Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 347-ՐԴ, 411...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 347-ՐԴ, 411-ՐԴ, 881-ՐԴ Ե ...

 
i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2723/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2723/02/15 2017 թ.
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
Դատավորներ`                    Ա. Պետրոսյան
                                                 Կ. Չիլինգարյան

                                                                                   

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Արամ Աղաբեկյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Աղաբեկյանից բռնագանձել 400.262 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի վրա, մինչև վճռի կայացման օրը վարկի մնացորդի նկատմամբ Արամ Աղաբեկյանից բռնագանձել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները և տույժերը, իսկ վճռի կայացման օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը նույն գումարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.04.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.12.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամ Աղաբեկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 411-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները բավարար կերպով չեն անդրադարձել Բանկի կողմից ներկայացված փաստաթղթերին, ամբողջությամբ չեն ուսումնասիրել այդ փաստաթղթերում արտացոլված տվյալները և արդյունքում սխալ գնահատելով գործում առկա ապացույցները` հանգել են չհիմնավորված հետևության առ այն, որ Արամ Աղաբեկյանը չի ստացել ո՛չ վարկը, ո՛չ ապրանքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Արամ Աղաբեկյանը հնարավորություն է ունեցել լուծելու վարկային պայմանագիրը, որպիսի իրավունքից, սակայն, վերջինս չի օգտվել: Եթե Բանկը պատշաճ կերպով չէր կատարել իր պարտականությունները, ապա Արամ Աղաբեկյանը կարող էր իրացնել իր իրավունքը և լուծել վարկային պայմանագիրը, ինչը չի արել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.04.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է և հիմնավորված, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Բանկը վարկառուին առձեռն գումար չի տրամադրել, այդ մասին որևէ ապացույց գործում առկա չէ: Բանկի կողմից փոխանցված վարկի գումարին իրականում տիրացել է «Այթիմաստեր» ՍՊԸ-ն` այդպես էլ չտրամադրելով այդ գումարով գնված համակարգիչը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի (Վարկատու) և Արամ Աղաբեկյանի (Վարկառու) միջև 18.08.2013 թվականին կնքված թիվ 1ԱՐ3145 վարկային պայմանագրի (այսուհետ` Վարկային պայմանագիր) համաձայն` Վարկատուի և «Այթիմաստեր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 31.03.2011 թվականին կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա Վարկատուն Վարկառուին տրամադրել է սպառողական վարկ` «intel 2.7 Ghz» համակարգիչը (նույնականացման համար` 367850200331) ձեռք բերելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 7):

2) Բանկի (Վարկատու) և Արամ Աղաբեկյանի (Վարկառու) միջև 18.08.2013 թվականին կնքված թիվ 1ԱՐ3145 կոշտ գրավի պայմանագրի (այսուհետ` Գրավի պայմանագիր) համաձայն` Վարկատուի կողմից Վարկառուին տրամադրվող 24 ամիս ժամկետով և 23 տոկոս տարեկան տոկոսադրույքով 339.600 ՀՀ դրամ վարկի դիմաց գրավատուն գրավադրել է վարկի միջոցով ձեռք բերվող հետևյալ գույքը` «intel 2.7 Ghz» համակարգիչ (նույնականացման համար` 367850200331), գրավադրված գույքի գնահատման արժեքը` 339.600 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 6):

3) Ընկերության կողմից 25.12.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արամ Աղաբեկյանը հրաժարվել է Ընկերության կողմից երաշխավորվող և Բանկի վարկավորման միջոցով ձեռք բերած համակարգչից: Ընկերությունը պարտավորվել է 1 ամսվա ընթացքում հետ փոխանցել Բանկից Արամ Աղաբեկյանի համակարգչի համար ստացված գումարը (հատոր 1-ին, գ.թ. 54):

4) Թիվ 14128214 քրեական գործով «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Ռաֆաելյանի 29.06.2015 թվականի որոշման համաձայն` Սուրեն Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ի թիվս այլոց, Սուրեն Երիցյանը, հանդիսանալով Ընկերության տնօրեն, չարաշահելով Արամ Աղաբեկյանի վստահությունը, տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով, վերջինիս չի հանձնել Վարկային պայմանագրի առարկա հանդիսացող 339.600 ՀՀ դրամ արժողությամբ «intel 2.7 Ghz» տեսակի համակարգիչը, վստահեցնելով, որ Բանկի հետ կնքված Վարկային պայմանագիրը չեղյալ է համարվել` խաբեությամբ հափշտակել է համակարգիչ տրամադրելու դիմաց Բանկի կողմից Ընկերությանը փոխանցված 339.600 ՀՀ դրամը` Արամ Աղաբեկյանին պատճառելով 230.000 ՀՀ դրամ գույքային վնաս (հատոր 1-ին, գ.թ. 72-97):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սպառողական վարկի բնույթի և առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վարկատուի կողմից սպառողական վարկի փոխանցումը մատակարարին վարկի գումարի տրամադրման պարտավորության պատշաճ կատարում չէ վարկառուի հանդեպ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է նույն օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 46-րդ գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք` պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցներն ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն: Միաժամանակ նշված հոդվածով ամրագրվել է, որ վարկային հարաբերությունների նկատմամբ փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի են, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով և բուն վարկային պայմանագրով: Այսինքն` վարկային հարաբերությունները կարգավորելու առումով օրենսդիրը նախապատվությունը տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկային հարաբերությունները կարգավորող նորմերին և վարկային պայմանագրին, որոնցով այլ բան նախատեսված չլինելու դեպքում միայն տվյալ հարաբերությունների նկատմամբ կարող են գործել փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարկային պայմանագիրը, որպես փոխառության պայմանագրի տեսակ, այդուհանդերձ, որոշակի հատկանիշներով տարբերվում է փոխառության պայմանագրից: Մասնավորապես, եթե փոխառության պայմանագրի դեպքում փոխառության առարկան պետք է փաստացի հանձնված լինի փոխառուին, ապա վարկային պայմանագրի դեպքում վարկի տրամադրման պարտականությունը համարվում է կատարված վարկի գումարն ինչպես անմիջականորեն վարկառուին, այնպես էլ այն պայմանագրով նախատեսված մատակարարին հանձնվելու, այն է` վարկառուի որոշակի կարիքների բավարարման նպատակով նրա օգտագործման համար հասանելի դառնալու պարագայում: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում 23.01.2009 թվականից գործում է քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) կրեդիտ` պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, ֆինանսական վարձակալություն (լիզինգ) կամ որևէ այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է. 2) կրեդիտավորող` բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն, որը տրամադրում է կրեդիտ. 3) կրեդիտավորման պայմանագիր` գործարք, որով կրեդիտավորողն սպառողին տրամադրում կամ խոստանում է տրամադրել կրեդիտ. 4) մատակարար` ապրանքները վաճառող կամ ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող ֆիզիկական կամ իրավաբանական անձ. ... 6) սպառող (այդ թվում` գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող)` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով կրեդիտ ստացող քաղաքացի...:

Վերոշարադրյալից հետևում է, որ «կրեդիտ» հասկացությունը, ի թիվս այլնի, սահմանվում է որպես վարկ, որի նպատակը սպառողի կողմից ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է: Ընդ որում, սպառողական կրեդիտին կամ սպառողական վարկին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները`

1) հատուկ նպատակի առկայությունը, ինչը նշանակում է, որ վարկի գումարը փոխառուի կողմից կարող է օգտագործվել միայն այնպիսի ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերման համար, որոնք անհրաժեշտ են իր անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար, կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ,

2) հատուկ սուբյեկտային կազմը, մասնավորապես` որպես փոխառու-սպառող կարող են հանդես գալ միայն ֆիզիկական անձինք:

Փաստորեն, սպառողական վարկը ձեռք բերված ապրանքի, ծառայության կամ աշխատանքի դիմաց վճարման միջոց է և որպես այդպիսին կարող է անմիջականորեն փոխանցվել նաև վկայակոչված օրենքի իմաստով մատակարար հանդիսացող սուբյեկտին (օրինակ` երբ սպառողական վարկը տրամադրվում է արդեն իսկ ընտրված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար և մատակարարը վարկի տրամադրման պահին հայտնի է): Ավելին, ձևավորված գործարար շրջանառության սովորույթը վկայում է, որ սպառողական վարկի ձևակերպումը գերակշռող դեպքերում իրականացվում է մատակարարից ապրանքի, ծառայության կամ աշխատանքի ձեռքբերման պահին, իսկ վարկի գումարը փոխանցվում է մատակարարին, այդուհանդերձ, անմիջականորեն վարկային հարաբերություններ առաջացնելով վարկատուի և սպառողի միջև:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարկի գումարը, որպես սպառողական կրեդիտ, փոխանցվել է մատակարարին, վարկատուի` վարկ տրամադրելու պարտականությունը համարվում է պատշաճ կարգով կատարված, իսկ սպառողը` փոխառուն, կրում է դրանից բխող իրավունքները և պարտականությունները: Մասնավորապես` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն իրավունք է վերապահում սպառողին պահանջները ներկայացնելու անմիջապես կրեդիտավորողին այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագրով կամ այդ պայմանագրի հիման վրա տրամադրված կրեդիտի միջոցով գնված ապրանքները, ծառայությունները կամ աշխատանքները չեն ստացվել (մատուցվել) կամ մասնակի են ստացվել (մատուցվել) կամ չեն համապատասխանում օրենքով և (կամ) ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումն ապահովող գործարքով սահմանված պահանջներին, կամ նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Սպառողի կողմից վերը նշված իրավունքները չիրացվելու դեպքում վերջինս կրում է վարկի գումարը և դրան հաշվեգրված տոկոսները վերադարձնելու` փոխառուի հիմնական պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 18.08.2013 թվականի Վարկային պայմանագրով Վարկատուի և Ընկերության միջև 31.03.2011 թվականին կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա Վարկատուն Վարկառուին տրամադրել է սպառողական վարկ` «intel 2.7 Ghz» համակարգիչը (նույնականացման համար` 367850200331) ձեռք բերելու նպատակով: Նույն օրը կնքված գրավի պայմանագրի համաձայն` Վարկատուի կողմից Վարկառուին տրամադրվող 24 ամիս ժամկետով և 23 տոկոս տարեկան տոկոսադրույքով 339.600 ՀՀ դրամ վարկի դիմաց գրավատուն գրավադրել է վարկի միջոցով ձեռք բերվող հետևյալ գույքը` «intel 2.7 Ghz» համակարգիչ (նույնականացման համար` 367850200331), գրավադրված գույքի գնահատման արժեքը` 339.600 ՀՀ դրամ: Ընկերության կողմից 25.12.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արամ Աղաբեկյանը հրաժարվել է Ընկերության կողմից երաշխավորվող և Բանկի վարկավորման միջոցով ձեռք բերած համակարգչից: Ընկերությունը պարտավորվել է 1 ամսվա ընթացքում հետ փոխանցել Բանկից Արամ Աղաբեկյանի համակարգչի համար ստացված գումարը: Թիվ 14128214 քրեական գործով «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Ռաֆաելյանի 29.06.2015 թվականի որոշման համաձայն` Սուրեն Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ի թիվս այլոց, Սուրեն Երիցյանը, հանդիսանալով Ընկերության տնօրեն, չարաշահելով Արամ Աղաբեկյանի վստահությունը, տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով, վերջինիս չի հանձնել Վարկային պայմանագրի առարկա հանդիսացող 339.600 ՀՀ դրամ արժողությամբ «intel 2.7 Ghz» տեսակի համակարգիչը, վստահեցնելով, որ Բանկի հետ կնքված վարկային պայմանագիրը չեղյալ է համարվել, խաբեությամբ հափշտակել է համակարգիչ տրամադրելու դիմաց Բանկի կողմից Ընկերությանը փոխանցված 339.600 ՀՀ դրամը` Արամ Աղաբեկյանին պատճառելով 230.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Բանկի կողմից դատարանին որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ Արամ Աղաբեկյանին տրամադրվել է Վարկային պայմանագրով նախատեսված 339.600 ՀՀ դրամը կամ տրամադրել է ապառիկ վաճառվող համակարգիչ «intel 2.7 Ghz» (նույնականացման համար` 367850200331) ապրանքը: Ավելին, Ընկերության կողմից 25.12.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արամ Աղաբեկյանը հրաժարվել է Ընկերության կողմից երաշխավորվող և Բանկի վարկավորման միջոցով ձեռք բերած համակարգչից, իսկ Ընկերությունը պարտավորվել է 1 ամսվա ընթացքում հետ փոխանցել Բանկից Արամ Աղաբեկյանի համակարգչի համար ստացված գումարը, հետևաբար վարկի գումարն Արամ Աղաբեկյանին չի տրամադրվել:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ վարկի գումարն Արամ Աղաբեկյանին չի տրամադրվել: Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, թե Արամ Աղաբեկյանը նախապես տեղյակ է եղել, որ գումարը պետք է տրամադրվեր Ընկերությանը, Վերաքննիչ դատարանը նշել է, որ տրամադրված գումարի փոխարեն Արամ Աղաբեկյանին պետք է տրամադրվեր համապատասխան ապրանք, մինչդեռ գործի նյութերով հիմնավորվել է, որ ապրանքն Արամ Աղաբեկյանին չի տրամադրվել:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Վարկառուին տրամադրվել է սպառողական վարկ, հետևաբար կողմերի միջև ծագած վարկային հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումները և դրանց կապակցությամբ Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտած իրավական վերլուծությունները: Սույն գործով կողմերը չեն վիճարկել, ավելին, Ընկերության կողմից 25.12.2013 թվականին տրված տեղեկանքով և 29.06.2015 թվականի թիվ 14128214 քրեական գործով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ հիմնավորվել է, որ վարկատուի և Ընկերության միջև կնքված 31.03.2011 թվականի Համագործակցության պայմանագրի հիման վրա 18.08.2013 թվականի Վարկային պայմանագրով նախատեսված 339.600 ՀՀ դրամ վարկի գումարը փոխանցվել է Ընկերությանը: Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սպառողական կրեդիտավորման դեպքում նշված պայմանագրի էությամբ պայմանավորված, վարկը, որպես վճարման միջոց, կարող է փոխանցվել նաև մատակարարին, ինչը և տվյալ դեպքում տեղի է ունեցել: Հետևաբար Բանկը պատշաճ կարգով կատարել է վարկը տրամադրելու իր պարտականությունը, մինչդեռ ստորադաս դատարանները նշված կանոնակարգումների անտեսմամբ սխալ եզրահանգման են եկել` փաստելով, որ վարկը Վարկառուին չի տրամադրվել: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Վարկային պայմանագիրը Վարկառուի կողմից լուծվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, որը վերաշարադրված է նաև Վարկային պայմանագրի 5.4 կետում կամ վարկառուն` որպես սպառող, Վարկատուին է ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պահանջը` գնված ապրանքը ստացված չլինելու վերաբերյալ: Նման պայմաններում հիմնավոր է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Վարկային պայմանագիրը լուծված չլինելու պայմաններում դրանով սահմանված պարտավորությունները ենթակա են կատարման վարկառուի կողմից:

Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով վարկի չտրամադրման փաստը, ըստ էության չեն անդրադարձել գործի լուծման համար նշանակություն ունեցող մյուս փաստերին, մասնավորապես` պարտքի գումարի և դրան հաշվեգրվող տոկոսների չափի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն և սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԱՔԴ/2723/02/15
Որոշում