահից հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի այն պետք է բողոքարկվեր տասնօրյա ժամկետում:

16. Այսպիսով, հաշվի առնելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման և գրավը մերժելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու, ինչպես նաև մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` ըստ էության քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2016
N ՏԴ/0004/06/16
Որոշում