Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ, 258-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ, 258-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՏԴ/0101/01/14
Քրեական գործ թիվ   ՏԴ/0101/01/14

Նախագահող դատավոր`  Վ. Ռշտունի
                    Դատավորներ`  Կ. Ղազարյան
                                                   Մ. Պապոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Օհանյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
 
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ
պաշտպան` Ե. Վարոսյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Լադիկի Խոջումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 38101914 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Անդրանիկ Խոջումյանը տուժող է ճանաչվել:

2014 թվականի ապրիլի 5-ին Աշոտ Այդինյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Ա.Այդինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այդինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2014 թվականի հուլիսի 24-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 62217314 քրեական գործը:

Նույն օրը ձերբակալվել է Անդրանիկ Խոջումյանը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ թիվ 38101914 և թիվ 62217314 քրեական գործերը միացվել են, և նախաքննությունը շարունակվել է մեկ վարույթում` թիվ 38101914 համարով:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ա.Խոջումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խոջումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Ա.Այդինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է այն չհաստատվելու պատճառաբանությամբ:

2014 թվականի սեպտեմբերի 12-ին Արտակ Ավետիսյանը, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին Անդրանիկ Ազիբեկյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի սեպտեմբերի 14-ի և նույն թվականի սեպտեմբերի 16-ի որոշումներով Ա.Ավետիսյանը և Ա.Ազիբեկյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

2014 թվականի սեպտեմբերի 30-ին Ա.Այդինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նրա նկատմամբ նոր խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ա.Խոջումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ա.Այդինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Այդինյանը ճանաչվել է տուժող:

2014 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 5-ի դատավճռով Ա.Խոջումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 6 տարի 6 ամիս ժամկետով:

Նույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել են նաև Ա.Ավետիսյանը և Ա.Ազիբեկյանը:

3. Ամբաստանյալ Ա.Ավետիսյանի պաշտպան Ա.Ադամյանի, ամբաստանյալ Ա.Ազիբեկյանի պաշտպան Մ.Պողոսյանի, ամբաստանյալ Ա.Խոջումյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 29-ին որոշում է կայացրել պաշտպաններ Լ.Սահակյանի, Ե.Վարոսյանի, Մ.Պողոսյանի բողոքները մասնակիորեն բավարարելու, պաշտպան Ա.Ադամյանի բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 5-ի դատավճիռը բեկանելու և Ա.Խոջումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով Ա.Խոջումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նույն որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբաստանյալ Ա.Ազիբեկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխվել է:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, ամբաստանյալ Ա.Ազիբեկյանի պաշտպաններ Ե.Սարգսյանն ու Մ.Պողոսյանը, ամբաստանյալ Ա.Ավետիսյանն ու նրա պաշտպան Ա.Ադամյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի` վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնվել է, նշված բողոքը վերադարձվել է, և սահմանվել 10-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումներով ամբաստանյալ Ա.Ազիբեկյանի պաշտպաններ Ե.Սարգսյանի ու Մ.Պողոսյանի, ամբաստանյալ Ա.Ավետիսյանի ու նրա պաշտպան Ա.Ադամյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա 2014 թվականի ապրիլի 1-ին` ժամը 24-ի սահմաններում, Իջևան քաղաքում գործող «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչն արտահայտվել է համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի և Արսեն Չապուխյանի ուղղությամբ զենքով` օրինական կերպով իրեն ամրակցված և հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ արձակելով, որն էլ ռեալ վտանգ է ստեղծել նրանց կյանքի և առողջության համար:

Այսպես, 2014 թվականի ապրիլի 1-ի երեկոյան Ա.Խոջումյանը Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչ Հովիկ Խեչյանին պատկանող անասնաֆերմայի հարակից տարածքի կառուցապատման հարցով Ա.Այդինյանի հետ անախորժ հեռախոսազրույց ունենալուց հետո հարցերը պարզաբանելու նպատակով վերջինիս կանչել է իրեն պատկանող` (...) «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիր: Ա.Խոջումյանը, տեղյակ լինելով Ա.Այդինյանի այցելության մասին, նախապես իր հետ վերցրել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «Սայգա» տեսակի 7.62 մմ տրամաչափի կարաբինը, ապա ռեստորանի բակում սպասել նրան: Ժամը 23:50-ի սահմաններում, երբ Ա.Այդինյանը համագյուղացի Ա.Չապուխյանի վարած «Վազ 21703» մակնիշի ավտոմեքենայով ժամանել և փորձել է մտնել ռեստորանի տարածք, Ա.Խոջումյանը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության` համալիրի աշխատակիցների և հարակից մայրուղով երթևեկող քաղաքացիների նկատմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի դիմաց, որի ժամանակ Ա.Չապուխյանը վախի ազդեցության տակ բացել է մեքենայի դուռը, նետվել ավտոմեքենայից և թաքնվել համալիրի պահակատան հետնամասում: Ա.Այդինյանը, իջնելով ավտոմեքենայից, ձեռքերը վեր պարզած, փորձել է մոտենալ Ա.Խոջումյանին, հորդորել է դադարեցնել կրակոցները, սակայն վերջինս, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման ակնկալիքով, ձգտելով իր հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը` ցույց տալ իր գերակայությունը, անտեսել է խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված` Ա.Այդինյանի հորդորները և, լցված լինելով անթաքույց արհամարհանքով համակեցության ու բարոյականության նորմերի պահանջների նկատմամբ, շարունակել է հրազենի գործադրմամբ կրակոցներ արձակելը տարբեր ուղղություններով, ռեալ վտանգ ստեղծել ներկա գտնվող անձանց կյանքի ու առողջության համար` դրանով իսկ խախտելով ռեստորանահյուրանոցային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը, պատահական անցորդների և հասարակության անդորրը` ստեղծելով վախի մթնոլորտ: Ընթացքում, երբ Ա.Խոջումյանը շարունակել է զենքի գործադրմամբ իր խուլիգանական գործողությունները, Ա.Այդինյանը երկու անգամ կրակել է օդ և հեռացել, որից հետո միայն Ա.Խոջումյանը դադարեցրել է իր խուլիգանական գործողությունները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 308-327):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Ա.Խոջումյանին մեղսագրված արարքը հաստատված է, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի» (տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 1-9):

6.1. Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում, ի թիվ այլոց, դրել է նաև ամբաստանյալներ Ա.Խոջումյանի և Ա.Ավետիսյանի, տուժող Ա.Այդինյանի, վկաներ Ա.Ճաղարյանի, Ա.Քոչարյանի, Ա.Չապուխյանի և Հ.Խեչյանի տված հետևյալ ցուցմունքները.

- ամբաստանյալ Ա.Խոջումյան` «(...) Աշոտ Այդինյանի հետ անախորժ խոսակցություն ունենալուց հետո, երբ վերջինս մի խումբ անձանց հետ այցելել է իրեն պատկանող «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիր, հետագա բարդություններից և հնարավոր վիճաբանությունից խուսափելու նպատակով օրինական կարգով իրեն ամրակցված «Սայգա» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել ռեստորանի տարածք մտնող «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի դիմաց և օդ` համալիր եկած անձանց մուտքը խոչընդոտելու համար (...)»:

- ամբաստանյալ Ա.Ավետիսյան` «(...) Անդրանիկ Խոջումյանը պատմել է դեպքի իրական հանգամանքները, այն, որ առաջինն ինքն է կրակել և արձակել է շուրջ 30 կրակահերթ, որպես մտերիմ զայրացել են նրա վրա և նեղսրտել, որ դեպքի մասին լսել են այլ անձանցից (...)»:

- տուժող Ա.Այդինյան` «(...) իր համագյուղացի Արսեն Չապուխյանի հետ Երևան գնալու ճանապարհին հասնելով «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ և հիշելով ժամեր առաջ Անդրանիկ Խոջումյանի հետ ունեցած անախորժ հեռախոսազրույցը` Ա.Չապուխյանին խնդրել է հանդիպել Ա.Խոջումյանին և նոր շարունակել ճանապարհը: Նույն պահին` Ա.Չապուխյանի վարած «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով ռեստորանի դարպասներից ներս մտնելու ժամանակ լսել է կրակոցի ձայներ և նկատել, որ Ա.Խոջումյանը ձեռքին եղած ինքնաձիգով կրակում է տարբեր ուղղություններով: Ա.Չապուխյանը վախի ազդեցության տակ իջել է մեքենայից, թաքնվել պահակատան հետնամասում, որից հետո ինքը, ձեռքերը վեր պարզած, փորձել է մոտենալ Ա.Խոջումյանին` խնդրելով դադարեցնել կրակոցները: Երբ վերջինս շարունակել է կրակահերթը, ինքը մոտեցել է ավտոմեքենայի հետևի դռանը, բացել այն և հանելով իր գազային ատրճանակը, երկու անգամ կրակել է օդ և դեպքի վայրից դիմել փախուստի (...)»:

- վկա Ա.Ճաղարյան` «(...) Ինքն աշխատում է «Իջևանատուն» հյուրանոցառեստորանային համալիրում` որպես ադմինիստրատոր: (...) Կրակոցներ է լսել: Այդ պահին Անդրանիկ Խոջումյանը մոտեցել է իրեն և հրահանգել է արգելել ռեստորանի աշխատակիցների ելքը: Այնուհետև մտել է ներս և Արուսյակին ու Լիդային զգուշացրել, որ հանկարծ դուրս չգան, ու մինչև իջել է արդեն վերջացել էր այդ իրարանցումը (...)»:

- վկա Ա.Քոչարյան` «(...) Ինքն աշխատում է «Իջևանատուն» հյուրանոցառեստորանային համալիրում որպես հավաքարար: 2014 թվականի ապրիլի 1-ին` երեկոյան, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Լիդիա Գալստյանի հետ զրուցելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ, որից քիչ անց սենյակ է մտել Անուշ Ճաղարյանը և հայտնել, որ ինչ որ անձինք եկել են ռեստորանի բակ և կրակում են: Անուշ Ճաղարյանը պահանջել է մնալ սենյակում (...)»:

- վկա Ա.Չապուխյան` «(...) «Իջևանատուն» ռեստորան մտնելուց կրակոցներ է լսել ու մեքենան կանգնեցրել: Իրեն թվացել է մեքենայի առաջին է կրակոցը, դուրս է եկել մեքենայից ու կանգնել ռեստորանի մուտքի պահակատան հետնամասում: Դրանից հետո Աշոտն իջել է մեքենայից, շրջվել մեքենայի հետևի դուռը բացել, զենքը հանել և երկու անգամ օդ կրակել: (...) Ճիշտ է, Անդրանիկ Խոջումյանի կրակոցը չի տեսել, սակայն որ իջել է, նրա ձեռքին զենք է տեսել, բայց իրենց ուղղությամբ զենք չի պահել: (...) Կրակոցների պահին մայրուղով անցնող մեքենաները մի պահ դանդաղեցրել են երթևեկությունը ու գնացել, սակայն չեն կանգնել (...)»:

- վկա Հ.Խեչյան` «(...) ինքն ու Անդրանիկ Խոջումյանը գտնվել են սարամասում, իր հեռախոսահամարին է զանգահարել Գետահովիտ գյուղի գյուղապետ` Արթուրը, ֆերմայի տարածքի հողի հետ կապված: Խոսակցության ընթացքում վիճաբանություն է եղել իրենց միջև: Գյուղապետը ֆերմայի փաստաթղթերն էր ուզում, ինքն էլ ասել է, որ դրանք տանն են, իսկ ինքը գտնվում է սարում: Անդրանիկը, տեսնելով, որ վիճաբանում են, հեռախոսը վերցրել է և բացատրել, որ վիճաբանություն պետք չէ: Մեկ էլ ճանապարհին իր հեռախոսահամարին կրկին զանգ է եկել, արդեն Այոն էր, Անդրանիկը վերցրեց հեռախոսը, իրեն էլ բացատրեց, խոսակցությունը փոխվեց, արդեն իրենց մեջ մեծ վիճաբանություն եղավ: Այոն իրեն կանչել է Գետահովիտ գյուղի գյուղապետարան: Անդրանիկը ասաց այս ժամին գյուղապետարան մի գնա, թող իրենք գան օբյեկտ: Անդրանիկը Այոյին ու Արթուրին ասաց եկեք օբյեկտ: Արսեն Չապուխյանն էր ու Այոն սպիտակ պրիորայով: Մինչև օբյեկտ գալն Անդրանիկը վազեց վերև, ավտոմատը վերցրեց ու իջավ ներքև, մի քիչ վարոտներից հեռու կանգնեց ու սպասում էր: (...) Երբ մեքենան փորձում էր մտնել ներս, Անդրանիկը սկսեց կրակել իրենց ուղղությամբ դեպի տարբեր կողմեր ու ասում էր առաջ չգաք: Այոն իջավ անցավ մեքենայի հետևի ձախ դռան կողմը, մեքենայից շոր հանեց ու կրակոց է լսել, կրակոցի ուղղությունը չի տեսել: Անդրանիկի ավտոմատը փամփուշտներով լիքն էր: (...) Առաջին կրակոցից հետո Այոն գոռում էր` ասելով ինչ ես անում: Արսենը կրակոցի ժամանակ իջել է մեքենայից ու, դեպի Անդրանիկը գոռալով, ասել է` ինչ ես անում: (...) Անդրանիկը գոռում էր, ասում էր, որ առաջ չգաք, թե չէ կենդանի մարդ չի դուրս գա, նա վազում էր առաջ, մի կողմ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 1-9):

7. Ամբաստանյալ Ա.Խոջումյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի համաձայն` «(...) Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև մեղադրող դատախազի կողմից Անդրանիկ Խոջումյանի համար միջնորդված, ապա կայացված դատավճռով սահմանված պատժաչափը, երբ արձանագրելով, որ Ա.Խոջումյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան, դատախազն այնուամենայնիվ միջնորդել է ամբաստանյալին դատապարտել առավելագույն հնարավոր ժամկետով ազատազրկման, իսկ Առաջին ատյանի դատարանը, ցուցաբերելով «աննկարագրելի մարդասիրություն», սահմանել է պահանջվածից 6 ամսով պակաս պատժաչափ» (տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 41-56):

7.1. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Անդրանիկ Խոջումյանի և Աշոտ Այդինյանի միջև հեռախոսային խոսակցության ընթացքում առաջացել է վեճ, ինչի արդյունքում Ա.Այդինյանն անպարկեշտ խոսքեր է ասել Ա.Խոջումյանին և ցանկացել հանդիպել վերջինին` պարզաբանումներ ստանալու նպատակով: Այնուհետև Ա.Այդինյանը հարցեր պարզաբանելու նպատակով մեկ կամ մի քանի մեքենաներով (նշվածի հետ կապված առկա են հակասական ցուցմունքներ) ուղևորվել է ռեստորանային համալիր, իսկ Անդրանիկ Խոջումյանը, ցանկանալով կանխել վերջինների մուտքը և հետագա անախորժություններից խուսափելու նպատակով սկսել է մեքենայի դիմաց, կողք և օդ կրակոցներ արձակել, որպեսզի վախեցնի, ինչի արդյունքում էլ կրակոցներ է արձակել նաև Ա.Այդինյանը:

Վերը նշվածը ոչ միայն բավարար չէ խուլիգանության մասին հիմնավոր հետևության գալու համար, այլև դրանց մի մասը վկայում են այն մասին, որ վիճաբանությունը հիմնականում պայմանավորված է եղել Ա.Այդինյանի կողմից Ա.Խոջումյանին հայհոյելու, ագրեսիվ վարքագիծ դրսևորելու և արդյունքում` պարզաբանումներ ստանալու նպատակով ռեստորանային համալիր ուղևորվելու հանգամանքով: Իսկ վիճաբանության առաջացման նման պայմաններում դժվար է համաձայնել այն մոտեցման հետ, որ ամբաստանյալի գործողություններում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմն առկա է: Ավելին` պետք է նկատել, որ նախքան Ա.Այդինյանի հետ հեռախոսազրույց ունենալն Անդրանիկ Խոջումյանը որևէ վիճաբանության, կռվի տրամադրվածություն չի ունեցել, այլ, ընդհակառակը, զանգահարել է ռեստորանային համալիր և հաց ուտելու նպատակով չորս հոգու համար նախատեսված սեղան է պատվիրել:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշվել է, որ Ա.Խոջումյանն իր գործողություններով խախտել է ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը, պատահական անցորդների և հասարակության անդորրը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքի մասին վկայող բավարար տվյալներ քրեական գործում առկա չեն: Ընդ որում, հատկանշական է նաև այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել գրեթե կեսգիշերին` ժամը մոտ 23:00-ից 23:30-ի սահմաններում, ռեստորանային համալիրի ներսի հատվածում, իսկ ռեստորանային համալիրը գտնվել է Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում: Ավելին` վկա Արսեն Չապուխյանը նշել է, որ կրակոցների պահին ոչ մի մարդ չի տեսել, մայրուղով անցնող մեքենաները մի պահ դանդաղեցրել են երթևեկությունը և գնացել, իսկ Անուշ Ճաղարյանը հայտնել է, որ մինչև մեքենաների գալն իրենք հաճախորդներ չեն ունեցել, «Իջևանատունը» ժամը 22:00-ից փակ է եղել:

Իսկ, եթե նույնիսկ ընդունելի համարվի, որ ամբաստանյալի գործողություններով ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը, պատահական անցորդների և հասարակության անդորրը խախտվել է, ապա այդ դեպքում խոսք կարող է գնալ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչը, սուբյեկտիվ կողմի բացակայության պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի (...) որոշման իմաստով, բավարար չէ խուլիգանության փաստը հաստատելու համար:

Այսպիսով, վերը նշված տվյալներով ոչ միայն չի հաստատվում, այլև հերքվում է, որ Ա. Խոջումյանը գործել է խուլիգանական մղումներով: Հակառակ մոտեցումը կասկածելի է, և նման հետևությունը հիմնականում հիմնված է ենթադրությունների վրա:

(...)

Տվյալ դեպքում քրեական գործի նյութերով հաստատված է, որ Անդրանիկ Խոջումյանը ռեստորանային համալիր Աշոտ Այդինյանի և այլոց մուտքը կանխելու նպատակով ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինների ավտոմեքենայի դիմաց, կողք և օդ, որից հետո Արսեն Չապուխյանը վախի ազդեցության տակ բացել է մեքենայի դուռը, նետվել է ավտոմեքենայից և թաքնվել համալիրի պահակատան հետնամասում, իսկ Աշոտ Այդինյանը, իջնելով ավտոմեքենայից, ձեռքերը վեր պահած փորձել է մոտենալ Անդրանիկ Խոջումյանին և հորդորել, որ դադարեցնի կրակոցները, սակայն վերջինը շարունակել է:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա.Խոջումյանն ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Ա.Այդինյանի և Ա.Չապուխյանի մեքենայի դիմացի և կողքի հատվածներում, որպեսզի դրանով կանխի նրանց հնարավոր գործողությունները, ինչպես նաև կրակոցները շարունակվել են վերջինների կողմից մեքենայից դուրս գալուց հետո, գտնում է, որ Ա.Խոջումյանի գործողություններն իրենց մեջ պարունակում են սպանության, ինչպես նաև առողջության ծանր վնաս պատճառելու սպառնալիք: Ավելին` այդ սպառնալիքն Ա.Այդինյանի և Ա.Չապուխյանի կողմից ընկալվել է որպես իրական, քանի որ Ա.Չապուխյանը փախուստի է դիմել, իսկ Ա.Այդինյանը, ձեռքերը վեր պահած, փորձել է հանդարտեցնել իրավիճակը, իսկ հետագայում այն կանխելու նպատակով կրակ է արձակել:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ա.Խոջումյանի գործողությունները կարող են դիտվել որպես անհրաժեշտ պաշտպանություն, ապա Վերաքննիչ դատարանի համար դա ընդունելի չէ, քանի որ արդեն իսկ հաստատված է, որ ամբաստանյալի սկզբնական կրակոցից հետո Ա.Այդինյանը և Ա.Չապուխյանը մեքենայից դուրս են եկել և որևէ գործողություն չեն կատարել, այլ, ընդհակառակը, Ա.Չապուխյանը փախուստի է դիմել, իսկ Ա.Այդինյանը ձեռքերը վեր է պարզել: Այսինքն` Ա.Խոջումյանի կրակոցները շարունակվել են նաև այն իրավիճակում, երբ վերջինին ակնհայտ է եղել, որ Ա.Այդինյանը և Ա.Չապուխյանը մեքենայից իջնելուց հետո որևէ հանրորեն վտանգավոր գործողություն չեն կատարել:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ա.Խոջումյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին:

(...) Տվյալ դեպքում քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տուժող Ա.Այդինյանն իրեն սպառնալիքներ տալու առումով երբևէ ամբաստանյալի դեմ բողոք չի ներկայացրել: Ավելին` նման բողոք չի ներկայացրել նաև Ա.Չապուխյանը:

Վերոնշյալի արդյունքում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ տուժողի բողոքի բացակայության հիմքով Անդրանիկ Խոջումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 131-184):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի համոզմամբ Վերաքննիչ դատարանը, գործով ձեռք բերված ապացույցներին տալով կամայական գնահատական, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքաբերը վերլուծել է Վճռաբեկ դատարանի` ապացույցների գնահատման վերաբերյալ թիվ ԵՔՐԴ/0632/01/08, թիվ ՇԴ/0126/01/12, թիվ ԵԿԴ/0168/01/12, ինչպես նաև խուլիգանության հանցակազմի վերաբերյալ թիվ ԱՎԴ/0014/01/11, թիվ ՎԲ-223/06, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի հանցակազմի վերաբերյալ թիվ ԿԴ1/0025/01/12 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները և գտել, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ապացույցները յուրովի է գնահատել` արդյունքում ամբաստանյալ Ա.Խոջումյանի կողմից կատարված արարքին տրված քրեաիրավական որակման վերաբերյալ գալով սխալ եզրահանգման:

Ըստ բողոքի հեղինակի` ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Ա.Խոջումյանը չնչին առիթով զենքի գործադրմամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որպիսի պայմաններում ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնազուրկ են և չեն բխում գործի նյութերից: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Ա.Խոջումյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել «Իջևանատուն» համալիրի աշխատակիցների և այնտեղ գտնվող անձանց նկատմամբ, իրեն ամրակցված «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 մարտական փամփուշտներով կրակոցներ է արձակել նշված համալիրի տարածք մտնող ավտոմեքենայի դիմաց, գետնին և օդ, ապա կրակոցները շարունակել որսորդական հրացանով` իր գործողություններով խախտելով հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը և վախի զգացում առաջացնելով ինչպես դրա աշխատակիցների, այնպես էլ Ա.Այդինյանի և Ա.Չապուխյանի մոտ:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքը վերաորակելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և նույն օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանությունը) նախատեսված հանցակազմերի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների առկայության և նույն օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշների բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Նշված հանցակազմին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Սպանության սպառնալիքի հետ մեկտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու իրական սպառնալիքի համար: Այսինքն` նշված հանցակազմի օբյեկտը հավաքական բնույթ է կրում, այն բաղկացած է մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է ակտիվ գործողություններով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքով: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում: Այս հանցակազմի իմաստով սպառնալիքի արտահայտման եղանակները կարող են տարբեր լինել, ինչն արարքի որակման համար նշանակություն չունի: Այն կարող է արտահայտվել բանավոր, գրավոր, որոշակի գործողություններով (օրինակ` զենքը ցուցադրաբար թափահարելով):

i

(...) Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով արգելված արարքը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Այսինքն` հանցավորը գիտակցում է, որ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք տալով` տուժողի վրա հոգեբանական ազդեցություն է գործադրում` վերջինիս մոտ առաջացնելով վախի, անվստահության զգացողություն, նախատեսում և ցանկանում է նշված հետևանքների առաջացումը: Հանցագործության շարժառիթները կարող են տարբեր լինել` վրեժ, խանդ, անձնական անբարյացակամ հարաբերություններ և այլն (...)» (տե՛ս Վլադիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0025/01/11 որոշման 17-19-րդ կետերը):

13. Վերահաստատելով և զարգացնելով Վ.Խաչատրյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված արարքով տուժողին պատճառվում է որոշակի հոգեբանական վնաս, որի նպատակը վերջինիս մոտ վախի զգացում առաջացնելն է: Հանցագործության շարժառիթները յուրաքանչյուր դեպքում կարող են տարբեր լինել (խանդի, վրեժի, խուլիգանական և այլն) և, թեև արարքի որակման համար նշանակություն չունեն, սակայն դրանց բացահայտումը կարևոր է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված արարքն այլ հանցակազմերից (այդ թվում` խուլիգանությունից) տարանջատելու համար:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք ներկայացնելով: Վերոնշյալ գործողությունները կատարելու սպառնալիքը, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք այլ հանցակազմերում նախատեսված է որպես օբյեկտիվ կողմի բաղկացուցիչ մաս կամ հանցակազմն առավել որակյալ դարձնող հանգամանք (ընդ որում, սպառնալիքը` որպես հոգեբանական հարկադրանքի ձև, տարբեր հանցակազմերում տարբեր կերպ է նկարագրված` «սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք» (ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 2-րդ մաս, 340-րդ հոդվածի 2-րդ մաս, 347-րդ հոդվածի 1-ին մաս և այլն), «կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք» (ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մաս, 175-րդ հոդվածի 1-ին մաս, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ և այլն) կամ «բռնություն գործադրելու սպառնալիք» (ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ կետ, 165-րդ հոդվածի 3-րդ մաս, 182-րդ հոդվածի 1-ին մաս, 258-րդ հոդվածի 2-րդ մաս և այլն)): Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել` որ դեպքում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նկարագրված արարքը ինքնուրույն քրեաիրավական գնահատական ստանում, որ դեպքում` կլանվում այն հանցակազմով, որի մասն է կազմում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերոնշյալ գործողությունները կատարելու սպառնալիքը մեկ այլ հանցագործության բաղկացուցիչ մասն է, ապա որակվում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով կամ հանցագործությունների համակցության կանոններով, այլ միայն այն նորմով, որը պարունակում է հանցագործության հատկանիշների առավել ամբողջական նկարագրություն: Մինչդեռ, եթե սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքն այլ հանցակազմի բաղկացուցիչ մաս չէ, ապա կատարված արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` «1. Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով

(...):

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (...),

(...):

4. Սույն հոդվածի երկրորդ (...) մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (...)»:

Խուլիգանության հանցակազմի պարտադիր հատկանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն` խուլիգանության հիմնական հանցակազմն ունի մեկ օբյեկտ` այն հասարակական հարաբերությունները, որոնք կազմում են հասարակական կարգի բովանդակությունը, մինչդեռ խուլիգանության որակյալ հանցակազմերը երկօբյեկտ են, որոնց դեպքում որպես պարտադիր լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս անձի անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության, առողջության, քաղաքացիների և կազմակերպությունների գույքային շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Օբյեկտիվ կողմից խուլիգանությունը դրսևորվում է հասարակական նշանակության վայրերում, ինչպես նաև հասարակական նշանակություն չունեցող վայրերում, որտեղ, սակայն, առկա է հանրություն, սահմանված կարգի կոպիտ խախտման մեջ, որն արտահայտվում է այդ վայրերում գտնվող հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Հասարակական կարգի ոչ կոպիտ խախտումը, որը թեև արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով: Նույն կերպ` վկայակոչված հոդվածով ենթակա չէ որակման հասարակական կարգի այն կոպիտ խախտումը, որը չի դրսևորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Կոպիտ խախտումն արտահայտվում է նրանում, որ անձի կատարած գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջանում է զայրույթ, վրդովմունք, կամ նրանց անհարմարություն կամ լուրջ անհանգստություն է պատճառվում, կամ առաջանում է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության կապակցությամբ: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումն արտահայտվում է մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելու, հասարակական վայրերում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելու, շրջապատի մարդկանց և կոլեկտիվին հակադրվելու ձևով:

Սուբյեկտիվ կողմից խուլիգանություն կատարող անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հասարակության նկատմամբ, այլև ցանկանում է դա: Խուլիգանությունը կատարվում է խուլիգանական դրդումներով, որը դրսևորվում է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտմամբ:

i

Խուլիգանության վերաբերյալ գործերով կարևոր է տուժողի վարքագիծը հաշվի առնելը: Մասնավորապես, եթե խուլիգանական գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վեճի արդյունքում, ապա նախ անհրաժեշտ է պարզել, թե ով է հանդիսացել վեճը նախաձեռնողը: Արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն, եթե վիճաբանությունն առաջանում է տուժողի ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով և, հետևաբար, հանցանք կատարած անձի մոտ բացակայում են խուլիգանական դրդումները: Նման պարագայում արարքը կարող է խուլիգանություն որակվել միայն այն դեպքում, երբ խուլիգանական դրդումներն առաջանան հետագայում, և արարքը վերաճի խուլիգանության (խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների վերաբերյալ մանրամասն տե՛ս Շահեն Հախվերդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշումը):

14.1. Ինչ վերաբերում է խուլիգանության որակյալ հանցակազմերին, մասնավորապես` հոդվածի 4-րդ մասով նախատեսված` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ իրականացված խուլիգանության առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանը Ա.Խլղաթյանի և Ա.Աթաբեկյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը` «(...) Խուլիգանությունը ծանրացնող հանգամանքներով որակելու համար անհրաժեշտ է հավաստել, որ կատարված արարքի արդյունքում, բացի հանցագործության հիմնական անմիջական օբյեկտից` հասարակական կարգի պաշտպանության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից, խախտվել են նաև օրենքով պաշտպանվող այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք են անձի կյանքը, առողջությունը, քաղաքացիների ու կազմակերպությունների գույքային շահերը և այլն: (...):

(...) ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե վերջինիս արարքում առկա են նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նկարագրված հանցակազմի հատկանիշները, հետևաբար զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության ծանրացնող հանգամանքը հանցավորին կարող է մեղսագրվել, եթե նշված առարկաների օգտագործումը զուգորդվել է`

ա) բռնություն գործադրելով կամ

բ) բռնություն գործադրելու սպառնալիքով կամ

գ) անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելով:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (...) զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ բռնության սպառնալիքն անձի նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որն արտահայտվում է հանցավորի կողմից ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ իր մտադրությունը բանավոր խոսքի կամ տարաբնույթ գործողությունների միջոցով տուժողին հայտնելով` զուգորդված զենքը կամ որպես զենք օգտագործվող առարկաները ցուցադրելով, տարբեր մարմնաշարժումներով, ժեստերով և այլն: Ընդ որում, սպառնալիքը պետք է լինի իրական, այսինքն` տուժողը բավարար հիմքեր ունենա վախենալու դրա իրականացումից: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սպառնալիքի իրական լինելը պետք է որոշվի հանցագործության օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքում` հաշվի առնելով ինչպես տուժողի սուբյեկտիվ ընկալումը, այնպես էլ օբյեկտիվ իրադրությունը (...):

i

Ինչ վերաբերում է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելուն, ապա հարկ է նկատել, որ այն թեև ուղղված չէ որևէ կոնկրետ անձի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելուն, այնուամենայնիվ իրականացվում է այնպիսի եղանակով, որը վտանգում է շրջապատում գտնվող անձանց կյանքն ու առողջությունը: Մասնավորապես, որպես այդպիսին կարող են գնահատվել հանրային վայրերում անկանոն կրակոցներ արձակելը, գույքը հանրավտանգ, այսինքն` այնպիսի եղանակով ոչնչացնելը կամ վնասելը, որն իրական վտանգ է ներկայացնում մարդու կյանքի կամ առողջության համար, ինչպես նաև անձանց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնող զենքի կամ այլ առարկաների գործադրման այլ դեպքերը» (տե՛ս Ազատ Խլղաթյանի և Աշոտ Աթաբեկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՏԴ/0085/01/14 որոշման 15-17-րդ կետերը):

15. Հիմք ընդունելով սույն որոշման 12-14.1-րդ կետերում արտահայտված իրավական դատողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է նրա արարքում նախևառաջ հավաստել խուլիգանության հիմնական հանցակազմի առկայությունը, այնուհետև` զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ այլոց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի կամ անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծող գործողություններ կատարելու հանգամանքը: Հետևաբար, եթե խուլիգանության հիմնական հանցակազմն առկա է, իսկ խուլիգանական բուն գործողությունների կատարման ընթացքում ներկայացված բռնություն գործադրելու սպառնալիքը հաստատվում է, ապա այդ սպառնալիքը խուլիգանության որակյալ հանցակազմի բաղկացուցիչ մասն է հանդիսանում (նկարագրված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ եթե զուգորդվել է նաև զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ` նաև նույն հոդվածի 4-րդ մասով), կլանվում է դրանով և ինքնուրույն քրեաիրավական որակում չի ստանում:

Մինչդեռ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը, եթե նույնիսկ տրվել է խուլիգանական դրդումներով, սակայն հասարակական կարգի կոպիտ խախտումով և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով չի զուգորդվել, վկայում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության մասին:

16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Խոջումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Իջևան քաղաքում գործող «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչն արտահայտվել է համալիրի բակ եկած Ա.Այդինյանի և Ա.Չապուխյանի ուղղությամբ զենքով` օրինական կերպով իրեն ամրակցված և հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ արձակելով, որն էլ իրական վտանգ է ստեղծել նրանց կյանքի և առողջության համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռով արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ վիճաբանությունը հիմնականում պայմանավորված է եղել Ա.Այդինյանի կողմից Ա.Խոջումյանին հայհոյելու, ագրեսիվ վարքագիծ դրսևորելու և արդյունքում` պարզաբանումներ ստանալու նպատակով ռեստորանային համալիր ուղևորվելու հանգամանքով` ընդգծելով, որ քրեական գործում առկա չեն խուլիգանության օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի առկայության մասին վկայող բավարար տվյալներ: Արդյունքում, հաշվի առնելով, որ Ա.Խոջումյանն ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Ա.Այդինյանի և Ա.Չապուխյանի մեքենայի դիմացի և կողքի հատվածներում, և կրակոցները շարունակվել են նաև նրանց մեքենայից դուրս գալուց հետո, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ամբաստանյալի գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված` սպանության, ինչպես նաև առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի հատկանիշները (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների, ինչպես նաև ամբաստանյալներ Ա.Խոջումյանի ու Ա.Ավետիսյանի, տուժող Ա.Այդինյանի, վկաներ Ա.Ճաղարյանի, Ա.Քոչարյանի, Ա.Չապուխյանի ու Հ.Խեչյանի ցուցմունքների (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը) վերլուծությունը ցույց է տալիս, որ`

- Ա.Խոջումյանի և Ա.Այդինյանի վիճաբանությունը սկսվել է անշարժ գույքի փաստաթղթերի տրամադրման հետ կապված Հ.Խեչյանի և Գետահովիտ գյուղի գյուղապետի միջև առաջացած խնդրի պարզաբանումից,

- Ա.Այդինյանն իր համագյուղացի Ա.Չապուխյանի հետ գնացել է «Իջևանատուն» համալիր` Ա.Խոջումյանի առաջարկով վերջինիս հանդիպելու,

- Ա.Խոջումյանը նախապես վերցրել է ինքնաձիգը և համալիրի դարպասների մոտ սպասել Ա.Այդինյանին,

- Ա.Չապուխյանի մեքենայի` համալիրի դարպասներից ներս մտնելուն պես Ա.Խոջումյանն ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել, այդ թվում` տվյալ մեքենայի ուղղությամբ,

- Ա.Չապուխյանն ու Ա.Այդինյանը բացականչություններով իջել են մեքենայից: Ընդ որում, Ա.Չապուխյանը թաքնվել է, իսկ Ա.Այդինյանը, ձեռքերը վերև բարձրացնելով, պահանջել է դադարեցնել կրակը,

- Ա.Խոջումյանը շարունակել է կրակոցներ արձակել, որի ընթացքում Ա.Այդինյանը մեքենայից վերցրել է իր ատրճանակը և օդ կրակել,

- Ա.Խոջումյանն Ա.Այդինյանից և Ա.Չապուխյանից պահանջել է առաջ չգալ, այլապես` «կենդանի մարդ չի դուրս գա»,

- Ա.Խոջումյանի կողմից իրականացված կրակոցների ժամանակ համալիրի մոտակայքով անցնող մեքենաները դանդաղեցրել են երթևեկությունը, ապա` շարժվել,

- Ա.Խոջումյանն իր համալիրի ադմինիստրատոր Ա.Ճաղարյանի միջոցով արգելել է շենքից դուրս գալ աշխատակիցներին, ովքեր ներսում սպասել են կրակոցների ավարտին,

- Ա.Խոջումյանն իր գործողությունները դադարեցրել է այն ժամանակ, երբ Ա.Այդինյանը փախուստի է դիմել:

18. Սույն որոշման 16-17-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, անտեսել է վերջինիս արարքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայության մասին վկայող, գործով հաստատված փաստական տվյալների համակցությունը:

Այսպես` Ա.Խոջումյանը հասարակական նշանակության վայրում` «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է Ա.Չապուխյանի մեքենայի` համալիրի դարպասներից ներս մտնելուն պես ինքնաձիգից անկանոն կրակահերթ արձակելով, այդ թվում` տվյալ մեքենայի ուղղությամբ: Նշված գործողությունների արդյունքում լուրջ անհանգստություն և վախի զգացում է առաջացել այնտեղ գտնվող անձանց մոտ, ինչը հաստատվել է թե՛ վկաներ Ա.Չապուխյանի ու Ա.Ճաղարյանի և թե՛ տուժող Ա.Այդինյանի ու վկա Ա.Քոչարյանի դատաքննական ցուցմունքներով: Մասնավորապես, վկա Ա.Չապուխյանը նշել է մայրուղով անցնող մեքենաների` իրենց ընթացքը դանդաղեցնելու, վկա Ա.Ճաղարյանը` համալիրի աշխատակիցների ելքն արգելելու վերաբերյալ Ա.Խոջումյանի կողմից հրահանգ ստանալու, տուժող Ա.Այդինյանը`վախի ազդեցության տակ Ա.Չապուխյանի` մեքենայից իջնելու և թաքնվելու, վկա Ա.Քոչարյանը` իրեն ու Լիդիա Գալստյանին Ա.Ճաղարյանի միջոցով տրված` շենքի ներսում մնալու պահանջի մասին: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այս պայմաններում Վերաքննիչ դատարանի փաստարկներն առ այն, որ քրեական գործում առկա չեն բավարար տվյալներ ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը, պատահական անցորդների և հասարակության անդորրը Ա.Խոջումյանի գործողությունների արդյունքում խախտվելու կապակցությամբ, անհիմն են և հերքվում են գործով հաստատված փաստական տվյալներով: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված այն հանգամանքներին, որ դեպքը տեղի է ունեցել գրեթե կեսգիշերին` ժամը 23:00-ից մինչև 23:30-ի սահմաններում, ռեստորանային համալիրի ներսի հատվածում, իսկ ռեստորանային համալիրը գտնվել է Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի ձախակողմյան հատվածում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դրանք որևէ նշանակություն չեն կարող ունենալ խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը հերքելու համար:

18.1. Անդրադառնալով ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք նույնպես չեն բխում սույն քրեական գործի նյութերից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ա.Խոջումյանի մտերիմ Հ.Խեչյանի անշարժ գույքի փաստաթղթերի հետ կապված չնչին առիթով, իսկ դատարանի այն հետևությունը, որ Ա.Խոջումյանը վիճաբանության տրամադրվածություն չի ունեցել, հերքվում է ինչպես Հ.Խեչյանի դատաքննական ցուցմունքներով, այն է` մինչև Ա.Չապուխյանի ու Ա.Այդինյանի համալիր գալը Ա.Խոջումյանը վազել է վերև, վերցրել ավտոմատը, կանգնել դարպասներից քիչ հեռու ու սպասել նրանց, այնպես էլ` Ա.Այդինյանի և Ա.Չապուխյանի տված ցուցմունքներով (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նույնիսկ եթե նշված վիճաբանության նախաձեռնողը եղել է տուժողը, և ամբաստանյալի մոտ ի սկզբանե խուլիգանական դրդումները բացակայել են, այնուամենայնիվ վերջինիս հետագա գործողությունները վերաճել են խուլիգանության, քանի որ լիցքավորված ինքնաձիգը վերցնելով, Ա.Չապուխյանի մեքենայի` համալիր մուտք գործելուն պես այն գործադրելով, Ա.Չապուխյանի թաքնվելով, իսկ Ա.Այդինյանի` ձեռքերը վերև բարձրացնելով ու կրակը դադարեցնելու` իրեն ուղղված կոչերն անտեսելով` Ա.Խոջումյանը փորձել է ընդգծել սեփական անձի առավելությունը և ցույց տալ իր գերակայությունը` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Ընդ որում, վերոնշյալ հանգամանքն իր որոշմամբ հաստատել է նաև Վերաքննիչ դատարանը` արձանագրելով, որ «(...) Արսեն Չապուխյանը վախի ազդեցության տակ բացել է մեքենայի դուռը, նետվել է ավտոմեքենայից և թաքնվել համալիրի պահակատան հետնամասում, իսկ Աշոտ Այդինյանը, իջնելով ավտոմեքենայից, ձեռքերը վեր պահած փորձել է մոտենալ Անդրանիկ Խոջումյանին և հորդորել, որ դադարեցնի կրակոցները, սակայն վերջինը շարունակել է (...)» (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը):

19. Այսպիսով, սույն որոշման 18-18.1-րդ կետերում վերլուծված փաստական տվյալները վկայում են ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայության մասին: Միևնույն ժամանակ Ա.Խոջումյանի կողմից հնչեցված բռնություն գործադրելու սպառնալիքը (Ա.Այդինյանից և Ա.Չապուխյանից պահանջել է առաջ չգալ, այլապես սպառնալով, որ «կենդանի մարդ չի դուրս գա») և զենքի գործադրումը հիմք են վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խուլիգանության որակյալ հանցակազմի առկայությունը հավաստելու համար:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակելով նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, պատշաճ վերլուծության և գնահատականի չի արժանացրել սույն գործի փաստական տվյալները` նյութաիրավական նորմերի մեկնաբանման և կիրառման հարցում հանգելով սխալ եզրահանգման: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը` սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքը, ամբողջությամբ ընդգրկվել է ամբաստանյալի` նույն օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքում և հանդիսացել դրա բաղկացուցիչ մասը: Հետևաբար խուլիգանության հանցակազմի առկայության պայմաններում ներկայացված սպառնալիքին չէր կարող ինքնուրույն քրեաիրավական գնահատական տրվել, և կատարված արարքը պետք է որակվեր այն նորմով, որը հանցագործության հատկանիշների ամբողջական նկարագրությունն էր պարունակում, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

20. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Խոջումյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների առկայության և նույն օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշների բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

21. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Խոջումյանի կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակելով նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 137-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումը բեկանելու և քրեական գործն այդ մասով նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և քննարկման առարկա դարձնի նաև պատժի մասով վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերը` դրա կապակցությամբ օրենքով սահմանված կարգով հանգելով համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Անդրանիկ Լադիկի Խոջումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Անդրանիկ Լադիկի Խոջումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Օհանյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ՏԴ/0101/01/14
Որոշում