Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԵՎ ԲՐՅ ...

 

 

020.1378.190917

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ա. Զաքարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հուլիսի 14-ին Լյուքսեմբուրգում և Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2017թ. օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017թ. հուլիսի 14-ին` Լյուքսեմբուրգում և Բրյուսելում:

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության (այսուհետ` ՆՍՊՕ) միջև հստակ որոշված ոլորտներում սահմանել համագործակցության աջակցման իրավական շրջանակը և հիմնական սկզբունքները:

Համաձայնագրի նախաբանում նշվում է, որ Համաձայնագիրն ստորագրվում է այն ըմբռնումով, որ Հայաստանի Հանրապետությունն այդ Համաձայնագրով չի ձգտում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն անդամակցության, և որ այդպիսի Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի:

Համաձայնագրով սահմանվում են Համաձայնագրի հետ կապված ֆինանսական կարգավորումները (հոդված 4), Համաձայնագրի մասնակից Կողմերի պատասխանատվության, երաշխիքի կամ ապահովագրության հետ կապված դրույթները (հոդված 5), անվտանգության պահանջները (հոդված 7), սեփականության իրավունքների առարկա հանդիսացող տեխնիկական տեղեկության փոխանակման (հոդված 8), հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների (հոդված 9), անձեռնմխելիության և արտոնությունների (հոդված 10) վերաբերյալ դրույթները, այցելությունների ընթացակարգերը (հոդված 11), Համաձայնագրի դադարեցման և ծագած վեճերի լուծման պայմանները (հոդվածներ 13 և 15):

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կրել Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3.1 կետում նշված գրավոր փաստաթղթերի շրջանակներում ՆՍՊՕ-ից պահանջած և վերջինիս տրամադրած աջակցության կամ ծառայությունների ծախսերը, ներառյալ Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված դադարեցման կամ հրաժարման դեպքում առաջացած ծախսերը (հոդված 4, կետ 4.1),

- կրել Համաձայնագրի շրջանակներում ՆՍՊՕ-ի տրամադրած աջակցության կամ ծառայությունների իրականացման հետ կապված ռիսկերը (հոդված 4, կետ 4.2),

- Համաձայնագրի համաձայն, ստանալով նյութական միջոցներ կամ ծառայություններ, հրաժարվել վնասվածքների (ներառյալ մահվան հանգեցրած վնասվածքները), կորստի կամ վնասի համար պահանջներ ներկայացնելուց, եթե այդպիսի վնասվածքը, կորուստը կամ վնասն առաջացել են տվյալ նյութական միջոցների կամ ծառայությունների բնականոն օգտագործումից և/կամ շահագործումից (հոդված 5, կետ 5.1),

- մշակել և իրագործել արդյունաբերական անվտանգության համար համակարգված ծրագիր ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականության (C-M (2002) 49 և (C-M (2002) 50) և դրան կից Աջակցող հրահանգների հիման վրա (հոդված 7, կետ 7.1),

- միջոցներ ձեռնարկել` օգտագործելու համար մյուս Կողմին պատկանող տեղեկությունը միայն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3.1 կետում նշված փաստաթղթերի նպատակներին համապատասխան, ամբողջապես ապահովելու մյուս Կողմին պատկանող տեղեկության գաղտնիությունը և ձեռնպահ մնալու որևէ երրորդ կողմի նմանատիպ տեղեկությունը բացահայտելուց, փոխանցելուց կամ այլ կերպ հասանելի դարձնելուց (հոդված 8, կետ 8.2),

- ՆՍՊՕ-ի ակտիվները, եկամուտը, այլ սեփականությունն ազատել բոլոր ուղղակի և անուղղակի հարկերից, ինչպես նաև պարտադիր այլ վճարներից (այնուամենայնիվ, ՆՍՊՕ-ն չպետք է պահանջի ազատել այն հարկերից, տուրքերից կամ տոկոսադրույքներից, որոնք հանրային ծառայության վճարներ են), ինչպես նաև մաքսային վճարներից ազատել ՆՍՊՕ-ի կողմից պաշտոնական օգտագործման համար ներկրվող կամ արտահանվող ապրանքները և ՆՍՊՕ-ի հրատարակությունները (հոդված 9, կետեր 9.1, 9.2 և 9.3),

- երաշխավորել ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման գործակալության (այսուհետ` ՆՍՊԱ) անձնակազմի` ՀՀ տարածքում իր գործողությունների կամ բացթողումների հետևանքով ծագած բոլոր իրավական գործընթացներում` քաղաքացիական, վարչական կամ քրեական, արտոնություններից, անձեռնմխելիությունից և աջակցությունից օգտվելու իրավունքը, ներառյալ դիվանագիտական անձեռնմխելիությունը, այն չափով, որը սովորաբար տրվում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին (հոդված 10, կետ 10.2),

- Հայաստանի Հանրապետությունում ՆՍՊԱ անձնակազմին ազատել հարկումից` կապված ՆՍՊԱ-ից իր ստացած աշխատավարձերի ու այլ վարձատրությունների և Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացած որևէ եկամտի հետ (հոդված 10, կետ 10.4),

- ՆՍՊԱ անձնակազմի` անձնական կամ պաշտոնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և/կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող գույքը (ներառյալ նաև տրանսպորտային միջոցները) ազատել բոլոր հարկերից, տուրքերից և մաքսային զննություններից, իսկ ՆՍՊԱ անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետությունում անձնական օգտագործման համար գնված ապրանքները հարկերից ազատել ՀՀ օրենսդրության համաձայն (հոդված 10, կետ 10.5),

- ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տեղում աշխատում են ՆՍՊԱ-ի համար, կիրառվում է ՀՀ օրենսդրությունը: Այնուամենայնիվ, համաձայնելով, որ ՆՍՊԱ-ում աշխատելու ընթացքում նրանք ենթարկվում են միայն ՆՍՊԱ կողմից սահմանված աշխատանքային դրույթներին ու պայմաններին, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նրանց համար երաշխավորել ցանկացած քաղաքացիական, քրեական և վարչական վարույթում անձեռնմխելիությունից օգտվելու իրավունք` նրանց բանավոր կամ գրավոր ձևով արտահայտած խոսքերի և բոլոր այն գործողությունների կապակցությամբ, որոնք կատարել են` ելնելով իրենց պաշտոնեական պարտականություններից (հոդված 10, կետ 10.6),

- Համաձայնագիրը դադարեցնող կամ հրաժարվող Կողմ հանդես գալու պարագայում ամբողջությամբ կատարել հանձնառությունները մինչև Համաձայնագրի դադարեցման կամ դրանից դուրս գալու ուժի մեջ մտնելը, իսկ եթե Կողմերը Համաձայնագրի դադարեցումը որոշում են համատեղ, ապա դրա հետ կապված ցանկացած ծախս կրել ՆՍՊՕ-ի հետ համատեղ (հոդված 13, կետեր 13.3 և 13.4):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2017 թվականի հուլիսի 14-ին Լյուքսեմբուրգում և Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 սեպտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1378

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.09.2017
N ՍԴՈ-1378
Որոշում