Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
 ՎԴ/7107/05/14
2017թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7107/05/14
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
                  Դատավորներ`   Ա. Աբովյան
                                                  Ա. Բաբայան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.09.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սարգիս Խաչատրյանի ընդդեմ Կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 14.10.2014 թվականի թիվ 2050 և 27.10.2014 թվականի թիվ 028680 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սարգիս Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 և 27.10.2014 թվականի թիվ 028680 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2016 թվականի որոշմամբ Տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչությամբ:

Վերաքննիչ դատարանի 14.09.2016 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.12.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սարգիս Խաչատրյանի կողմից 04.03.2011 թվականին օտարվել է «MERCEDES-BENZ C 220» մակնիշի, իսկ 07.12.2011 թվականին` «BMW 525 TDS» մակնիշի ավտոմեքենաները: Փաստորեն, «BMW 525 TDS» մակնիշի ավտոմեքենայի օտարման գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, քանի որ այդ գործարքով օտարված գույքը ձեռք է բերվել 02.06.2011 թվականին, այսինքն` մեկ օրացուցային տարում երկրորդ նույն տեսակի գույքի օտարումը կատարվել է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել նույն օրենքի 36-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընթացակարգային պահանջների պահպանմամբ: Այսպես, Սարգիս Խաչատրյանը չի ծանուցվել նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման վերաբերյալ, քանի որ այդ վարչական վարույթի տևողությունը չի գերազանցել օրենքով սահմանված եռօրյա ժամկետը: Բացի այդ, Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշումը կայացվել է դրա ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գործի` բավարար չափով պարզաբանված և ճշգրտված հանգամանքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ Սարգիս Խաչատրյանը տեղյակ է եղել իր մոտ ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորության առկայության մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.09.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սարգիս Խաչատրյանը 04.03.2011 թվականին օտարել է «MERCEDES-BENZ C220» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 09.11.2010 թվականին, իսկ 07.12.2011 թվականին` «BMW 525 TDS» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 02.06.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 16, 67).

2) Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի անձնական հաշվի քարտի համաձայն` ավելացված արժեքի հարկի գծով 2011 թվականի համար Սարգիս Խաչատրյանի հարկային պարտավորությունը կազմում է 849.336 ՀՀ դրամ, որից 333.400 ՀՀ դրամ` ապառք, 333.400 ՀՀ դրամ` տուգանք և 182.536 ՀՀ դրամ` տույժ (հատոր 1-ին, գ.թ. 18, 21).

3) Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշման համաձայն` Սարգիս Խաչատրյանից գանձվել է 849.336 ՀՀ դրամ` որպես ավելացված արժեքի հարկի գծով 14.10.2014 թվականի դրությամբ վերջինիս ունեցած հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 3).

4) Տեսչության «Հարկ վճարողի գույքի (այդ թվում դրամական միջոցների և բանկային հաշիվների) վրա արգելանք դնելու մասին» 27.10.2014 թվականի թիվ 028680 որոշմամբ 849.336 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Սարգիս Խաչատրյանի գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 62):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` սույն գործով վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարման գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ապրանքի մատակարարում որակելու իրավական հիմքերի և առանձնահատկությունների, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցելու և վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու միջոցով մարդու` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքների բաղադրատարր հանդիսացող լսված լինելու իրավունքի կենսագործման կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- մեկ օրացուցային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից առաջին գործարքով օտարված գույքի ձեռքբերման պահը կարող է արդյո՞ք նշանակություն ունենալ նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարումներն ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք որակելու համար,

- արդյո՞ք վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի տևողությունը եռօրյա ժամկետը չգերազանցելն ինքնին իրավաչափ հիմք է հանդիսանում այդ վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու համար:

1) Քննելով վճռաբեկ բողոքն առաջին հիմքով` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (...) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և նույն օրենքի 6-րդ հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով: (...) Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում (...):

Վճռաբեկ դատարանն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթների վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ավելացված արժեքի հարկի` որպես անուղղակի հարկի հարկվող օբյեկտն ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց կողմից իրականացվող օրենքով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքն է (շրջանառությունը): Որպես կանոն` ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտը ձեռնարկատիրական գործունեություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) իրականացրած գործարքներն են: Սակայն, բացի վերը նշված անձանց կողմից իրականացրած գործարքների, օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մի շարք գործարքներ որոշակի պայմանների առկայության դեպքում ևս «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով դիտարկվում են որպես ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ: Նշված գործարքներից են, մասնավորապես, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերությամբ սահմանված գործարքները, որոնք վերաբերում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված որոշակի կատեգորիայի գույքի երկրորդ և ավելի թվով օտարմանը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարման գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ապրանքի մատակարարում որակելու իրավական հիմքերի և առանձնահատկությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով 26.12.2016 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ընդհանրացված կերպով հանգում են հետևյալին.

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մեկից ավելի անգամ օտարել է որոշակի կատեգորիայի գույք` բնակարան, առանձնատուն, անձնական օգտագործման ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողեր, ավտոտնակ,

2) թե՛ առաջին, թե՛ հաջորդող գործարքներով տեղի է ունեցել անձի սեփականությունը հանդիսացող գույքի օտարում,

3) թե՛ առաջին, թե՛ հաջորդող օտարումները կատարվել են որևէ ձևով հատուցման դիմաց, այսինքն` օտարողը ստացել է կամ պետք է ստանա վճար կամ այլ հանդիպական կատարում գույքի օտարման դիմաց,

4) գործարքով օտարվել է այնպիսի տեսակի գույք, որպիսի տեսակի գույք նախկինում մեկ օրացուցային տարվա ընթացքում արդեն օտարվել է նույն անձի կողմից (այսուհետև` նույն տեսակի գույք),

5) նույն տեսակի գույքի օտարման թե՛ առաջին, թե՛ երկրորդ և հաջորդող գործարքներն իրականացվել են միևնույն թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում,

6) երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարման գործարքով օտարվել է գույք, որը ձեռք է բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե գործարքը բավարարում է վերը նշված բոլոր պայմաններին, ապա այն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, իսկ եթե նշված պայմաններից որևէ մեկը բացակայում է, ապա գործարքը չի կարող համարվել ապրանքի մատակարարում:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված` գույքի օտարման երկրորդ կամ հաջորդող գործարքն ապրանքի մատակարարում համարելու տեսանկյունից էական է, որ տվյալ գործարքով մեկ օրացուցային տարում թվով երկրորդ կամ հաջորդող անգամ օտարվի այնպիսի գույք, որը ձեռք է բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում, իսկ նույն օրացուցային տարվա ընթացքում առաջին գործարքով օտարված գույքը ֆիզիկական անձի կողմից ձեռք բերելու ժամանակահատվածը որևէ նշանակություն չունի նույն օրացուցային տարվա ընթացքում հետագայում նույն տեսակի գույքն օտարելու գործարքն ապրանքի մատակարարում որակելու համար: Այլ կերպ ասած` գործարքն ապրանքի մատակարարում համարելու համար էական է ոչ թե դրան նախորդող գործարքներով օտարված նույն տեսակի գույքի ձեռքբերման, այլ հենց տվյալ գործարքով օտարվող գույքի ձեռքբերման ժամանակահատվածը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է օրենսդրի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերությունում առկա «եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում» արտահայտության տառացի մեկնաբանությունից, որում օրենսդիրն օգտագործել է «տվյալ գույքի» արտահայտությունը` նկատի ունենալով քննարկվող գործարքով օտարվող գույքը, այլ ոչ թե նույն օրացուցային տարվա ընթացքում նախկինում օտարված գույքը: Այսպիսով, մեկ օրացուցային տարվա ընթացքում երկրորդ և հաջորդող նույն տեսակի գույքի օտարման գործարքն ապրանքի մատակարարում որակելու համար այդ գույքի ձեռքբերման և օտարման գործարքների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ տարին` անկախ այն հանգամանքից, թե երբ է ձեռք բերվել տվյալ օրացուցային տարում առաջինն օտարված գույքը (տե՛ս, Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով` Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշմամբ Սարգիս Խաչատրյանից գանձվել է 849.336 ՀՀ դրամ` որպես ավելացված արժեքի հարկի գծով 14.10.2014 թվականի դրությամբ վերջինիս ունեցած հարկային պարտավորություն: Այսպես, ըստ Տեսչության, Սարգիս Խաչատրյանը մեկ օրացուցային տարվա ընթացքում` 2011 թվականին, օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող երկու նույն տեսակի գույք (անձնական օգտագործման ավտոմեքենա). 04.03.2011 թվականին` «MERCEDES-BENZ C220» մակնիշի ավտոմեքենա, իսկ 07.12.2011 թվականին` «BMW 525 TDS» մակնիշի ավտոմեքենա: Ընդ որում, վերջին գործարքով օտարված «BMW 525 TDS» մակնիշի ավտոմեքենան Սարգիս Խաչատրյանը ձեռք է բերել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում` 02.06.2011 թվականին: Հետևաբար Տեսչությունը գտել է, որ Սարգիս Խաչատրյանի կողմից 07.12.2011 թվականին կնքված «BMW 525 TDS» մակնիշի ավտոմեքենայի օտարման գործարքն (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, այսինքն` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք:

Սույն գործով վիճարկվող մյուս վարչական ակտով` Տեսչության 27.10.2014 թվականի թիվ 028680 որոշմամբ, վերոգրյալ վարչական ակտով գանձման ենթակա 849.336 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Սարգիս Խաչատրյանի գույքի վրա:

Դատարանը բավարարել է Սարգիս Խաչատրյանի հայցը և անվավեր է ճանաչել սույն գործով վիճարկվող վարչական ակտերը` գտնելով, որ Սարգիս Խաչատրյանի կողմից կնքված օտարման գործարքները չեն կարող գնահատվել որպես ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ և դրանց նկատմամբ չեն կարող հաշվարկվել հարկային պարտավորություններ, քանի որ մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացվել է երկու ավտոմեքենաների օտարում, սակայն այդ ավտոմեքենաները ձեռք են բերվել տարբեր ժամանակաշրջաններում:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Սարգիս Խաչատրյանի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում` 2011 թվականին, նույն տեսակի գույքի (անձնական օգտագործման ավտոմեքենա) օտարման երկրորդ գործարքը` 07.12.2011 թվականին «BMW 525 TDS» մակնիշի ավտոմեքենայի օտարումը, ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքի մատակարարում որակելու համար որևէ էական նշանակություն չունի այն հանգամանքը, թե երբ է ձեռք բերվել նույն տարվա ընթացքում Սարգիս Խաչատրյանի կողմից կնքված առաջին գործարքով օտարված «MERCEDES-BENZ C220» մակնիշի ավտոմեքենան, քանի որ գործարքն ապրանքի մատակարարում համարելու համար էական է ոչ թե դրան նախորդող գործարքներով օտարված նույն տեսակի գույքի ձեռքբերման, այլ հենց տվյալ գործարքով օտարվող գույքի ձեռքբերման պահը, ինչը հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է.Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նյութական իրավունքի նորմի խախտում` սխալ մեկնաբանելով այն: Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ դատական սխալը չի կարող ազդել սույն գործի ելքի վրա` ստորև ներկայացվող պատճառաբանություններով:

2) Քննելով վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, Ilhan v. Turkey (22277/93) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված մարդու` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ներառում է նաև վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը, որի ապահովման պարտականությունն օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով դրել է վարույթն իրականացնող վարչական մարմնի վրա: Իսկ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը բարձրացվել է սահմանադրական մակարդակի. 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որպես պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր, ամրագրված է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն` ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի` թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:

i

Այսպես, նախևառաջ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքից որոշ բացառություններ: Ընդ որում նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է լսումներ չանցկացնելու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն ունի հայեցողական լիազորություն ընտրելու լսումներ անցկացնելու կամ չանցկացնելու երկու իրավաչափ լուծումներից մեկը: Վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու հայեցողական հիմքերն են.

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն,

բ) վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած դիմումն ակնհայտ անհիմն է,

գ) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բանավոր վարչական ակտ:

Մինչդեռ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է լսումներ չանցկացնելու իմպերատիվ հիմքերը, որոնք են`

ա) անհրաժեշտություն է առաջացել անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման,

բ) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է այլ ձևի վարչական ակտ:

i

Ընդ որում, լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում ամրագրված իմպերատիվ հիմքը համահունչ է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված այն իրավակարգավորման հետ, որ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու վերոգրյալ դեպքերը սպառիչ չեն, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ օրենքով կարող են նախատեսվել լսումներ չանցկացնելու հայեցողական և իմպերատիվ այլ հիմքեր:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերից մեկը վարչական վարույթ հարուցելու մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականության պատշաճ կատարումն է, որը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ամրագրված վարչական վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ իրավակարգավորումների միջոցով և նպատակ է հետապնդում վարույթի մասնակիցներին իրազեկելու այն մասին, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է և իրականացվելու է վարչական վարույթ: Նշված հոդվածով նախատեսված իրավական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցման հետ կապված վարչական մարմնի հետևյալ պարտականությունները.

1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

3) վարույթի մասնակիցներին վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարևորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որևէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որևէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է: Այսինքն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարչական մարմինը պարտավոր է վարույթ հարուցելու մասին պատշաճ ձևով ծանուցել վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է: Այլ կերպ ասած` վարչական մարմինը չունի սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու պարտականություն միայն այն դեպքում, երբ վարչական ակտն ընդունվելու է վարչական վարույթի հարուցումից հետո երեք օրվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից պակաս լինելու դեպքում վարչական մարմնի` վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու պարտականություն չունենալու օրենսդրական կարգավորումը համահունչ է վարչարարության համաչափության և տնտեսավարության սկզբունքներին և նպատակ է հետապնդում վարչարարությունն իրականացնել վարչական մարմնի տիրապետման ներքո գտնվող միջոցների չափավոր և արդյունավետ օգտագործմամբ: Այսինքն` օրենսդրի տեսանկյունից, եթե վարչական վարույթի հարուցման և եզրափակիչ փուլերի միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում երեք օրը, ապա վարչական վարույթի մասնակիցներին վարչական վարույթի հարուցման մասին առանձին ծանուցելու անհրաժեշտությունը բացակայում է. նրանք պետք է ծանուցվեն միայն լսումների անցկացման ժամանակի և վայրի մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս, Ivanov and others v. Bulgaria (46336/99) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2005 թվականի վճիռը, կետ 70): Հետևաբար, վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ` լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը: Թեև վարչական վարույթի մասնակիցներին վարույթի մասին ծանուցելը և վարույթի մասնակիցներին քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն տալը` լսելը, կատարվում են վարչական վարույթի երկու տարբեր փուլերում և նախատեսված են վարչական վարույթի հարուցման ու ընթացիկ փուլերը կարգավորող իրավական նորմերով, սակայն նշված ընթացակարգային գործողությունները հետապնդում են մեկ միասնական նպատակ, որը հանգում է մարդու` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքների իրացման երաշխավորմանը:

Այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման մասին ծանուցելու և այդ վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու իրավական հիմքերը տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին չծանուցելու իրավական հիմքի` վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից պակաս լինելու, առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը սահմանափակելու և առանց ընթացիկ փուլում լսումների իրականացման միջամտող վարչական ակտ ընդունելու համար, եթե բացակայում են լսումներ չանցկացնելու կամ վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող` Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ: Մինչդեռ սույն գործով վարչական մարմինը չի ներկայացրել որևէ ապացույց այդ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջը` Սարգիս Խաչատրյանին, դրա հարուցման մասին ծանուցելու և վարչական վարույթի ընթացքում լսումներ իրականացնելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշումն անվավեր է ճանաչել նաև այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում թույլ տրված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջների խախտման հիմքով, որը հանգեցրել է Սարգիս Խաչատրյանի լսված լինելու իրավունքի սահմանափակման: Դատարանն իր վճռում, մասնավորապես, նշել է, որ Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշումն ընդունվել է առանց դրա հասցեատիրոջը` Սարգիս Խաչատրյանին, հարուցված վարչական վարույթի մասին ծանուցելու: Մինչդեռ, ըստ Դատարանի, տվյալ դեպքում բացակայել են ինչպես վարչական վարույթի հարուցման մասին Սարգիս Խաչատրյանին չծանուցելու, այնպես էլ վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով անցկացնելու և լսումներ չանցկացնելու օրենքով նախատեսված հիմքերը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` հիմնավոր համարելով Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին Սարգիս Խաչատրյանին ծանուցելու, այդ վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու և վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու օրենքով նախատեսված հիմքերի բացակայության վերաբերյալ Դատարանի արտահայտած դիրքորոշումը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների վերոգրյալ պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը խախտել է այդ վարչական ակտի հասցեատիրոջ` Սարգիս Խաչատրյանի լսված լինելու իրավունքը:

Այսպես, Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ Սարգիս Խաչատրյանը պետք է ծանուցվեր Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին, քանի որ սույն գործով չի հաստատվել, որ այդ վարչական վարույթի տևողությունը չի գերազանցել երեք օրը. սույն գործում առկա չէ որևէ ապացույց քննարկվող վարչական վարույթի հարուցման օրվա և վարույթի իրական տևողության մասին:

Անդրադառնալով Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու իրավաչափության հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի տևողությունը եռօրյա ժամկետը չգերազանցելու հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ լսումներ չանցկացնելու և առանց վարույթի մասնակցին արտահայտվելու հնարավորություն ընձեռելու վարչական ակտ ընդունելու համար, քանի որ լսումներ չանցկացնելու իրավաչափությունը որևէ կերպ պայմանավորված չէ վարչական վարույթի տևողության հետ: Այսինքն` լսումներ անցկացնելու կանոնը գործում է անկախ այն հանգամանքից, թե վարչական վարույթը ինչ ժամկետում պետք է իրականացվի:

i

Ավելին, Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած` վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս անձի իրավունքների գործնականում պատշաճ իրացման, մասնավորապես` վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի` թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անգամ Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի տևողությունը եռօրյա ժամկետը չգերազանցելու պարագայում այդ վարչական ակտը կարող էր ընդունվել առանց լսումների իրականացման միայն լսումներ չանցկացնելու համար օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում բացակայել են լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերը, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը: Հետևաբար Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումների անցկացումը պարտադիր էր:

Փաստորեն, Տեսչության 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին Սարգիս Խաչատրյանին չծանուցելու և այդ վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու հետևանքով Սարգիս Խաչատրյանը ոչ իրավաչափ կերպով զրկվել է իր նկատմամբ հարկային պարտավորություններ առաջադրելուն ուղղված վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից: Այսինքն` Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 35-րդ և 38-րդ հոդվածների խախտմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված Սարգիս Խաչատրյանի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:

Հետևաբար ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերով իրավացիորեն են եզրահանգել, որ Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է վերացման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում նաև սույն գործով վիճարկվող մյուս վարչական ակտի` Տեսչության «Հարկ վճարողի գույքի (այդ թվում դրամական միջոցների և բանկային հաշիվների) վրա արգելանք դնելու մասին» 27.10.2014 թվականի թիվ 028680 որոշման, անվավերության վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները, քանի որ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի վերացման պարագայում չի կարող ուժի մեջ մնալ այն վարչական ակտը, որը միտված է ապահովելու տվյալ հարկային պարտավորության կատարումը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը, Սարգիս Խաչատրյանի լսված լինելու իրավունքի խախտման հիմքով անվավեր ճանաչելով Տեսչության «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 14.10.2014 թվականի թիվ 2050 որոշումը և դրա հիման վրա անվավեր ճանաչելով նաև Տեսչության «Հարկ վճարողի գույքի (այդ թվում դրամական միջոցների և բանկային հաշիվների) վրա արգելանք դնելու մասին» 27.10.2014 թվականի թիվ 028680 որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը` Սարգիս Խաչատրյանի նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման իրավաչափության մասով սխալ է պատճառաբանված, իսկ Սարգիս Խաչատրյանի լսված լինելու իրավունքի իրացման մասով` թերի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.09.2016 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ՎԴ/7107/05/14
Որոշում