Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347-ՐԴ, ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0313/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0313/02/16 2017 թ.

Նախագահող դատավոր`   Լ. Գրիգորյան

                                                   Ն. Բարսեղյան

                                                   Մ. Հարթենյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ժիրայր Հակոբյանի ընդդեմ Ռուզաննա Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժիրայր Հակոբյանը պահանջել է Ռուզաննա Վարդանյանից բռնագանձել 540.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 24.06.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2016 թվականի որոշմամբ Ժիրայր Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.06.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ժիրայր Հակոբյանը պարտքով գումար տալը հավաստող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց չի ներկայացրել: Ինչ վերաբերում է բանկային փոխանցումներին, ապա դրանք կատարվել են կամավոր` օգնության նպատակով:

Միաժամանակ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Դատարանի կողմից չեն հետազոտվել և պատշաճ գնահատման չեն արժանացել Ժիրայր Հակոբյանի կողմից որպես հայցապահանջը հիմնավորող ապացույց ներկայացված «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության 08.06.2016 թվականի գերմանական Կարմիր Խաչի Հայաստանում գտնվող մասնաճյուղի, Սոցիալական աջակցության Եղեգնաձորի տարածքային գործակալության տեղեկանքները և Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գրությունը, քանի որ այդ փաստաթղթերով որևէ կերպ չի հիմնավորվում կողմերի միջև առկա փոխառության հարաբերությունները, հետևաբար դրանք սույն գործով վերաբերելի ապացույցներ չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.06.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության ավագ լեյտենանտ Թ. Մաթևոսյանի կողմից կայացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 13.12.2015 թվականի որոշման համաձայն` 2013 թվականի ապրիլին Ժիրայր Հակոբյանը ծանոթացել և շփում է հաստատել Ռուզաննա Վարդանյանի հետ: 18.07.2013 թվականին աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ գտնվելու ընթացքում Ռուզաննա Վարդանյանին բանկային փոխանցման միջոցով 29.07.2013 թվականից մինչև 11.08.2015 թվականը պարտքով` իր կողմից ՀՀ վերադառնալուց հետո պարտքը վերադարձնելու պայմանով, պարբերաբար ուղարկել է գումարներ` ընդհանուր մոտ 540.000 ՌԴ ռուբլի: Ռուզաննա Վարդանյանն իր բացատրությամբ հայտնել է, որ Ժիրայր Հակոբյանը, իմանալով իր սոցիալական և առողջական խնդիրների մասին, ցանկացել է օգնել և Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց հետո այնտեղից պարբերաբար գումարներ է ուղարկել իրեն: Չնայած այն հանգամանքին, որ ինքը մերժել է Ժիրայր Հակոբյանին, սակայն վերջինս պնդել է, որ ցանկանում է օգնել և Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց հետո այնտեղից պարբերաբար գումարներ է ուղարկել իրեն: Միաժամանակ բացատրությամբ Ռուզաննա Վարդանյանը հայտնել է, որ ինքը Ժիրայր Հակոբյանին հայտնել է, որ գումարներ ուղարկելու կարիք չկա, սակայն Ժիրայր Հակոբյանը պնդել է, որ գումարները և նվերները ուղարկում է որպես օգնություն` առանց հետ վերադարձնելու պայմանի (գ.թ. 5-7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կողմերի միջև փոխառության հարաբերությունների առկայության փաստի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք միայն քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումները կամ այդ ընթացքում անձանց տված բացատրությունները պահանջվող գումարի հանձնման վերաբերյալ այլ վերաբերելի գրավոր ապացույցի բացակայության պայմաններում կարող են դիտվել բավարար փոխառության իրավահարաբերության առկայության փաստը հաստատված որակելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով...: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե՛ս, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումները, այդ ընթացքում անձանց տված բացատրությունները և ցուցմունքները, ՀՀ քաղաքացիական դատավարությունում որպես գրավոր ապացույց, թույլատրելի են նաև փոխառության իրավահարաբերություններից բխող իրավական վեճերով: Այդպիսի եզրահանգումը բխում է նաև մի շարք գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներից (տե՛ս, օրինակ, թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի, թիվ ԵԱՔԴ/1328/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի, թիվ ԱՐԴ1/0107/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները): Այդուհանդերձ, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև դատական պրակտիկայի միտումները` Վճռաբեկ դատարանը կարևորում է այն խնդրի պարզաբանումը, թե արդյոք միայն վերը թվարկված փաստաթղթերը բավարար են փոխառության իրավահարաբերության ծագումը հաստատված համարելու համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես ցանկացած պայմանագիր, փոխառության պայմանագիրը ևս կամային ակտ է: Այսինքն` փոխառության իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը` փոխառուն և փոխատուն, հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ, և այդ կամքն ուղղված լինի փոխատուի դեպքում` փոխառուին դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք հանձնելուն, իսկ փոխառուի դեպքում` փոխատուից ստացված գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելուն: Նման կամքի դրսևորումը և դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռևս բավարար չէ փոխառության իրավահարաբերության ծագումն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված և ձևակերպված լինի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով: Ընդ որում, քանի որ կամահայտնությունը կամքի արտահայտման արտաքին դրսևորումն է, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժամանակագրական առումով դրանք պետք է համընկնեն: Այսպես, փոխառության պայմանագիրը ռեալ գործարք է, այսինքն` կնքված է համարվում դրամը կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույքը հանձնելու պահից, ինչը նշանակում է, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձևով պետք է ձևակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև օրենսդրական այն կարգավորմամբ, համաձայն որի` փոխառության պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության, նման պայմանագիրն առոչինչ է:

Փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով կամ ցուցմունքներով չի կարող հիմնավորվել փոխառության իրավահարաբերության ծագման հանգամանքը, քանի որ նախ` նման ապացույցները ժամանակագրական առումով ձևավորվում են փոխառության առարկայի ենթադրաբար փոխանցումից ավելի ուշ, հետևաբար գործարքի գրավոր ձևը պահպանված չլինելու հիմքով ենթադրյալ փոխառության գործարքն առոչինչ է: Բացի այդ, դրանք կամային ակտ որակվել չեն կարող, քանի որ ուղղված չեն կողմերի համար փոխադարձ իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, այլ քրեադատավարական վարույթի շրջանակներում դրանով կանխորոշված նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ են:

Վերոգրյալ ընդհանուր կանոնից բացառություն կարող է կազմել այն դեպքը, երբ ենթադրյալ փոխառության երկու կողմերն էլ հետաքննության կամ նախաքննության ընթացքում իրենց տված բացատրություններով կամ ցուցմունքներով ընդունել են միմյանց միջև փոխառության իրավահարաբերության գոյության փաստը և հետագայում այդ իրավահարաբերությունից բխող վեճով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում տվյալ փաստը չի վիճարկվել ենթադրյալ փոխառուի կողմից կամ չի հերքվել այդ գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Ժիրայր Հակոբյանի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր և վերաբերելի ապացույց առ այն, որ իր կողմից պահանջվող գումարը Ռուզաննա Վարդանյանին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է որպես փոխառության գումար` վերադարձնելու պայմանով:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, հիմք է ընդունել գործում առկա «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության 08.06.2016 թվականի թիվ ԱՀ-Տ4, Գերմանական Կարմիր Խաչի Հայաստանում գտնվող մասնաճյուղի 06.06.2016 թվականի թիվ 31-06/2016, Սոցիալական աջակցության Եղեգնաձորի տարածքային գործակալության 11.04.2016 թվականի թիվ Ե-275 տեղեկանքները և Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 10.06.2016 թվականի թիվ 24/12-185 գրությունը, և հանգել է այն հետևության, որ վիճելի գումարը Ժիրայր Հակոբյանի կողմից Ռուզաննա Վարդանյանին` որպես օգնություն տրված լինելու մասին պատասխանող կողմի բանավոր պատճառաբանությունների արժանահավատության հարցը Դատարանը պետք է քննարկեր հայցվորի` ընտանյոք հանդերձ օգնության կարիք ունեցող անձ հանդիսանալու փաստը հիմնավորող վերոնշյալ ապացույցների հաշվառմամբ:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու հարցին, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության ավագ լեյտենանտ Թ. Մաթևոսյանի կողմից կայացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 13.12.2015 թվականի որոշման համաձայն` Ժիրայր Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունից բանկային փոխանցման միջոցով 29.07.2013 թվականից մինչև 11.08.2015 թվականը պարտքով` ՀՀ վերադառնալուց հետո պարտքը վերադարձնելու պայմանով, Ռուզաննա Վարդանյանին պարբերաբար ուղարկել է գումարներ` ընդհանուր մոտ 540.000 ռուսական ռուբլի: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 13.12.2015 թվականի որոշմամբ չի կարող հիմնավորվել կողմերի միջև փոխառության իրավահարաբերության ծագման փաստը` հաշվի առնելով նաև վերն արտահայտված իրավական դիրքորոշումները: Բացի այդ, վկայակոչված որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ կողմերը հակասական բացատրություն են տվել ենթադրաբար կատարված փոխանցումների նպատակի վերաբերյալ, մի կողմից` (ենթադրյալ փոխանցում կատարած անձը) պնդելով դրանց վերադարձնելիության պայմանի մասին, մյուս կողմից` (ենթադրյալ փոխանցում ստացած անձը) առարկելով այդ փաստի դեմ` փոխանցումներն անհատույց լինելու հիմնավորմամբ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ապացույցով չի հիմնավորվում նաև այն փաստը, որ կողմերի կամքն ուղղված է եղել միմյանց միջև փոխառության իրավահարաբերությունների առաջացմանը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից նշված` գործում առկա ապացույցներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն գործով վերաբերելի չեն հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես, սույն գործում առկա`

- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Եղեգնաձորի տարածքային գործակալության 11.04.2016 թվականի թիվ Ե-275 տեղեկանքն ընդհանրապես չի վերաբերում Ժիրայր Հակոբյանին և դրանով չի հիմնավորում վերջինիս օգնության կարիք ունեցող անձ հանդիսանալու փաստը, քանի որ այն տրվել է Ռուզաննա Վարդանյանին առ այն, որ նա հաշվառված է գործակալությունում, ընտանեկան նպաստի իրավունքից օգտվել է 01.01.2002 թվականից մինչև 30.06.2015 թվականը (գ.թ. 29):

- «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության 08.06.2016 թվականի թիվ ԱՀ-Տ4, Գերմանական Կարմիր Խաչի Հայաստանում գտնվող մասնաճյուղի 06.06.2016 թվականի թիվ 31-06/2016 տեղեկանքներից հետևում է, որ Ժիրայր Հակոբյանը 26.11.2015 թվականից է ընդգրկվել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունում որպես շահառու, իսկ 01.02.2016 թվականից Ժիրայր Հակոբյանը` իր ընտանիքի երեք անդամով, Գերմանական Կարմիր Խաչի Հայաստանում գտնվող մասնաճյուղի կողմից իրականացվող «Գթության խոհանոց» ծրագրի շահառու է (գ.թ. 27-28):

- Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 10.06.2016 թվականի թիվ 24/12-185 գրությամբ հայտնվել է, որ Ժիրայր Հակոբյանը 2016 թվականի փետրվարից մինչև նույն թվականի մայիսն օգտվել է որոշակի սոցիալական ծրագրերից (գ.թ. 30):

Վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ժիրայր Հակոբյանն օգտվել է սոցիալական ծրագրերից որոշակի ժամանակահատվածի ընթացքում, մասնավորապես` 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսը: Մինչդեռ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 13.12.2015 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ Ժիրայր Հակոբյանը Ռուզաննա Վարդանյանին բանկային փոխանցման միջոցով գումար է փոխանցել 29.07.2013 թվականից մինչև 11.08.2015 թվականը: Հետևաբար Ռուսաստանի Դաշնությունից Ռուզաննա Վարդանյանին գումար փոխանցելու ժամանակահատվածում Ժիրայր Հակոբյանը վերոնշյալ սոցիալական ծրագրերից չի օգտվել, այդ ծրագրերի շահառու չի հանդիսացել, որպիսի պայմաններում այդ ապացույցները Ժիրայր Հակոբյանի կողմից Ռուզաննա Վարդանյանին գումարներ փոխանցելու ժամանակահատվածի համար նրա` օգնության կարիք ունեցող անձ հանդիսանալու փաստը հիմնավորելու համար վերաբերելի ապացույց չեն կարող հանդիսանալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում բացակայում է որևէ գրավոր ապացույց, որով հիմնավորվում է կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունների առաջացումը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված ապացույցները վերաբերելի համարվել չեն կարող, ուստի Դատարանը, հայցը մերժելով, կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով:

i

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.05.2017 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ռուզաննա Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 16.200 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով (540.000 x 3%), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման Ժիրայր Հակոբյանից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ժիրայր Հակոբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 01.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը` 16.200 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով (540.000 x 3%):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2016 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Ժիրայր Հակոբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 16.200 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ժիրայր Հակոբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 16.200 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԷԴ/0313/02/16
Որոշում