Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՀՈՂԱՅ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0042/02/13
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0042/02/13  2017 թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ`                    Գ. Խանդանյան
                                                 Հ. Ենոքյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
 Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
 Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
   Ռ. Հակոբյանի
  Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վրեժ Եգորյանի ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վրեժ Եգորյանի ընդդեմ Աբիսողոմ և Խաչիկ Ավագյանների, երրորդ անձինք Եղվարդի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), Վարդան Գևորգյանի` մետաղական տաղավարից և շինությունից վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Վարդան Գևորգյանի ընդդեմ Վրեժ Եգորյանի, երրորդ անձինք Աբիսողոմ և Խաչիկ Ավագյանների, Եղվարդի քաղաքապետարանի, Կոմիտեի` սեփականության իրավունքը ճանաչելու և այդ հիմքով սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Եղվարդի քաղաքապետի որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով գույքի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վրեժ Եգորյանը պահանջել է Աբիսողոմ և Խաչիկ Ավագյաններին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող 51,49 քմ մակերեսով մետաղական տաղավարից և 14,22 քմ մակերեսով շինությունից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վարդան Գևորգյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող 51,49 քմ մակերեսով մետաղական տաղավարի և 14,22 քմ մակերեսով շինության նկատմամբ և որպես հետևանք` մասնակի անվավեր ճանաչել Եղվարդի քաղաքապետի 30.10.2003 թվականի որոշումը` 65,71 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վարդան Եգորյանի ընտանիքի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ, մասնակի անվավեր ճանաչել 65,71 քմ մակերեսով հողամասի, մետաղական տաղավարի և շինության նկատմամբ Վրեժ Եգորյանի սեփականության իրավունքի գրանցումը և ճանաչել 65,71 քմ մակերեսով հողամասը ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերելու նախապատվության իրավունքը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2016 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.02.2017 թվականի որոշմամբ Վրեժ Եգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.10.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վրեժ Եգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունը և կիրառելով հողամասը ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերելու նախապատվության իրավունքի վերաբերյալ դրույթը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վարդան Գևորգյանին համապատասխան փաստաթղթերով 27.04.1993 թվականին և 27.10.1997 թվականին տրամադրվել է 30 քմ մակերեսով հողակտոր` առևտրի կրպակ տեղադրելու համար, և 6 քմ տարածք` բենզինի լիցքավորման կետ կառուցելու համար: Նշված մակերեսների փոխարեն, սակայն, Վարդան Գևորգյանը պահանջում է ավելի մեծ մակերեսով հողատարածք` չնշելով, թե գործում առկա որ ապացույցների հիման վրա է հիմնվում նրան տրամադրված հողամասերից ավելի մեծ հողատարածքներ պահանջելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վրեժ Եգորյանի հայրը` ներկայումս հանգուցյալ Վարդան Եգորյանը, իր կենդանության օրոք սեփականության իրավունքով իրեն պատկանող` Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 123 հասցեում գտնվող 0,15 հա հողամասից մինչև 20% ավել օգտագործվող 170 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ օրինական հիմքով սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի 30.10.2003 թվականին կայացրած որոշմամբ, որը ստացել է պետական գրանցում և տրվել է համապատասխան սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվի, որ Վարդան Գևորգյանն է տեղադրել մետաղական տաղավարը և կառուցել լիցքավորման կետի համար նախատեսված շինությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 19.02.1991 թվականի թիվ 3 որոշման համաձայն` Վարդան, Զոյա, Վալյա, Վրեժ Եգորյանների անվամբ սեփականաշնորհվել է մեկ բաժին` 0,15 հա մակերեսով տնամերձ հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 83):

2) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.11.2003 թվականի թիվ 1592998 վկայականի համաձայն` Վարդան, Զոյա, Վալյա, Վրեժ Եգորյանները հանդիսացել են ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 97,2 քմ մակերեսով բնակելի տան, 89 քմ մակերեսով խանութի, 16,4 քմ մակերեսով թոնրատան, ինչպես նաև 0,168 քմ մակերեսով հողամասի սեփականատերեր: Գրանցման համար հիմք է հանդիսացել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 19.02.1991 թվականի թիվ 3 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 87-90):

3) ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի 30.10.2003 թվականի որոշմամբ որոշվել է Եղվարդ համայնքի բնակիչ Վարդան Եգորյանին և իր ընտանիքին սեփականության իրավունքով անհատույց թողնել և ճանաչել նրանց սեփականության իրավունքը Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 19.02.1991 թվականի թիվ 3 որոշմամբ սեփականաշնորհված 0,15 հա մակերեսով տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասերից մինչև 20% ավել օգտագործվող 170 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 98):

4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 31.10.2012 թվականի թիվ 31102012-07-0301 վկայականի համաձայն` Վրեժ Եգորյանը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 105 հասցեում գտնվող 97,2 քմ մակերեսով բնակելի տան, 29 քմ մակերեսով ավտոտնակի, 67,8 քմ մակերեսով մառանի, 20,4 քմ մակերեսով գոմի, 16,4 քմ մակերեսով թոնրատան, 89 քմ մակերեսով խանութի, ինչպես նաև 0,168 քմ մակերեսով հողամասի սեփականատերն է: Գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՀ Շենգավիթ նոտարական տարածքում 05.10.2012 թվականին վավերացված նվիրատվության պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 30082012-07-0313 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 70-71):

5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17.12.2012 թվականի թիվ 17122012-07-0463 վկայականի համաձայն` Վրեժ Եգորյանը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող 112,01 քմ մակերեսով բնակելի տան, 49,89 քմ մակերեսով մառանի, 43,28 քմ մակերեսով ավտոտնակի, 16,17 քմ մակերեսով թոնրատան, 51,49 քմ մակերեսով մետաղական տաղավարի և 14,22 քմ մակերեսով շինության, 3,59 քմ և 7,18 քմ մակերեսով պարսպի, ինչպես նաև 0,16741 հա մակերեսով հողամասի սեփականատերն է: Գրանցման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 31102012-07-0301 վկայականը, Համայնքի ղեկավարի 05.12.2012 թվականի թիվ 637 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 4):

6) ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի կողմից 27.07.2012 թվականին տրված թիվ 1714 տեղեկանքի համաձայն` «Վարդան Գևորգյանը 1993 թվականից մինչ օրս վարձակալության իրավունքով տնօրինում է 30 քմ մակերեսով տարածքը Չարենցի և Կոմիտաս (նախկինում` Չարենց և Աբովյան) փողոցների խաչմերուկում, իսկ 1997 թվականից` 6 քմ մակերեսով տարածք` նույն հատվածում» (հատոր 1-ին, գ.թ. 37):

7) ՀՀ պատգամավորների Նաիրիի շրջանի Եղվարդի գյուղական խորհրդի 27.04.1993 թվականի գործադիր կոմիտեի նիստի արձանագրության քաղվածքի համաձայն` գյուղխորհրդի գործկոմը որոշել է բավարարել Եղվարդ գյուղի բնակիչ Վարդան Գևորգյանի խնդրանքը և Եղվարդ գյուղի Չարենցի ու Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ` նախկինում «Պրոմեթևս ՄՄ» կոոպերատիվին հատկացված տարածքի 39 քմ մակերեսից հատկացնել 30 քմ մակերեսով հողակտոր` առևտրի կրպակ տեղադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 130, հատոր 3-րդ, գ.թ. 78):

8) ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետի 27.10.1997 թվականի թիվ 275 որոշմամբ բավարարվել է Եղվարդ քաղաքի բնակիչ Վարդան Գևորգյանի խնդրանքը և Աբովյան փողոցի` դեպի Չարենցի փողոց տանող հատվածում հատկացվել է 6 քմ մակերեսով անօգտագործելի տարածք` լիցքավորման կետ կառուցելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 129, հատոր 3-րդ, գ.թ. 77):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետության կամ համայնքի հողերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի ծագման համար անհրաժեշտ վավերապայմանների դրսևորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է նույն օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար և, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի վերլուծությանը, նախ արձանագրել է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքով, իսկ այլ անձանց պատկանող հողամասերի նկատմամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (տե՛ս, Սիմոն Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է հիմնավորի ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձևակերպման պետության կամ համայնքի հողերը օգտագործելու փաստը (տե՛ս, Արմեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3691/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):

Ի հավելումն վերոգրյալի` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքը ենթադրում է, որ անձը, որն օրենքով սահմանված կարգով ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ, բացահայտ տիրապետում և օգտագործում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, այդ հողամասի օտարման պարագայում ունի առաջնայնություն` այն ձեռք բերելու սեփականության իրավունքով, մյուս հավանական ձեռքբերողների համեմատությամբ: Այսինքն` օրենսդրի կողմից ամրագրվել է այն մոտեցումը, որ պետական կամ համայնքային հողամասն օտարելիս հողամասի ձեռքբերման նախապատվությունը պետք է տրվի այն անձին, ով ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իր իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում է պետության կամ համայնքի հողերից: Ընդ որում, օրենսդրորեն սահմանվել է սեփականության իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի տրամադրման երկու եղանակ` արտադատական (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով) և դատական կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ վերը նշված կարգով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրվող հողամասերը չպետք է գտնվեն օրենքով սահմանված սահմանափակումների ցանկում:

Այսպիսով, պետության կամ համայնքի հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի համար անհրաժեշտ նախապայմաններն են`

1. հողը պետք է պատկանի պետությանը կամ համայնքին,

2. քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության կամ համայնքի հողերից պետք է օգտվեն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման,

3. պետությանը կամ համայնքին պատկանող հողի օգտագործումը պետք է լինի բարեխիղճ: Օգտագործողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքից օգտվում է օրինական հիմքերով,

4. օգտագործումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում հողի օգտագործումը չպետք է ընդհատվի,

5. օգտագործումը պետք է լինի բացահայտ, այսինքն` հողի օգտագործումը չպետք է լինի երրորդ անձանցից գաղտնի եղանակով,

6. հողամասը պետք է համապատասխանի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

Սույն գործով Դատարանը, արձանագրելով, որ Եղվարդի գյուղխորհրդի գործկոմի 27.04.1993 թվականի որոշմամբ Եղվարդի վարչական տարածքի անօգտագործելի հողերից Չարենց-Աբովյան փողոցների հատման խաչմերուկին հարակից տարածքից 30 քմ մակերեսով հողատարածքը հատկացվել է Վարդան Գևորգյանին` առևտրի կրպակ տեղադրելու, իսկ Եղվարդի քաղաքապետի 27.10.1997 թվականի թիվ 275 որոշմամբ նույն հատվածում Վարդան Գևորգյանին հատկացվել է 6 քմ մակերեսով անօգտագործելի հողատարածք` բենզինի լիցքավորման կետ կառուցելու համար, միաժամանակ արձանագրելով, որ Վարդան Գևորգյանը տեղադրել է մետաղական տաղավարը և կառուցել է լիցքավորման կետի համար նախատեսված շինությունը, որտեղ իրականացրել է իր առևտրային գործունեությունը, հանգել է այն հետևության, որ Վարդան Գևորգյանն օրինական հիմքով տիրապետել է վեճի առարկա 65,71 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև 51,49 քմ մակերեսով մետաղական տաղավարը և 14,22 քմ մակերեսով շինությունը, որպիսի պայմաններում հակընդդեմ հայցը բավարարել է, իսկ հայցը` մերժել:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, նշել է, որ գործում առկա չէ որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր, որ տաղավարի և շինության կառուցման համար Վրեժ Եգորյանին տրվել է թույլտվություն կամ շինությունն ու տաղավարը կառուցվել են վերջինիս կողմից, մինչդեռ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդան Գևորգյանն օրինական հիմքով տիրապետում է վիճելի անշարժ գույքը` հողատարածքը, ինչպես նաև իր կողմից տեղադրված և կառուցված տաղավարն ու շինությունը:

Վերը շարադրված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ պատգամավորների Նաիրիի շրջանի Եղվարդի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 27.04.1993 թվականի որոշմամբ բավարարվել է Եղվարդ գյուղի բնակիչ Վարդան Գևորգյանի խնդրանքը և Եղվարդ գյուղի Չարենցի ու Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ` նախկինում «Պրոմեթևս ՄՄ» կոոպերատիվին հատկացված 39 քմ մակերեսով տարածքից վերջինիս հատկացվել 30 քմ մակերեսով հողակտոր` առևտրի կրպակ տեղադրելու համար: Միաժամանակ գործում առկա ապացույցով` Եղվարդի քաղաքապետի 27.10.1997 թվականի թիվ 275 որոշմամբ, հիմնավորվել է, որ Վարդան Գևորգյանին Եղվարդ քաղաքում` Աբովյան փողոցից դեպի Չարենցի փողոց տանող հատվածում, հատկացվել է 6 քմ մակերեսով անօգտագործելի տարածք` լիցքավորման կետ կառուցելու նպատակով: Դատարան ներկայացված հակընդդեմ հայցադիմումով, սակայն, Վարդան Գևորգյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել հողամասը ձեռք բերելու իր նախապատվության իրավունքը 65,71 քմ մակերեսով հողամասի նկատմամբ այն պարագայում, երբ վկայակոչված որոշումներով Վարդան Գևորգյանին տրամադրվել են ավելի պակաս մակերեսներով հողատարածքներ, որպիսի փաստն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ավելին, թե' Դատարանը, թե' Վերաքննիչ դատարանը վիճելի 65,71 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելիս հիմնվել են միայն գործում առկա` վերը նշված 27.04.1993 թվականի և 27.10.1997 թվականի որոշումների, ինչպես նաև Եղվարդի քաղաքապետարանի կողմից 27.07.2012 թվականին տրված թիվ 1714 տեղեկանքի վրա: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն նշված ապացույցները բավարար չէին հետևություն անելու այն մասին, որ Վարդան Գևորգյանն ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ օգտագործել է 30 քմ և 6 քմ մակերեսներով հողամասերը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ենթակա էր պարզման նաև այն հարցը, թե ինչ հիմքով է Վարդան Գևորգյանն օգտագործել հատկացված մակերեսից ավել մակերեսով հողամասը և արդյոք այն տիրապետել է ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, ինչպես նաև այն հարցը, թե արդյոք վիճելի հողամասը 10 տարվա ընթացքում շարունակել է պատկանել պետությանը կամ համայնքին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հարցադրումներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար և միայն դրանց պարզման արդյունքում է հնարավոր պարզել ձեռքբերման վաղեմության ուժով 65,71 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու մասին Վարդան Գևորգյանի պահանջի հիմնավորվածությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող 51,49 քմ մակերեսով մետաղական տաղավարի և 14,22 քմ մակերեսով շինության նկատմամբ Վարդան Գևորգյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ որպես սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք` օրենսդիրը նախատեսել է նաև անձի կողմից իր համար պատրաստած կամ նոր ստեղծված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը: Նշված իրավունքի իրացումը, սակայն, ենթադրում է որոշակի նախապայմանների առկայություն: Այսպես`

1) գույքը, որը նոր է ստեղծվել կամ պատրաստվել, նախկինում պետք է գոյություն ունեցած չլինի, այն պետք է լինի լիովին նոր ստեղծված կամ պատրաստված: Միաժամանակ էականորեն վերակառուցված գույքը նույնպես կարող է դիտարկվել որպես նոր գույք:

2) Նոր ստեղծված կամ պատրաստված գույքն անձը պետք է ստեղծած կամ պատրաստած լինի անձամբ իր համար իր կարիքները հոգալու նպատակով, այլ ոչ թե մեկ այլ անձի համար: Հակառակ պարագայում ի հայտ են գալիս այլ` պայմանագրային իրավահարաբերություններ:

3) Նոր գույքը պետք է ստեղծված կամ պատրաստված լինի այն ստեղծած կամ պատրաստած անձի նյութերով, հակառակ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 174-րդ հոդվածը (վերամշակում):

4) Նոր գույքը պետք է ստեղծված կամ պատրաստված լինի տվյալ գույքի ստեղծման կամ պատրաստման համար օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները բավարարել են Վարդան Գևորգյանի հակընդդեմ հայցը` ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող 51,49 քմ մակերեսով մետաղական տաղավարի և 14,22 քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, առանց պարզելու վերը նշված պայմանների առկայությունը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վերոնշյալ հանգամանքները բացահայտելու արդյունքում ստորադաս դատարանները կարող էին հետևություններ անել Վարդան Գևորգյանի հակընդդեմ հայցի` այդ պահանջի մասով ևս հիմնավորվածության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Եղվարդի քաղաքապետի 30.10.2003 թվականի որոշումը մասնակի` 65,71 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վարդան Եգորյանի ընտանիքի սեփականության իրավունքը ճանաչելու մասով անվավեր ճանաչելու, ինչպես նաև Վրեժ Եգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` 65,71 քմ մակերեսով հողամասի, մետաղական տաղավարի և շինության նկատմամբ անվավեր ճանաչելու պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պահանջները, ըստ էության, ածանցյալ են վերը նշված պահանջներից, քանի որ դրանց լուծումն անմիջականորեն պայմանավորված է այդ պահանջների ելքից` բավարարումից կամ մերժումից, իսկ հաշվի առնելով, որ հիմնական պահանջների մասով ստորադաս դատարանների կողմից լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել և առկա է նոր քննության անհրաժեշտություն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ածանցյալ պահանջների մասով ևս գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԿԴ3/0042/02/13
Որոշում