Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՐԾԱՐՔԸ ՎԱՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3750/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3750/02/14 2017 թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ`                    Ա. Հունանյան
                                                 Ա. Սմբատյան

                                                                                 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
   Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԵՎՐՈԼԱՅՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հիմնադրամի` տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու, առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հիմնադրամի ընդդեմ Ընկերության` 01.08.2009 թվականին կնքված պայմանագիրը վավեր ճանաչելու և առուվաճառքի հիմնական պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հիմնադրամին վտարել Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4/6 հասցեից, ինչպես նաև կիրառել «Սթրոք» ՍՊԸ-ի և Հիմնադրամի միջև կնքված առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է վավեր ճանաչել Ընկերության իրավանախորդ «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ի և Հիմնադրամի միջև 01.08.2009 թվականին կնքված պայմանագիրը և պարտավորեցնել Ընկերությանը Հիմնադրամի հետ կնքել առուվաճառքի հիմնական պայմանագիր:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է: Գործի վարույթը` առուվաճառքի հիմնական պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու հակընդդեմ հայցի պահանջի մասով, կարճվել է, իսկ մնացած մասով հակընդդեմ հայցը բավարարվել է` «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ի և Հիմնադրամի միջև 01.08.2009 թվականին կնքված նախնական պայմանագիրը ճանաչվել է վավեր:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի վճիռը մասնակիորեն` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասերով, բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` 01.08.2009 թվականին կնքված պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասով, մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ, 300-րդ, 344-րդ, 436-րդ, 437-րդ, 445-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 01.08.2009 թվականին կնքված պայմանագիրը խառը պայմանագիր է, բովանդակում է և՛ գույքի օտարման մասին նախնական պայմանագրի, և՛ նախավճարի պայմանագրի տարրեր: Ընդ որում, գործում առկա վճարման հանձնարարագրերի համաձայն` Հիմնադրամի կողմից «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ին է վճարվել 01.08.2009 թվականի պայմանագրի 3.1 կետով սահմանված 28.200.000 ՀՀ դրամը: Ավելին, Ընկերության իրավանախորդ «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ի կողմից 01.02.2010 թվականին Հիմնադրամի անվամբ տրամադրվել է 28.200.000 ՀՀ դրամի թիվ 1 հաշիվ-ապրանքագիրը` անավարտ շինության երկրորդ հարկի համար: Նշված փաստերը վկայում են Հիմնադրամի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջովին կատարված լինելու մասին, մինչդեռ ինչպես Ընկերությունը, այնպես էլ վերջինիս իրավանախորդ «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ն խուսափել են գործարքի նոտարական վավերացումից, ուստի նշված պայմանագիրը պետք է վավեր ճանաչվի:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը ոչ միայն հաշվի չի առել այդ հանգամանքը, այլ նաև անտեսել է, որ տվյալ դեպքում առկա է նաև նախավճարի պայմանագիր, և պետք է քննարկման առարկա դարձվեր նախավճարի կրկնակի գումարը վերադարձնելու հարցը:

Կատարելով իր բնույթով գույքի օտարման և նախավճարի մասին խառը պայմանագիր հանդիսացող վերոգրյալ պայմանագրով նախատեսված պարտականությունները` Հիմնադրամն ունեցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված «օրինական սպասելիք» վիճելի տարածքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով սույն պահանջի նկատմամբ կիրառելով հայցային վաղեմություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հայցային վաղեմություն կիրառելի չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.03.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. «ԵՎՐՈԼԱՅՆ» ՍՊԸ-ի 26.12.2012 թվականի կանոնադրության համաձայն` «ԵՎՐՈԼԱՅՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ի իրավահաջորդը (հատոր 1-ին, գ.թ. 90-91):

2. 01.08.2009 թվականին «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ի (Կողմ 1) և Հիմնադրամի (Կողմ 2) միջև հասարակ գրավոր ձևով կնքված պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` կողմերը մտադրվել են Կողմ 1-ի սեփականությունը հանդիսացող շենքին հարակից` Երևանի Դավիթ Անհաղթի հասցեում 157 քմ մակերեսով Կողմ 1-ին պատկանող հողատարածքի վրա կառուցել երկհարկանի շինություն: Շինության կառուցումն ավարտելուց հետո անավարտ շինության երկրորդ հարկը (առանց ներքին հարդարման) պետք է հանձնվի Կողմ 2-ին սեփականության իրավունքով` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Կողմերը նախատեսել են հետագայում շինության կառուցման նպատակով կնքել շինարարական աշխատանքների իրականացման եռակողմ պայմանագիր: Պայմանագրի 1.1 կետի համաձայն` կողմերը պարտավորվել են նույն պայմանագրի (նախնական պայմանագրի) պայմաններին համապատասխան կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ` հիմնական պայմանագիր), համաձայն որի` Կողմ 1-ը պարտավորվել է Կողմ 2-ին շինության ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 01.02.2010 թվականը, հիմնական պայմանագրի կնքմամբ որպես սեփականություն հանձնել, իսկ Կողմ 2-ը պարտավորվել է ընդունել Երևանի Դավիթ Անհաղթի թիվ 10 հասցեում կառուցվող շինության երկրորդ հարկը` 157 քմ մակերեսով: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` հիմնական պայմանագրով օբյեկտի վաճառքի գինը կկազմի 28.200.000 ՀՀ դրամ, այդ թվում` 20 տոկոս ԱԱՀ: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` որպես հիմնական պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովման միջոց` Կողմ 2-ը պարտավորվել է նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածների, Կողմ 1-ին վճարել նախավճար` 24.500.000 ՀՀ դրամի չափով: Ընդ որում, նախավճարը հիմնական պայմանագիրը կնքելուց հետո հաշվանցվելու է Կողմ 2-ի կողմից վճարվելիք օբյեկտի գնի հաշվին (հատոր 1-ին, գ.թ. 24-26):

3. 04.08.2009 թվականի թիվ 1820, 26.08.2009 թվականի թիվ 1842, 31.08.2009 թվականի թիվ 1846, 17.09.2009 թվականի թիվ 1873, 06.10.2009 թվականի թիվ 1911 վճարման հանձնարարագրերի համաձայն` Հիմնադրամի կողմից «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ին է վճարվել համապատասխանաբար` 6.000.000 ՀՀ դրամ, 10.000.000 ՀՀ դրամ, 5.500.000 ՀՀ դրամ, 3.000.000 ՀՀ դրամ, 3.700.000 ՀՀ դրամ` որպես Պայմանագրով սահմանված գումար: 28.200.000 ՀՀ դրամի վճարված լինելու կապակցությամբ 01.02.2010 թվականին «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ի և Հիմնադրամի միջև նաև ստորագրվել է հաշիվ-ապրանքագիր (հատոր 1-ին, գ.թ. 31-36):

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կողմից 13.06.2013 թվականին տրված թիվ 13062013-01-0231 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող 0,05806 հա և 0,02263 հա մակերեսներով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 6):

5. Ընկերությունը 23.02.2016 թվականին դիմում է ներկայացրել հակընդդեմ հայցի մասով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 75-77):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում նեգատոր և գործարքը վավեր ճանաչելու հայցապահանջների հարաբերակցության, ինչպես նաև գործարքը վավեր ճանաչելու հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հնարավորության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու պահանջը կարող է համարվել նեգատոր հայց, և արդյո՞ք նման պահանջի նկատմամբ կարող է կիրառվել հայցային վաղեմություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նախնական պայմանագրում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիր: Եթե նախնական պայմանագրում նման ժամկետ որոշված չէ, ապա հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական կարգով կարող է վավեր ճանաչվել գործարքի կողմերի միջև արդեն իսկ կնքված ինչպես նախնական, այնպես էլ հիմնական պայմանագիրը, որի նոտարական վավերացումից կողմը խուսափում է, այսինքն` օրենքը չի բացառում նախնական պայմանագրի վավեր ճանաչման հնարավորությունը (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ1/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը Կարինե և Սամվել Զարգարյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության գործով արդեն իսկ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանությանը` նպատակ ունենալով ապահովելու դատարանների կողմից այդ նորմի միատեսակ կիրառությունը և նպաստելու դրա վերաբերյալ նախադեպային իրավունքի զարգացմանը: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, և

2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ առաջին պայմանի վերլուծությունից հետևում է, որ վերոհիշյալ իրավադրույթը չի կարող կիրառվել, եթե հայցվորը չի հանդիսանում այն գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, որի հետ կապված պահանջում է իր իրավունքի խախտման վերացում` նման եզրահանգումը հիմնավորելով քննարկվող դրույթի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ դրույթը վերաբերում է «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի» իրավունքի խախտման վերացմանը:

Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմությունը տարածելու արգելքը վերաբերում է սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ոչ բոլոր խախտումների վերացման պահանջներին, այլ միայն այն խախտումներին, որոնք կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ` այս հետևությունը հիմնավորելով նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված իրավադրույթի բովանդակության շարադրանքից անմիջապես հետո օրենսդիրը փակագծերում մատնանշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը (նեգատոր հայցերին):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ եթե օրենսդրի կամքն ուղղված լիներ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի բոլոր տեսակի խախտումների վերացման պահանջների վրա հայցային վաղեմությունը չտարածելուն, ապա քննարկվող հոդվածում այլևս անհրաժեշտություն չէր լինի հատուկ մատնանշելու տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների մասին, այլ ուղղակի կարող էր սահմանվել, որ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում: Մինչդեռ քննարկվող հոդվածը նման կարգավորում չի նախատեսել, հետևաբար սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի խախտումների վերացման պահանջների (վինդիկացիոն հայցերի) նկատմամբ հայցային վաղեմությունը տարածվում է: Նման իրավակարգավորումը պայմանավորված է նեգատոր հայցի առանձնահատկություններով, մասնավորապես` նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են, ինչն էլ պայմանավորել է սեփականության իրավունքի պաշտպանության այս միջոցի նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման բացառումը: Այսինքն` եթե սեփականատերը կամ այլ տիրապետողն ինչ-որ ժամանակահատվածում չի պահանջել նման խախտումների վերացում, ապա դա դեռևս հիմք չէ, որպեսզի նա հետագայում ևս զրկվի այդ խախտումներից պաշտպանվելու հնարավորությունից (տե՛ս, թիվ ԵԿԴ/0181/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դարձյալ արձանագրել է, որ հայցային վաղեմությունը չի տարածվում նեգատոր հայցերով ներկայացվող պահանջների նկատմամբ: Նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցը կարող է հարուցվել այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն ապօրինի են, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն ունեն օրինական հիմք, սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է այլ եղանակով, որպիսին կարող է հանդիսանալ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու հայցը: Այլ կերպ ասած` նեգատոր հայցը և վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոցներ են, ընդ որում, եթե առաջինը հանդիսանում է սեփականության իրավունքի պաշտպանության ուղղակի միջոց, անմիջականորեն բխում է այդ իրավունքից, ապա երկրորդը սեփականության իրավունքի պաշտպանության ածանցյալ եղանակ է, որը հիմնվում է ոչ թե անմիջականորեն սեփականության իրավունքի վրա, այլ բխում է քաղաքացիաիրավական այլ ինստիտուտներից, տվյալ պարագայում` գործարքի անվավերության ինստիտուտից: Վերոգրյալից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության նշված միջոցներից յուրաքանչյուրն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, ըստ այդմ` տարբեր իրավակարգավորում, հետևաբար դրանց նույնականացումն անթույլատրելի է (տե՛ս, Լեոնիդ Դավթյանը և Ալլա Դուրյանն ընդդեմ Տատյանա Սաֆոնովայի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1240/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նեգատոր հայցը սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության ուղղակի եղանակ է: Մինչդեռ ինչպես գործարքն անվավեր ճանաչելու, այնպես էլ գործարքը վավեր ճանաչելու պահանջները ոչ թե անմիջականորեն գույքային, այլ պարտավորական հարաբերություններից բխող պահանջներ են: Վերջիններս, ի տարբերություն սեփականության հարաբերությունների, ուղղակիորեն կապված չեն որոշակի անձանց գույքի պատկանելիության հետ, այլ միջնորդավորում են գույքային բարիքների փոխանցումը մեկ անձից մյուսին և մեծամասամբ ածանցվում են սեփականության հարաբերություններից: Ի տարբերություն բացարձակ բնույթի գույքային հարաբերությունների` պարտավորական հարաբերությունները հարաբերական բնույթ ունեն` պարտատիրոջ իրավունքին համապատասխանում է կոնկրետ անձի (անձանց)` պարտապանի (պարտապանների) պարտականությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գույքային իրավունքների պաշտպանությանն ուղղված նեգատոր հայցի առանձնահատկություններով պայմանավորված` այն չի կարող նույնացվել անմիջականորեն պարտավորական հարաբերություններից բխող պահանջների հետ, այսինքն` նեգատոր հայցը կիրառելի չէ պարտավորական հարաբերություններում: Վերջիններիս պաշտպանությունն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդրի կողմից սահմանված կարգավորումը` հայցային վաղեմություն չկիրառել նեգատոր հայցերի նկատմամբ` չի տարածվում պարտավորական հարաբերություններից բխող պահանջների` տվյալ դեպքում գործարքը վավեր ճանաչելու պահանջի նկատմամբ: Հետևաբար նման պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելի է:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության իրավանախորդ «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ի (Կողմ 1) և Հիմնադրամի (Կողմ 2) միջև հասարակ գրավոր ձևով կնքված Պայմանագրի 1.1 կետի համաձայն` կողմերը մտադրվել են Կողմ 1-ի սեփականությունը հանդիսացող շենքին հարակից` Երևանի Դավիթ Անհաղթի հասցեում 157 քմ մակերեսով Կողմ 1-ին պատկանող հողատարածքի վրա կառուցել երկհարկանի շինություն: Շինության կառուցումն ավարտելուց հետո անավարտ շինության երկրորդ հարկը պետք է հանձնվի Կողմ 2-ին սեփականության իրավունքով` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Կողմերը նախատեսել են հետագայում շինության կառուցման նպատակով կնքել շինարարական աշխատանքների իրականացման եռակողմ պայմանագիր: Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Կողմերը պարտավորվել են հիմնական պայմանագիրը ստորագրել և ներկայացնել նոտարական վավերացման ոչ ուշ, քան 01.02.2010 թվականը: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` հիմնական պայմանագրով օբյեկտի վաճառքի գինը կկազմի 28.200.000 ՀՀ դրամ, այդ թվում` 20 տոկոս ԱԱՀ: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` որպես հիմնական պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովման միջոց` Կողմ 2-ը պարտավորվել է նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Կողմ 1-ին վճարել նախավճար` 24.500.000 ՀՀ դրամի չափով: Հիմնադրամի կողմից «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ին է վճարվել 28.200.000 ՀՀ դրամ` որպես Պայմանագրով սահմանված գումար:

Ընկերությունը մինչև սույն գործով Դատարանի կողմից վճիռ կայացնելը դիմում է ներկայացրել հակընդդեմ հայցի մասով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ:

Սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ գործում առկա վճարման հանձնարարագրերի համաձայն` Հիմնադրամի կողմից «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ին է վճարվել համապատասխանաբար 6.000.000 ՀՀ դրամ, 10.000.000 ՀՀ դրամ, 5.500.000 ՀՀ դրամ, 3.000.000 ՀՀ դրամ, 3.700.000 ՀՀ դրամ: Այսինքն` Հիմնադրամն ամբողջությամբ վճարել է Պայմանագրի 3.1 կետով սահմանված 28.200.000 ՀՀ դրամը, որը վկայում է Հիմնադրամի կողմից գործարքի կատարված լինելու մասին, մինչդեռ ինչպես Ընկերությունը, այնպես էլ վերջինիս իրավանախորդ «Սթրոք» Եվրոպական բժշկական կենտրոն ՍՊԸ-ն խուսափել են գործարքի նոտարական վավերացումից, հետևաբար Պայմանագիրը պետք է վավեր ճանաչել: Անդրադառնալով Ընկերության դիմումին` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով այն սույն պահանջի վրա չի տարածվում:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասերով բեկանելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում նեգատոր հայց առկա չէ, հակընդդեմ հայցով հայցվորը սեփականատեր կամ այլ տիրապետող չի հանդիսացել, և բացի այդ, վերջինիս պահանջը վերաբերում է պայմանագիրը վավեր ճանաչելուն, հետևաբար նման պահանջի նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառելի է: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, նույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ է, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0417/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ գործարքը վավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելի է, այդուհանդերձ որևէ գնահատական չի տվել այն հարցերին, թե որ պահից է սկսվել այդ խախտումը և երբ է անձն իմացել կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանը գնահատման չի արժանացրել Պայմանագրի` խառը պայմանագիր հանդիսանալու, նախնական պայմանագրի և այլ պայմանագրերի տարրեր պարունակելու հանգամանքը և ըստ այդմ` նշված Պայմանագիրը վավեր ճանաչելու հնարավորության առանձնահատկությունները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` նախ և առաջ պարզելու համար վիճելի իրավահարաբերության բնույթը, մասնավորապես` կնքված պայմանագրի բնույթը, դրա վավեր ճանաչելու հնարավորությունը, որից հետո պետք է քննության առարկա դառնա հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի հարցը` պարզելով իրավունքի խախտման և անձի` դրա մասին տեղեկացված լինելու կամ տեղեկացված լինելու հնարավորության ծագման պահերը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկվում հայցի մասով ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցի մասով` միայն պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով, նկատի ունենալով, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել և վերանայվել է միայն այդ մասերով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2016 թվականի որոշումը և գործը` ըստ հայցի «ԵՎՐՈԼԱՅՆ» ՍՊԸ-ի ընդդեմ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի` տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու, առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ընդդեմ «ԵՎՐՈԼԱՅՆ» ՍՊԸ-ի` 01.08.2009 թվականին կնքված պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԱՔԴ/3750/02/14
Որոշում