Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ...

 

 

040.1108.130917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1476-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1526-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1476-Ն որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1108-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման և ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննության) բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

1) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովումը.

2) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.

3) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի իրագործմանը նպաստելը.

4) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության, փաթեթների ամբողջականության ստուգում և դիմումի գրանցման մասին դիմումատուին ծանուցում.

2) նախարարությանը համաձայնեցման ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

3) նախարարությանը համաձայնեցման ներկայացված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

4) օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի, դրանց փոփոխությունների քննարկում.

5) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի և նրանց փոփոխությունների սահմանված կարգով ներկայացում օրենքով նախատեսված փորձաքննությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման.

6) օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունք հայցող դիմումի մերժման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

7) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտում և առաջարկության ներկայացում նախարարին.

8) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումին կից` երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունում և վերլուծությունների կատարում և առաջարկության ներկայացում նախարարին.

9) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ առաջարկության ներկայացում նախարարին.

10) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար մրցութային փաթեթի կազմումը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկության ներկայացում նախարարին.

11) ընդերքօգտագործման իրավունքում փոփոխության, ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնության, հրաժարման հավաստագրի տրամադրման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

12) ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի վարում և տեղեկատվության տրամադրում.

13) ընդերքօգտագործողին գրավոր զգուշացում տալու և ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ առաջարկության ներկայացում նախարարին.

14) ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող` կատարված երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունների, օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պաշարների շարժի տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծության իրականացում, ամփոփում և ըստ արդյունքների առաջարկությունների ներկայացում նախարարին.

15) ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանց հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկատվությունը երեք ամսվա ընթացքում հանձնել լիազոր մարմնին.

16) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պետական պատվերի ձևավորման և տեղադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում նախարարին.

17) ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման փուլում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

18) ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակում.

19) ընդերքի ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.

20) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի մշակում.

21) երկրաբանական տեղեկության արժանահավատության գնահատում, օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և վերագնահատման նյութերի փորձաքննություն` համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ.

22) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների գնահատման ու վերագնահատման արդյունքներով պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն` այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ.

23) արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման նյութերի փորձաքննություն` համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ.

24) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրման առաջարկության ներկայացում նախարարին.

25) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է ընդերքօգտագործման ոլորտում գործակալությանը վերապահված գործառույթների շրջանակներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

13) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները

14) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

15) գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Օրենքներով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

14. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1108-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժին

Ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի քննարկման և պայմանագրային բաժին

Ընդերքաբանական փորձաքննության և պաշարների հաստատման բաժին

Երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժին

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2017
N 1108-Ն
Որոշում