Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

020.1410.270318

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 մարտի 2018թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Հ. Թովմասյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյանի,

համաձայն Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 27.02.2018թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում` Կողմերի համապատասխան տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով:

Համաձայնագրին կից ներկայացված է Հավելված, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության նշանակված ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- տաջիկական Կողմին տրամադրել Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություններ հաստատելու նպատակով (այսուհետև, համապատասխանաբար` «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»),

- ապահովել, որպեսզի տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունը սահմանված երթուղիներում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս օգտվի Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավունքներից,

- ապահովել, որպեսզի Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ծանուցում ստանալուն պես ՀՀ ավիացիոն իշխանությունները, Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության անմիջապես տրամադրեն թռիչքների կատարման համապատասխան թույլտվություն,

- երաշխավորել ՀՀ օրենքների, կանոնների և ընթացակարգերի, որոնք կարգավորում են միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող օդանավերի` ՀՀ տարածք ժամանելը, այնտեղ գտնվելը և այնտեղից մեկնումը կամ այդ օդանավերի շահագործումը և նավիգացիան, կիրառումը տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերի նկատմամբ,

- երաշխավորել ՀՀ միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող օրենքների, կանոնների և ընթացակարգերի, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի կամ փոստի` ՀՀ տարածք մուտք գործելը, այնտեղ գտնվելը և այնտեղից մեկնումը և, մասնավորապես, վերաբերում են մաքսային, արժութային և սանիտարական կանոններին, երկիր մուտք գործելու, այնտեղից մեկնելու, էմիգրացիոն և իմիգրացիոն, ավիացիոն անվտանգությանն առնչվող ձևակերպումներին, կիրառումը տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի կամ փոստի նկատմամբ ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում,

- Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված օրենքները և կանոնները կիրառելիս ՀՀ նշանակված ավիաընկերությանը չտրամադրել տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ արտոնյալ իրավունք,

- ՀՀ և տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերություններին տրամադրել համապատասխան տարածքների միջև սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման արդար և հավասար պայմաններ,

- թռիչքների համար պիտանիության վկայականները, որակավորման վկայականները և հավաստագրերը, որոնք տրվել են տաջիկական կողմի կողմից և վավեր

են այդ պետության տարածքում, վավեր ճանաչել ՀՀ համար` համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով` պայմանով, որ այն պահանջները, որոնց համապատասխան տրվել են այդպիսի վկայականները և հավաստագրերը համապատասխանում են Չիկագոյի կոնվենցիային համապատասխան սահմանված նվազագույն ստանդարտներին կամ գերազանցում են դրանք,

- տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց մշտական սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելիքի պաշարները, քսայուղերը և օդանավի պաշարները (այդ թվում` սննդամթերքը, խմիչքը), որոնք գտնվում են այդ օդանավերում, ՀՀ տարածք ժամանելուց ազատել բոլոր մաքսատուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները կմնան օդանավում մինչև ՀՀ տարածքից մեկնելու պահը, ինչպես նաև այդպիսի մաքսատուրքերից, վճարներից և հարկերից, բացի մատուցված ծառայությունների դիմաց վճարներից, ազատել նաև Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նյութերը,

- ապահովել, որպեսզի ՀՀ նշանակված ավիաընկերությունը ոչ ուշ, քան թռիչքներն սկսելուց 45 (քառասունհինգ) օր առաջ տաջիկական Կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնի նախատեսվող չվացուցակը` նշելով չվերթերի հաճախականությունը, օդանավի տեսակը, ժամանակը, տեղերի տեղաբաշխվածությունը և քանակը, ինչպես նաև չվացուցակի գործողության ժամկետը,

- ապահովել, որպեսզի ուղևորները, ուղեբեռը և բեռը, որոնք փոխադրվում են ուղիղ տարանցմամբ ՀՀ տարածքով և չեն լքում օդանավակայանի` այդ նպատակի համար նախատեսված տարանցիկ, ստերիլ գոտին, ենթարկվեն միայն պարզեցված հսկողության, և ուղիղ տարանցմամբ փոխադրման դեպքում ուղեբեռը և բեռն ազատել մաքսատուրքերից և նմանատիպ այլ հարկերից,

- միջազգային իրավունքով նախատեսված ՀՀ իրավունքների և պարտավորությունների համաձայն` հաստատել անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու` տաջիկական

Կողմի նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորությունը և առանց սահմանափակելու միջազգային իրավունքով նախատեսված ՀՀ ստանձնած իրավունքների և պարտավորությունների ընդհանուր կիրառելիությունը` գործել Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն, որոնց շրջանակներում համագործակցում են հայկական և տաջիկական Կողմերը,

- տաջիկական Կողմի խնդրանքով` տաջիկական Կողմին ցուցաբերել ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու համար քաղաքացիական օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և աէրոնավիգացիոն սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,

- ապահովել, որպեսզի ցանկացած համաձայնեցված հաղորդակցությունում սակագները սահմանվեն` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, շահույթը և սահմանված երթուղու ցանկացած հատվածի համար այլ ավիաընկերությունների սակագները, և ապահովել, որպեսզի այդ սակագները սահմանվեն Համաձայնագրի 13-րդ հոդվածում սահմանված պայմանների համաձայն,

- տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերություններին, փոխադարձության սկզբունքով և ՀՀ մուտքի, բնակության, զբաղվածությանը վերաբերող օրենքներին և կանոններին համապատասխան, տալ հավասար հնարավորություններ` ՀՀ տարածքում բացելու իրենց ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, տեխնիկական, առևտրային և գործառնական աշխատակազմով,

- տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունից չգանձել կամ չթույլատրել նրանից գանձել ավելի բարձր օգտագործողների վճարներ, քան նմանատիպ միջազգային հաղորդակցություն իրականացնող ՀՀ ավիաընկերություններից գանձված գումարն է,

- ամբողջովին կատարել միջնորդ դատարանի ցանկացած որոշում կամ վճիռ` այնքանով, որքանով այն համատեղելի է ՀՀ օրենսդրության հետ,

- հոգալ ՀՀ նշանակած դատավորի գործունեության հետ կապված ծախսերը, իսկ միջնորդ դատարանի այլ ծախսերը, ներառյալ ԻԿԱՕ-ի խորհրդի նախագահի` Համաձայնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգերի կատարման կապակցությամբ կատարած ծախսերը, կրել տաջիկական Կողմի հետ հավասար մասնաբաժնով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 մարտի 2018 թվականի

ՍԴՈ-1410

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.03.2018
N ՍԴՈ-1410
Որոշում