Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 64-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԱՔԴ/0132/01/15
Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0132/01/15  
Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան
                   Դատավորներ` Ա. Խաչատրյան
                                                 Մ.Պետրոսյան   

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Օհանյանի
 Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ
դատախազ Ա. Շահբազյանի

                   

2017 թվականի հունիսի 22-ին

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գեղամ Ժորայի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62231814 քրեական գործը:

2014 թվականի դեկտեմբերի 12-ին Գեղամ Գեղամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2015 թվականի հուլիսի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 27-ի դատավճռով Գ.Գեղամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ե.Թորոսյանը, Դ.Ապետնակյանը, Տ.Պողոսյանը և Լ.Նազարյանը:

3. Ամբաստանյալ Ե.Թորոսյանի պաշտպան Մ.Ալավերդյանի, ամբաստանյալ Տ.Պողոսյանի պաշտպան Վ.Մնացականյանի և ամբաստանյալ Գ.Գեղամյանի պաշտպան Գ.Լյուդվիկյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել պաշտպաններ Մ.Ալավերդյանի և Վ.Մնացականյանի բողոքները մերժելու, պաշտպան Գ.Լյուդվիկյանի բողոքը բավարարելու, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, բեկանելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Գ.Գեղամյանը դատապարտվել է ազատազրկման` 2 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Տ.Պողոսյանի պաշտպան Ա.Ալիխանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ ամբաստանյալ Տ.Պողոսյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Նույն թվականի փետրվարի 8-ի որոշմամբ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Գ.Գեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2014 թվականի օգոստոս ամսին Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտ իր օգտագործման և իրացնելու նպատակով 1.400.000 ՀՀ դրամով Երվանդ Թորոսյանից ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում ապօրինի պահել է 300 փաթեթով` յուրաքանչյուրը 0.62 գրամ քաշով, խոշոր չափերով, ընդհանուր 186 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ 130.2 գրամը` 210 փաթեթներով, 2014 թվականի օգոստոս ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10.000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է Հակոբ Կիրակոսյանին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 274-295):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Որպես ամբաստանյալ Գեղամ Գեղամյանի անձը բնութագրող տվյալներ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առնում, որ նա ամուսնացած է, բնութագրվում է դրական, նախկինում դատված չէ: Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում, որ նա ընդունել է մեղքը և զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախաքննության փուլում ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, երրորդ խմբի հաշմանդամ է, նրա խնամքի տակ են գտնվում կենսաթոշակառու մայրը, 2006 թվականին ծնված մանկահասակ որդին, ընտանիքի միակ կերակրողն է: Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

(...) Գնահատելով ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցագործության առարկա թմրամիջոցի տեսակը (մեղադրանքի փաստական կողմի նկարագրության համաձայն` սույն գործով թմրամիջոցը հանդիսանում է կանեփի բուսական մանրացված զանգված` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց), խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, ինչպես նաև հանցանքը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի բացակայության փաստի հետ` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ամբաստանյալ (...) Գեղամ Գեղամյանի (...) նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացվելիությունը:

(...) Քննության առնելով ամբաստանյալ Գեղամ Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 64-րդ հոդվածների կիրառման հնարավորության և նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված` պատժի նպատակների իրացվելիության հարցը և հաշվի առնելով Գեղամ Գեղամյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցավորի անձը, Առաջին ատյանի դատարանը հանգում է հետևության, որ տվյալ դեպքում Գ.Գեղամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը չի համապատասխանի արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին:

Վերոգրյալի հիման վրա Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Գեղամ Գեղամյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 59-77):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը (...) քննության առնելով ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու հարցը, հաշվի առնելով վերջինիս կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը (կատարածը ծանր հանցագործություն է` 130.2 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացում), հանցավորի անձը, հանգում է այն հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված` պատժի նպատակների իրացվելիության տեսանկյունից պայմանական դատապարտության կիրառումը չի համապատասխանի արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին:

(...) Ինչ վերաբերում է ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմնավորումներին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավորված են, և դատավճիռն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի մասով ենթակա է փոփոխման հետևյալ պատճառաբանություններով:

(...) Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալ Գ.Գեղամյանի անձը բնութագրող տվյալներ հաշվի է առնում այն, որ վերջինս 51 տարեկան է, ամուսնացած է, բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված չի եղել:

(...) Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Գ.Գեղամյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

(...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու հարցը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը ու վտանգավորության աստիճանը (կատարածը ծանր հանցագործություն է` 130.2 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացում), հանցավորի անձը` վերջինս 51 տարեկան է, ամուսնացած է, բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է` ունի տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, որի պատճառով ճանաչվել է երրորդ խմբի անժամկետ հաշմանդամ, որպես վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դիտելով ի սկզբանե խոստովանական ցուցմունքներ տալը, հանցագործությունը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը այդ թվում` թմրամիջոց ձեռք բերելու աղբյուրը բացահայտելու ուղղությամբ և խոստովանական ցուցմունքներից չհրաժարվելը` չնայած այդ ուղղությամբ գործադրված ջանքերին, կատարածի համար անկեղծորեն զղջալը, խնամքին կենսաթոշակառու մոր, 2006 թվականին ծնված մանկահասակ որդու առկայությունը և ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հանգում է այն հետևության, որ վերոնշյալ հանգամանքներն իրենց համակցության մեջ պետք է գնահատել որպես սույն գործով բացառիկ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` հիմք են հանդիսանում օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

(...) Քննության առնելով ամբաստանյալ Գ.Գեղամյանի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող վերոնշյալ տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա կողմից դրսևորած վարքագիծը` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ քրեական գործում առկա են այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը և իրենց համակցության մեջ դիտարկելիս բավարար են ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` օրենքով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ կիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Գ.Լյուդվիկյանի վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման մասով, իսկ դատավճիռը ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ նշանակված պատժի մասով պետք է փոփոխել` նկատի ունենալով, որ դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ խիստ լինելու պատճառով, չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 146-171):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ` խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 64-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը համադրել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու և հանցագործության հանրային վտանգավորության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու գտել, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ վերլուծության չեն ենթարկվել Գ.Գեղամյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, ինչի արդյունքում նշված դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ հանգել է սխալ հետևության:

Մասնավորապես` բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված մեղմացնող հանգամանքները, այն է` մեղքն ընդունելն ու անկեղծորեն զղջալը, նախկինում դատված չլինելը, դրական բնութագրվելը, ընտանիքի միակ կերակրողը լինելը, խնամքին ծնողների և մանկահասակ երեխայի առկայությունը, վատառողջ լինելը, հանցագործության բացահայտմանն աջակցելը, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցությամբ որևէ կերպ չեն կարող համարվել բացառիկ, ուստի չեն կարող օբյեկտիվ հիմք հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները կիրառելու համար:

9. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է մասնակիորեն` Գ.Գեղամյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ քննարկվող նորմը կարող է կիրառվել հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկի առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում: Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

11.1. Վճռաբեկ դատարանը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կարող է կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ առանձին մեղմացնող հանգամանքները կամ դրանց համակցությունը ճանաչվում են որպես բացառիկ, կամ, երբ խմբակային հանցագործության մասնակիցն ակտիվորեն աջակցում է խմբի կատարած հանցանքի բացահայտմանը: ՈՒստի ակնհայտ է, որ նշված նորմն ունի դիսպոզիտիվ բնույթ, և դատարանն այս հարցում օժտված է հայեցողական լիազորությամբ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Գեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտագործման և իրացնելու նպատակով 1.400.000 ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում ապօրինի պահել 300 փաթեթով` յուրաքանչյուրը 0.62 գրամ քաշով, խոշոր չափերով, ընդհանուր 186 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ 130.2 գրամը` 210 փաթեթներով, յուրաքանչյուր փաթեթը 10.000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Գ.Գեղամյանի անձը բնութագրող տվյալներ է դիտել նրա` ամուսնացած լինելը, դրական բնութագրվելը և նախկինում դատված չլինելը, իսկ որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` մեղքն ընդունելը և կատարած արարքի համար զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը, նախաքննության փուլում հանցագործությունը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը, երրորդ խմբի հաշմանդամ լինելը, խնամքի տակ կենսաթոշակառու մոր և 2006 թվականին ծնված մանկահասակ որդու գտնվելը, ընտանիքի միակ կերակրողը լինելը:

Հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, հանցագործության առարկա թմրամիջոցի տեսակը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, հանցանքը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայության փաստի հետ` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գ.Գեղամյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որպիսի պատիժն ամբաստանյալը պետք է կրի:

Անդրադառնալով ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 64-րդ հոդվածների կիրառման հնարավորության հարցին` Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Գեղամ Գեղամյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը, հանգել է հետևության, որ տվյալ դեպքում Գ.Գեղամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը չի համապատասխանի արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալ Գ.Գեղամյանի անձը բնութագրող տվյալներ հաշվի է առել այն, որ վերջինս 51 տարեկան է, ամուսնացած է, բնութագրվում է դրականորեն և նախկինում դատապարտված չի եղել: Նույն դատարանի կողմից որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտվել.

- այն, որ Գ.Գեղամյանն ընդունել է մեղքը և զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն, այդ թվում` թմրամիջոց ձեռք բերելու աղբյուրը բացահայտելու ուղղությամբ,

- այն, որ Գ.Գեղամյանն ունի տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ և հանդիսանում է երրորդ խմբի անժամկետ հաշմանդամ,

- այն, որ Գ.Գեղամյանի խնամքին են գտնվում կենսաթոշակառու մայրը, 2006 թվականին ծնված մանկահասակ որդին, և նա հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը:

Հիմք ընդունելով ամբաստանյալի անձը բնութագրող և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը ու վտանգավորության աստիճանը (կատարածը ծանր հանցագործություն է` 130.2 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացում)` Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ քրեական գործում առկա են այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են արարքի հանրային վտանգավորության աստիճանը և իրենց համակցության մեջ դիտարկելիս բավարար են ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` օրենքով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: ՈՒստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ենթակա է փոփոխման, քանի որ դրանով նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ խիստ լինելու պատճառով և չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

13. Սույն որոշման 11-11.2-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները համադրելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքներին, ինչպես նաև նկատի ունենալով սույն գործով ամբաստանյալ Գ.Գեղամյանի կատարած արարքի բարձր հանրային վտանգավորության մասին վկայող տվյալները (այն, որ ամբաստանյալը 1.400.000 ՀՀ դրամով 300 փաթեթ խոշոր չափերով` ընդհանուր 186 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա նշված փաթեթներից 210-ը` ընդհանուր 130.2 գրամ քաշով, 2014 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի իրացրել է, ընդ որում` թմրամիջոցի մեկ փաթեթը վաճառել է 10.000 ՀՀ դրամով)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Գեղամյանի` երրորդ խմբի հաշմանդամություն ունենալը, ընտանիքի միակ կերակրողը լինելը և խնամքին կենսաթոշակառու մոր ու 2006 թվականին ծնված մանկահասակ որդու գտնվելը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, որոնք որպես մեղմացնող հանգամանքներ Վերաքննիչ դատարանի կողմից դրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հիմքում, այն աստիճան առանձնահատուկ չեն, որ վերածվեն բացառության և էականորեն նվազեցնեն կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը` հիմք հանդիսանալով ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ մեղմացնող հանգամանքներն Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ ձևով գնահատման են ենթարկվել և արտացոլվել ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը), որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ Գ.Գեղամյանն անարդարացի` ակնհայտ խիստ պատժի է ենթարկվել:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Գեղամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

14. Հիմք ընդունելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 64-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Նշված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների համաձայն, հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս պահպանել է պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի է առել հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ընդ որում, պատշաճ գնահատման է ենթարկել կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 27-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գեղամ Ժորայի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 27-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Օհանյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ԵԱՔԴ/0132/01/15
Որոշում