Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

020.1393.051217

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 դեկտեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ` ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գ. Բաղդասարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ գլխավոր դատախազի` 2017 թվականի հուլիսի 24-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Որոշում` գործը մեղադրողին վերադարձնելու մասին» վերտառությամբ 296-րդ հոդվածը սահմանում է.

«1. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:

2. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի»:

Օրենսգրքի 296-րդ հոդվածը լրացման է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007 թվականին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 18.12.2007 թվականին ստորագրված և 27.12.2007 թվականին ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-270-Ն ՀՀ օրենքով, որով, օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը «պահանջներին» բառից հետո լրացվել է «, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից» բառերով:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

փաստի առթիվ 30.08.2016թ. հարուցվել է թիվ 11811616 քրեական գործը: 30.11.2016թ. քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որը 15.12.2016թ. որոշում է կայացրել գործը մեղադրողին վերադարձնելու մասին: Դատարանը հիշյալ որոշման մեջ պատճառաբանել է, որ, մասնավորապես, «Մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը բավարարվել է զուտ հիշյալ ապացույցների թվարկմամբ ու չի բացահայտել դրանց բովանդակությունը», «Մեղադրական եզրակացությունից պարզ չէ, թե փորձաքննության արդյունքում ստացված որ տվյալներն են հաստատում մեղադրյալների մեղավորությունը նրանց մեղսագրվող հանցանքներում», «... բացակայում է առգրավված տեսաձայնագրությունների զննության արդյունքում հայտնաբերված այն տվյալների բովանդակությունը, որոնք կարող են հիմնավորել մեղադրյալների մեղավորությունը»:

20.12.2016թ. Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն է ստացվել գործը մեղադրողին վերադարձնելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016թ. որոշումը:

22.12.2016թ. մեղադրական եզրակացությանը կից հավելված տեղեկանքը վերակազմվել է, այն է` քննիչի կողմից կազմվել է նոր տեղեկանք, և քրեական գործը` տեղեկանքի հետ մեկտեղ, ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2016թ. որոշմամբ գործը վերադարձվել է մեղադրողին` պատճառաբանելով, որ 15.12.2016թ. որոշմամբ դատախազի համար սահմանվել է թույլ տրված խախտումները վերացնելու պարտականություն և դատարանի չվերացված որոշման պայմաններում մեղադրողը հրաժարվել է կատարել դրանով սահմանված իր պարտականությունը:

09.01.2017թ. քրեական գործը` համապատասխան գրությամբ, վերադարձվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նշումով, որ դատարանի որոշման` կատարման ենթակա բոլոր պահանջները կատարված են:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 09.01.2017թ. որոշում է կայացրել գործը մեղադրողին վերադարձնելու մասին` նշելով, որ դատարանի 15.12.2016թ. կայացված չվերացված որոշման պահանջները կատարված չեն:

Այս որոշման դեմ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Տ. Խաչատրյանի կողմից 16.01.2017թ. բերվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ քրեական դատարանի 31.01.2017թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:

Վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 23.02.2017թ. վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 06.06.2017թ. որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:

3. ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների, ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխանաբար մի շարք որոշումներում և վճիռներում ամրագրված իրավական դիրքորոշումների տրամաբանության վրա հիմնվելով` դիմողը գտնում է, որ օրենսգրքի 296-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին (2015թ. փոփոխություններով) և 103-րդ հոդվածին (2005թ. փոփոխություններով):

Իր դիրքորոշումը դիմողը հիմնավորում է հետևյալով.

ա) դիմողը նշում է, որ մեղադրական եզրակացությանը ներկայացվող պահանջների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք իրենց բնույթով և բովանդակությամբ էականորեն տարբեր են: Այդ պայմանների մի մասն ուղղակիորեն արտահայտում և ապահովում է մեղադրական եզրակացության` որպես մինչդատական վարույթի արդյունքներն ամբողջացնող և դատական քննության հիմքը կազմող դատավարական փաստաթղթի էությունը: Այս խումբ պահանջները, օրինակ, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները կամ առաջադրված մեղադրանքի ձևակերպումը նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված լինելն առանձնանում են նրանով, որ, կազմելով մեղադրական եզրակացության բուն բովանդակությունը, իրենց բացակայությամբ ազդում են այդ դատավարական փաստաթղթի պատշաճության վրա` ընդհուպ անհնարին դարձնելով դրա հիման վրա դատական քննությունը: Մեղադրական եզրակացությանը ներկայացվող պահանջների մյուս մասն ունի լրացուցիչ, ապահովող, երբեմն` տեխնիկական նշանակություն և կոչված է նպաստելու դատական քննության անխոչընդոտ ու դյուրին կազմակերպմանն ու ընթացքին (օրինակ` ի պաշտպանություն մեղադրյալի բերվող փաստարկներից մեկը մեղադրական եզրակացությունում չնշելը):

Այս համատեքստում դիմողը գտնում է, որ մեղադրական եզրակացության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրան ներկայացված` բացառապես ապացույցներ հետազոտելուց հետո դատական գնահատման ենթակա հանգամանքներին առնչվող պահանջներին անհամապատասխանության հիմքով քրեական գործը մեղադրողին վերադարձնելու հնարավորությունը չի համապատասխանում դատարանի անկողմնակալության` արդար դատաքննության իրավունքից բխող սահմանադրական պահանջին և ողջամիտ կասկած է հարուցում առ այն, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի գործով ձեռք բերված այս կամ այն ապացույցի ապացուցողական նշանակության վերաբերյալ:

Վերոնշյալի հիման վրա դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի` «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» նախադասությունը` դատական պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանության մասով, որը դատարանին հնարավորություն է ընձեռում քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս գնահատել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, չի համապատասխանում արդար դատաքննության իրավունքից բխող անկողմնակալության պահանջին,

բ) օրենսդրությունը, սահմանելով մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար քրեական գործը մեղադրողին վերադարձնելու դատավարական հնարավորություն, անհրաժեշտ հստակությամբ չի կարգավորել դրա դատավարական հետևանքները, մասնավորապես, դատարանի կողմից արձանագրված թերությունները մեղադրողի կողմից վերացնելու մեխանիզմը: Համապատասխան դատավարական կարգի բացակայությունը հանգեցնում է դատարանի կողմից մեղադրողին վերադարձված քրեական գործի հետագա ընթացքի արգելափակման, գործի քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման, իսկ երբեմն` գործի դատական քննության անհնարինության: Այս հանգամանքը չի համապատասխանում արդարադատության պատշաճ կազմակերպման` պետության պարտավորությանը և չի երաշխավորում իրեն առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունն ստուգելու համար իր գործի դատական քննության, այսինքն` դատարանի և արդարադատության մատչելիության յուրաքանչյուրի իրավունքը: Բացի դրանից, առկա իրավական կարգավորումը խոչընդոտում է դատարանում մեղադրանքի պաշտպանության` դատախազության սահմանադրական գործառույթի իրականացմանը:

Վերոնշյալի հիման վրա դիմողը գտնում է, որ մեղադրողին վերադարձված քրեական գործով մեղադրական եզրակացության թերությունները վերացնելու դատավարական մեխանիզմի բացակայությունը, հնարավորություն չտալով վերացնել դրանում առկա թերությունները և քրեական գործը կրկին ուղարկել դատարան ըստ էության քննության, չի ապահովում արդար դատաքննության իրավունքից բխող` դատարանի մատչելիության իրավունքը և, դատական պրակտիկայում հանգեցնելով դատախազի և դատարանի միջև քրեական գործի տևական փոխանցումների, չի ապահովում քրեական գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջը,

գ) դիմողը, նշելով, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ, փաստում է, որ այդ հանգամանքը հնարավորություն չի տալիս վիճարկել օրենքով նախատեսված հիմքերի սխալ մեկնաբանությամբ կամ դրանց ակնհայտ բացակայությամբ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշումը և նպաստում է նախնական դատական վարույթի փուլում քրեական գործի արգելափակմանն ու դրա դատական քննության անհնարինությանը: Այս առումով, քրեական գործն անհիմն կերպով մեղադրողին վերադարձնելու մասին որոշումը վիճարկելու և վերացնելու դատավարական հնարավորության բացակայությունը սահմանափակում է դատավարության մասնակիցների` իրենց վերաբերյալ քրեական գործի արդար դատական քննությանը` ընդհանրապես, և դրա ողջամիտ ժամկետում քննությանը` մասնավորապես: Դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքը սահմանափակող դատավարական որոշումը վիճարկելու անհնարինությունը, քրեական գործի հետագա ընթացքի անհնարինության և դրա օրինականության և հիմնավորվածության հետագա ստուգման մեխանիզմների բացակայության պայմաններում չի համապատասխանում իրավունքների պաշտպանության միջոցի արդյունավետությանը: Դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքը խախտող դատավարական որոշման բողոքարկման անհնարինությունը չի ապահովում ողջամիտ համաչափությունը դրա հետապնդած նպատակների հետ:

Վերոնշյալի հիման վրա դիմողը գտնում է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը, չսահմանելով դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքը բացառող դատավարական որոշման վիճարկման հնարավորություն, չի ապահովում իրավունքների պաշտպանության միջոցի արդյունավետությունը:

i

4. Պատասխանող կողմը գտնում է, որ օրենսգրքի 296-րդ հոդվածով սահմանված դրույթն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Պատասխանողը հիմնավոր չի համարում դիմողի դիրքորոշումը, ըստ որի` օրենսգրքի 296-րդ հոդվածը դատարանին հնարավորություն է տալիս քրեական գործը վերադարձնելիս կատարել քրեական գործում առկա ապացույցների դատական գնահատում, և այդ կապակցությամբ վկայակոչում է ՀՀ վճռաբեկ դատարանի` ԵԷԴ/0044/01/11 քրեական գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի նախադեպային որոշումը:

Հիշյալ որոշումը վկայակոչելով` պատասխանողն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում ուրվագծել է սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթի կիրառման սահմանները, իսկ ստորադաս դատարանների կողմից Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին հետևելու հսկողությունը դուրս է սահմանադրական արդարադատության շրջանակներից: Նշվածի հիման վրա պատասխանողը, եզրահանգելով, որ իրականում դիմողը քողարկված կերպով բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց, գտնում է, որ սույն գործի նկատմամբ պետք է կիրառել Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի թիվ 21 աշխատակարգային որոշման 8-րդ կետում ամրագրված իրավական հետևանքները:

Քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման բողոքարկման հնարավորության բացակայության հետ կապված պատասխանողը նկատում է` քանի որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու դեպքում թերությունների շտկումն առավելապես տեխնիկական բնույթ է կրում, հետևաբար` օրենսդիրն անհրաժեշտություն չի տեսել նման դատական ակտի բողոքարկում սահմանելու: Ըստ պատասխանողի` բողոքարկման հնարավորության սահմանումը ոչ միայն չի բխի մեղադրյալների իրավունքների պաշտպանության հրամայականից, ինչպես պնդում է դիմողը, այլև կվնասի նրանց լավագույն շահերը` է՛լ ավելի ձգձգելով դատական գործընթացը: Բացի դրանից, ըստ պատասխանողի` առկա է օրենսդրական երաշխիք, որ դատարանի կողմից օրենքի հնարավոր խախտումները հետաձգված կարգով բողոքարկվեն վերջնական դատական ակտի` դատավճռի հետ միասին:

i

Քրեական գործով մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատավարական կարգի բացակայության հետ կապված պատասխանողը գտնում է, որ առկա է օրենսդրական բաց, սակայն, վկայակոչելով օրենքի բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ առկա օրենսդրական բացը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը, այլ հաղթահարելի է ՀՀ Ազգային ժողովի կողմից:

5. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը կոչված է կանոնակարգելու դատական քննության նախապատրաստվելու փուլում դատարան-դատախազ իրավահարաբերությունները` կապված մեղադրական եզրակացության պատշաճության հետ: Ընդ որում, մեղադրական եզրակացության կարևորությունն ընդգծված է նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-934 որոշման մեջ: Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումը. «... մեղադրական եզրակացությունը ոչ միայն դատավարական փաստաթուղթ է, որով ամփոփվում են նախաքննության արդյունքները, ներկայացվում են անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը և այն հիմնավորող ապացույցները, այլև հնարավորություն է ընձեռվում ամբաստանյալին (նրա օրինական ներկայացուցչին) կազմակերպելու և իրականացնելու առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը` կոնկրետ մեղադրանքի և այն հիմնավորող ապացույցների շրջանակում: Մեղադրական եզրակացությունն իրավական հնարավորություն է ստեղծում նաև գործով շահագրգիռ այլ անձանց` ապահովելու իրենց խախտված իրավունքների պաշտպանությունը»:

Օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատարանի կողմից գործը մեղադրողին վերադարձնելու իրավական հիմքերը, որոնք արտահայտվում են հետևյալ կերպ.

- երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին,

- կամ երբ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը,

- կամ երբ արարքի իրավաբանական որակումը չի բխում գործում առկա ապացույցներից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի կողմից` դիմողն ըստ էության բարձրացնում է ոչ թե օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի, այլ այդ մասում ամրագրված հիմքերից առաջինի, այն է` «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտության` դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ պայմանավորված սահմանադրականության հարցը, մյուս կողմից` մյուս երկու իրավական հիմքերի կիրառման վերաբերյալ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի` իրավակիրառ պրակտիկայի կողմից այդ հիմքերի միատեսակ կիրառությունն ապահովող որոշում (2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 քրեական գործով որոշում), սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը քննության առարկա է դարձնում օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի` «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտության` դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ պայմանավորված սահմանադրականության հարցը:

Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն ըստ էության բարձրացնում է նաև ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի, այլ այդ մասի առաջին նախադասության սահմանադրականության հարցը, սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը քննության առարկա է դարձնում 296-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի սահմանադրականության հարցը:

6. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն է, ի թիվս արդար դատաքննության այլ երաշխիքների, դատաքննության իրականացումը կողմերի հավասարության պայմաններում և անկողմնակալ, անաչառ դատարանի կողմից:

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս սկզբունքը ենթադրում է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով նախատեսված կարգով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը կանխորոշում է քրեական գործի դատաքննության ողջ բովանդակությունը և էությունը` անկախ քրեական հետապնդման իրավական ելքից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով` անմեղության կանխավարկածը, inter alia, պահանջում է, որ իր պարտականությունները կատարելիս դատարանը չունենա կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, իսկ ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը, և ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի: Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում է համարել այն իրավիճակը, երբ մեղադրյալը դեռևս օրենքին համապատասխան մեղավոր չի ճանաչվել, սակայն նրա վերաբերյալ ընդունված դատական որոշումից կարելի է կարծիք կազմել, որ նա մեղավոր է (տե՛ս Barbera, Messegue and Jabardo v. Spain, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 10590/83, կետեր 77, 91):

Օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

...

3. Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը ...»:

Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

Օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ մեղադրական եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանված են օրենսգրքի 270 և 271-րդ հոդվածներում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ`

նախ, «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել ավելի լայն, քան օրենսգրքի 270 և 271-րդ հոդվածներում նախատեսված հստակ պահանջներն են:

Երկրորդ` օրենսգրքի 270 և 271-րդ հոդվածներում նախատեսված պահանջները, իրենց հերթին, չեն կարող մեկնաբանվել այնքան լայն, որ այդ մեկնաբանությունը ներառի ապացույցների գնահատումը կամ հնարավորություն տրվի դատարանին դրսևորելու այնպիսի վարքագիծ, որը դատարանը դատավարության տվյալ փուլում իրավասու չէ դրսևորել: Այսինքն, քրեական գործը վերադարձնելը պետք է ծառայի իր բուն նպատակին` ապահովելու դատավարական մի փուլից մյուսին սահուն և օրինաչափ անցումը, նպաստելու դատական քննության առավել արդյունավետ իրականացմանը: Հիշյալ խնդրին անդրադարձ է կատարել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը` փաստելով, որ` «... դատարանի կողմից նման որոշման կայացումն արդարացված կլինի միայն մեկ դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը կազմված է քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներով, օրինակ` դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, այն ստորագրված չէ քննիչի կողմից, չունի նկարագրական-պատճառաբանական մաս, օրենքով սահմանված անհրաժեշտ հավելվածներ և այլն» (2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 քրեական գործով որոշում):

i

Երրորդ` հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում առկա իրավիճակը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի կողմից գործը մեղադրողին մեկից ավելի անգամ վերադարձնելը վտանգում է ոչ միայն ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքի իրացումը, այլև կարող է պարունակել գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու տարրեր /հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին/, վտանգել դատարանի անաչառությունը, անհամատեղելի լինել իրավունքի գերակայության սկզբունքին:

Դատական պրակտիկայում վերոշարադրյալ եռատարր իրավական դիրքորոշումների պահպանման պարագայում խնդրին ամբողջական լուծում կտրվի և դատարանների ու դատախազի հայեցողության շրջանակներով պայմանավորված չի հանգեցնի փակուղային վիճակների:

Բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի կարծիքով իր պահանջների ոչ լիարժեք կատարումը հիմք չէ գործը կրկին մեղադրողին վերադարձնելը: Դատարանը պարտավոր է գործն ընդունել քննության և դատաքննությունն սկսել օրենքով նախատեսված ժամկետներում: Իր հերթին, մեղադրող կողմը պետք է նկատի ունենա, որ թերություններով ու ոչ հիմնավոր մեղադրական եզրակացությունը կարող է հանգեցնել գործի վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման կամ արդարացման դատավճռի կայացմանը:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ` օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի` «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը վերոնշյալ իրավական դիրքորոշումներին ոչ համահունչ կիրառելու դեպքում դատարանը դուրս կգա դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից: Այս պարագայում դատարանը նաև կողմերի միջև հավասարության նժարը կարող է խախտել ի շահ մեղադրանքի կողմի` դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը և 66-րդ հոդվածում ամրագրված` անմեղության կանխավարկածի սկզբունքը:

7. Անդրադառնալով օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի սահմանադրականության հարցին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով դատախազի համար մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու պարտականություն է առաջանում: Սակայն օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ բացակայում է այդ պարտականության իրականացման ընթացակարգը, այսինքն` նյութական նորմով սահմանված պարտականությունն ապահովված չէ ընթացակարգային նորմերով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասը կոչված է կանոնակարգելու դատարան-դատախազ հարաբերությունները մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու մասով, իսկ դատախազ-քննիչ հարաբերություններն այս մասով իրավական կարգավորումից դուրս են մնացել: Դատախազի և քննիչի հարաբերությունները մեղադրական եզրակացության մասով կանոնակարգված են օրենսգրքի 274-րդ հոդվածով, սակայն այն վերաբերում է այն դեպքերին, երբ քննիչը, ստորագրելով մեղադրական եզրակացությունը, քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Գործը մեղադրողին վերադարձնելուց հետո մեղադրական եզրակացությունում առկա թերությունները շտկելու համար դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը քննիչին ուղարկվելու, քննիչի կողմից դրանք վերացվելու խնդիրներն օրենսդրական հստակ և ամբողջական կանոնակարգումների անհրաժեշտություն ունեն: Դատախազ-քննիչ իրավահարաբերությունների բնական ընթացքը, դատախազի` հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու սահմանադրական պարտականության արդյունավետ կատարումն ապահովելու հրամայականը հաշվի առնելով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրինաստեղծ ու իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվեն հետևյալ մոտեցմամբ. բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը վերադարձրել է դատախազին, վերջինս մեղադրական եզրակացությունում առկա թերություններն ուղղելու նպատակով այն կարող է ուղարկել քննիչին: Այս համատեքստում` իրավակիրառ պրակտիկայում հնարավոր անհստակությունները կանխելու համար Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` դատարանի կողմից նշվող ժամկետի (ինչպես նաև 296-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված 3-օրյա, 7-օրյա ժամկետների) հաշվարկն սկսվում է գործը մեղադրողին վերադարձնելու մասին դատարանի որոշումը դատախազի կողմից ստանալու պահից:

Միաժամանակ, հիմք ընդունելով օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի` «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտության` վերը բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատախազ-քննիչ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված` սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել որպես քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու հնարավորություն: ՈՒստի այս առումով Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի պնդումն առ այն, որ` «... մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար դատարանի կողմից վերադարձված քրեական գործով դատախազի կողմից գործը քննիչին վերադարձնելու անհնարինության մասին է խոսում նաև քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու դատավարական ինստիտուտի ոչ սահմանադրականությունը, ինչը ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-710 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում բացառում է դատարան ուղարկված քրեական գործով թերությունները և խախտումները վերացնելու համար այն քննիչին վերադարձնելը»:

Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշումը վիճարկելու անհնարինությունը չի համապատասխանում իրավունքների պաշտպանության միջոցի արդյունավետությանը, չի ապահովում դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև ողջամիտ համաչափությունը դրա հետապնդած նպատակների հետ, Սահմանադրական դատարանն այդ կապակցությամբ արձանագրում է հետևյալը.

i

ա) դատարանի մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (ՍԴՈ-1257),

բ) դատախազի կողմից գործը մեղադրողին վերադարձնելու մասին դատարանի որոշման բողոքարկման իրավունքի բացակայությունը չի խաթարում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի էությունը, ավելին` պայմանավորված է ողջամիտ ժամկետներում գործի քննության ապահովման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդունում է ի գիտություն, որ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում քննության առարկա դրույթը և փոխկապակցված այլ դրույթներն ունեն հետևյալ ձևակերպումը.

«Եթե նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը կազմվել կամ ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, ապա դատարանը հանրային մեղադրողին ողջամիտ ժամանակ է տրամադրում այդ որոշումը սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար: Եթե դատարանի սահմանած ժամկետում սույն օրենսգրքի պահանջների խախտումը չի վերացվում, ապա դատարանը վարույթը շարունակում է սկզբնական մեղադրանքով` այդ մասին կայացնելով առանձին որոշում» (հոդված 312, կետ 4):

- «Դատալսումները հետաձգվում են նաև այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին: Տվյալ հիմքով դատական նիստը հետաձգելիս դատարանը հանրային մեղադրողին պարտավորեցնում է դատարանի սահմանած ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել սույն օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին, այն ներկայացնել դատարան, իսկ դրա պատճենը հանձնել դատական վարույթի մասնակիցներին: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, ապա դատարանի սահմանած ժամկետը չպետք է երեք, իսկ մնացած դեպքերում յոթ օրվանից ավել լինի» (հոդված 277, կետ 5):

Մանրամասն կանոնակարգվում են նաև մեղադրական եզրակացության կազմման և ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի` «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի`

ա) «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել ավելի լայն, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270 և 271-րդ հոդվածներում նախատեսված պահանջներն են: Իսկ վերջիններս չեն կարող մեկնաբանվել այնպես, որ այդ մեկնաբանությունը ներառի ապացույցների գնահատումը կամ հնարավորություն տրվի դատարանին դրսևորելու այնպիսի վարքագիծ, որը դատարանը դատավարության տվյալ փուլում իրավասու չէ դրսևորել,

բ) գործը մեղադրողին մեկից ավելի անգամ վերադարձնելը չի բխում իրավունքի գերակայության սկզբունքից և անձի սահմանադրական իրավունքների խախտման իրական վտանգ կարող է ստեղծել:

i

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը վերադարձրել է դատախազին, վերջինս մեղադրական եզրակացությունում առկա թերություններն օրենքի պահանջներին համապատասխան շտկելու նպատակով այն կարող է ուղարկել քննիչին` պահպանելով դատարանի կողմից սահմանված ժամկետները:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

5 դեկտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1393

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.12.2017
N ՍԴՈ-1393
Որոշում