Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ/3839/05/15   2017թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/3839/05/15
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
                    Դատավորներ` Ք. Մկոյան
                                                  Գ. Ղարիբյան

  

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.01.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության (իրավանախորդ` ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչություն) ընդդեմ Նարեկ Մուրադյանի` 571.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) պահանջել է Նարեկ Մուրադյանից բռնագանձել 571.800 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 09.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է, և Տեսչության պետի 03.02.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 133 որոշումը ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2016 թվականի որոշմամբ Տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեով:

Վերաքննիչ դատարանի 11.01.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նարեկ Մուրադյանի ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Նարեկ Մուրադյանի կողմից 06.05.2014 թվականին օտարվել է «VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենան, իսկ 11.08.2014 թվականին` «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան: Փաստորեն «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենայի գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` համարվում է ապրանքի մատակարարում, քանի որ այն ձեռք է բերվել 06.06.2014 թվականին, այսինքն` երկրորդ նույն տեսակի գույքի օտարումը կատարվել է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ներկայացված բողոքի դեմ առարկում է հետևյալ հիմնավորմամբ.

Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, քանի որ տվյալ դեպքում առկա են Դատարանի 09.03.2016 թվականի վճռով արձանագրված վարչական ակտն անվավեր ճանաչելու բավարար հիմքեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 06.05.2014 թվականի տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով Նարեկ Մուրադյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենան 2.000.000 ՀՀ դրամով վաճառել է Գրիգոր Գրիգորյանին: Նշված պայմանագրի 1.2 կետի համաձայն` «VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Նարեկ Մուրադյանին` հիմք 18.07.2008 թվականին տրված սեփականության վկայական (հատոր 1, գ.թ. 24).

2) 11.08.2014 թվականի տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով Նարեկ Մուրադյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով վաճառել է Մարտուն Կուրղինյանին: Նշված պայմանագրի 1.2 կետի համաձայն` «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Նարեկ Մուրադյանին` հիմք 06.06.2014 թվականին տրված սեփականության վկայական (հատոր 1, գ.թ. 30).

3) Տեսչության գլխավոր հարկային տեսուչի կողմից 02.02.2015 թվականին կազմված նախնական հաշվարկի համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրամադրված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ Նարեկ Մուրադյանը մեկ օրացուցային տարվա ընթացքում` 11.08.2014 թվականին, երկրորդ անգամ օտարել է իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենա, որը համարվում է ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք (գործառնություն) և առաջացնում է 571.800 ՀՀ դրամի հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

4) Տեսչության` «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 03.02.2015 թվականի թիվ 133 որոշմամբ Նարեկ Մուրադյանից գանձվել է 571.800 ՀՀ դրամ` որպես ավելացված արժեքի հարկի գծով 02.02.2015 թվականի դրությամբ վերջինիս ունեցած հարկային պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 8).

5) Կոմիտեի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման հիմքով, ինչը հիմնավորվել է այն փաստարկով, որ Տեսչությունը բացահայտել է գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և հանգել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Նարեկ Մուրադյանն ավտոմեքենան վաճառել է մասնակի հատուցումով, ինչն անտեսվել է Դատարանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 3-8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե մեկ օրացուցային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից առաջին գործարքով օտարված գույքի ձեռքբերման պահը կարո՞ղ է արդյոք նշանակություն ունենալ նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարումներն ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք որակելու համար:

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (...) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող և (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք:

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (...) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով: (...) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում` (...) (բ) մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավելացված արժեքի հարկի` որպես անուղղակի հարկի հարկվող օբյեկտն ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց կողմից իրականացվող օրենքով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքն է (շրջանառությունը): Ընդ որում, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով ավելացված արժեքի հարկով հարկվում են, inter alia, ապրանքների մատակարարման գործարքները (գործառնությունները), այսինքն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելուն ուղղված գործարքները: Որպես կանոն` ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտը ձեռնարկատիրական գործունեություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) իրականացրած գործարքներն են: Սակայն, բացի վերը նշված անձանց կողմից իրականացրած գործարքների, օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մի շարք գործարքներ որոշակի պայմանների առկայության դեպքում ևս «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով դիտարկվում են որպես ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ: Նշված գործարքներից են, մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետով սահմանված գործարքները, որոնք վերաբերում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված որոշակի կատեգորիայի գույքի երկրորդ և ավելի թվով օտարմանը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարման գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ապրանքի մատակարարում որակելու իրավական հիմքերի և առանձնահատկությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով 26.12.2016 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ընդհանրացված տեսքով հանգում են հետևյալին.

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մեկից ավելի անգամ օտարել է որոշակի կատեգորիայի գույք` բնակարան, առանձնատուն, անձնական օգտագործման ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողեր, ավտոտնակ,

2) թե՛ առաջին, թե՛ հաջորդող գործարքներով տեղի է ունեցել անձի սեփականությունը հանդիսացող գույքի օտարում,

3) թե՛ առաջին, թե՛ հաջորդող օտարումները կատարվել են որևէ ձևով հատուցման դիմաց, այսինքն` օտարողը ստացել է կամ պետք է ստանա վճար կամ այլ հանդիպական կատարում գույքի օտարման դիմաց,

4) գործարքով օտարվել է այնպիսի տեսակի գույք, որպիսի տեսակի գույք նախկինում մեկ օրացուցային տարվա ընթացքում արդեն օտարվել է նույն անձի կողմից (այսուհետև` նույն տեսակի գույք),

5) նույն տեսակի գույքի օտարման թե՛ առաջին, թե՛ երկրորդ և հաջորդող գործարքներն իրականացվել են միևնույն թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում,

6) երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարման գործարքով օտարվել է գույք, որը ձեռք է բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե գործարքը բավարարում է վերը նշված բոլոր պայմաններին, ապա այն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, իսկ եթե նշված պայմաններից որևէ մեկը բացակայում է, ապա գործարքը չի կարող համարվել ապրանքի մատակարարում:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված գույքի օտարման երկրորդ կամ հաջորդող գործարքն ապրանքի մատակարարում համարելու տեսանկյունից էական է, որ տվյալ գործարքով մեկ օրացուցային տարում թվով երկրորդ կամ հաջորդող անգամ օտարվի այնպիսի գույք, որը ձեռք է բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում, իսկ նույն օրացուցային տարվա ընթացքում առաջին գործարքով օտարված գույքը ֆիզիկական անձի կողմից ձեռք բերելու ժամանակահատվածը որևէ նշանակություն չունի նույն օրացուցային տարվա ընթացքում հետագայում նույն տեսակի գույքն օտարելու գործարքն ապրանքի մատակարարում որակելու համար: Այլ կերպ ասած` գործարքն ապրանքի մատակարարում համարելու համար էական է ոչ թե դրան նախորդող գործարքներով օտարված նույն տեսակի գույքի ձեռքբերման, այլ հենց տվյալ գործարքով օտարվող գույքի ձեռքբերման ժամանակահատվածը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է օրենսդրի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետում առկա «եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում» արտահայտության տառացի մեկնաբանությունից, որում օրենսդիրն օգտագործել է «տվյալ գույքի» արտահայտությունը` նկատի ունենալով քննարկվող գործարքով օտարվող գույքը, այլ ոչ թե նույն օրացուցային տարվա ընթացքում նախկինում օտարված գույքը: Այսպիսով, մեկ օրացուցային տարվա ընթացքում երկրորդ և հաջորդող նույն տեսակի գույքի օտարման գործարքն ապրանքի մատակարարում որակելու համար այդ գույքի ձեռքբերման և օտարման գործարքների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ տարին` անկախ այն հանգամանքից, թե երբ է ձեռք բերվել տվյալ օրացուցային տարում առաջինն օտարված գույքը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է հաշվարկվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետի իմաստով ապրանքի մատակարարում համարվող գործարքով օտարված գույքի ձեռքբերման և օտարման միջև ընկած ժամանակահատվածը:

Նշված հարցի կապակցության ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների օտարման պահը համընկնում է օտարման գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման պահի հետ: Այսինքն` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` քննարկվող գործարքներն ապրանքի մատակարարում դիտարկելու համար այդ գործարքով օտարվող գույքի` օտարողի կողմից ձեռքբերման պահը վերջինիս անվամբ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահն է: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված գործարքների իրականացման դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ ապրանքը հանձնելու պահը պետք է համարվի տվյալ գործարքով գույքը ձեռք բերող անձի` տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահը: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված գործարքն ապրանքի մատակարարում կարող է համարվել այն դեպքում, երբ, ի թիվս մյուս պայմանների, գույքն օտարող ֆիզիկական անձի` տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման օրվա և գույքը ձեռք բերող անձի` տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում մեկ տարին (տե՛ս, Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը մերժել է Տեսչության հայցը` անվավեր ճանաչելով Տեսչության 03.02.2015 թվականի թիվ 133 որոշումը: Դատարանը պատճառաբանել է, որ տվյալ դեպքում ֆիզիկական անձ Նարեկ Մուրադյանը մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու անգամ օտարել է իր սեփականությունը հանդիսացող անձնական օգտագործման ավտոմեքենաները, ընդ որում, վերջինիս կողմից երկրորդ գույքի օտարումը կատարվել է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում, որպիսի պայմաններում Նարեկ Մուրադյանի իրականացրած գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում և որևէ իրավական նշանակություն չունի Նարեկ Մուրադյանի կողմից առաջին` «Vaz 21703-110-01» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման տարեթիվը: Միևնույն ժամանակ Դատարանը գտել է, որ Տեսչությունը չի բացահայտել գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, որպիսի պայմաններում հանգել է սխալ եզրահանգման այն մասին, որ Նարեկ Մուրադյանն ավտոմեքենան վաճառել է մասնակի հատուցումով, ինչի արդյունքում էլ սխալ է կիրառել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ թեև ավտոմեքենաների օտարումը կատարվել է միևնույն տարվա` 2014 թվականի ընթացքում, սակայն Նարեկ Մուրադյանի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում չի կատարվել նույն տեսակի գույքի (ավտոմեքենայի) երկու ձեռքբերում և երկու օտարում, քանի որ «Vaz 21703-110-01» մակնիշի ավտոմեքենան Նարեկ Մուրադյանը ձեռք է բերել 18.07.2008 թվականին, իսկ «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենայի օտարումը կատարվել է 11.08.2014 թվականին, այսինքն` մեկ օրացուցային տարին անցնելուց հետո, ուստի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով այդ գործարքները չեն կարող համարվել ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ, իսկ պատասխանողն այդ հիմքով չի կարող համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, քանի որ, տվյալ դեպքում, առկա չէ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձնական օգտագործման ավտոմեքենան ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում օտարելու փաստը:

Փաստորեն Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վարչական ակտի հիմքում ընկած գործարքները չեն կարող համարվել ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ, նշված պատճառաբանությունը դիտել է բավարար վերաքննիչ բողոքը մերժելու համար` որևէ անդրադարձ չկատարելով վերաքննիչ բողոքի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման վերաբերյալ հիմքին և այդ կապակցությամբ բերված հիմնավորմանն առ այն, որ Տեսչությունը բացահայտել է գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Նարեկ Մուրադյանն ավտոմեքենան վաճառել է մասնակի հատուցումով:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Նարեկ Մուրադյանի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում` 2014 թվականին, նույն տեսակի գույքի (անձնական օգտագործման ավտոմեքենա) օտարման երկրորդ գործարքը` 11.08.2014 թվականին «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենայի օտարումը, ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքի մատակարարում որակելու համար որևէ էական նշանակություն չունի այն հանգամանքը, թե երբ է ձեռք բերվել նույն տարվա ընթացքում Նարեկ Մուրադյանի կողմից կնքված առաջին գործարքով օտարված «VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենան, քանի որ գործարքն ապրանքի մատակարարում համարելու համար էական է ոչ թե դրան նախորդող գործարքներով օտարված նույն տեսակի գույքի ձեռքբերման, այլ հենց տվյալ գործարքով օտարվող գույքի ձեռքբերման պահը, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Դատարանը, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքին և հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքը քննության առնելու և դրա հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.01.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ՎԴ/3839/05/15
Որոշում