Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
 ՎԴ/6872/05/14
2017թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6872/05/14
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան 
                  Դատավորներ` Հ. Բեդևյան
                                              Ա. Առաքելյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության և անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը պահանջել է մասնակիորեն` 1-ին և 3-րդ կետերի մասով, անվավեր ճանաչել Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետը` միայն թվով 4 չգրանցված աշխատողի (2.400.000 ՀՀ դրամի) մասով, ինչպես նաև 3-րդ կետը ճանաչվել են անվավեր, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2015 թվականի որոշմամբ Տեսչության և Մարտին Զարոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են և Դատարանի 03.07.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը և անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետը, ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, 29-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարձու աշխատողներին վերաբերող խախտումն արձանագրելիս ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից չեն պահպանվել ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման պահանջները: Մասնավորապես` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանից չեն պահանջել համապատասխան աշխատանքային պայմանագրեր, այլ փաստաթղթեր, չեն ճշտել փաստացի աշխատանք կատարող կամ կատարած վարձու աշխատողների տվյալները, աշխատանքի բնույթը, նրանցից չեն վերցրել բացատրություններ: Տեսչության աշխատակիցները հիմնվել են բացառապես անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայտարարության վրա, մինչդեռ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն կարող է առաջադրվել միայն այն դեպքում, երբ խախտման փաստը լիազոր մարմինն արձանագրել է ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հետևաբար Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետն ընդունվել է օրենքի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2015 թվականի որոշումը»:

 

2.1. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ա) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետով արձանագրված թվով 4 մատուցողներն անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի թույլտվությամբ աշխատել են նրա կողմից վարձակալված տարածքում և նրան պատկանող գույքով: Հետևաբար, այդ 4 չգրանցված աշխատողների մասով ևս անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի նկատմամբ ենթակա է առաջադրման եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն:

բ) Վերաքննիչ դատարանը խախտել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանն իր հայտարարության մեջ հստակ նշել է, որ Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 հասցեում գործող հանրային սննդի կետը գործում է 150 քմ մակերեսով տարածքում, իսկ Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեում` 100 քմ մակերեսով տարածքում: Անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից վարձակալված տարածքների մակերեսների վերաբերյալ նշված տեղեկությունը հաստատվել է ստուգման ընթացքում, ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք դրա վերաբերյալ կասկածներ չեն ունեցել, և չափագրումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայցը` վիճարկվող վարչական ակտի 1-ին կետը` միայն թվով 4 չգրանցված աշխատողի (2.400.000 ՀՀ դրամի), և 3-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 07.11.2014 թվականի թիվ 6100287 հանձնարարագրի համաձայն` Տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի հարկային տեսուչներին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի առանձին պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով իրականացնել, ի թիվս այլնի, աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգում և օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 26).

2) Եկամտային հարկի և սոցիալական վճարի 2014 թվականի սեպտեմբերի ամսական ամփոփ հաշվարկի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանն ունեցել է ընդամենը 3 աշխատող (հատոր 1-ին, գ.թ. 29).

3) Տեսչության պետին հասցեագրված 07.11.2014 թվականի հայտարարության համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը հայտնել է, որ ինքը` որպես անհատ ձեռնարկատեր, «Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 և Անդրանիկի թիվ 52 հասցեներում զբաղվում է հանրային սննդի կազմակերպմամբ: Անդրանիկի թիվ 52 հասցեում իր մոտ աշխատում են թվով 3 աշխատակից, իսկ Մաշտոցի թիվ 31 հասցեում` թվով 8 աշխատակից, ունի թվով 1 գլխավոր հաշվապահ և թվով 2 երաժիշտ, որոնց չի վարձատրում (նրանք աշխատում են օրական թեյավճարով): Բացի վերը նշված թվով 14 աշխատակցից, 07.11.2014 թվականին միջոցառում ունենալու կապակցությամբ Մաշտոցի թիվ 31 հասցե այդ միջոցառման «տերերի» կողմից հրավիրվել էին լրացուցիչ թվով 4 մատուցող: Մաշտոցի թիվ 31 հասցեում գործող հանրային սննդի կետը գործում է 150 քմ տարածքում, իսկ Անդրանիկի թիվ 52 հասցեում էլ գործունեություն է իրականացվում 100 քմ տարածքում: Տարածքները վերցրել է վարձով` Անդրանիկի թիվ 52 հասցեի համար վճարելով 30.000 ՀՀ դրամ, իսկ Մաշտոցի 31 հասցեի համար` 50.000 ՀՀ դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 27-28).

4) Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի նախագծի վերաբերյալ 18.11.2014 թվականի առարկության համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը հայտնել է Տեսչության պետին, որ Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեում իր կողմից օգտագործվող մակերեսը կազմում է 20 քմ, իսկ Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 հասցեում` 58 քմ (հատոր 1-ին, գ.թ. 76).

5) Անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից հարկային մարմնին ներկայացված` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարություններում առկա են հետևյալ տեղեկությունները.

ա) Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեում 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար ելակետային տվյալի մեծությունը կազմել է 20 քմ,

բ) Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 հասցեում 2014 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար ելակետային տվյալի մեծությունը կազմել է համապատասխանաբար 68,5 քմ և 58 քմ (հատոր 1-ին, գ.թ. 33-37).

6) Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ կատարված ստուգման արդյունքում պարզվել է հետևյալը.

ա) Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին կետի և 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները: Այսպես, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի գրավոր հայտարարությունը և համեմատելով այն եկամտային հարկի հաշվարկի հետ, պարզվել է, որ վերջինիս մոտ թվով 15 վարձու աշխատող ձևակերպված չէին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված իրավախախտման համար «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից ենթակա է վճարման 9.000.000 (15 x 600.000) ՀՀ դրամ եկամտային հարկ:

բ) Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետով արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի գրավոր հայտարարության համաձայն` վերջինս Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 և Անդրանիկի թիվ 52 հասցեներում իրականացնում է հանրային սննդի գործունեություն` համապատասխանաբար 150 քմ և 100 քմ մակերեսներով սպասարկման սրահներում: Սակայն Մաշտոցի թիվ 31 հասցեի համար անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին 2014 թվականի հոկտեմբեր ամսվա հայտարարության մեջ ներկայացվել է 68,5 քմ մակերես, իսկ նոյեմբեր ամսվա հայտարարության մեջ` 58 քմ մակերես, այսինքն` Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 հասցեի մակերեսը պակաս է ներկայացվել համապատասխանաբար 81,5 քմ-ով և 92 քմ-ով: Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեի համար անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հայտարարության մեջ ներկայացվել է 20 քմ մակերես, այսինքն` Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեի մակերեսը 3 ամսվա համար պակաս է ներկայացվել 80 քմ-ով: Նշված իրավախախտման համար «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածների ուժով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի նկատմամբ առաջադրվել է լրացուցիչ պարտավորություն` 1.192.720 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 6-8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման իրավական նախադրյալների և առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտը կարող է արդյո՞ք իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ լիազոր մարմնի կողմից նշված փաստն արձանագրելիս ՀՀ կառավարության սահմանած կարգը չի պահպանվել, սակայն տնտեսավարող սուբյեկտը վարչական վարույթի ընթացքում ընդունել է չգրանցված աշխատողներ ունենալու հանգամանքը,

2) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի ելակետային տվյալները կարող են արդյո՞ք արձանագրվել տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենքով նախատեսված ստուգման շրջանակներում տրված բացատրության մեջ առկա հստակ և աներկբա տեղեկությունների միջոցով:

 

4.1. Քննելով Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:

i

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (...) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, (...) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակտում նշվում են` (...) (9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, (10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման համար օրենսդիրը նախատեսել է հետևյալ հիմքերը. (1) գրավոր աշխատանքային պայմանագիր կամ (2) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ: Ընդ որում, աշխատանքային հարաբերությունների ծագման վերոգրյալ հիմքերի միաժամանակյա բացակայության դեպքում իրականացվող աշխատանքը համարվում է անօրինական:

Փաստորեն, օրենսդրի տեսանկյունից` առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի իրականացվող աշխատանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում որակվում է որպես անօրինական աշխատանք, որը գործատուի համար առաջացնում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անբարենպաստ հետևանքները: Այսպես, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավական նորմի բովանդակային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստի առկայության դեպքում գործատուն պարտավոր է յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկել և վճարել եկամտային հարկ, որի չափը պայմանավորված է չձևակերպված վարձու աշխատողների քանակով: Ընդ որում, գործատուի համար նշված անբարենպաստ հետևանքը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե իրավասու մարմինը տվյալ գործատուի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրել է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը, 25.07.2013 թվականի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու մասին» թիվ 1259-Ն որոշման 1-ին կետով սահմանել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը (այսուհետ` Կարգ)` համաձայն թիվ 1 հավելվածի, և աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

Կարգի 2-րդ կետի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև հարկային մարմնի կամ լիազորված այլ մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների (նույն կարգի իմաստով` ստուգում) շրջանակներում: Նույն կարգի իմաստով` աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:

ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստը հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից կարող է արձանագրվել է տվյալ գործատուի` որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ իրականացվող օրենքով նախատեսված հետևյալ ընթացակարգերի միջոցով.

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում,

2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգում,

3) առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգում,

4) օպերատիվ հետախուզական միջոցառում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով նախատեսված նշված ընթացակարգերի շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի խնդիրը, inter alia, տվյալ գործատուի` որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ աշխատանք կատարող այնպիսի անձանց բացահայտումն է, որոնց վերաբերյալ առկա չէ աշխատանքի ընդունման մասին գրավոր պայմանագիր կամ անհատական իրավական ակտ: Նշված փաստի բացահայտումը հիմք է հանդիսանում գործատուի նկատմամբ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված անբարենպաստ հետևանքների կիրառման համար: Սակայն ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ ոչ միայն սահմանված են աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստի արձանագրմանն ուղղված միջոցառումները և այդ միջոցառումների շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից բացահայտման ենթակա փաստերի էությունը, այլ նաև մանրամասն շարադրված են այն ընթացակարգային կանոնները, որոնք պետք է հաջորդաբար կատարվեն իրավասու մարմնի կողմից իր առջև դրված խնդիրը պատշաճ կերպով լուծելու համար:

Այսպես, Կարգի 4-րդ կետի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետևյալ գործողությունները`

1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող (...) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.

2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող (...) այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր (...).

3) փաստաթղթերի ուսումնասիրությամբ, գործատուից գրավոր բացատրություններ վերցնելով` պարզում են նույն կետի 2-րդ ենթակետով կազմված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.

4) նույն կետի 2-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու նրանց իրավունքների մասին և, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (...), որտեղ նշվում են` հայտարարություն տվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը, տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը.

5) նույն կետի 4-րդ ենթակետով ներկայացված հայտարարությունն ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստի վերաբերյալ կազմվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված արձանագրության (...) անբաժանելի մասն է:

Կարգի 5-րդ մասի համաձայն` արձանագրության մեջ պարտադիր նշվում են նույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում ընդգրկված անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը (...):

Կարգի 6-րդ կետի համաձայն` արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:

Փաստորեն, այս կամ այն տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելիս իրավասու մարմնի պաշտոնատար անձինք պետք է հաջորդաբար իրականացնեն Կարգի 4-րդ կետում նկարագրված քայլերը: Այնուհետև իրավասու մարմնի պաշտոնատար անձանց կողմից պետք է կազմվի ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձևի արձանագրություն, որում պետք է նշվեն, inter alia, փաստացի աշխատանք կատարած անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները), նրանց կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը), իսկ փաստացի աշխատանք կատարած անձանցից հայտարարություններ վերցված լինելու դեպքում այդ հայտարարությունները պետք է կցվեն նշված արձանագրությանը: Եթե աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրվել է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում, ապա նշված արձանագրությունը պետք է կցվի ստուգման ակտին` որպես դրա անբաժանելի մաս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրելու օրենսդրական պահանջը հետապնդում է գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ու բոլոր հանգամանքների բացահայտումն ապահովելու նպատակ, որը հետագայում, մասնավորապես` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի վիճարկման դեպքում հնարավորություն կտա պարզելու այդ վարչական ակտի իրավաչափությունը: Հետևաբար աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի վիճարկման դեպքում վարչական դատարանը պետք է նախևառաջ պարզի այն հարցը, թե տվյալ վարչական ակտը կայացրած իրավասու մարմինը պահպանել է արդյոք ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգի պահանջները, թե` ոչ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ վարչական ակտը հիմնավորելու` վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ. այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով ստուգման ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջների իրավական վերլուծությանը` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ այդ իրավադրույթների ուժով ստուգման ակտը պետք է ամբողջական և հստակ տեղեկություններ պարունակի ստուգմամբ բացահայտված խախտումների նկարագրության, խախտված իրավական նորմերի և պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերի վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստուգման ակտի բովանդակությանն ուղղված նշված օրենսդրական պահանջների պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի պարզել տվյալ ստուգման ակտի իրավաչափության հարցը (տե՛ս, «Արթիկի «Ստեկլոմաշ»» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ5/0519/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վարչական ակտերի հիմնավորվածության պահանջի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտը (մասնավորապես` ստուգման ակտը) պետք է պարունակի հիմնավորում, inter alia, աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրված լինելու վերաբերյալ, քանի որ նշվածն այն էական փաստական և իրավաբանական հանգամանքներից մեկն է, որը հիմք է հանդիսանում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ կատարված ստուգման արդյունքում Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետով արձանագրվել է թվով 15 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստ: Նշված իրավախախտման համար «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի նկատմամբ եկամտային հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 9.000.000 (15 x 600.000) ՀՀ դրամի չափով:

Ըստ ստուգման ակտի` նշված փաստն արձանագրելու համար հիմք է ընդունվել անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի գրավոր հայտարարության և եկամտային հարկի հաշվարկի համեմատությունը: Այսպես, անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի գրավոր հայտարարությամբ վերջինս, ըստ էության, ընդունել է, որ իր կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացման երկու վայրերում` Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 և Մաշտոցի թիվ 31 հասցեներում, աշխատում են թվով 14 անձինք, որոնցից բացի 07.11.2014 թվականին Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 հասցեում միջոցառում ունենալու կապակցությամբ ևս 4 անձինք ոչ իր հրավերով ժամանակավոր կերպով աշխատել են որպես մատուցողներ: Փաստորեն, Տեսչությունը հիմք է ընդունել անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայտարարության մեջ նշված տվյալն այն մասին, որ վերջինիս մոտ աշխատանք կատարող անձանց թիվը 18 (14+4) է: Նշված տվյալը համադրելով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից ներկայացված եկամտային հարկի հաշվարկում առկա այն տեղեկության հետ, որ վերջինս ունի ընդամենը 3 աշխատող, Տեսչությունը գտել է, որ անհատ ձեռնարկատիրոջ մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված աշխատողների թիվը հավասար է 15-ի (18-3):

Դատարանը, մասնակիորեն բավարարելով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայցը, Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետն անվավեր է ճանաչել միայն թվով 4 չգրանցված աշխատողի (2.400.000 ՀՀ դրամի) մասով: Դատարանը գտել է, որ թեև Տեսչությունն աշխատողների աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստի արձանագրումը չի կատարել ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, սակայն անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից առանց ձևակերպման աշխատողների առկայությունն ընդունվելն արդեն բավարար է այդ փաստը հաստատված համարելու համար: Միևնույն ժամանակ Դատարանը նշել է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայտարարությամբ նշված թվով 4 մատուցողները, որոնք հրավիրվել են այլ անձի կողմից, անհատ ձեռնարկատիրոջ հետ աշխատանքային հարաբերություններ չեն ունեցել, հետևաբար նրանց կատարած աշխատանքը չի կարող համարվել անօրինական:

Վերաքննիչ դատարանը մերժել է Տեսչության և Մարտին Զարոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում վարչական մարմինը չի ապացուցել այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ իրականացված աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգման շրջանակներում բացահայտված թվով 15 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստն արձանագրվել է ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված կարգով: Այսպես, սույն գործով բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Տեսչության պաշտոնատար անձինք ստուգման ընթացքում հաջորդաբար կատարել են Կարգի 4-րդ կետում նկարագրված գործողությունները, կազմել են ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձևի արձանագրություն և այն կցել ստուգման ակտին: Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելիս Տեսչության պաշտոնատար անձինք թույլ են տվել, inter alia, հետևյալ ընթացակարգային խախտումները.

1) գործատուից չեն պահանջվել աշխատանք կատարած անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը կամ գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը,

2) չի կազմվել ստուգման պահին աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր,

3) չի պարզվել աշխատանք կատարած անձանց ցանկում ներառված անձանց կողմից իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը,

4) քայլեր չեն ձեռնարկվել անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատանք կատարած անձանց համաձայնությամբ նրանցից համապատասխան հայտարարություն վերցնելու ուղղությամբ,

5) չի կազմվել ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձևի արձանագրություն և այն չի կցվել ստուգման ակտին` որպես դրա անբաժանելի մաս:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ իրականացված աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգման շրջանակներում բացահայտված թվով 15 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստը Տեսչության կողմից չի արձանագրվել ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ինչն իրավացիորեն հաստատված է համարել նաև Դատարանը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ իրականացված աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգման շրջանակներում բացահայտված թվով 15 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված կարգով արձանագրված չլինելու պայմաններում անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից տրված հայտարարությամբ որոշակի քանակությամբ չգրանցված աշխատողներ ունենալու փաստի ընդունումը տվյալ դեպքում չի կարող հիմք հանդիսանալ Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետն իրավաչափ դիտելու համար: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում արտացոլված օրենսդրական այն պարտադիր պահանջը, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստը պետք է անպայմանորեն արձանագրվի ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Հակառակ պարագայում, այսինքն` երբ քննարկվող փաստը չի արձանագրվում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ապա տվյալ տնտեսավարող սուբյեկտին աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտն ամեն դեպքում ոչ իրավաչափ է` անկախ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ տնտեսավարող սուբյեկտն ընդունել է իր մոտ չգրանցված աշխատողներ ունենալու փաստը, թե` ոչ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետը նշում չի պարունակում այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի նկատմամբ եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու վերաբերյալ համապատասխան որոշումը, քանի որ ստուգման ակտը չի պարունակում հիմնավորում աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրված լինելու վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետն ընդունվել է օրենքի, մասնավորապես` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի և դրա հիման վրա ընդունված` ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերի, խախտմամբ և ենթակա էր ամբողջությամբ անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

 

4.2.1. Քննելով ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքն առաջին հիմքով` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի առաջին հիմքով առաջ քաշված հիմնավորումները հակասում են անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման առանձնահատկությունների և իրավական նախադրյալների վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է:

 

4.2.2. Քննելով ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը և վճարման կարգը:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտոնագրային վճարը նույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում նույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին (...) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` նույն օրենքի անբաժանելի մասը կազմող թիվ 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները համարվում են արտոնագրային վճար վճարողներ (...): Նույն օրենքի թիվ 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի հարկման օբյեկտները, արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը և ժամկետները սահմանվում են նույն օրենքի անբաժանելի մասը կազմող թիվ 8 հավելվածով:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն օրենքի անբաժանելի մաս համարվող թիվ 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու (...) դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք` պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով (...):

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 7 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներից մեկը հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունն է:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 7 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` նույն հավելվածի իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն`(...) հանրային սննդի ոլորտում իրականացվող (...) գործունեության մասով արտոնագրային վճարի մեկամսյա չափը որոշվում է ելակետային տվյալին համապատասխանող մեկամսյա դրույքաչափով, իսկ նույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` մեկամսյա դրույքաչափի և գործակիցների արտադրյալով:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը` արտահայտված քառակուսի մետրով:

Վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորելով արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանել է, որ արտոնագրային վճարն օրենքով նախատեսված որոշակի գործունեություն իրականացնող անձանց կողմից պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է, որը ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, համար փոխարինում է ավելացված արժեքի հարկին: Նշված օրենքում օրենսդիրը սպառիչ կերպով թվարկել է գործունեության այն տեսակները, որոնք իրականացնող սուբյեկտները համարվում են արտոնագրային վճար վճարողներ: Այսպես, ի թիվս այլնի, արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է հանդիսանում նաև հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, որն օրենսդրի կողմից բնորոշվում է որպես խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպում:

Օրենսդիրը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանել է նաև այս կամ այն գործունեության տեսակով զբաղվելու համար վճարման ենթակա արտոնագրային վճարի չափը որոշելու կարգը: Այսպես, օրինակ` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի մեկամսյա չափը որոշվում է ելակետային տվյալին համապատասխանող մեկամսյա դրույքաչափով (կամ գործակից սահմանված լինելու դեպքում` մեկամսյա դրույքաչափի և գործակիցների արտադրյալով): Ընդ որում, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի մեկամսյա չափը որոշելու համար որպես ելակետային տվյալ հիմք է ընդունվում հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրով, այսինքն`

1) պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը,

2) իսկ բացօթյա վայրերում` հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր տարածքը:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրը նախատեսել է արտոնագրային վճար վճարողի պատասխանատվությունն այն դեպքի համար, երբ արտոնագրային վճարով հարկվող գործունեության իրականացման վայրի արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը պակաս է, քան հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունը. այդ իրավախախտման համար արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք` պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի մոտ կատարված ստուգման արդյունքում Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետով արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման երկու տարբեր վայրերի համար արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը պակաս է, քան հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունը: Նշված իրավախախտման համար «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածների ուժով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի նկատմամբ առաջադրվել է լրացուցիչ պարտավորություն` 1.192.720 ՀՀ դրամի չափով:

Ըստ ստուգման ակտի` նշված փաստն արձանագրելու համար հիմք է ընդունվել անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից ստուգման ընթացքում տրված գրավոր հայտարարության և արտոնագրային վճար վճարող համարվելու մասին 2014 թվականի տարբեր ամիսների հայտարարությունների համեմատությունը: Այսպես, անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից ստուգման ընթացքում տրված գրավոր հայտարարությամբ վերջինս նշել է, որ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 և Անդրանիկի թիվ 52 հասցեներում` համապատասխանաբար 150 քմ և 100 քմ մակերեսներով սպասարկման սրահներում: Սակայն Մաշտոցի թիվ 31 հասցեի համար անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին 2014 թվականի հոկտեմբեր ամսվա հայտարարության մեջ ներկայացվել է 68,5 քմ մակերես, իսկ նոյեմբեր ամսվա հայտարարության մեջ` 58 քմ մակերես, այսինքն` Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 հասցեի մակերեսը պակաս է ներկայացվել համապատասխանաբար 81,5 քմ-ով (150-68,5) և 92 քմ-ով (150-58): Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեի համար անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հայտարարության մեջ ներկայացվել է 20 քմ մակերես, այսինքն` Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեի մակերեսը 3 ամսվա համար պակաս է ներկայացվել 80 քմ-ով (100-20):

Դատարանը Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետը ճանաչել է անվավեր` պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտի 3-րդ կետն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 37-րդ հոդվածների խախտմամբ, քանի որ վարչական մարմինն անհիմն կերպով հիմք է ընդունել անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից ստուգման ընթացքում տրված գրավոր հայտարարությունը և չի հերքել ստուգման ակտի նախագծի առարկությամբ ներկայացված տեղեկություններն այն մասին, որ Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 52 հասցեում փաստացի օգտագործվող տարածքի մակերեսը կազմում է միայն 20 քմ, Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 հասցեում` 58 քմ:

Վերաքննիչ դատարանը մերժել է Տեսչության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` վերահաստատելով Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետն անվավեր ճանաչելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն ներկայացնել բացատրություններ (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները (...):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական վարույթի, այդ թվում նաև` օրենքով նախատեսված ստուգումների, ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից տրված բացատրությունները հանդիսանում են ապացույցներ և կարող են դրվել այդ վարչական վարույթի արդյունքում կայացվելիք վարչական ակտի հիմքում, եթե տվյալ հարաբերությունները կարգավորող հատուկ օրենսդրությամբ որևէ այլ ընթացակարգ նախատեսված չէ:

Տվյալ դեպքում վարչական վարույթի ընթացքում, մասնավորապես` օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգումը փաստացի սկսելու օրը, այն է` 07.11.2014 թվականին, անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը գրավոր բացատրություն է տվել այն մասին, որ «(...) Մաշտոցի թիվ 31 հասցեում գործող հանրային սննդի կետը գործում է 150 քմ տարածքում, իսկ Անդրանիկի թիվ 52 հասցեում էլ գործունեություն է իրականացվում 100 քմ տարածքում (...)»: Փաստորեն, նշված բացատրությամբ (հայտարարությամբ) անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը հստակ և աներկբա կերպով վարչական մարմնին հայտնել է Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 31 և Անդրանիկի թիվ 52 հասցեներում հանրային սննդի ոլորտում իր կողմից իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի մեկամսյա չափը որոշելու համար հիմք հանդիսացող ելակետային տվյալները, այսինքն` նշված հասցեներում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքների մակերեսները: Հիմք ընդունելով հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսների վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից տրված բացատրության (հայտարարության) մեջ նշված առերևույթ կասկած չհարուցող տվյալները` ստուգում իրականացնող վարչական մարմինն արձանագրել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտոնագրային վճարով հարկվող գործունեության իրականացման վայրերի համար արտոնագրային վճարի մեկամսյա չափը որոշելու համար հիմք հանդիսացող` ի սկզբանե հարկային մարմին ներկայացված ելակետային տվյալների մեծությունը պակաս է, քան ստուգման արդյունքում հարկային մարմնի կողմից պարզված ելակետային տվյալների մեծությունը: Ինչ վերաբերում է ստուգման ակտի նախագծի վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից հետագայում ներկայացված առարկությանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն չի կարող նսեմացնել անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից 07.11.2014 թվականին տրված գրավոր բացատրության (հայտարարության) ապացուցողական նշանակությունը կամ հիմք հանդիսանալ նշված բացատրությամբ ներկայացված տեղեկությունները ոչ արժանահավատ դիտարկելու համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանին «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի խախտումը վերագրվել է իրավաչափորեն, և այդ մասով վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու իրավական հիմքերը բացակայել են, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է, և անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայցը` Տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ենթակա էր մերժման, ինչը հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն գործով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքի հիմքի և ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի հատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերը նրանց միջև:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման: Հետևաբար, անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ ֆինանսների նախարարությունն իր վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Հետևաբար, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի կողմից, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը ևս ենթակա է բավարարման (մասնակիորեն):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքի բավարարման և ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի մասնակի բավարարման պայմաններում հայցվորի պահանջը բավարարվում է մասամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանին և ՀՀ ֆինանսների նախարարությանն անհրաժեշտ է հաշվանցման եղանակով փոխադարձաբար ազատել վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար դատական ծախսերի հատուցումից: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի հատուցման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.12.2015 թվականի որոշման` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետը` թվով 11 չգրանցված աշխատողի համար 6.600.000 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու մասով, անվավեր ճանաչելու հայցապահանջը մերժելու մասով ՀՀ վարչական դատարանի 03.07.2015 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և այդ մասով փոփոխել այն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայցը` նշված պահանջի մասով, բավարարել. ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 1-ին կետը` թվով 11 չգրանցված աշխատողի համար 6.600.000 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու մասով, ճանաչել անվավեր:

ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.12.2015 թվականի որոշման` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետն անվավեր ճանաչելու հայցապահանջը բավարարելու մասով ՀՀ վարչական դատարանի 03.07.2015 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և այդ մասով փոփոխել այն` անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանի հայցը` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության 20.11.2014 թվականի թիվ 6100287 ակտի 3-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել: Մնացած մասով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.12.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար դատական ծախսերի հարցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ՎԴ/6872/05/14
Որոշում