Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱ ...

 

 

020.0209.070100

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ TF 025128 (ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 հունվարի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Գալուստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական դրամաշնորհի TF 025128 (էլեկտրաէներգետիկ և գազի համակարգի վերակառուցման ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա համաձայնագիրը` նամակների փոխանակմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 1999 թվականի մայիսի 25-ին: Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը, որպես Ճապոնիայի կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ, Հայաստանի Հանրապետությանը հատկացնում է 186.000 ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհ, որի նպատակն է օժանդակել Համաշխարհային բանկի ֆինանսավորմանը ներկայացված` էլեկտրաէներգետիկ և գազի համակարգի վերակառուցման ծրագրի նախապատրաստմանը:

Դրամաշնորհի տրամադրման նպատակները, ժամկետները և պայմանները որոշարկված են նամակ-համաձայնագրի հավելվածում: Դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորելու են էլեկտրաէներգետիկ համակարգի, գազի և ջերմամատակարարման ենթահամակարգերի վերակառուցման ու սեփականաշնորհման համար պահանջվող խորհրդատվական ծառայությունները և կադրերի վերապատրաստմանն ուղղված ծախսերը:

Համաձայնագրով նախատեսված աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կատարելու է Ընկերակցությունը: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է աջակցել այդ աշխատանքների արագ և արդյունավետ կատարմանը և գնահատել դրանց արդյունքները:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հատուցել բոլոր այն ծախսերի և պարտավորությունների դիմաց, որոնք կարող են առաջանալ համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման կապակցությամբ Ընկերակցությանը ներկայացված հայցերի արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Ընկերակցության աշխատակիցների կամ օտարերկրյա փորձագետների կոպիտ անզգուշության կամ դիտավորության արդյունքն են: Ըստ համաձայնագրի` խորհրդատուների ընտրությունը և նրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է բացառապես Ընկերակցության կողմից:

Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև այդ աշխատանքների կատարման կապակցությամբ իր տարածքում խորհրդատուներից գանձվող հարկերի վճարման պարտավորությունը:

Դրամաշնորհով ֆինանսավորվող աշխատանքների կատարումը նախատեսվում է ավարտել մինչև 2001 թ. մարտի 31-ը: Համաձայնագրով նախատեսված են նաև դրամաշնորհի միջոցների օգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման հիմքերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական դրամաշնորհի TF 025128 (էլեկտրաէներգետիկ և գազի համակարգի վերակառուցման ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 հունվարի 2000 թ.

ՍԴՈ-209

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.01.2000
N ՍԴՈ-209
Որոշում