Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՎՏՈՏՐԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
       թիվ ԵՄԴ/3378/02/15  2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵՄԴ/3378/02/15
Նախագահող դատավոր`   Հ. Ենոքյան
                    Դատավորներ`  Ս. Միքայելյան
                                                   Գ. Խանդանյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վաղարշակ Սաղաթելյանի ներկայացուցիչ Էռնեստ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Էդգար և Վաղարշակ Սաղաթելյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Էդգար և Վաղարշակ Սաղաթելյաններից համապարտության կարգով բռնագանձել 1.230.000 ՀՀ դրամ` որպես պատճառած վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաև նշված գումարին հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 19.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաղարշակ Սաղաթելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատում` հաշվի չառնելով այն, որ Վաղարշակ Սաղաթելյանն առաջին իսկ հնարավորության դեպքում սահմանված կարգով զգուշացրել է ապահովագրողին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների կողմից տրված ցուցմունքներով հաստատվել է պատահարի արձանագրման ժամանակահատվածի մոտավոր լինելը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.04.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության և Էդգար Սաղաթելյանի միջև 29.12.2013 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG-848558 վկայագրի (այսուհետ` Վկայագիր) համաձայն` ապահովագրվել է «VOLKSWAGEN PASSAT 1.8» մակնիշի 90 OS 404 պետհամարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Լիազորված տիրապետող է հանդիսացել նաև Վաղարշակ Սաղաթելյանը:

Վկայագրի` պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի մասին 13-րդ կետի համաձայն` Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

2) Ավտոպատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) ավագ տեսուչ Վ. Սարգսյանի կողմից 21.08.2014 թվականին տրված եզրակացության համաձայն` Վաղարշակ Սաղաթելյանը, 15.08.2014 թվականին` ժամը 13:40-ի սահմաններում, վարելով «VOLKSWAGEN PASSAT 1.8» մակնիշի 90 OS 404 պետհամարանիշի ավտոմեքենան և թույլ տալով օրենսդրության նորմերի խախտումներ, բախվել է Հայկ Ամիրյանի վարած «MAZDA» մակնիշի 17 NL 111 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում Վաղարշակ Սաղաթելյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 19):

3) Ավտոպատահարի մասին ապահովագրողը ծանուցվել է 15.08.2014 թվականին` ժամը 14:45-ին (հատոր 1-ին,գ.թ. 7, 14):

4) Հայկ Ամիրյանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանի կողմից 22.08.2014 թվականին ներկայացված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի հիման վրա 23.09.2014 թվականի թիվ SG/14-10834 որոշման համաձայն` Ընկերության կողմից «MAZDA» մակնիշի 17 NL 111 պետհամարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Հայկ Ամիրյանին որպես ապահովագրական հատուցում վճարվել է 1.230.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10, 13-15):

5) Վաղարշակ Սաղաթելյանի կողմից 19.08.2014 թվականին Ծառայության ՃՏՊ բաժնի ավագ տեսուչին տրված գրավոր բացատրության համաձայն` պատահարը տեղի է ունեցել 15.08.2014 թվականին` ժամը 13:40-ի սահմաններում (հատոր 1-ին, գ.թ. 81):

6) Հայկ Ամիրյանի կողմից 19.08.2014 թվականին Ծառայության ՃՏՊ բաժնի ավագ տեսուչին տրված գրավոր բացատրության համաձայն` պատահարը տեղի է ունեցել 15.08.2014 թվականին` ժամը 13:40-ի սահմաններում (հատոր 1-ին, գ.թ. 85):

7) Ծառայության 18.01.2016 թվականի գրության համաձայն` 21.08.2014 թվականին տրված եզրակացության մեջ որպես պատահարի ժամ Ծառայության կողմից նշվել է պատահարի մասնակիցների կողմից տրված բացատրություններում նշված մոտավոր ժամանակահատվածը (հատոր 1-ին, գ.թ. 82):

8) 10.03.2016 թվականին Դատարանում որպես վկա հրավիրված Ծառայության ավագ տեսուչ Վարդան Սարգսյանի ցուցմունքի համաձայն` պատահարի կոնկրետ ժամանակը հնարավոր չէ նշել, քանի որ իր կողմից կազմված եզրակացության մեջ հիմք է ընդունվել պատահարի մասնակիցների նշած մոտավոր ժամանակահատվածը, ավելին` «MAZDA» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ընդհանրապես չի հիշել ժամանակահատվածը և խնդրել է հիմք ընդունել Վաղարշակ Սաղաթելյանի նշած ժամանակահատվածը, որը նույնպես մոտավոր է եղել:

Որպես վկա հրավիրված Ծառայության տեսուչ Մանուկ Մելիքյանը նշել է, որ պատահարը եղել է կեսօրից հետո` օրվա երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ մինչև ժամը 16.00-ն:

Որպես վկա հրավիրված Ծառայության տեսուչ Հայրապետ Ավագյանը նշել է, որ վթարը եղել է կեսօրին, ցերեկը, կոնկրետ ժամը չի հիշում (հատոր 1-ին, գ.թ. 99-100, 109):

9) Ծառայության պետի 18.03.2016 թվականի գրության համաձայն` 15.08.2014 թվականին տեղի ունեցած պատահարի մասին հաղորդումը ստացվել է նույն օրը` ժամը 15:00-ին (հատոր 1-ին, գ.թ.107):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ապահովագրական պատահարի մասին սահմանված ժամկետում ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելու հիմքով ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիա) իրավունքն առկա է այն դեպքում, երբ գործով չի ապացուցվում ապահովագրական պատահարի հստակ ժամանակը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել, կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին` ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը: Նույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող հանգամանքների վերացման (ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի մասին պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:

Վկայագրի` պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի մասին 13-րդ կետի համաձայն` Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն ընդդեմ Վաչագան Խաչատուրյանի և Անդրանիկ Գուլքանյանի գործով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, գտել է, որ վնաս պատճառած անձը կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը պարտականություն են կրում ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրենց հայտնի դառնալուց հետո անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված բացառություններին (տե՛ս, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն ընդդեմ Վաչագան Խաչատուրյանի և Անդրանիկ Գուլքանյանի թիվ ՏԴ3/0222/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի ծագման հիմքերից մեկն էլ այն է, երբ ապահովագրական ընկերությունը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով չի տեղեկացվում պատահարի մասին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավունքի առկայությունը գնահատելիս նախ անհրաժեշտ է պարզել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելու փաստը, այսինքն` արդյո՞ք ապահովագրական ընկերությունն ընդհանրապես տեղեկացվել է պատահարի մասին: Այնուհետև գնահատման է ենթակա տեղեկացման ժամանակի և կարգի համապատասխանությունը ապահովագրական պայմանագրով սահմանված ժամանակին և կարգին: Այն դեպքում, երբ պատահարի մասին ծանուցումը եղել է այլ պայմաններում, քան սահմանված է պայմանագրով, մասնավորապես` պատահարի մասին ապահովագրողը ծանուցվել է ավելի ուշ, քան սահմանված է պայմանագրով, ապա գնահատման է ենթակա ծանուցման ժամկետի ողջամտությունը` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համատեքստում` «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն ընդդեմ Վաչագան Խաչատուրյանի և Անդրանիկ Գուլքանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ ծանուցման ժամկետի անհապաղությունը (ողջամտությունը) պարզելու համար էական նշանակություն ունի պատահարի հստակ ժամանակահատվածն այն դեպքերում, երբ պատահարի և տեղեկացման ժամանակահատվածի միջև տևողությունը երկար չէ: Այլ կերպ ասած` եթե պատահարից հետո մինչև ապահովագրական ընկերությանը տեղեկացնելը չի անցել շատ երկար ժամանակ (օրինակ` օրեր), ապա միայն պատահարի ժամանակահատվածի հստակ լինելու պայմաններում է հնարավոր եզրահանգում անել ծանուցման ժամկետի ողջամտության մասին (օրինակ` եթե ծանուցումը կատարվել է ենթադրաբար 1-1,5 ժամվա ընթացքում): Այսինքն` որքան կարճատև է պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու հապաղումը, այնքան ավելի է կարևորվում պատահարի ժամանակի հստակությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Էդգար Սաղաթելյանի միջև 29.12.2013 թվականին կնքված Վկայագրով ապահովագրվել է «VOLKSWAGEN PASSAT 1.8» մակնիշի 90 OS 404 պետհամարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Լիազորված տիրապետող է հանդիսացել նաև Վաղարշակ Սաղաթելյանը, ում մասնակցությամբ 15.08.2014 թվականին տեղի է ունեցել ավտովթար: Պատահարի մասնակիցների տված բացատրությունների, ինչպես նաև դրանց տվյալների հիման վրա կազմված` Ծառայության ավագ տեսուչ Վ. Սարգսյանի եզրակացության համաձայն` պատահարը տեղի է ունեցել 15.08.2014 թվականին` 13:40-ի սահմաններում: Ավտոպատահարի մասին ապահովագրողը ծանուցվել է 15.08.2014 թվականին` ժամը 14:45-ին: Ընկերությունը պատահարում տուժող կողմին վճարել է 1.230.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: 10.03.2016 թվականին Դատարանում որպես վկա հրավիրված Ծառայության տեսուչներ Հայրապետ Ավագյանը և Մանուկ Մելիքյանն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ պատահարը տեղի է ունեցել 15.08.2014 թվականին` կեսօրից հետո, ընդ որում, Ծառայության ավագ տեսուչ Վարդան Սարգսյանը նաև նշել է, որ եզրակացության մեջ նշվել է պատահարի մասնակիցների նշած մոտավոր ժամանակահատվածը: Ծառայության պետի 18.03.2016 թվականի գրության համաձայն` 15.08.2014 թվականին տեղի ունեցած պատահարի մասին հաղորդումն ստացվել է նույն օրը` ժամը 15:00-ին:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվոր կողմը չի ապացուցել իր վկայակոչած այն փաստը, որ պատասխանող կողմն ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի մասին չի տեղեկացրել, որի արդյունքում ապահովագրական ընկերության մոտ ծագել է հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը պատասխանողների նկատմամբ: Դատարանը նշել է, որ Ծառայության ՃՏՊ բաժնի ավագ տեսուչ Վ. Սարգսյանի կողմից կազմված եզրակացության և ապահովագրական հատուցման վերաբերյալ որոշման համաձայն` պատահարը տեղի է ունեցել 15.08.2014 թվականին` ժամը 13:40-ի սահմաններում, որը չի կարող հիմք հանդիսանալ վնաս պատճառած անձի նկատմամբ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի ծագման համար, քանի որ Վաղարշակ Սաղաթելյանի կողմից ներկայացվել են բավարար ապացույցներ, որոնք կարող են հաստատել նրա կողմից պատահարից հետո անհապաղ (ողջամիտ ժամկետում կամ օբյեկտիվորեն առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում) ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու մասին:

Վերաքննիչ դատարանը Դատարանի 19.04.2016 թվականի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ Ծառայության կողմից կազմված եզրակացության առկայության պայմաններում պատահարի տեղի և ժամանակի մասին դրանում առկա տեղեկությունները պետք է ընդունվեն որպես հիմք, եթե գործի քննության ընթացքում չի ապացուցվել հակառակը: Հակառակը ապացուցելու պարտականությունը պետք է դրվի այն կողմի վրա, ով վկայակոչում է, որ պատահարը իրականում տեղի է ունեցել այլ վայրում կամ այլ ժամանակահատվածում, քան նշված է համապատասխան եզրակացությունում: Սույն գործով նշված փաստը վկայակոչել է պատասխանող Վաղարշակ Սաղաթելյանը, հետևաբար վերջինս էլ պետք է կրեր այդ փաստն ապացուցելու պարտականությունը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է գործի նոր քննության անհրաժեշտության:

Մինչդեռ, վերը շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի ապահովագրող Ընկերության կողմից վկայակոչած հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) հիմքում ընկած այն փաստի ապացուցումը, ըստ որի` ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձ Վաղարշակ Սաղաթելյանն ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրեն հայտնի դառնալուց հետո ապահովագրողին անհապաղ (ողջամիտ ժամկետում) չի տեղեկացրել, որի արդյունքում ապահովագրական ընկերության մոտ ծագել է հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք վնաս պատճառած անձանց նկատմամբ:

Ընկերությունը, հայց ներկայացնելով Դատարան, նշել է, որ Վաղարշակ Սաղաթելյանը, ԱՊՊԱ պայմանագրով ունենալով ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրեն հայտնի դառնալուց հետո ապահովագրողին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնելու պարտավորություն, պատշաճ չի կատարել ստանձնած պարտավորությունը` 15.08.2014 թվականին` ժամը 13:40-ի սահմաններում, տեղի ունեցած պատահարի մասին Ընկերությունը տեղեկացվել է 15.08.2014 թվականին` ժամը 14:45-ին:

Որպես Վաղարշակ Սաղաթելյանի կողմից ԱՊՊԱ պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման վերաբերյալ ապացույց` Ընկերությունը Դատարան է ներկայացրել Ծառայության ավագ տեսուչ Վ. Սարգսյանի կողմից 21.08.2014 թվականին կազմված եզրակացությունը, ըստ որի` Վաղարշակ Սաղաթելյանը, 15.08.2014 թվականին` ժամը 13:40-ի սահմաններում, վարելով «VOLKSWAGEN PASSAT 1.8» մակնիշի 90 OS 404 պետհամարանիշի ավտոմեքենան և թույլ տալով օրենսդրության նորմերի խախտումներ, բախվել է Հայկ Ամիրյանի վարած «MAZDA» մակնիշի 17 NL 111 պետհամարանիշի ավտոմեքենային:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված եզրակացության համաձայն` պատահարը տեղի է ունեցել ժամը 13:40-ի սահմաններում, որպիսի պարագայում պարզ չէ, թե ստույգ որ ժամին է տեղի ունեցել պատահարը: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է «սահմաններում» արտահայտության իմաստային նշանակությամբ` նկատի ունենալով, որ հայերենում «սահմաններ» բառի իմաստներից մեկն էլ որևէ բանի մոտավոր չափն է` քանակը, ծավալը և այլն (1):

____________________________

1) Տե՛ս, Էդուարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976:

 

Ավելին` գործում առկա մյուս ապացույցները, մասնավորապես` Վաղարշակ Սաղաթելյանի և Հայկ Ամիրյանի` 19.08.2014 թվականին պատահարի վերաբերյալ տրված բացատրությունները, Ծառայության 18.01.2016 թվականի գրությունը, 10.03.2016 թվականին Դատարանում որպես վկա հրավիրված Ծառայության ավագ տեսուչ Վարդան Սարգսյանի, տեսուչներ Հայրապետ Ավագյանի և Մանուկ Մելիքյանի ցուցմունքները, Ծառայության պետի 18.03.2016 թվականի գրությունը ևս վկայում են այն մասին, որ 15.08.2014 թվականին տեղի ունեցած պատահարի ժամանակահատվածը հստակ չէ, այսինքն` այն տեղի չի ունեցել ստույգ ժամը 13:40-ին: Հետևաբար հնարավոր չէ նաև եզրակացություն անել այն մասին, որ պատահարի մասին 15.08.2014 թվականին` ժամը 14:45-ին, ծանուցելն անհապաղ (ողջամիտ ժամկետում) չի կատարվել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Ծառայության ավագ տեսուչ Վարդան Սարգսյանի կողմից 21.08.2014 թվականին կազմված եզրակացության մեջ նշված` պատահարի ժամանակահատվածի ոչ ստույգ լինելը, գտնում է, որ նշված եզրակացությամբ չի կարող հիմնավորվել այն հանգամանքը, որ Վաղարշակ Սաղաթելյանն ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրեն հայտնի դառնալուց հետո ապահովագրողին անհապաղ (ողջամիտ ժամկետում) չի տեղեկացրել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը` ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի` Վաղարշակ Սաղաթելյանի կողմից ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրեն հայտնի դառնալուց հետո ապահովագրողին անհապաղ (ողջամիտ ժամկետում) չտեղեկացնելը, հիմնավորել է միայն Ծառայության ավագ տեսուչ Վ. Սարգսյանի կողմից 21.08.2014 թվականին կազմված եզրակացության մեջ առկա «պատահարը տեղի է ունեցել ժամը 13:40-ի սահմաններում» արտահայտությամբ` պատշաճ չանդրադառնալով դրա արժանահավատությանը, ինչպես նաև այդ ապացույցը չգնահատելով գործում գտնվող մյուս ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի կողմից ապացուցման ենթակա փաստը չապացուցվելու պայմաններում հայցվորը պետք է կրեր դրա բացասական հետևանքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում և բեկանում է միայն Վաղարշակ Սաղաթելյանի մասով գործը նոր քննության ուղարկելու մասով` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրել է միայն Վաղարշակ Սաղաթելյանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Վաղարշակ Սաղաթելյանի ենթակա է բռնագանձման 36.900 (1.230.000 *3%) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2016 թվականի որոշման` Վաղարշակ Սաղաթելյանի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2016 թվականի վճռին:

2. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ից հօգուտ Վաղարշակ Սաղաթելյանի բռնագանձել 36.900 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ն. Տավարացյանի

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵՄԴ/3378/02/15
Որոշում