Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
 թիվ ԵԿԴ/0078/04/15
2017 թ.
Գործ թիվ   ԵԿԴ/0078/04/15
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
                  Դատավորներ` Գ. Խանդանյան
                                               Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) և նրա սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը սնանկ ճանաչել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2016 թվականի որոշմամբ մորատորիում չտարածելու մասին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ծանուցումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 24.02.2016 թվականի որոշումը` մորատորիում չտարածելու մասին Բանկի ծանուցումը մերժելու վերաբերյալ, վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը և սնանկության գործով կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործերով ձևավորված դատական պրակտիկան վկայում է, որ դատարանը որոշում է կայացնում մորատորիում չտարածելու ծանուցում ստանալու վերաբերյալ, այսինքն` Դատարանը, ստանալով մորատորիումի չտարածման մասին ծանուցումը, որոշում է կայացնում այն մերժելու կամ բավարարելու վերաբերյալ:

Բացի այդ, ծանուցման վերաբերյալ Դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելու ինստիտուտը սահմանվել է նաև ներկայիս խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումներում: Այսինքն` արդեն իսկ օրենսդրական մակարդակով ամրագրված է մորատորիումի չտարածման մասին ստացած ծանուցման առնչությամբ դատարանի լիազորությունները` հաշվի առնելով նախկինում դատական պրակտիկայով ձևավորված մոտեցումները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.02.2016 թվականի որոշմանը:

 

2.1. Բանկի վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենսդրությունը դատարանին մորատորիում չտարածելու մասին ծանուցման կապակցությամբ որոշում կայացնելու լիազորություն չի վերապահել, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքում բերված փաստարկները` օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ, անհիմն են և չեն կարող ընդունելի համարվել: Ավելին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում վճռաբեկ բողոքում նշված հարցի կապակցությամբ օրենքի միատեսակ կիրառման ապահովման խնդիր ընդհանրապես չի կարող ծագել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/0078/04/15 վճռով Ընկերության դիմումը` Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է, և Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 1-11):

2) Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2015 թվականի թիվ ԵԿԴ/1152/17/15 որոշմամբ ճանաչվել է ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային տրիբունալի 17.07.2015 թվականի թիվ 07-10/04/15 վճիռը և Բանկին տրամադրվել է կատարողական թերթ: ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային տրիբունալի 17.07.2015 թվականի թիվ 07-10/04/15 վճռի համաձայն` Կազմակերպությունից հօգուտ Բանկի բռնագանձվել է 7.621.333,7 ԱՄՆ դոլար և բռնագանձումը տարածվել է Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/7, 11/11, 11/13, Երևանի Արգիշտի փողոցի 11/4 շենքի թիվ 5, Երևանի Արգիշտի փողոցի 7/4, Երևանի Արգիշտի փողոցի 7/13, 7/6 շենքի թիվ 93, 7/4 շինություն 144, Երևանի Արգիշտի փողոցի 7/6 շինություն 190, Երևանի Արգիշտի փողոցի 7/6 շինություն 191, Երևանի Արգիշտի փողոցի 11/4 շենքի թիվ 2 շինություն, Երևանի Փ. Բուզանդի փողոցի 7 շենքի թիվ 40, Երևանի Ծարավ-Աղբյուրի փողոցի 55/5 շենքի թիվ 326, Երևանի Ծարավ-Աղբյուրի փողոցի 55/5 շենքի թիվ 327, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 32/13, Երևանի Հանրապետության փողոցի նրբանցքի թիվ 13/2, Երևանի Խանջյան փողոցի նրբանցք 8/1, Երևանի Ֆիրդուսի փողոցի տուն թիվ 13/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 16-36):

3) Բանկը 29.12.2015 թվականին Դատարանին ծանուցել է ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային տրիբունալի 17.07.2015 թվականի թիվ 07-10/04/15 վճռով կատարման ենթակա, գրավով ապահովված պարտավորությունների նկատմամբ մորատորիում չտարածելու մասին և խնդրել է վերացնել գրավի առարկաների նկատմամբ կիրառված արգելանքները (հավելված հատոր 1-ին, գ.թ. 12-15):

4) Կազմակերպության սնանկության գործով կառավարիչը 29.01.2016 թվականին առարկություն է ներկայացրել դատարան` Բանկի կողմից ներկայացված ծանուցման վերաբերյալ, այն պատճառաբանությամբ, որ սնանկության գործընթացում պարզվել է, որ վերոնշյալ ծանուցմամբ ներկայացված գրավադրված գույքերի վերաբերյալ առկա են երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնումներ, միաժամանակ դատարաններում վիճարկվում են կնքված պայմանագրերը, առկա են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագրեր (հավելված հատոր 1-ին, գ.թ. 37-41):

5) Դատարանի «Մորատորիում չտարածելու մասին ծանուցումը մերժելու վերաբերյալ» 24.02.2016 թվականի որոշմամբ Բանկի միջնորդությունը` մորատորիում չտարածելու մասին, մերժվել է (հավելված հատոր 1-ին, գ.թ. 77-86):

6) Բանկի կողմից Դատարանի «Մորատորիում չտարածելու մասին ծանուցումը մերժելու վերաբերյալ» 24.02.2016 թվականի որոշման դեմ 18.03.2016 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 470-րդ հոդվածի 5-րդ կետի, 504-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հիմքերով այն հիմնավորումներով, որ դատարանն իրավասու չէր որոշում կայացնել, առկա չէին ծանուցումը մերժելու հիմքեր, գրավի առարկաները ծանրաբեռնված չեն երրորդ անձանց գրավի իրավունքներով և այլ հիմնավորումներով (հատոր 2-րդ, գ.թ. 7-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` նախկինում գործող և ներկայիս իրավակարգավորումների պայմաններում սնանկության վարույթում ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում այդ կապակցությամբ որոշում կայացնելու անհրաժեշտության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք մինչև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականի ՀՕ-105-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ կատարելն ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում դատարանն իրավասու էր այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են սահմանված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում և 63-րդ հոդվածի 1-ին մասում:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության 3-րդ մասի համաձայն` ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները, ինչպես նաև ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները կարգավորվում են նույն օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածներով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում` գրավով ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու կամ նրանց` գրավով ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա, եթե ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին ծանուցել է դատարանին:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված պահանջներ ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար գրավադրված գույքը (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի և Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականին կայացրած որոշմամբ, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին:

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչված կարգավորումների վերաբերյալ մեկ այլ որոշմամբ նշել է, որ օրենսդիրը պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ համար նախատեսել է իր բավարարումը ստանալու երկու այլընտրանքային եղանակ` սնանկության վարույթից դուրս և սնանկության վարույթի շրջանակներում` նշված երկու եղանակներից որևէ մեկի ընտրության հնարավորությունը թողնելով պարտատիրոջ հայեցողությանը: Այսպես, եթե գրավով ապահովված պարտավորության պարտատերն ընտրում է սնանկության գործով վարույթը շրջանցելու միջոցով իր պահանջները բավարարելու եղանակը, ապա վերջինս բավարարում կարող է ստանալ բացառապես գրավադրված գույքի հաշվին, և անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Ընդ որում այն դեպքում, երբ գրավով ապահովված պահանջի պարտատերն օգտվում է իր պահանջի բավարարումը սնանկության վարույթի շրջանակներից դուրս ստանալու` օրենքով իրեն վերապահված իրավունքից, վերջինս հնարավորություն ունի գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված` գրավադրված գույքի իրացման կանոններին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` օրենսդրի կողմից նման տարբերակված կարգավորում սահմանելու նպատակն է սնանկության վարույթի առկայության պայմաններում երաշխավորել գրավով ապահովված պարտատերերի և մյուս պարտատերերի իրավունքների և օրինական շահերի միջև ողջամիտ հավասարակշռությունը (տե՛ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավակարգավորումների` ապահովված պարտատերը, ծանուցելով դատարանին ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ մորատորիումի գործողությունը չտարածելու մասին, ակնկալում էր նյութական և դատավարական առումով որոշակի իրավական հետևանքների առաջացում, այն է` ապահովված իրավունքի առարկան սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմից դուրս բերում, դրա նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացում և սնանկության վարույթից դուրս արտադատական կամ դատական կարգով դրա իրացում:

Ընդ որում, ապահովված իրավունքի առարկան սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմից դուրս բերումը և դրա իրացումը որոշակի դեպքերում կարող էր առաջ բերել ինչպես պարտապանի գույքային զանգվածի փոփոխություն, այնպես էլ շոշափել երրորդ անձանց իրավունքները (օրինակ` այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով գրավի առարկան հաջորդող գրավի առարկա է): Այսինքն` նման դեպքերում դատարան ներկայացված` մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցումն իրավական հետևանքներ կարող էր առաջացնել նաև երրորդ անձանց համար, որպիսի պարագայում վերջիններս ձեռք էին բերում իրավական շահագրգռվածություն մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցմամբ պայմանավորված հետևանքների նկատմամբ, որոնք կարող էին շոշափել վերջիններիս` Կոնվենցիայով և դրան կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված` համապատասխանաբար արդար դատաքննության և անձի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքները: Հետևաբար վերջիններս իրավաչափորեն ակնկալում էին դատարանի կողմից որոշման կայացում, որի հետ համաձայն չլինելու պարագայում կունենային այն բողոքարկելու հնարավորություն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նշված իրավակարգավորումների պայմաններում յուրաքանչյուր դեպքում առաջանում էր մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցման առնչությամբ դատական ակտ կայացնելու իրավական անհրաժեշտություն, քանի որ նախ` այդպիսի ծանուցմամբ անձն ակնկալում էր որոշակի իրավական և փաստական հետևանքների առաջացում, որոնք ինքնին, միայն դատարանին ծանուցելու փաստի ուժով չէին կարող առաջանալ, քանի որ առկա էր դրանց իրավաչափության գնահատման և արդյունքում մերժման կամ բավարարման մասին որոշման կայացման անհրաժեշտություն: ԵՎ երկրորդ` սնանկության վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված, մորատորիումի գործողությունը չտարածելու մասին դատարանին ծանուցած պարտատերն ակնկալում էր նաև ապահովված առարկայի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացում, եթե այդպիսիք կիրառվել են, որն էլ իր հերթին կրկին ենթադրում է դատական ակտի կայացում` որոշման ձևով:

Բացի այդ, նշված եզրահանգումն առավել կարևորվում է այն պարագայում, երբ մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցմամբ ակնկալվող հետևանքները շոշափում էին երրորդ անձանց իրավունքները, քանի որ այդ դեպքում առաջանում էր տարբեր անձանց իրավունքների և իրավական շահերի միջև հավասարակշռության ապահովման խնդիր, որն առանց դատական ակտի կայացման հնարավոր չէ իրականացնել: Այդ իսկ պատճառով օրենսդիրը սահմանել է մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցումը դատարանին ներկայացնելու պարտականություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված կարգավորումը չէր կարող ինքնանպատակ լինել և դատարանի դերն այդ հարցում չէր կարող սահմանափակվել միայն ծանուցումն ի գիտություն ընդունելով, այլ դատարանը պետք է մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցման վերաբերյալ կայացներ դատական ակտ` ապահովելով անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը: Այսինքն` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հիման վրա դատարան ներկայացված մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցման իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն օրենքից բխող հետևանքներն առաջացնելու պահանջով դատարան ներկայացված միջնորդություն է, որի ուսումնասիրության արդյունքում դատարանը պետք է կայացներ համապատասխան որոշում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով «դատարան» եզրույթն ինքնավար նշանակություն ունի, և դրան բնորոշ հիմնական հատկություններից է պարտադիր որոշում կայացնելու հնարավորությունը (տե՛ս, Benthem v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, կետ 40): Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատարանը պետք է հնարավորություն ունենա ապահովելու նույն հոդվածով նախատեսված նյութաիրավական և ընթացակարգային բոլոր երաշխիքները: Ընդ որում, դատարանը պետք է ունենա ներկայացված հայցին վերաբերող բոլոր փաստական և իրավական խնդիրների հետ կապված պարտադիր որոշում կայացնելու հնարավորություն (տե՛ս, Rolf Gustafson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետեր 45,46):

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ապահովված պարտատիրոջ` մորատորիումի գործողությունը չտարածելու վերաբերյալ ծանուցումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ դատարանի կողմից համապատասխան դատական ակտ կայացնելու լիազորությունը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի էությունից, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, այն է` անձը դատարանի առջև իր կողմից բարձրացրած յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պետք է ունենա որոշակի հաստատուն որոշում ստանալու իրավունք կապված իր հարցի լուծման հետ, որն էլ իր հերթին սերտորեն կապված է յուրաքանչյուր անձի` դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացման հետ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 17.06.2016 թվականին ընդունված ՀՕ-105 օրենքով, որն ուժի մեջ է մտել 23.07.2016 թվականին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը լրացվել է նոր` 39.1-րդ (ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը) և 39.2-րդ (ապահովված իրավունքի առարկայի իրացման և ապահովված պահանջի չափը հաստատելու մասին դիմումի քննության կարգը) հոդվածներով:

Այսպես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է մինչև պարտատերերի պահանջների ցուցակը դատարանի կողմից հաստատվելը դիմում ներկայացնել դատարան` պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի համաձայն`

1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին և կառավարչին: Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել:

2. Եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիմումը ստանալուց հետո` 11-րդ օրը, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին (...):

Վկայակոչված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն ուղղակիորեն ամրագրել է դատարանի լիազորությունն ապահովված իրավունքի առարկայի վրա մորատորիումի գործողությունը չտարածելու վերաբերյալ դատարանի կողմից համապատասխան դատական ակտի` որոշման կայացման մասին այն դեպքում, երբ ապահովված իրավունք ունեցող պարտատերը դիմել է դատարանին:

Այսինքն` եթե նախկին իրավակարգավորման պայմաններում մորատորիում չտարածելու ծանուցման վերաբերյալ դատական ակտ կայացնելու դատարանի լիազորությունն ուղղակիորեն ամրագրված չէր, սակայն բխում էր ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի էությունից, և որին համահունչ էլ ընթացել էր դատական պրակտիկան, ապա արդեն գործող իրավակարգավորման պայմաններում նման լիազորությունն ուղղակիորեն ամրագրված է գործող օրենսդրությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/0078/04/15 վճռով Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ: Բանկը Դատարանին ծանուցել է ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային տրիբունալի 17.07.2015 թվականի թիվ 07-10/04/15 վճռով կատարման ենթակա, գրավով ապահովված պարտավորությունների նկատմամբ մորատորիում չտարածելու մասին և խնդրել է վերացնել գրավի առարկաների նկատմամբ կիրառված արգելանքները: Կազմակերպության սնանկության գործով կառավարիչը առարկություն է ներկայացրել դատարան Բանկի կողմից ծանուցման վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ սնանկության գործընթացում պարզվել է, որ վերոնշյալ ծանուցմամբ ներկայացված գրավադրված գույքերի վերաբերյալ առկա են երրորդ անձանց իրավունքների ծանրաբեռնումներ, միաժամանակ դատարաններում վիճարկվում են կնքված պայմանագրերը, առկա են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագրեր:

Դատարանը, մերժելով Բանկի ծանուցումը, պատճառաբանել է, որ դրա բավարարումը հիմնավոր չէ, քանի որ պարտապանի այն պարտավորությունները, որոնք ընկած են այդ ծանուցման հիմքում, վիճարկվում են դատարանի մեկ այլ վարույթում: Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ Բանկի կողմից ներկայացված պարտավորություններն ապահովված են թվարկված գույքի նկատմամբ գրավի իրավունքով, մինչդեռ տվյալ գույքերի նկատմամբ առկա է նաև երրորդ անձանց` օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումը վերացնելով, պատճառաբանել է, որ Դատարանի կողմից կայացվել է ոչ հիմնավոր որոշում, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածների կանոնակարգումների համաձայն, Բանկը տվյալ դեպքում օրենքով սահմանված կարգով և համապատասխան օրինական հիմքերով Դատարանին ծանուցել է` խնդրելով վերացնել սույն գործի շրջանակներում Կազմակերպությանը պատկանող, ծանուցման մեջ նշված գրավի առարկաների նկատմամբ կիրառված արգելանքները, սակայն Դատարանն անհիմն մերժել է Բանկի ծանուցումը` չունենալով նման դատական ակտ կայացնելու հիմքեր:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ առկա չեն մորատորիում չտարածելու մասին ծանուցման կապակցությամբ դատական ակտ կայացնելու հիմքեր` որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքի` մյուս հիմքերին և այդ կապակցությամբ բերված հիմնավորումներին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և ծանուցելով Դատարանին ապահովված իրավունքի առարկաների նկատմամբ մորատորիումի գործողությունը չտարածելու մասին, ակնկալել է նյութական և դատավարական որոշակի իրավական հետևանքների առաջացում, այն է` ծանուցման հիմքում ընկած, գրավադրված գույքերի վրա մորատորիումի գործողությունը չտարածելու, այդ գույքերը սնանկության վարույթից դուրս բերելու և դրանք իրացնելու նպատակ, որպիսի պայմաններում նշված հարցի լուծումը կարող էր կայացվել դատական ակտով` ծանուցումը բավարարելու կամ մերժելու որոշմամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, ստանալով մորատորիումի չտարածման մասին ծանուցումը, իրավասու էր կայացնել որոշում` ծանուցումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ, ինչն անտեսվել և սխալ է մեկնաբանվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործը` Բանկի` մորատորիում չտարածելու վերաբերյալ ծանուցման մասով, անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշումը և գործը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` մորատորիում չտարածելու ծանուցման մասով, ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵԿԴ/0078/04/15
Որոշում