Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1072-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1072-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՎՏՈՏՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3075/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3075/02/15    2017 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Պետրոսյան

Դատավորներ`                      Տ. Նազարյան

                                                   Կ. Չիլինգարյան

    

                                        

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                       

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ Պողոսյանի ներկայացուցիչ Քրիստինա Սարդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գառնիկ Պողոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Գառնիկ Պողոսյանից բռնագանձել 1.800.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրության պայմանագրով տուժողներին վճարված ապահովագրական հատուցում, ինչպես նաև 36.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 14.10.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Պողոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սեփականատերը մեքենան փոխանցել է վերանորոգողին իր կամքով, սակայն կամք չի ցուցաբերել մեքենան շահագործելու վերաբերյալ, այսինքն` Գառնիկ Պողոսյանը Համբարձում Համբարձումյանին ավտոմեքենան օգտագործելու և վարելու թույլտվություն չի տվել: Մինչդեռ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» պայմանների 10.2-րդ կետի հիմքով սեփականատիրոջ պարտականությունը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» վկայագրում լիազորված տիրապետողների փոփոխության վերաբերյալ նշում կատարելու մասին կարող է առաջանալ միայն ավտոմեքենան շահագործման հանձնելու դեպքում:

Բացի այդ, Գառնիկ Պողոսյանը չի իմացել և չէր էլ կարող իմանալ Համբարձում Համբարձումյանի կողմից ավտոմեքենան ապօրինի շահագործելու փաստի մասին, որպիսի պայմաններում ապահովադիր Գառնիկ Պողոսյանը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» պայմանագիրը կնքելիս Ընկերությանն ակնհայտ սուտ տեղեկություններ չի հայտնել ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.03.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.10.2016 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վերաքննիչ դատարանը 23.03.2017 թվականի որոշմամբ թույլ չի տվել իրավական ակտերի խախտումներ, ճիշտ է մեկնաբանել գործում առկա փաստերը և հանգել սույն վեճի ճիշտ լուծմանը, հետևաբար ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Գառնիկ Պողոսյանի միջև 29.02.2012 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG 133202 վկայագրի համաձայն` Գառնիկ Պողոսյանն ապահովագրել է «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 OO 889 պետհամարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նույն վկայագրի 6-րդ կետում, որպես «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 OO 889 պետհամարանիշի ավտոմեքենայի լիազորված տիրապետողներ` նշվել են Ավետիք Պողոսյանը և Սուրեն Սահրադյանը (հատոր 1-ին, գ.թ. 31-32):

2) Ընկերության 29.11.2012 թվականի «Վթարային ակտ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 ՕՕ 889 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Համբարձում Համբարձումյանը Երևանի Նորագավիթի 1-ին փողոցով երթևեկելիս վազանց կատարելիս բախվել է Էդիտա Կիրակոսյանին պատկանող «MITSUBISHI PAJERO IO 1.8» մակնիշի 32 UL 813 պետհամարանիշի ավտոմեքենային և Արմեն Մկրտչյանին պատկանող «MERCEDES-BENZ E220» 99 LU 444 պետհամարանիշի ավտոմեքենային: Միաժամանակ ակտում նշվել է. «Համբարձում Համբարձումյանը լիազորված չէ» (հատոր 1-ին, գ.թ. 43):

3) ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի պետ Հ. Լ. Ղամբարյանի 17.03.2013 թվականի «Եզրակացության» համաձայն` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «28.11.2012 թվականին Գագիկ Պողոսյանն իրեն պատկանող 1994 թվականի արտադրության «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 ՕՕ 889 պետհամարանիշի ավտոմեքենան նորոգելու նպատակով հանձնել է Համբարձում Համբարձումյանին: 29.11.2012 թվականին ժամը 01:00-ի սահմաններում վերջինս ավտոմեքենան փորձարկելու նպատակով երթևեկել է Երևանի Նորագավիթ փողոցով և իր մեղքով վթարի է ենթարկվել...» (հատոր 1-ին, գ.թ. 77-78):

i

4) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ Հ. Ք. Մարգարյանի 05.12.2012 թվականի «Եզրակացության» համաձայն` Համբարձում Համբարձումյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Վարչական պատասխանատվության հիմքում դրվել են վթարի վայրում կազմված սխեման, վարորդների բացատրությունները, ավտոմոբիլների զննության արձանագրությունները և գործի նյութերը, որոնցով հիմնավորվել է, որ Համբարձում Համբարձումյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ՃԵԿ-ի 74-րդ կետի 1-ին մասի պահանջների խախտում, ինչի արդյունքում էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 122-123):

5) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից Համբարձում Համբարձումյանից բացատրություն վերցնելու մասին 30.11.2012 թվականի արձանագրության համաձայն` 28.11.2012 թվականին ժամը 15:00-ի սահմաններում Գառնիկ Պողոսյանն իր անձնական օգտագործման «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 ՕՕ 889 պետհամարանիշի ավտոմեքենան նորոգելու նպատակով վստահել և հանձնել է իրեն, ինչպես նաև հանձնել է ավտոմեքենայի բանալիները` վերանորոգելուց հետո փորձարկման նպատակով: Վերանորոգելուց հետո 29.11.2012 թվականին` ժամը 01:00-ի սահմաններում, ավտոմեքենան փորձարկելու նպատակով Համբարձում Համբարձումյանը երթևեկել է Արտաշատի խճուղու կողմից Երևանի Նորագավիթի 1-ին փողոցով և վազանց կատարելու հետևանքով ենթարկվել է վթարի (հատոր 1-ին, գ.թ. 124-126):

6) Ընկերության 28.12.2012 թվականի «Հատուցում վճարելու մասին» որոշումներով Էդիտա Կիրակոսյանի և Արմեն Մկրտչյանի` հատուցում ստանալու վերաբերյալ դիմումները բավարարվել են: Համապատասխանաբար 09.01.2013 թվականին Ընկերությունն Էդիտա Կիրակոսյանին փոխանցել է 893.700 ՀՀ դրամ, իսկ Արմեն Մկրտչյանին` 906.300 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 44-45, 48-49):

i

7) Ընկերությունը 19.09.2015 թվականին ներկայացված հայցադիմումում որպես հայցի իրավական հիմք` նշել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետը, իսկ որպես հայցապահանջի փաստական հիմնավորում` այն, որ Գառնիկ Պողոսյանն ապահովագրության վկայագրում որպես ավտոմեքենայի լիազորված տիրապետող` չի նշել Համբարձում Համբարձումյանին, դրանով իսկ Ընկերությանը հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն (հատոր 1-ին, գ.թ. 4-9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ ապահովագրական ընկերությունն ունի հետադարձ պահանջի իրավունք, եթե առկա չեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` նույն օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք: Աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից այդ աղբյուրի ապօրինի վերցնելու մեջ նրա մեղքի առկայության դեպքում պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ, այնպես էլ այն ապօրինի ձեռք բերողի վրա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1025-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` նույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի`

1) վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե`

ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.

բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց.

գ. նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ նույն մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի.

դ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե`

ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում.

բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք.

դ. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանն ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը.

3) ինչպես նաև`

ա. պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.

բ. ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով.

գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ տրանսպորտային միջոցով վնաս պատճառելիս այդ միջոցի սեփականատերը միայն այն դեպքում պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, երբ ապացուցում է, որ

1. առավել վտանգի աղբյուրն օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) փոխանցվել է այլ անձի տիրապետմանը, կամ

2. առավել վտանգի աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, և միայն այդ դեպքում է, որ տրանսպորտային միջոցի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են տրանսպորտային միջոցն ապօրինի տիրապետած անձինք (տե՛ս, Տիգրան Քոչարյանն ընդդեմ Աշոտ և Արթուր Քոսյանների թիվ ԵԱՔԴ/0610/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը: Ապահովագրողն էլ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը: Ընդ որում, եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և տուժողի իրավահարաբերություններին` մասնավորապես նախատեսելով սեփականատիրոջ պատասխանատվության պայմանները և այն բացառող դեպքերը, ապա «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և ապահովագրական ընկերության միջև ծագած իրավահարաբերություններին, մասնավորապես` ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքին:

i

Միաժամանակ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը նախատեսված է վնաս պատճառողի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) և (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ: Ընդ որում` սեփականատիրոջ (ապահովադրի) պատասխանատվության հիմքերը հստակ և սպառիչ սահմանված են նույն հոդվածով, հետևաբար սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ այլ հիմքերով հետադարձ պահանջ չի կարող ներկայացվել: ՈՒստի այն դեպքերում, երբ ավտոմեքենայի սեփականատերն ապահովագրել է իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, ապա ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին հատուցում վճարելու դեպքում ապահովագրական ընկերությունը սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թվարկված դեպքերում (տե՛ս, «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի և Սարգիս Գրիգորյանի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Գառնիկ Պողոսյանի միջև 29.02.2012 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրով Գառնիկ Պողոսյանն ապահովագրել է «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 OO 889 պետհամարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նույն վկայագրի 6-րդ կետում որպես «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 OO 889 պետհամարանիշի ավտոմեքենայի լիազորված տիրապետողներ` նշվել են Ավետիք Պողոսյանը և Սուրեն Սահրադյանը: 28.11.2012 թվականին Գագիկ Պողոսյանն իրեն պատկանող` 1994 թվականի արտադրության «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 ՕՕ 889 պետհամարանիշի ավտոմեքենան նորոգելու նպատակով հանձնել է Համբարձում Համբարձումյանին: 29.11.2012 թվականին ժամը 01:00-ի սահմաններում Համբարձում Համբարձումյանն ավտոմեքենան փորձարկելու նպատակով երթևեկել է Արտաշատի խճուղու կողմից Երևանի Նորագավիթի 1-ին փողոցով և վազանց կատարելու հետևանքով ենթարկվել է վթարի, որով վնաս է պատճառել Էդիտա Կիրակոսյանի` «MITSUBISHI PAJERO IO 1.8» մակնիշի 32 UL 813 պետհամարանիշի և Արմեն Մկրտչյանի` «MERCEDES-BENZ E220» 99 LU 444 պետհամարանիշի ավտոմեքենաներին: Ընկերությունը որպես ավտոմեքենայի սեփականատիրոջ հանդեպ իր հետադարձ պահանջի իրավական հիմք` նշել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետը, այն է` Գառնիկ Պողոսյանն ապահովագրության վկայագրում որպես ավտոմեքենայի լիազորված տիրապետող` չի նշել Համբարձում Համբարձումյանին, ինչի հետևանքով Ընկերությանը տրամադրել է ակնհայտ սուտ տեղեկություն:

Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է, որ հայցվորը, ըստ էության, դատարան ներկայացված հայցապահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողն ապահովագրողին սուտ տեղեկություններ է հայտնել լիազորված տիրապետողների վերաբերյալ, մասնավորապես` պատասխանող Գառնիկ Պողոսյանն ապահովագրողին տեղեկություններ չի տրամադրել Համբարձում Համբարձումյանի` որպես լիազորված տիրապետողի վերաբերյալ: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Համբարձում Համբարձումյանը հանդիսանում է մեքենա վերանորոգող և Գառնիկ Պողոսյանը Համբարձում Համբարձումյանին մեքենա վարելու թույլտվություն չի տվել: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ Գառնիկ Պողոսյանը չէր կարող կամ պարտավոր չէր Ընկերությանը տեղեկություններ տրամադրել Համբարձում Համբարձումյանի` որպես մեքենայի լիազորված տիրապետողի վերաբերյալ: Բացի այդ, Դատարանը նշել է, որ ավտոմեքենան Գառնիկ Պողոսյանի տիրապետումից դուրս է եկել Համբարձում Համբարձումյանի ապօրինի գործողությունների հետևանքով, որպիսի հանգամանքը հաստատվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի պետի 17.03.2013 թվականի եզրակացությամբ:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով ու փոփոխելով, պատճառաբանել է, որ «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 OO 889 պետհամարանիշի ավտոմեքենայի 29.11.2012 թվականին տեղի ունեցած պատահարի ժամանակ վարորդը եղել է Համբարձում Համբարձումյանը, որի անունը, որպես ավտոմեքենան վարելու լիազորված անձ, Ընկերության և Գառնիկ Պողոսյանի միջև 09.02.2012 թվականին կնքված թիվ SG133202 վկայագրում նշված չի եղել, իսկ Գառնիկ Պողոսյանը չի ներկայացրել թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ Համբարձում Համբարձումյանի կողմից ավտոմեքենայի տիրապետումը եղել է ապօրինի, որպիսի պայմաններում Դատարանը չէր կարող կայացնել Ընկերության հայցը մերժելու մասին վճիռ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 23.09.2011 թվականի խմբագրությամբ Բյուրոյի կողմից հաստատված «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգ» վերտառությամբ թիվ RL 1-002 կանոնների (այսուհետ` Թիվ RL 1-002 կանոններ) 2-րդ գլխի 18-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ԱՊՊԱ վկայագրի 6-րդ` «Լիազորված տիրապետողներ» դաշտում ապահովադրի հայեցողությամբ լրացվում է հետևյալ չորս տարբերակներից որևէ մեկը. 1) դրվում է «-» (գծիկ) նշանը, որը նշանակում է, որ լիազորված տիրապետող է համարվում միայն տվյալ ԱՊՊԱ վկայագրով նախատեսված ապահովադիրը, այդ դեպքում «Ապահովադիր» դաշտում պարտադիր լրացվում են ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տվյալները: Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն` նշվում են այն անձանց ցանկը և նրանց վերաբերյալ (...) տվյալները, ում ապահովադիրը նախատեսում է վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը կնքվող պայմանագրի գործողության ժամկետում: Նույն ենթակետով նախատեսված դեպքում ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տեղեկատվության լրացման դեպքում ապահովադիրն ինքնաշխատ կերպով հանդիսանում է լիազորված տիրապետող: Ընդ որում, եթե ապահովադիրն ունի վարորդական վկայական և չի ցանկանում հանդես գալ որպես լիազորված տիրապետող, ապա վկայագրի ապահովադիր դաշտում վարորդական վկայականի վերաբերյալ որևէ նշում չի կատարվում...:

Իրավահարաբերության ծագման պահին գործող Թիվ RL 1-002 կանոնների բովանդակությունից հետևում է, որ ԱՊՊԱ վկայագրի «Լիազորված տիրապետողներ» դաշտում նշվում էր այն անձանց ցանկը, ում ապահովադիրը նախատեսում էր վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը: Վերոգրյալից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության իմաստով լիազորված տիրապետողներն այն անձինք են, ում ապահովադիրը նախատեսում էր վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոց:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոմեքենայի` որպես մեխանիկական տրանսպորտային միջոցի, բնականոն շահագործումն ապահովելու նպատակով կարող է առաջանալ այն տեխնիկական սպասարկման և վերանորոգման ներկայացնելու օբյեկտիվ անհրաժեշտություն, ինչն իրականացվում է ավտոմեքենան որոշակի ժամանակահատվածով համապատասխան մասնագետներին հանձնելու եղանակով: Ընդ որում, նման իրավիճակում ավտոմեքենայի հանձնումը որևէ կերպ չի կարող ենթադրել վարելու լիազորության փոխանցում` հաշվի առնելով մատուցվող ծառայությունների բնույթը, այն է` վերացնել ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունները կամ մատուցել նմանատիպ այլ ծառայություններ: Մինչդեռ, ինչպես արդեն նշվել է, իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորման հիմքով լիազորված տիրապետողներն այն անձինք են, ում ապահովադիրը նախատեսում էր վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորմամբ նախատեսված «լիազորված տիրապետողները» և ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայություններ մատուցող մասնագետները, իրենց գործառույթների նպատակաուղղվածությունից ելնելով, որևէ կերպ չեն կարող նույնացվել, որպիսի պարագայում ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի մոտ չէր կարող ծագել նշված անձանց մասին տեղեկություններ տրամադրելու և նրանց` որպես «լիազորված տիրապետողների» ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրերում ներառելու պարտականություն, որի չիրականացումն էլ կարող է որակվել որպես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկության տրամադրում ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ:

Սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Գառնիկ Պողոսյանը «Օpel Vectra 1.8» մակնիշի 25 OO 889 պետհամարանիշի ավտոմեքենան Համբարձում Համբարձումյանը հանձնել է վերանորոգման նպատակով: Հետևաբար Գառնիկ Պողոսյանն օբյեկտիվորեն որևէ պարտավորություն չուներ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրում Համբարձում Համբարձումյանին նշել որպես ավտոմեքենայի լիազորված տիրապետող անձ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գառնիկ Պողոսյանը, 29.02.2012 թվականին Ընկերության հետ կնքելով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագիրը, և նրանում որպես «լիազորված տիրապետողներ»` նշելով միայն Ավետիք Պողոսյանին և Սուրեն Սահրադյանին, Ընկերությանն ակնհայտ սուտ տեղեկություններ չի հայտնել ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Հետևաբար սույն գործով առկա չէ սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված հիմքը, որպիսի պայմաններում Ընկերության հայցն ընդդեմ Գառնիկ Պողոսյանի ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Գառնիկ Պողոսյանի ենթակա է բռնագանձման 54.000 ՀՀ դրամ (1.800.000 *3%)` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2016 թվականի վճռին:

2. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից հօգուտ Գառնիկ Պողոսյանի բռնագանձել 54.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԱՎԴ/3075/02/15
Որոշում