Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԱՆԴ/0030/01/16
Գործ թիվ ԵԱՆԴ/0030/01/16  
Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան  

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Օհանյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
պաշտպան
 դատախազ
Ե. Սարգսյանի
 Մ. Արամյանի

                 

                  

2017 թվականի ապրիլի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Արմեն Լևոնի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17148415 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա որոշմամբ Արմեն Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Նույն դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Աբրահամյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամսով, իսկ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը մասնակիորեն բեկանվել է, և անթույլատրելի է ճանաչվել մեղադրյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 15-ի, նույն թվականի մայիսի 13-ի և մայիսի 27-ի որոշումներով մեղադրյալ Ա.Աբրահամյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է համապատասխանաբար 2 ամիս, 15 օր և 2 ամիս ժամկետով:

3. Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Ա.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 117-րդ հոդվածով:

2016 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

4. Առաջին ատյանի դատարանի` դատական քննություն նշանակելու մասին 2016 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ Արմեն Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Նույն դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել է ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ պաշտպան Ե.Սարգսյանի միջնորդությունը: Հիշյալ որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, սակայն թույլատրելի է ճանաչվել կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը, և գրավի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամը:

5. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թվականի նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

6. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ա.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա հորեղբոր` Գագիկ Ասատրյանի կազմակերպմամբ, նախնական համաձայնության գալով ինքնությունները չպարզված երեք անձանց հետ, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են Արթուր Արևշատի Հարությունյանին, տեղափոխել Երևանի Դրոյի 2 հասցեում գտնվող «Էրգիր» կոչվող սրճարան, որտեղ Նորայր Քոսակյանի, Գագիկ Ասատրյանի, վերջինիս եղբորորդի Էրիկ Ասատրյանի, վերջինիս ընկեր Լևոն Թամամյանի, Գագիկ Ասատրյանի ընկեր ոմն Արմենի, Հայկազ Միսակյանի, Սարգիս Կարապետյանի և ինքնությունները չպարզված մի խումբ այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արթուր Հարությունյանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Այսպես` 2015 թվականի հոկտեմբերի 10-ին` ժամը 22:26-ին, 22:32-ին և 22:33-ին, Գագիկ Ասատրյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Հարությունյանի հետ, որի ընթացքում վերջինից պահանջել է վերադարձնել իր միջնորդությամբ տարաժամկետ վճարման պայմանով գնված անվադողերի գումարը, սակայն նրանց խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ: Նշված խոսակցությունից հետո Գագիկ Ասատրյանի կազմակերպմամբ վերջինիս եղբորորդին` Արմեն Աբրահամյանը, անձնական փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով, նախնական համաձայնության գալով ինքնությունները չպարզված երեք անձանց հետ, 2015 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 04:46-ին, Երևանի Բագրևանդ փողոցի 32 հասցեի դիմաց` ճանապարհի բանուկ հատվածում, գործով չպարզված «BMW-X5» մակնիշի ավտոմեքենայով խափանել է նույն փողոցով շրջադարձ կատարող Արթուր Հարությունյանի կողմից վարվող «MERCEDES BENZ» մակնիշի 34QA677 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ընթացքը, այնուհետև հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Ա.Աբրահամյանը և հանցակիցները, իջնելով մեքենայից, բռնություն են գործադրել Արթուր Հարությունյանի նկատմամբ և նախապես որոշված` Երևանի Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 2 հասցեում գործող նախկինում «Կիրզա», ներկայիս «Էրգիր» կոչվող սրճարան տեղափոխելու համար, ծեծելով նրան մտցրել են իր իսկ կողմից վարվող «MERCEDES BENZ» մակնիշի 34QA677 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և բացահայտ առևանգելով` տեղափոխել հիշյալ սրճարան, նրա կամքին հակառակ պահել այնտեղ, որից հետո` ժամը 04:46-ից մինչև 06:12-ն ընկած ժամանակահատվածում, նույն սրճարանում Նորայր Քոսակյանի, Գագիկ Ասատրյանի, վերջինիս եղբորորդի Էրիկ Ասատրյանի, վերջինիս ընկեր Լևոն Թամամյանի, Գագիկ Ասատրյանի ընկեր ոմն Արմենի, Հայկազ Միսակյանի, Սարգիս Կարապետյանի և ինքնությունները չպարզված մի խումբ այլ անձանց հետ, Արթուր Հարությունյանի առողջությանը վնաս պատճառելու նախնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Հարությունյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` գանգուղեղային վնասվածքի, ձախից ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների արյունազեղման, ձախ հետականջային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով` առողջության կարճատև քայքայման հատկանիշով, որից հետո` ժամը 06:12-ին, ստիպելով ներողություն խնդրել Գագիկ Ասատրյանից, ազատ են արձակել» (տե՛ս նյութեր, թերթեր 1-10):

7.1. Տուժող Ա.Հարությունյանի` նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների համաձայն` «(...) իրեն ամրակցված (...) տաքսի ավտոմեքենայով պատվեր կատարելու նպատակով ինքը գտնվել է Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Բագրևանդ փողոցի (...) մոտ և փորձել նույն վայրում տեղադրված արագաչափի մոտից շրջադարձ կատարել, նույն պահին իր ավտոմեքենայի ընթացքը կտրուկ խափանել են «BMW-X5» մակնիշի (...) ավտոմեքենայով, որտեղից իջել են չորս անձինք, որոնց թվում նաև Գագիկ Ասատրյանի եղբորորդին` Արմեն Աբրահամյանը, ովքեր, առանց խոսելու, մոտեցել են իրեն, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, այնուհետև իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով մտցրել են իր իսկ կողմից վարած «MERCEDES-BENZ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկը, որտեղ ուշագնաց է եղել: Այնուհետև տարել են (...) «Էրգիր» կոչվող սրճարան, հանել բեռնախցիկից և կրկին բռնության գործադրմամբ տարել են նշված սրճարանի 1-ին հարկում գտնվող սենյակներից մեկը, որտեղ գտնվել են մոտ 20 անձինք, որոնցից ճանաչել է «Գագ ջանին», նրա մյուս եղբորորդուն` Էրիկ Ասատրյանին, վերջինիս ընկերոջը` Լևոն Թամամյանին, «Գագ ջանի» ընկեր ոմն Արմենին, «Զեյթունցի Նվերին», «Շտանգ» մականունով երիտասարդին: Իրեն անծանոթ և նշված տվյալներով անձինք, այդ թվում նաև` Արմեն Աբրահամյանը, նույն սենյակում շարունակել են ծեծի ենթարկել իրեն` պահանջելով հայհոյելու համար ներողություն խնդրել «Գագ ջանից»: Հասկանալով, որ այլ տարբերակ չունի և հակառակ պարագայում իրեն չեն թողնի դուրս գալ այնտեղից, ներողություն է խնդրել «Գագ ջանից», և նոր միայն իրեն թույլ են տվել դուրս գալ սրճարանից: Դրանից հետո Արմեն Աբրահամյանը և իրեն առևանգած մյուս երիտասարդները «BMW-X5» մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Երևան քաղաքի Ավան թաղամասի «Ծաղկի» փողոց և հեռացել: (...) Նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքներում առկա հակասությունները պայմանավորված են եղել նրանով, որ ոստիկանություն դիմելուց և կատարվածի մասին հայտնելուց հետո Գագիկ Ասատրյանը ներազդել է իր վրա և ստիպել հրաժարվել իր կողմից դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ տրված հիշյալ, մասնավորապես` առևանգման հետ կապված ցուցմունքներից (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 1-10):

7.2. Դատաբժշկական փորձագետի թիվ 1956/հ եզրակացության համաձայն` «Արթուր Հարությունյանի մարմնական վնասվածքները` գանգուղեղային վնասվածքի, ձախից ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների արյունազեղման, ձախ հետականջային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ստորին ծնոտի շրջանում աջից փափուկ հյուսվածքների ձևով, պատճառվել են բութ առարկաների ներգործությամբ, հնարավոր է` նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք միմյանցից չեն տարանջատվում և առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով» (տե՛ս նյութեր, թերթեր 1-10):

8. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման համաձայն` «Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական քննության փուլում (...) չեն բացառվում ամբաստանյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները, որպիսի հանգամանքի հաշվառմամբ է, որ դատարանը դատական քննություն նշանակելու որոշմամբ կալանավորումը թողել է անփոփոխ` գտնելով, որ հիմքերը չեն փոփոխվել և չեն վերացել, և ներկայում էլ գտնում է, որ դրանք շարունակում են առկա լինել նաև այս փուլում: Այս առումով դատարանը համակարծիք է մեղադրողի այն պնդումներին, որ «(...) առկա իրավիճակում, թեև պաշտպանական կողմը նշեց, որ կալանքի ժամկետը երկարացնելիս դատարանի կողմից նշվել է, որ բացառապես նախաքննությանը խոչընդոտելու վտանգ է եղել, սակայն ներկայումս ևս վկաները և տուժողը պետք է հարցաքննվեն դատաքննության ընթացքում, հետևաբար շարունակվում է դեռևս առկա լինել կալանավորման կիրառման թե՛ հիմքերը, թե՛ առիթները»:

Առաջին ատյանի դատարանի հետևության համար հիմք են ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի ծանրությունը, պատժի խստությունը, հանցանքի կատարման եղանակը և հանցավորի մտադրության իրականացման աստիճանը, որպիսի հանգամանքները բավարար են ենթադրելու, որ ամբաստանյալը, մնալով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, այդ թվում` թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Սակայն Առաջին ատյանի դատարանը, նկատի ունենալով, որ հանցանքի ծանրությունը և պատժի խստությունը չեն կարող ինքնին բավարար լինել անձին երկար ժամանակով կալանքի տակ պահելն արդարացնելու համար, իսկ վարույթն իրականացնող մարմնից անձի թաքնվելը և հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելը քրեական գործի քննության տվյալ փուլում հնարավոր է ապահովել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված` այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմամբ, ուստի դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու հիմքեր չկան, սակայն առկա են կալանավորումը գրավի կիրառմամբ թույլատրելի ճանաչելու բավարար հիմքեր: Այսինքն` կալանքի կիրառման հիմքում դրվող հանգամանքների պայմաններում գրավի կիրառումը կարող է լինել գործուն միջոց անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար:

(...) Առաջին ատյանի դատարանը փաստում է, որ մեղադրողի մտահոգությունները վկաների և տուժողի վրա հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու տեսանկյունից կարող են բավարար լինել կալանքի կիրառման հիմքերի առկայությունը գնահատելու տեսանկյունից, որպիսին հիմք է ընդունում նաև դատարանը, սակայն Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ այն չի կարող ինքնին բավարար լինել նաև գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու համար, հատկապես, որ քրեական գործի նախաքննության ընթացքում թե՛ տուժողը, թե՛ վկաները հարցաքննվել են մի քանի անգամ, կատարվել են նաև առերեսումներ` հնարավոր հակասությունները պարզաբանելու համար և այլն, հետևաբար դատարանը գտնում է, որ մեղադրողի փաստարկները, լինելով բավարար կալանքը վերացնելու մասով պաշտպանի միջնորդությունը մերժելու համար, չեն կարող բավարար լինել գրավի կիրառումը ևս մերժելու համար:

Առաջին ատյանի դատարանի` գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեղադրողը չներկայացրեց այնպիսի տեղեկություններ, փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ դատական քննության տվյալ փուլում կանխելու ամբաստանյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում, իսկ դատարանին նման հանգամանքներ հայտնի չեն: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննության փուլում ամբաստանյալի նկատմամբ կիրառված եղել է գրավ, և նա գտնվել է ազատության մեջ, և ըստ էության չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, որ այդ ընթացքում նա դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 25-31):

9. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշման համաձայն` «(...) Դատախազի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները, թեև անհրաժեշտ, սակայն ներկայումս ինքնին բավարար չեն ամբաստանյալ Արմեն Աբրահամյանի /գործի քննության ներկա փուլում/ նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգում` հաշվի առնելով ինչպես ամբաստանյալ Արմեն Աբրահամյանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, այնպես էլ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով վիճարկվող դատական ակտում շարադրված հանգամանքները:

Հարկ է արձանագրել նաև, որ սույն գործով վիճարկվող դատական ակտի կայացումից հետո ամբաստանյալ Արմեն Աբրահամյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ըստ էության չի ներկայացվել:

Քննարկվող դեպքում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ևս, էականորեն նվազ է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում ամբաստանյալի կողմից գործի քննությանն ու քրեական դատավարության խնդիրների իրագործմանը խոչընդոտելու հնարավոր հավանականությունը:

Հարկ է նշել նաև, որ գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ` տվյալ դեպքում արդեն իսկ կիրառված այլընտրանքային երաշխիքը (սույն գործով սահմանված գրավի չափի 2.000.000 ՀՀ դրամ պայմաններում) ի զորու է կանխելու ամբաստանյալի ոչ իրավաչափ վարքագիծը (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 85-100):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերով խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջները:

i

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԷԴ/0138/06/13, թիվ ԱՎԴ/0022/06/08, թիվ ԵԱՔԴ/0056/06/14, թիվ ԿԴ1/0062/06/12 և թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները և եզրահանգել, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները քննարկման առարկա չեն դարձրել խափանման միջոցի կիրառման համար սկզբունքային նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են ամբաստանյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցանքի կատարման հանգամանքները, մասնավորապես, Ա.Աբրահամյանից բացի այլ անձանց ներգրավված լինելու հանգամանքը, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքների իրական ազդեցությունն ամբաստանյալի վարքագծի վրա:

Բացի այդ, բողոքի հեղինակը գտել է, որ ամբաստանյալ Ա.Աբրահամյանի` ազատության մեջ գտնվելու ընթացքում քննությանը խոչընդոտելու մտավախությունը քննության սույն փուլում համարելով սպառված` դատարաններն անտեսել են այն իրողությունը, որ այդպիսի կասկածը կարող է պայմանավորված լինել ոչ միայն հենց Ա.Աբրահամյանի, այլև նրա հանցակիցների վերաբերյալ վարույթով, որը դեռևս նախաքննության փուլում է: ՈՒստի բողոքաբերը փաստել է, որ Ա.Աբրահամյանի` ազատության մեջ գտնվելու դեպքում քննությանը խոչընդոտելու և գործին մասնակցող անձանց նկատմամբ ներգործելու վերաբերյալ առկա է ողջամիտ մտավախություն, որը պայմանավորում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է մասնակիորեն բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի և Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշումները` Ա.Աբրահամյանի նկատմամբ կիրառված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Աբրահամյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում (...) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

Կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով առ այն, որ «(...) անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (...):

(...) Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար:

(...) Եվրոպական կոնվենցիային չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը առանձին դեպքերում ճանաչելու անթույլատրելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:

ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև` մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե՛ս Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 34-36-րդ կետերը):

Կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Մարգարյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...)գրավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: Այլ խոսքով` (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները:

i

Վերոնշյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: ՈՒստի, առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու հնարավոր չէ հիմնավորված ենթադրություն անել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ, հետևաբար հնարավոր չէ նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ (...)» (տե՛ս Սամվել Գագիկի Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշման 14-րդ կետը):

14. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորեղբոր` Գ.Ասատրյանի կազմակերպմամբ, նախնական համաձայնության գալով ինքնությունները չպարզված երեք անձանց հետ, բռնության գործադրմամբ` ծեծելով Ա.Հարությունյանին մտցրել է վերջինիս կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկը և բացահայտ առևանգել նրան, ապա տեղափոխել Երևանի Դրոյի 2 հասցեում գտնվող «Էրգիր» կոչվող սրճարան, որտեղ Ն.Քոսակյանի, Գ.Ասատրյանի, վերջինիս եղբորորդի Է.Ասատրյանի, վերջինիս ընկեր Լ.Թամամյանի, Գ.Ասատրյանի ընկեր ոմն Արմենի, Հ.Միսակյանի, Ս.Կարապետյանի և ինքնությունները չպարզված մի խումբ այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Ա.Հարությունյանին` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով տուժողի դեմքին և մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի ծանրությունը, պատժի խստությունը, հանցանքի կատարման եղանակը և հանցավորի մտադրության իրականացման աստիճանը, գտել է, որ ամբաստանյալը, մնալով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, այդ թվում` թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ վարույթն իրականացնող մարմնից անձի թաքնվելը և հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելը քրեական գործի քննության տվյալ փուլում հնարավոր է ապահովել նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմամբ: Արդյունքում գտել է, որ ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու հիմքեր չկան, սակայն առկա են գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու բավարար հիմքեր: Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ կալանքի կիրառման հիմքում դրվող հանգամանքների պայմաններում գրավի կիրառումը կարող է լինել գործուն միջոց` անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, համաձայնելով ամբաստանյալի կողմից վկաների և տուժողի վրա հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու վերաբերյալ մեղադրողի մտահոգություններին, գտել է, որ դրանք կարող են բավարար լինել կալանքի կիրառման հիմքերի առկայությունը գնահատելու տեսանկյունից, սակայն չեն կարող բավարար լինել նաև գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու համար: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ գրավի կիրառումը կարող է լինել գործուն միջոց անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները, ինչպես նաև վկայակոչելով ամբաստանյալ Ա.Աբրահամյանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, գտել է, որ էականորեն նվազ է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում ամբաստանյալի կողմից գործի քննությանն ու քրեական դատավարության խնդիրների իրագործմանը խոչընդոտելու հնարավոր հավանականությունը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը ևս եզրահանգել է, որ կիրառված այլընտրանքային երաշխիքն ի զորու է կանխելու ամբաստանյալ Ա.Աբրահամյանի ոչ իրավաչափ վարքագիծը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

15. Սույն որոշման 13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս ստորադաս դատարանները, ձևականորեն վկայակոչելով Ա.Աբրահամյանին վերագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, չեն պահպանել Ս.Մարգարյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները: Մասնավորապես` պատշաճ գնահատման չի ենթարկվել`

ա) ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, այն, որ ամբաստանյալը ոտնձգել է անձի ազատության իրավունքի և առողջության դեմ,

բ) մեղսագրվող արարքների կատարման եղանակը, մասնավորապես այն, որ ենթադրաբար Ա.Աբրահամյանը.

- գործով չպարզված երեք անձանց հետ փողոցում ծեծելով Ա.Հարությունյանին մտցրել է վերջինիս ավտոմեքենայի բեռնախցիկը և, բացահայտ առևանգելով, տեղափոխել նրան այլ վայր (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը),

- նախնական համաձայնության գալով Ն.Քոսակյանի, Գ.Ասատրյանի, Է.Ասատրյանի, Լ.Թամամյանի, ոմն Արմենի, Հ.Միսակյանի, Ս.Կարապետյանի և ինքնությունները չպարզված մի խումբ այլ անձանց հետ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Հարությունյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

գ) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այն որ դիտավորությամբ Ա.Հարությունյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` գանգուղեղային վնասվածքի, ձախից ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների արյունազեղման, ձախ հետականջային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ստորին ծնոտի շրջանում աջից փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով` առողջության կարճատև քայքայման հատկանիշով (տե՛ս սույն որոշման 7-րդ և 7.2-րդ կետերը):

Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման չենթարկելու հետևանքով ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները զրկված են եղել Ա.Աբրահամյանի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու, ինչպես նաև նրա հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու հնարավորությունից:

16. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել դատական քննության փուլում ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում` վկաների և տուժողի վրա հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը: Այս պայմաններում Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, անտեսելով նաև Դ.Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները, մասնավորապես այն, որ գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով և մեղադրյալի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք չի կարող հանդիսանալ (տե՛ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 19-րդ կետը), Ա.Աբրահամյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել են թույլատրելի:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին առ այն, որ «հանցանքի ծանրությունը և պատժի խստությունը չեն կարող ինքնին բավարար լինել անձին երկար ժամանակով կալանքի տակ պահելն արդարացնելու համար», «նախաքննության փուլում ամբաստանյալի նկատմամբ կիրառված եղել է գրավ, և նա գտնվել է ազատության մեջ, և ըստ էության չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, որ այդ ընթացքում նա դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ», ինչպես նաև Վերաքննիչ դատարանի այն հիմնավորմանը, որ «վիճարկվող դատական ակտի կայացումից հետո, ամբաստանյալ Արմեն Աբրահամյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ըստ էության չի ներկայացվել», Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Ա.Աբրահամյանին վերագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը պատշաճ գնահատման չենթարկելու պայմաններում ստորադաս դատարանների կողմից վկայակոչված հանգամանքները չեն կարող բավարար գնահատվել գրավի թույլատրելիության մասին հիմնավոր եզրահանգում անելու համար:

17. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Աբրահամյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են այդ դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է թողնել անփոփոխ, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 2.000.000 ՀՀ դրամը` վերադարձնել գրավատուին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Լևոնի Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցն անփոփոխ թողնելու և գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը մասնակիորեն բեկանել:

2. Ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ պաշտպան Ե.Սարգսյանի միջնորդությունը մերժել, Ա.Աբրահամյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ:

3. Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը:

4. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 2.000.000 ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Օհանյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2017
N ԵԱՆԴ/0030/01/16
Որոշում